Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ինչի՞ մասին էին իրականում բանակցում Վիեննայում

Ինչի՞ մասին էին իրականում  բանակցում Վիեննայում
21.07.2015 | 01:19

7-8 օր է անցել, երբ Արևմուտքն ու Իրանը հայտարարեցին Վիեննայում վեցյակի բանակցություններում հաջողության մասին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, խոսակցություններ պտտվեցին, թե Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ներկայացվելու են խաղաղության Նոբելյան մրցանակի: Սակայն ոչ համաձայնության, որի տեքստն արդեն լիովին հասանելի է, ոչ աշխարհի ճակատագիրը բոլորովին չի պարզվում: Ձևական առումով՝ Իրանը լիակատար դիվանագիտական պարտություն կրեց: Եթե հաշվի առնենք՝ ինչպես էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մանրակրկիտ գովաբանում Ռուսաստանի օգնությունը Իրանի հետ համաձայնության հասնելու մեջ, Մոսկվային է պատկանում նշանակալից վաստակը: ՈՒշադրություն դարձնելով՝ ինչպես էր իրեն պահում Չինաստանն ու ինչպես գոհունակությունը չէին թաքցնում Չինաստանի ներկայացուցիչները Վիեննայում, կարելի է հասկանալ, որ Պեկինի վաստակը բնավ նվազ չէ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վաստակից, որոնց առնչությամբ համաշխարհային լրատվամիջոցները նորից խոսեցին իբրև Իրանի հարցում տանդեմի մասին:
Փաստաթուղթը, որ կոչվում է «Համալիր գործողությունների համատեղ ծրագիր», սահմանում է. 1) Համաշխարհային տերություններն ընդունում են Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը: 2) Իրանը համաշխարհային բոլոր շուկաներում ճանաչվում է իբրև ուրանի ու ծանր ջրի արտադրող: 3) Իրանը ճանաչվում է միջուկային տերություն, որ վառելիքային ցիկլի ու հարստացման իրավունք ունի: 4) ԻԻՀ-ի դեմ բոլոր տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները կհանվեն ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումով: 5) Արակայի ծանր ջրի ռեակտորը հետագա մոդեռնացման չի ենթարկվի և կվերափոխվի, որպեսզի հնարավոր չլինի պլուտոնիում ստանալ: 6) Վերացվում են Իրանի հետ տնտեսական համագործակցության բոլոր արգելքները, ներառյալ նավթի ու գազի ոլորտում ներդրումների: 7) Իրանը համագործակցության առաջարկ կստանա ԱԷԿ-ների գիտահետազոտական ռեակտորների կառուցման համար: 8) Իրանը կշարունակի զարգացնել իր միջուկային ինֆրակառույցները, հետազոտություններն ու մշակումները առաջավոր ցենտրիֆուգների վրա: 9) Կհանվի իրանցի ուսանողների ուսուցման արգելքը միջուկային տեխնոլոգիաների ոլորտում: 10) Իրանին զենքի մատակարարման էմբարգոն կհանվի կամ կփոխվի որոշ սահմանափակումների, որոնք ևս 5 տարում կվերանան: 11) Կապասառեցվեն Իրանի միլիարդավոր դոլարների եկամուտները: 12) Կհանվեն սահմանափակումները Իրանի Կենտրոնական բանկից, նավատորմից, նավթային և այլ ընկերություններից:
Հուլիսի 20-ին էր նշանակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի քվեարկությունը (քանի որ հակաիրանական մի շարք պատժամիջոցներ սահմանել է ՄԱԿ-ի ԱԽ-ն), որը հաստատում է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համապարփակ համաձայնագիրը, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանաձևի նախագիծը միջազգաին կազմակերպությունը միջնորդների վեցյակի անունից կփոխանցի ԱՄՆ-ին: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերի խոսքով՝ բանաձևը նախատեսում է Իրանի նկատմամբ գոյություն ունեցող պատժամիջոցների փոփոխություններ՝ ներառյալ գործող պատժամիջոցները «նոր սահմանափակումներով», որ կողմերը հաստատել են Վիեննայում: Նա նաև հաղորդել է, որ սպասում է ԱԽ-ի նիստին բանաձևի ժամանակին ընդունման համար: Փաուերը պատրաստ է խորհրդակցություններ անցկացնել Կոնգրեսի անդամների հետ, որոնք կնպաստեն «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի արդյունավետ քաղաքականության ձևավորմանը»: Իրանի ու վեցյակի համաձայնությունը ուժի մեջ կմտնի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի ընդունումից 90 օր անց: Իրանն ու վեցյակը կհանդիպեն համաձայնագրի կատարման մոնիթորինգի համար տարեկան 2 անգամից ոչ պակաս: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կհամակարգի Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեճերի լուծման հանձնաժողովը: Իրանի ու վեցյակի բանակցությունների բոլոր մասնակիցները, ներառյալ ԵՄ-ն, ձայնի իրավունք ունեն Ֆեդերիկա Մոգերինիի գլխավորած կոնֆլիկտային հանձնաժողովում: Որոշումներն ընդունվելու են կոնսենսուսով:
Ինչո՞ւ ենք խոսում Իրանի փաստացի պարտության մասին, թեկուզ և հակապատժամիջոցային պայքարում ու միջուկային ոլորտի զարգացման առումով: Թեհրանը համաձայնել է թույլ տալ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը իր մի շարք ձեռնարկություններ՝ ստուգելու միջուկային մշակումների ռազմական նպատակներով չլինելը: Նախկինում դա թույլ չէր տալիս, պատճառաբանելով, որ ռազմական զորակայանները ազգային անվտանգության բացարձակ գաղտնի մասն են: Արևմուտքը թեպետ ընդունեց Իրանի իրավունքը՝ զարգացնել սեփական միջուկային էներգետիկ ծրագիր, բայց մտադիր է առաջիկա 8 տարիներին խստորեն հետևել, որ ուրանը չհարստացվի ռազմական նպատակներով: Թեհրանը պարտավորվել է ուրանը 3,37 % -ից ավելի չհարստացնել 15 տարի: Միջուկային ոլորտում գիտական հետազոտությունների սահմանափակումները կպահպանվեն 8 տարի: Իրանը 15 տարի գիտական մշակումներ չի անի միջուկային վառելիքի վերամշակման վերաբերյալ: Համաձայնագիրը նախատեսում է զենքի էմբարգոյի պահպանումը 5 տարի և 8 տարի արգելում է Իրանին բալիստիկ հրթիռային ծրագրեր իրականացնել, նույնքան ժամանակ արգելվում է Իրանին վաճառել հրթիռային տեխնոլոգիաներ: ԱՄՆ-ը և ԵՄ-ն իրոք Իրանից հանում են տնտեսական պատժամիջոցները՝ ազատ առևտրի, ներառյալ էներգակիրների, բանկային գործողությունների, ապահովագրության և SWIFT համակարգ մուտքի, բայց ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար: Հենց այդ «աստիճանականությունն» էլ սկսում է Իրանի խոշոր պարտությունների շարքը դիվանագիտական ասպարեզում: Միայն երբ ՄԱԳԱՏԷ-ն հաստատի, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները համաձայնագրի շրջանակներում, ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԱՄՆ-ը և ԵՄ-ն կսկսեն փուլ առ փուլ պատժամիջոցները հանել: Սպասվում է, որ դա տեղի կունենա 2016-ի սկզբին:
Հնարավոր է, որ դա կարող է հավասարակշռել Արևմուտքի համաձայնությամբ՝ դեռ 70-80-ական թթ. Իրանի արտասահմանյան սառեցված ավուարների (մոտավորապես 130 միլիարդ դոլար) ապասառեցումը: Բայց ուշադրություն դարձրեք՝ Արևմուտքը նշել է, որ համաձայնագիրը խախտելու դեպքում պատժամիջոցները կվերականգնվեն 65 օրով: Եվ Թեհրանը համաձայնել է այս խորամանկ վերապահումին: Իրանը նվազեցնում է ուրանի հարստացման ցենտրիֆուգները երկու երրորդով՝ 18-ից վեց հազարի: Հարստացված ուրանի ընդհանուր քանակից Իրանի տրամադրության տակ է մնում 300 կիլոգրամ, այսինքն՝ 4 % այս տարիներին մշակած ծավալից: Մնացած 96 %-ը պետք է կամ անմիջապես ուտիլացվի, կամ երկրից հանվի: Զենքի էմբարգոյի հարցում Իրանը և Ռուսաստանը պնդում էին բոլոր պատժամիջոցների ու սահմանափակումների միաժամանակյա հանումը, ԱՄՆ-ը պնդում էր պատժամիջոցները և սահմանափակումները երկարացնել, Իրանը համաձայնեց պատժամիջոցների ու սահմանափակումների 2-ամյա ժամկետի պահպանմանը: ՈՒ ի՞նչ: Այո, էմբարգոն չի վերաբերում, ասենք, Իրան պաշտպանական զենքի մատակարարմանը, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերին՝ C-300 զենիթահրթիռային համալիրներին Ռուսաստանից: Եթե հիշենք, որ արևմտյան ԶԼՄ-ները գրեցին, որ իբր թե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևում ԱՄՆ-ը թեզիս է հավելել, որ «պատժամիջոցների փոփոխությունը» և «նոր սահմանափակումները» պահպանվելու են դեռ 10 տարի, ու այդ տեղեկությունը ճիշտ լինի, նշանակում է, որ իրականում պատժամիջոցները Թեհրանից չեն հանվում, թեպետ Իրանն էական զիջումներ է արել:
Հիշատակված 12 կետերից բացի, պլյուսների թվում է Իրանի արտասահմանյան ավուարները ապասառեցնելու խոստումը: Հավելեք. 1) Ֆորդոյի գիտական կենտրոնի զարգացմամբ կզբաղվի ՌԴ-ի հետ համատեղ ձեռնարկությունը: «Ցենտրիֆուգների երկու կասկադներ, որտեղ ուրանի հեքսաֆտորիդ չի ներմուծվել, կմոդեռնացվեն կայուն իզոտոպների արտադրության համար: Այդ աշխատանքը կանի ԻԻՀ և ՌԴ համատեղ ձեռնարկությունը երկկողմ համաձայնության հիման վրա, որը ավելի ուշ կկայանա»: 2) Իրանի ԱԷԿ-ների համար ռուսական վառելիքային հավաքումները վեցյակի հետ գործարքի լիմիտի մեջ չեն հաշվառվի: 3) Նետանզայի միջուկային կենտրոնը փաստացի կմնա անփոփոխ վիճակում ու կշարունակի աշխատել: 4) Վերապահում կա, որ Իրանն իրավունք ունի հրաժարվել պայմանագրի պայմանները կատարելուց՝ ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների վերադարձը Իրանը կգնահատի իբրև պատրվակ վեցյակի հետ համաձայնությունից դուրս գալու. «Իրանը հայտարարում է, որ եթե պատժամիջոցները վերականգնվեն լրիվ կամ մասնակի, Իրանը դա կգնահատի իբրև հիմք, որպեսզի դադարեցնի իր պարտավորությունների կատարումը ամբողջությամբ կամ մասնակի»: Այն փաստը, որ հարստացված ուրանը (մինչև զենքի մակարդակի) Իրանից տեղափոխվելու է Ռուսաստան, հաստատեց նաև Սպիտակ տունը հուլիսի 16-ին, երբ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզան Ռայսը նկատեց, որ «հարստացված ուրանը կտեղափոխվի երրորդ երկիր, առավել հավանական է՝ Ռուսաստան» և որ «ԱՄՆ-ը չի անհանգստանում, որ հարստացված ուրանը Իրանից տեղափոխվելու է Ռուսաստան»: Ռայսը նաև հավելեց, որ ՌԴ-ն իրեն «պատասխանատու» է պահում այդօրինակ նյութերի պահպանության հարցում: Նրա խոսքով՝ Ռուսաստանը այդ վերաբերմունքն է ունեցել տասնամյակների ընթացքում. «Ռուսաստանն ունի սեփական միջուկային նյութեր, պահպանում է համապատասխան կերպով, այդ պատճառով մենք տագնապներ չունենք այդ հարցով»:
Ստացվում է, որ նույնիսկ իրադարձությունների ամենալավատեսական զարգացման դեպքում, եթե համաձայնագիրը ստանա ԱՄՆ Կոնգրեսի, Իրանի Մեջլիսի հավանությունը, անցնի անհրաժեշտ գործընթացները ՄԱԿ-ում, իրենց սառեցված ակտիվները իրանցիները կստանան ոչ շուտ, քան 2015-ի վերջին-2016-ի սկզբին: Ավելի շատ ժամանակ կպահանջվի, որ ԱՄՆ նախագահը կամ ԵՄ ղեկավարությունը հանեն այս կամ այն պատժամիջոցը, նավթային էմբարգոն ու բանկային սահմանափակումները: Հիշեցնեմ՝ այդ ամենը կատարվելու է ՄԱԳԱՏԷ-ի տեսչական ստուգումների արդյունքում ու եզրակացությունների հիման վրա, իսկ նրանց կողմնակալության ու ոչօբյեկտիվության մեջ Իրանի նկատմամբ անցած տարիներին քանիցս հնարավորություն ունեցել ենք համոզվել: Նույնիսկ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցների առնչությամբ ամեն ինչ այդքան վարդագույն չէ, որքան թվում է: Համաձայնագրի դրույթների իրականացման համար ԱԽ անդամ պետությունները պետք է ընդունեն վեց բանաձև՝ բացառելով զենքի ու հրթիռային տեխնոլոգիաների մատակարարման հարցերը, Իրանի դեմ միջազգային սահմանափակումներից յուրաքանչյուր հարցով առանձին: Կասկած չկա, որ ամեն մեկը ուղեկցվելու է երկարատև քննարկումներով ու տեղեկատվական պատերազմի կանոնավոր գրոհներով՝ ներառյալ բացահայտ ապատեղեկատվությունը, որ Իրանը չի կատարում իր պարտավորությունները: Վերջապես համաձայնագրի մի շարք դրույթներ, մասնավորապես կատարման նկատմամբ վերահսկողության և պատժամիջոցների վերադարձելիության վերաբերյալ, փաստաթուղթը չափազանց խոցելի են դարձնում Իրանի հակառակորդների գործողությունների առաջ: Սահմանափակումները հանելու գործընթացը բացահայտորեն լղոզված է, խոցելի է արտաքին ներգործության առաջ և հեշտ հակադարձվող: Այսօր համաձայնագրի կատարման երաշխիքը միայն Վաշինգտոնի, Լոնդոնի, Փարիզի «խաղաղասիրական մտադրություններն» են, այսինքն՝ ավազի վրա է կառուցված համաձայնագրի շենքը: Թեհրանի գործունեության վերահսկման փաստաթղթում ամրագրված մեխանիզմները և պատժամիջոցները հանելու գործընթացը, առանց չափազանցության, «կարճլիկ վզկապ» են ոչ միայն Իրանի տնտեսության, այլև արտաքին քաղաքականության համար: Այդ վզկապի մյուս ծայրը բոլորովին էլ բարեկամական ձեռքերում չէ: Իրանի արևմտամետ շրջանակների համար, որ կոչ էին անում հրաժարվել հակաամերիկյան քաղաքականությունից տարածաշրջանում ու նորմալացնել հարաբերությունները Արևմուտքի հետ, այդ համաձայնագիրն իրոք տոն է: Բայց ուրախանալու պատճառ ունե՞ն իսլամական հանրապետության ինքնուրույն զարգացման կողմնակիցները՝ վիթխարի թվով մարդիկ, որ ներգրավված են «դիմադրության էկոնոմիկայի» մեջ, նրանք, ովքեր չեն ընդունում «Համաձայնություն հանուն համաձայնության» դիրքորոշումը: Համաձայնագրի հիմնական կետերի կատարումը համընկնելու է այն շրջանին, երբ Սպիտակ տանն արդեն ուրիշ նախագահ ու ուրիշ վարչակազմ է լինելու, նրանք որևէ խոստումով պարտավորված չեն «Իրանի հետ հարաբերությունները նորմալացնել»: Իսկ դա ամենալայն դաշտն է բացում Վիեննայում ստորագրված համաձայնագրի ոգու ու տառի հետ տարբեր մեքենայություններ անելու համար: Գուցե հենց այդ ամենը նկատի ուներ Իրանի պետության ղեկավար, Իրանի հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Համենեին, երբ Վիեննայի համաձայնագրի կնքումից մի քանի ժամ առաջ ուսանողների հետ հանդիպման ժամանակ (իսկ ուսանողները իրանյան հասարակության իրական շարժիչ ուժն են) կտրուկ հայտարարեց. «Անկախ Իրանի միջուկային ծրագրի արդյունքներից՝ Իրանը չպետք է դադարեցնի դիմակայությունը ԱՄՆ-ին»: Իրանյան հեռուստաալիքները հաղորդում են, որ իր ելույթում իսլամական հեղափոխության առաջնորդը ԱՄՆ-ն անվանել է «մեծամտության հիանալի օրինակ» միջազգային մակարդակով և իրանցիներին կոչ է արել զգոն լինել «գլխավոր թշնամու» նկատմամբ: Նա, ով գոնե հեռակա ծանոթ է իրանյան հասարակությանը, գիտի, որ դա այաթոլա Համենեիի հրամանն է, այլ ոչ թե «պարզապես կարծիքը», քանի որ ԻԻՀ Սահմանադրությամբ հենց նա է պետության ղեկավարը (նաև գերագույն գլխավոր հրամանատարը), այլ ոչ թե նախագահը, որը, ըստ էության, ընդամենը ընտրվող վարչապետ է: Այդ պատճառով Հայաստանի համար հետագա զարգացումները, այդ թվում Իրան-Արևմուտք հարաբերությունների բարելավման պատճառով, կանխատեսելիս հիմնական չափանիշը պետք է լինեն հենց այաթոլա Համենեիի երկու հրամանները ուսանողներին. 1) ԱՄՆ-ը Իրանի գլխավոր թշնամին է: 2) Իրանը չպետք է դադարեցնի դիմակայությունն ԱՄՆ-ին: Այս երկու հրամանները լիովին վերաբերում են Իրանի քաղաքականությանը Անդրկովկասում ու Մերձկասպյան տարածաշրջանում, ոչ միայն Մերձավոր Արևելքին ու Միջին Ասիա-Աֆղանստան հատվածին:
Այդ դեպքում ստացվում է, որ բուն միջուկային ծրագիրը, ինչպես և բանակցությունները Վիեննայում, 2015-ի հուլիսի 13-14-ը Իրանի համար ոչ կարևորություն, ոչ արժեք չունեն: Ի վերջո՝ ինչո՞ւ էր ուրախանում Իրանի արտաքին գործերի նախարար, դոկտոր Զարիֆը: Ինչո՞ւ չէին թաքցնում գոհունակությունը նրա ռուս ու չինացի գործընկերներ Սերգեյ Լավրովն ու Վան Ին: Ճիշտ է, չինացի նախարարը դեռ պահանջներ չի ներկայացրել ԱՄՆ-ին ու դաշնակիցներին: Իսկ Ռուսաստանն ու Իրանն արդեն սկսել են և շատ կոնկրետ: Վիեննայի համաձայնագրի կնքումից հետո առաջին երեք օրերին Լավրովն աշխարհին հիշեցրեց, որ 2009-ին Բարաք Օբաման արդարացնում էր ամերիկյան ազգային հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայումը հենց «իրանական սպառնալիքով» Արևմուտքին: Լավրովի խոսքով՝ Մոսկվան արդեն հարցը բարձրացրել է ամերիկացիների առաջ ու կոնկրետ պատասխանի է սպասում: Իսկ ամերիկյան հակահրթիռային պաշտպանության տարրերը տեղակայված են Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Թուրքիայում, Վաշինգտոնը սկսել է նրանց տեղակայումը և Հարավ-Արևելյան Ասիայում (բնականաբար՝ Չինաստանի մերձակայքում): Ամերիկացիները դեռ լռում են: Հուլիսի 17-ին Իրանի նախագահ Հասան Ռուհանին հեռախոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ մուսուլմանական երկու գլխավոր տոներից մեկի՝ Իդ ալ ֆիտրի առիթով ու թափանցիկ ակնարկել է իրանա-թուրքական հարաբերությունների նորմալացման նոր հնարավորությունների մասին, իսկ դա ոչ միայն իրավիճակն է Սիրիայում ու Թեհրանի մեղադրանքները Անկարայի հասցեին «Իսլամական պետություն» խմբավորման պատճառով: Դա ամերիկյան ՀՕՊ-ի ռադարներն են Մալաթիայում, որոնց տեղակայումից հետո այաթոլա Համենեիի ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահիա Ռահիմ Սեֆևին բացահայտ սպառնաց Անկարային հրթիռային հարվածներով: Եղան նաև այլ ակնարկներ: Ռուսաստանը վերսկսել է խոսակցությունը, որ ամբողջ Մերձավոր Արևելքը պետք է աստիճանաբար վերածվի միջուկազերծ գոտու: Մեջբերում Սերգեյ Լավրովից. «Ամրապնդել այն որոշման կատարման նախադրյալները, որն ընդունվել է 2010-ին և դեռ չի կատարվել, խոսքը կոնֆերանսի հրավիրման մասին է Մերձավոր Արևելքում զանգվածային ոչնչացման զենքից ազատ գոտու ստեղծման թեմայով, որը էականորեն կնվազեցնի լարումը աշխարհի այդ բարդ տարածաշրջանում, պետք է օգնել շփման կետեր գտնել իրանցիներին ու արաբներին, իսրայելցիներին»: Իրանը բացահայտ կոչ էր անում վեցյակին զբաղվել Իսրայելի միջուկային հարցով: Հիմա, երբ Իրանի միջուկային հարցը համաշխարհային տերությունները վճռել են, ժամանակն է զբաղվել Իսրայելի սիոնիստական վարչակարգի միջուկային ռումբերի հարցերով՝ հուլիսի 16-ին հայտարարեց միջուկային բանակցողների իրանյան թիմի նախկին անդամ Հուսեյն Մուսավիանը ամերիկյան CNN հեռուստաալիքին, հիշեցնելով, որ Իսրայելի սիոնիստական վարչակարգը միակն է, որ տարածաշրջանում միջուկային զենք ունի, ուստի ռեալ սպառնալիք է ներկայացնում իրենից: Եթե մեր կռահումները ճիշտ են, չի բացառվում, Վիեննայում բանակցությունների գաղտնի թեման երկու հարց էր՝ 1) Ամերիկյան ՀՕՊ-ի տարրերի ապամոնտաժում այնտեղից, ուր առաջ տեղակայվել էին: 2) Իսրայելի միջուկային զինաթափում: Գուցե նաև՝ արևմտյան «օգնության» դադարեցում Մերձավոր Արևելքում մի շարք ուժերի՝ ներգործելով այն երկրների վրա (Թուրքիա, Սաուդյան Արաբիա և այլն), որ աջակցում են սուննի ահաբեկիչներին: Այդ դեպքում հասկանալի է՝ ինչու է լռում Թուրքիան, իսկ Իսրայելն ու Սաուդյան Արաբիան «Իրանի հետ պայքարելու» պատրաստակամություն են հայտնում:
Վիեննայի բանակցություններում, փաստորեն «հարցի գինը» ոչ թե Իրանի միջուկային ծրագիրն է ու նրա ապագան, այլ Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի պահանջը ԱՄՆ-ին ու Արևմուտքին՝ փոխել իրենց ռազմավարության վեկտորը Եվրասիայում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ