ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ընդդիմության շահերը միշտ չէ, որ համընկնում են հասարակության շահերի հետ

Ընդդիմության շահերը միշտ չէ, որ համընկնում են հասարակության շահերի հետ
19.06.2013 | 16:42

ԱԺ-ն ընդունեց «Երկրապահ կամավորականների կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Հետաքրքիր է, որ սա տեղի ունեցավ ազատամարտիկների` վարչապետին իրենց խնդիրները ուսումնասիրելու համար տված մեկ ամսվա ընթացքում: Մինչ այս շատ ազատամարտիկներ խոսում էին նման օրենքի անհրաժեշտության մասին: Որքանով այն կգոհացնի ազատամարտիկներին այլ հարց է, մի այլ հարց, որ ազատամարտիկներն իրենց իրավունքների համար պայքարում են մայիսի 11-ից, և ընդդիմադիր կուսակցություններից ոչ մեկը չաջակցեց նրանց իրենց պայքարում, իսկ իշխանական ՀՀԿ-ի անդամների կողմից ներկայացվեց և ապա ԱԺ մեծամասնությամբ ընդունվեց օրենքի նախագիծը: Ինչո՞ւ ընդդիմությունը որևէ կերպ չաջակցեց ազատամարտիկների բողոքին: Կարծիք կա, թե ընդդիմությունը կասկածում էր, որ ազատամարտիկների նստացույցի հետևում իշխանությունն է կանգնած: Իսկ ո՞րն է երաշխիքը, որ ընդդիմությունը այս հարցում ճիշտ է:

Հայաստանում հասարակական տարբեր շարժումներ կան, որոնք պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում: Ժամանակի ընթացքում, ըստ իրավիճակի, առաջանում են և նորերը: Այս շարժումներն ընդդիմությունից անկախ են: Հասարակության մեջ որոշակի կատեգորիայի մարդիկ պայքարում են իրենց իրավունքների համար: Ընդդիմությունը երբեմն արձագանքում է այս շարժումներին, երբեմն` ոչ: Արձագանքելիս էլ ընդդիմությունը սահմանափակվում է հերթապահ հայտարարություներով: Ստացվում է, որ ընդդիմությունը պայքարում է իշխանության դեմ իր համար, հասարակական շերտերը` ընդդիմությունից առանձին` իրենց համար: Օրերս նախկին քաղբանտարկյալ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանի հետ զրույցի ընթացքում եկանք այն եզրահանգման, որ ընդդիմությունը չի կարողանում դառնալ հասարակության բոլոր շերտերի շահերի ներկայացնողը: Այնպիսի տպավորություն է, թե ընդդիմությունը երկրի անցուդարձին արձագանքում է ընտրողաբար: Օրինակ, անցյալ տարի «Հարսնաքար» ռեստորանում Վահե Ավետյանի սպանությունից հետո ընդդիմության երիտասարդները ցույցեր ու քայլարշավ էին անում ի նշան բողոքի, ի հիշատակ Վահեի մոմեր էին վառում և Ռուբեն Հայրապետյանի տան մոտ «Նեմեց» վանկարկում: Ինչո՞ւ նույնը տեղի չունեցավ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի համար: Ընդդիմությունն իր վերաբերմունքը սահմանափակեց ֆեյսբուքում Լիցկային պատժելու կոչով բացված էջով միայն: Ընդդիմադիրները, ՀԿ-ների ներկայացուցիչները չգնացին Գորիս, բողոքի ցույցեր չարեցին այնտեղ, Լիցկայի տան մոտ ոչինչ չվանկարկեցին ու նույնիսկ վարկած շրջանառեցին, թե կարող է Բուդաղյաններն են մեղավոր, չէ՞ որ նրանք են գնացել Լիցկայի տուն: Պատճառաբանություններ կարող են լինել, թե Գորիսը շատ հեռու է մայրաքաղաքից, որոնք, իհարկե, հեքիաթի շարքից են, քանի որ նույն կուսակցությունները Գորիս գնալու համար հնարավորություն գտնում են, եթե դա պահանջում է իրենց շահը:
Ամեն սեպտեմբերին ընդդիմությունը խոստանում է թեժ աշուն և, որպես կանոն, Հայաստանում աշնան ու ձմռան ամիսներին է ընդդիմության ակտիվությունը բռնում: Հասարակական ի՞նչ արձագանք է ակնկալելու ընդդիմությունը իր հանրահավաքներին, եթե ինքը նույն հասարակության հարցերին մոտենում է ըստ իր շահերի: Իսկ երբ շահն է առաջնորդում ընդդիմությանը, արդեն կասկածի տակ է դրվում նրա` իրապես ընդդիմություն լինելու հանգամանքը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 2147

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ