ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Շինաշխատանքներ «Քարերի սիմֆոնիա» տարածքում

Շինաշխատանքներ «Քարերի սիմֆոնիա» տարածքում
22.02.2018 | 20:25

Գառնու կիրճում գտնվող «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանի շրջակայքում շինարարություն է ընթանում: Տեղեկությունը և այն հաստատող լուսանկարը տարածվեցին Ֆեյսբուք սոցցանցով: Եթե տեսախաբկանքը բացառենք, ակնհայտ է, որ կառուցվող շինությունը հուշարձանի քթի տակ է:


ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից մեզ ասացին, որ ահազանգը ստացել են և տեղեկացրել բնապահպանության նախարարությանը և ընդերքի տեսչական մարմնին: Տեսուչների ուսումնասիրություններից հետո խնդրի շուրջ պարզաբանում կհրապարակեն:
Մեր` «Այնուամենայնիվ, տեղյա՞կ եք՝ ինչ-որ բան կառուցվու՞մ է, թե՞ ոչ, կամ թույլատրելի՞ է հուշարձանի տարածքում շինություն կառուցելը» հարցերին ի պատասխան ասացին, որ կառուցվում է, հարցն այն է՝ հուշարձանի տարածքու՞մ է, թե՞ ոչ (ըստ լուրերի`տարածքի մի մասը մասնավոր սեփականություն է- Ա. Ս.), թույլտվություն ունի՞, թե՞ ոչ, բոլոր այդ հարցերին կարող են պատասխանել միայն տեսչական մարմնի ուսումնասիրությունից հետո:
Սոցցանցում աղմուկը չի դադարում. օգտատերերի մի մասը զարմանք է արտահայտում, ոմանք դժվարանում են հավատալ տեղեկության ճշմարտացիությանը, բնապահպան ակտիվիստներն էլ պայքարի կոչ են անում: Լուրեր տարածվեցին նաև, որ ժամանակավոր կառույց է, մշակույթի նախարարությունը մեկ օրով հյուրընկալելու է արտասահմանից ժամանած սիմֆոնիկ նվագախմբին: Այլ կերպ ասած՝ համերգ է սպասվում «Քարերի սիմֆոնիայի» ներքո:

Մշակույթի նախարարությունը պաշտոնապես հերքեց սույն տեղեկությունը: ե ինչու՞ և ո՞վ է չար կատակը շրջանառության մեջ դրել, հայտնի չէ: Իսկ ահա «Արմենպրեսի» հաղորդմամբ` Գառնու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանն ասել է, որ տեղյակ են այնտեղ կատարվող աշխատանքներին, պարզաբանել է` զբոսաշրջիկների համար կառուցվող փայտե տաղավարները «Քարերի սիմֆոնիայի» դիմացի ճանապարհի մյուս կողմում են:
Վերականգնող ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը, լուսանկարից դատելով, ասաց, որ հավանաբար ժամանակավոր կառույց է, եթե «հավերժ» պետք է մնա, բարբարոսություն է: Հետաքրքրվեցի` նշանակություն ունի՞՝ քարերից ինչքան հեռավորության վրա է կառուցվում փայտե շինությունը:


«Ես հաստատապես այն կարծիքին եմ, որ այնտեղ տարածքից հեռու-մոտիկ հասկացություն գոյություն չունի, դա ձոր է, ես չեմ հասկանում՝ ինչի՞ց է հեռու, ինչի՞ն մոտիկ: Ոչ մի նշանակություն չունի, եթե ավելորդ կառույց է, պետք է ապամոնտաժվի»,- ասաց Ստեփան Նալբանդյանը:
«Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոնը» բնական հուշարձան է Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ 2008-ից ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում «Երգեհոն» անվամբ։ Բնական հուշարձանը նշանավոր է իր հիասքանչ, արհեստական թվացող ժայռերով, որոնք գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղանալու արդյունքում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ