Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Փոփոխվող աշխարհակարգն ու մեր փտախտը (հայոց վերնախավն ու 1 դրամ ապաշխարանքը)

Փոփոխվող աշխարհակարգն ու մեր փտախտը (հայոց վերնախավն ու 1 դրամ ապաշխարանքը)
15.01.2016 | 02:30

Ո՛չ թե սոցիալիստը, այլ սոցիալական մարդը։
Լիբերալիզմը` ֆրանսիական հեղափոխության այդ թունավոր պտուղը, պղծեց մարդկային բոլոր հոգևոր հասկացությունները։ Դա օրինականացրեց աղքատությունը, որով և` ընկերային քողարկված անբարոյականությունը։ Միևնույն ժողովրդի ծոցի մեջ մերձավորին փշրանք նետելը հռչակվեց բարեգործություն։
Անհատի իմ իրավունքը և՛ քո իրավունքն է, ինչպես քո պարտականությունը նաև ի՛մ պարտականությունն է։
«Աշխարհայեցողություն», Գարեգին ՆԺԴԵՀ

ՆԱԽՐԱՊԱՆՆ ՈՒ ՆԱԽԱՐԱՐԸ

(ֆելիետոն` հունցված մառախլապատ այգաբացին)

Լիբերալիզմի ճանկերը խայտում էին անցած Ամանորի սեղանների վրա և խայթում էին բոլոր նրանց, ովքեր հայրենիքի կենացն էին խմում հոտնկայս։ Լ.-ն (իմա` լիբերալիզմը) գերադասում է, որ այդ կենացը խմեն լուլ հարբելուց հետո, այն էլ չորեքթաթ վիճակում, այսինքն` խոզացած-խորոզացած։ Ըստ նորհայկական լիբերալիզմի, հանրապետությունում վաղուց է արմատավորվել ժողովրդավարությունը, և վերադասն ու ներքնադասը նույն զվարթուն սրտով և նույնական սեղանների շուրջ բոլորած պիտի նշեին Ամանորը... Անկասկած, և՛ նախրապան Հայրոն (ժողովրդի հավաքական կերպարը), և՛ նախարար Z-ը (իշխանության խորհրդանշանը) առաջին բաժակով արևշատություն մաղթեցին երկրի սահմանները պաշտպանող զինվորին ու սպային (խորհուրդ խորին և պատվիրան ամենեցուն, գավաթներով խաս և լեցուն)։ Գրեթե վստահ եմ, որ նախարար Z-ը բաժակ է բարձրացրել և, արցունքառատ հայացքն ուղղած դեպի յուր հյուրասենյակի զմրուխտե ջահը, խմել է նախրապան Հայրոյի կենացը, զի Հայրոն երկրի գոտեպինդ աներերության առհավատչյան է։ Լիովին անվստահ եմ, թե որևէ նախրապան ի պատիվ նախարարաց բաժակը վեր տնկեց, քանզի մասնավորապես նախարար Z-ի վերջին այցից հետո Հայրոյի բնօրրան սահմանամերձ Ա համայնքում

ա) շուրջ 1 տարի անհայտ բացակայող ճանաչվեց գյուղի բյուջեն,

բ) աղանդավոր երկու եղբայր և մեկ քույր մի սիրասուն բույն հյուսեցին գեղամիջում, և վերջապես.

գ) նախարար Z-ին ուղեկցող վարկատու միստր Առնոլդի սեփականությունը դարձավ գյուղակից լիճը, ուր նա, դաշնակցելով տիար Z-ի հետ, ԼԳՏԲ-ականների բուծարան է կառուցելու։ Մի խոսքով, նախարար Z-ը Ամանորը դիմավորեց հեռավոր Դուբայում, յուր սեփական առանձնատանը։ Հայրոն այդ նույն ժամերին դիմակայում էր գնդակների տարափի տակ։ Միով բանիվ, թող որ լրբենի լիբերալիզմը անհապաղ լքի մեր լալահառաչ, բայց և աննկուն հանրապետությունը, և թող 2017 թվականը Հայրոն և Z-ը դիմավորեն նույն բարիքներով լեփ-լեցուն սեղանների շուրջը բոլորած։ Լավատեսական մակընթացության մեջ շնալո՞ղ եմ տալիս։ Գուցե։ Սակայն արդյո՞ք դա չէ ճանապարհը, որը տաճար է տանում։

ՕՐՀՆԱՆՔԻ ՇԱՐԱԿԱՆՆԵՐ ԱՆԵԾՔԻ ԽՐԱՄԱՏՆԵՐՈՒՄ

(պամֆլետն այս կեսօրյա ընդվզում էր)

Սակայն արդյո՞ք դա չէ ճանապարհը, որը տաճար է տանում։ Այժմ մի քանի նախամանորյան և տարեսկզբյան դարակազմիկ ճանապարհներ հարթենք, որոնք տաճար չէ, դեպի քավարան են մեզ ուղարկում։ Դեկտեմբերի 30-ն էր, թե անգամ 31-ը, արդեն չեմ էլ հիշում, զի խիստ հուզմունքից կորցրել էի հյուսիսս ու հարավս։ Դեպի հյուսիս ողորմած հանդիսությամբ փռվել էր մեր զբոսայգին, և եղևնիները ձյունախառն զուգերգ էին սկսել ձնագնդի խաղացող մանուկների հետ։ Դեպի հարավ թոնրատուն էր փառավորվել, որի ծուխը ձյան փաթիլների հետ էր դաշինք կազմել, մի խոսքով, թիկն տված թոնրատանն ըմբոշխնում է ձմեռային այս ճերմակափառ հեքիաթը և հեթանոսական լավաշի զմայլուն բույրը։ Լավաշները մագաղաթատեսք հանգրվանում էին ուսերիս, երբ հանկարծ շչակների շառաչուն ճչոցից ձյունը փոխվեց կարկտի։ Մայրուղով կառավարական շարասյունն էր ճանապարհվում դեպի Կումայրի-Գյումրի։ Րոպե անց նշանավոր բարերար տիար Ֆրանգյուլի գլխավորած բարեսիրական շքախումբը հակառակ ուղղությամբ սուրաց դեպի սահմանամերձ Ն. գյուղը։ (Այս պատումում, պաղատում եմ, անվեհեր անուններ կամ էլ թեկուզ անսասան մականուններ չփնտրեք, այս ամենը տրագիֆարսի հերթական խորշակն է, որը քարշ է տալիս հանրապետությունը դեպի, չէ, ի՞նչ անդունդ, անդնդից հնարավոր է դուրս պրծնել, եթե, անշուշտ, համապատասխան վարկ ստանանք, մեզ լիբերալիզմի քաղցկեղածին ճահիճն է սպասում. կամ գլխիվայր սուզվում ենք նրա խորքերը, կամ էլ Կարմիր Վարդանին, թագավոր Պապին և Գարեգին Նժդեհին` ապավինելով ելնում ենք մարտի, բազում չեղարկումներով)։ Սակայն հուշեմ, թե ինչպես հեքիաթն իրականություն դարձավ Կումայրի-Գյումրիում, և ինչից ծնկեց ու հեծեծաց Ն. գյուղը։

Կումայրի-Գյումրիում պատվիրակությունը հանդիսավոր պայմաններում, մի տան բանալի նվիրեց անտուն մի ընտանիքի և բազում խոստումներ, մեկը մեկից գունագեղ և հուզալիցք սփռեց քաղաքով մեկ։ Առհասարակ, շատ եմ մտորել` մի՞թե մեր պատվիրակություններն ու առանձին բարձրաստիճանավորներ այդպես էլ չեն գիտակցում, որ ակամա-կամա (բայց գուցե թե մի վերին պարտադրանքով) դառնում են տրագիֆարսի թատրոնի դերակատարներ։ Քաղաքը գոյատևում է, բնականաբար, նա պետք է դառնա համայն հայության ցավի, ուշադրության և գուրգուրանքի առարկան` վերաշինմամբ։ Եվ եթե 25 տարի շարունակ անպտուղ, սակայն հոխորտալից բոլոր պետական և հանրային այցերը ի մի բերենք և հաշվենք, թե որքան բենզին ու գազ են զանազան պատվիրակություններ ծախսել Երևան-Գյումրի և Գյումրի-Երևան ճանապարհները հաղթահարելիս, ապա այդ գումարով հաստատ հնարավոր կլիներ բնակեցնել այս նվիրական քաղաքի բոլոր անտուններին։ Իսկ թե ինչ կատարվեց սահմանամերձ Ն. գյուղում, կասկած չունեմ, կռահեցիք։ Այո, բարերարը մի քանի ընտանիքների երջանկացրեց ամանորյան նվերներով և հապշտապ վերադարձավ Երևան։ Նրան, նրա մերձավորներին և թիկնազորին անհամբեր սպասում էր Փարիզ մեկնող ինքնաթիռը։ Կեցցե՛ք։

Այնինչ 2016-ին (ինչպես խորագետ քաղպայծառատեսներն ու անբան գրբացներն են ահազանգում) փոխվելու է համաշխարհային աշխարհակարգը։ Վերոնշյալ պատմություններն ընդամենը սթափեցման վերջնագրային կոչ են երկրի իշխանություններին, կառավարությանը, վարչական բյուրոկրատիային, ռազմական օլիգարխիային և, իհարկե, մենաշնորհատեր-մանդատակիր բանդային, Ֆրանգյուլին և այլոց։

Աշխարհակարգը, այո, փոխվում է, նավթին ու գազին փոխարինում է արևային էներգիան, որից մենք իսպառ զուրկ ենք (սա է մեր ռազմավարական մտքի քառորդդարյա փայլատակման վերջնագիրը), բարձր տեխնոլոգիաները նկատելի առավելություն են ստանում հումքատար արտադրությունների հանդեպ, մենք էլ, համաշխարհային խաղադրույքները սահմանելիս, մնում ենք խաղաքարի դերում, զի մեր ստեղծարար միտքը վաղուց է արտահանվել, և մեր արարիչ ձեռքն է ամլացել ընտրակեղծիքային խարդավանքներում։ Աշխարհում, այո՛, աշխարհակարգն է փոխվում, սակայն հայկական իշխանախմբերը երդվյալ ավանդապաշտ են և շարունակում են կեղեքել հնարավորն ու անհնարինը, ինչպես դա արվում էր միջնադարյան Թուրքիայում կամ էլ ներկա Մեքսիկայում։

Մի խոսքով, զանգվածային չեղարկումների պատմական պահը վաղուց է դմբզահարում մեր դարպասն ու երդիկը, և պետք է որ նախ ՀԷՑ-ը վերադարձնի ահռելի գողոնը։ Այնուհետև պետք է որ կառավարությունը անհապաղ չեղարկի այն 500 մլն դրամը, որը 2016-ին հանդիսանալու է ԱԺ-ի գործուղման ծախսը։ Նախ` մեր պատվարժան երեսփոխանները այս կամ այն տրամաչափի հաստաքսակներ են (վատագույն դեպքում` դրամային բազմամիլիոնատերեր) և թող որ իրենք հոգան իրենց գործուղումների ֆինանսական հոգսը, և երկրորդ, նրանց բազմասեռ գործուղումների օգտակարության գործակիցը 0-ական նիշից աննշան է բարձր։ Եվ մի առաջարկ մեր վերնահարթակներում դեռևս տեղ զբաղեցնողներին` ապաշխարեք նվիրաբերմամբ։ Թեկուզ այսպես, թող որ վարչապետն ու մյուս նախարարները մինչև տարեվերջ ստանան մեկական դրամ խորհրդանշական աշխատավարձ։ Սա քաղաքացիական սխրանքի, նվիրումի և այլնի անզուգական նմուշ է։ Ի դեպ, ՀՀ գլխավոր վարկատու և գլխակեր ժողովրդավար ԱՄՆ-ում նման մի բան է կատարվել։ Ամերիկյան արդյունաբերության հսկա «Ջեներալ մոթորս» ընկերությունը ժամանակավոր տագնապների մեջ էր։ Ընկերության գլխավոր մենեջեր Լի Յակկոկան աշխարհի ամենաբարձր վարձատրվող կառավարիչն էր (նրա աշխատավարձը բազմակի գերազանցում էր ԱՄՆ-ի նախագահի աշխատավարձը), ի նպաստ հարազատ ընկերության տնտեսական հզորության վերականգնման, ի՞նչ եք կարծում, ծո՞մ է պահում, թե՞ սև հանդերձ է կրում։ Ո՛չ։ Նա ճիշտ մեկ տարի պաշտոնապես ստանում է մեկ խորհրդանշական դոլար աշխատավարձ։ Թող նրանց միանան ԱԺ մանդատակիրները, մարզպետներն ու այլք։ Եվ հայոց պատմությունը նրանց կդասի ապաշխարության վկաների շարքում։ Ամե՜ն։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԱՐԴՈՒ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄԱՐՏԸ` ՀԱՆՈՒՆ ՓՇՐԱՆՔԻ

(սարկազմը մայրամուտից հետո)

Օ՜, մեծն Նժդեհ, կենարար միտք և հաղթական բազուկ, վեհագույն հոգի և նվիրական սիրտ, երբևէ կարո՞ղ էիր կանխատեսել, որ երազանքների անդաստան երկիրը Հայաստան, տապալելով ազերիական բռնակալ յաթաղանը Արցախում` հպարտ ու ինքնորոշ քայլելու է դեպի սոցիալական մարդու կերտումը, ով փշրանքով է սնվում լիբերալիզմի թունավոր ճահճում։ Հարկավ ոչ։ Մեզ էլ մնում է պարբերաբար սերտել «Աշխարհայեցողությունդ»։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ