Օրերս Հայաստանի տարբեր մարզերում տեղաց առաջին ձյունը: Իհարկե, ձմեռային պոեզիայի, ձնագնդիի ու սահնակի տեսանկյունից շատ լավ է, էլ չեմ ասում, ձմեռային անվադողերի վաճառքով զբաղվող ընկերությունների: Ինչևէ, դուրս գանք քաղաքից, ուղևորվենք գյուղ ու նայենք ձյան «հակառակ կողմը», տեսնենք` ի՞նչ կա այնտեղ, և, ի տարբերություն ձյան գալուստով հրճվողների, ովքե՞ր են չհրճվողները և ինչու՞ չեն հրճվում:
Իշխանափոխությունից հետո չեմ համարձակվում դա հեղափոխություն կոչել, բնապահպանության նախարարությունը կտրուկ խստացրեց ծառահատումների համար սահմանված տուգանքներն ու պատիժները. ծառ հատողն անխնա պառկեցվում էր անտառամերձ ասֆալտին կամ ծեփվում պատին: Չգիտեմ` նախարար Էրիկ Գրիգորյանը գիտե՞ր, թե՞ ոչ, բայց Նիկոլ Փաշինյանը, որպես անտառոտ երկրի զավակ, պետք է, որ հինգ մատի պես իմանար, թե փայտի բացակայության դեպքում ինչ վիճակ կարող է տիրել այն համայնքերում, որտեղ գազամատակարարում չկա, էլեկտրաէներգիան այնքան թանկ է, որ տունը ողջ ձմռանը ջեռուցելու համար հարկավոր է գարնանն այն վաճառել` ՀԷՑ-ի պարտքերը մարելու համար: Դժվար է հավատալ, որ այսքանն իմանալով հանդերձ, վարչապետի իմացությամբ արգելվեցին գրեթե բոլոր տեսակի ծառահատումները` բացառությամբ ՊՆ-ի կարիքների:
Օգոստոս ամսվա վերջին նամակով դիմել էի Էրիկ Գրիգորյանին և, որպես օրինակ, վկայակոչել Վարդենիսի մի շարք սահմանամերձ գյուղեր, որոնք գազաֆիկացված չեն, և զրկված են փայտ բերելու կամ գնելու հնարավորությունից, բայց մարդիկ ձմռանը ջեռուցման կարիք են զգալու: Ներկայացնելով տիրող իրավիճակը, խնդրել էի, որ հարգարժան նախարարը պատասխանի, թե ստեղծված վիճակից դուրս գալու ինչ ելքեր է տեսնում, և, ամենակարևորը, որպես երկու երեխաների հայր, ինչ կաներ ինքը, եթե հայտնվեր նման վիճակում:
Ցավոք,նամակիս պատասխանը ցայսօր չեմ ստացել: Չգիտեմ, նամակը հասե՞լ է Է. Գրիգորյանին, և նա դրա հետ վարվել է նույնքան մակերեսայի՞ն, որքան իր որոշման, թե՞ աշխատակիցներն ուղղակի այն «լավով» չեն փոխանցել հասցեատիրոջը: Ինչևէ, ձմեռը քթներիս տակ է, մարդիկ ջեռուցման կարիք են ունենալու, և ինձ շատ է հետաքրքրում, թե Էրիկ Գրիգորյանն ու նրան նախարար նշանակողը, հիմա նստած իրենց տաքուկ դղյակներում, ինչ են մտածում ջեռուցման տարրական պայմաններից զրկված գյուղացիների մասին: Կարծեմ` դեռ Ֆրանսիայի հրապարակում խոստացվել է, որ անգամ կյանք չի խնայվելու Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիների համար, ավելին, որպես ԱԱԾ-ի և տարբեր քրեակատարողական հիմնարկների մեկուսարաններում մրսած մարդ, նշանակողն ամենից լավ պետք է հասկանա ժողովրդին ու արագորեն որոշի` մա՞րդը, թե՞ ծառը: Չնայած` կարծես արդեն ընտրել է այդ երկուսի ոսկե միջինը, ինչը, ցավոք, տանում է նույն երկուսի համաժամանակյա կործանման:
Իհարկե, սույն տեքստը բնությունն անխնա ոչնչացնելու հրովարտակ չէ, ոչ էլ անգամ ակնարկ, բայց նման անփույթ ու անտարբեր վերաբերմունք սեփական ժողովրդի հանդեպ մի կառավարության կողմից, որն ամեն րոպե ժողովրդի անունից խոսում է ժողովրդի բարօրության մասին, մեղմ ասած, ցավ առաջացնող ծիծաղ է:
Անդրադառնալով բնությանն ու դրա ոչնչացման խնդրին, ասեմ, որ ինձ համար բնության ամենակարևոր մասնիկը մարդն է, իհարկե, ծառերն էլ են կարևոր, առանց որոնց մարդը չի կարող գոյատևել, բայց ծառի ու մարդու միջև ցանկացած ընտրության ժամանակ ես միշտ նախապատվությունը տվել եմ մարդուն, միաժամանակ չմոռանալով ծառի, գետերի, Արթիկի վարդագույն տուֆի ու կաս-կարմիր ելակի մասին: Ի դեպ, վերջինը շատ համով է:
Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ