Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Թույլ տվեք վերջին հայացքը նետել այս ամենին

Թույլ տվեք վերջին հայացքը նետել այս ամենին
14.01.2016 | 11:56

Կոնգրեսին ամենամյա վերջին ուղերձով դիմելով՝ Բարաք Оբաման իրեն պահում էր նախկին նախագահի նման՝ The Washington Post-ում գրում է Դևիդ Ֆարենտոլդը: Նա անկաշկանդ ու մտածկոտ, հետահայացով խոսում էր երկրի մասին, որ թողնում էր իրավահաջորդներին և բավականին անկեղծ զգուշացնում էր, որ չարժի նախագահ ընտրել Դոնալդ Տրամպին: Որքանով աճում է քաղաքականությունից հիասթափությունը, այնքան հաճախ են կոչեր հնչում, որ մենք նորից ցեղախմբեր կազմենք, քավության նոխազներ դարձնենք մեր այն քաղաքացիներին, որ արտաքինով մեզ նման չեն, մեզ նման չեն աղոթում կամ նրանց համար չեն քվեարկում, ինչ մենք, կամ ծագումով մեզնից տարբեր են»՝ ասաց Օբաման: Նա ակնարկում էր Տրամպի կասկածամիտ վերաբերմունքը միգրանտների ու մուսուլմանների նկատմամբ: «Մենք չենք կարող այդ ուղին մեզ թույլ տալ: Այդ ճանապարհը մեզ չի հասցնի այն տնտեսությանը, որ ուզում ենք ունենալ, անվտանգոթյան այն մակարդակին, որ ուզում ենք տեսնել, բայց գլխավորը՝ հակասում է այն ամենին, որ ամբողջ աշխարհի նախանձն է հարուցում»՝ հայտարարեց ԱՄՆ նախագահը, որ մեկ տարուց հետո է Սպիտակ տնից հեռանալու, բայց արդեն սկսել է մտածել, թե ինչ տեսք կունենա Վաշինգտոնը առանց իրեն և փորձում է հավասարակշռություն գտնել իր ձեռքբերումների նկատմամբ հավատի միջև և այն իրողության, որ շատ ամերիկացիներ այնքան էլ բարձր կարծիքի չեն «Օբամայի դարաշրջանի» մասին, ինչպես ինքը՝ Օբաման:

«Իմ նախագահության տարիների ոչ այնքան շատ հիասթափություններից է այն փաստը, որ կուսակցությունների միջև կասկածամտությունն ու չարությունը չեն նվազել, այլ մեծացել են,- ասաց Օբաման: -Անկասկած որևէ նախագահ Լինքոլնի կամ Ռուզվելտի տաղանդն ունենար՝ ավելի լավ կկարողանար կամրջել անդունդի ափերը, վստահեցնում եմ, որ կաշխատեմ ավելին անել, քանի դեռ նախագահ եմ»:
Օբաման օգտագործեց հնարավորությունը՝ մեղադրելու հանրապետականների երկու թեկնածուների (ճիշտ է՝ ոչ մի անգամ նրանց անունները չտալով): Նա ասաց. «Մեր պատասխանը չպիտի հանգեցվի կոշտ հայտարարություններին կամ խաղաղ բնակչության կետային ռմբահարումների կոչերին: Գուցե հեռուստաեթերից դա աշխատում է իբրև հնչեղ ցիտատ, բայց միջազգային ասպարեզում քննության չի դիմանում»: Նա նկատի ուներ սենատոր Տեդ Կրուզին, որ կոչ էր անում ռմբակոծել ԻՊ-ի հենակետերը Սիրիայում: Մի քանի անգամ տպավորություն ստեղծվեց, որ նա խոսում է Տրամպի մասին: «Երբ քաղաքական գործիչները վիրավորում են մուսուլմաններին, դա չի ամրապնդում մեր անվտանգությունը», - ասաց նախագահը: Կրուզը և Տրամպը փորձում են սևեռել ուշադրությունը ԱՄՆ-ի համար ԻՊ-ի վտանգավորության վրա: Սակայն Օբաման կարծում է, որ ԻՊ-ը ԱՄՆ-ի համար սպառնալիք չէ և ԻՊ-ի վտանգավորության գերագնահատումը միայն խմբավորմանն է ձեռնտու, որը ձգտում է իր նշանակությունը մեծացնել: «Պարտադիր չէ, որ մենք նրանց նշանակությունը գերագնահատենք, որպեսզի ցույց տանք մեր լրջությունը: Մենք չպետք է վանենք այդ պայքարում մեր կարևորագույն դաշնակիցներին՝ երկրորդելով ստապատիր պնդումները, թե իբր ԻՊ-ը աշխարհի մեծագույն կրոններից մեկի օրինակն է»,- ասաց Օբաման:
Իր խոսքում նա առանձնացրեց ԱՄՆ-ի ապագայի չորս կարևոր հարց.
1. Ինչպե՞ս կարող ենք մենք ապահովել բոլորի համար պաշտպանվածության արդար իրավունքը և բարենպաստ հնարավորությունների հասանելիությունը նոր տնտեսության մեջ:
2. Ինչպե՞ս պիտի ԱՄՆ-ը լուծի գիտատեխնիկական խնդիրները (քաղցկեղի բուժումը, կլիմայի փոփոխությունների կանխումը):
3. Ինչպե՞ս պիտի ԱՄՆ-ը խուսափի «համաշխարհային ժանդարմ» դառնալուց:
4. Ինչպե՞ս պիտի ամերիկացիները սովորեն համատեղ ռացիոնալ մտածել և դադարեցնեն միմյանց հետ դաժան պայքարը, որ պատային իրավիճակ է ստեղծում այսօրվա Վաշինգտոնում:
Յուրաքանչյուր հարցի պատասխանում ենթադրվում էր, որ ամերիկացիները խնդիրները պետք է լուծեն՝ կյանքի կոչելով այն գաղափարները, որ Օբաման առաջադրել է 7 տարիներին: «Մենք առաջ գնացել ենք,- ասաց Օբաման պատասխանելով առաջին հարցին,- բայց ավելին կարող ենք անել»: Այդ պատասխանը բոլոր չորս հարցերի դեպքում էլ ճիշտ է: Նա հավատացնում էր հայրենակիցներին, որ տնտեսության և ազգային անվտանգության համար տագնապները չափազանց ուռճացված են: «Այս պահին ԱՄՆ-ը ամենաուժեղ, ամենահաստատուն տնտեսությունն է աշխարհում»՝ ասաց նա: «ԱՄՆ-ը ամենահզոր երկիրն է աշխարհում: ՈՒ՝ վերջ»՝ հայտարարեց ԱՄՆ նախագահը իր ելույթի մյուս մասում:
Դուրս գալով Ներկայացուցիչների պալատի դահլիճից՝ Օբաման հետ նայեց ու ասաց. «Թույլ տվեք վերջին հայացքը նետել այս ամենին»:
Դևիդ ՖԱՐԵՆՏՈԼԴ, The Washington Post


Հ.Գ.Իսկ հիմա համեմատեք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա ուղերձների հետ, արտաքին ու ներքին քաղաքականության մասով, պետության խնդիրների և մարդկանց նկատմամբ վերաբերմունքի և գնահատեք՝ ինչու է ԱՄՆ-ը «ամենահզոր երկիրն աշխարհում»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ