Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Հացի՛ն գոնե թույն մի խառնեք

Հացի՛ն գոնե թույն մի խառնեք
27.01.2015 | 12:18

ՀՀ հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի հունվարի 22-ին հրավիրած նիստը կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման վերաբերյալ էր:

«Ցորենի, ալյուրի պարտադիր հարստացում արդեն կիրառվում է Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրների մեծամասնությունում և Կանադայում: ԱՊՀ երկրներում այդ օրենքները 2009 թվականից ընդունվել և գործում են Ղազախստանում, Ղրղզստանում: Այլ երկրներից միկրոնուտրիենտներով ալյուրի հարստացման ծրագրերն ընդունվել են ՈՒզբեկստանում, Ադրբեջանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում: Նմանօրինակ ծրագրերը մշակման փուլում են Բելառուսում, Ռումինիայում, Բուլղարիայում, Թուրքիայում և այլ երկրներում»,- նիստի բացմանը նշեց Հանրային խորհրդի անդամ, հանձնաժողովի նախագահ, Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, ՀՀ գլխավոր ուռուցքաբան, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանը:

«Ցորենի ալյուրի հարստացման ծրագիրը» աշխարհում համարվում է հանրային առողջապահական ամենաարդյունավետ ծրագրերից մեկը, քանի որ շատ փոքր ներդրումով ապահովում է մեծ արդյունքներ: Այն նպատակաուղղված է հանրության առողջության շահերի ապահովմանը, որոնք մեր երկրում տեսանելի կլինեն մի քանի տարի անց», - ասաց ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը` նախագիծը նմանեցնելով «Աղի յոդացման ծրագրին», որի կիրառումով ՀՀ-ում կանխվել-նվազել են բազմաթիվ հիվանդություններ:

«Այս ծրագիրը արդեն տասնյակ տարիներ հաջողությամբ գործում է ավելի քան 80 երկրներում»,- ասաց Ս. Խաչատրյանը ` մատնանշելով մեր հարևան ԻԻՀ-ում ալյուրի հարստացման 10 տարվա փորձը:

«Երկաթը և ֆոլիաթթուն խիստ անհրաժեշտ են մեզ՝ հաղթահարելու համար այնպիսի հիվանդություններ, ինչպիսին, օրինակ, սակավարյունությունն է»,- ընդգծեց նա` հավելելով, որ 2000 թվականից, ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ-ում հետազոտություններ է իրականացրել և պարզել, որ մինչև 5 տարեկան երեխաների 37 և վերարտադրողական տարիքում գտնվող կանանց 25 տոկոսի մոտ ախտորոշվել է սակավարյունություն:

Փոխնախարարի խոսքերով, ծրագրի իրագործումով երեխաների և սերնդաշարունակող մայրերի արյան մեջ ոչ միայն կլրացվի երկաթի և ֆոլիաթթվի պակասը, այլև կկանխվեն սակավարյունության (անեմիա), սրտանոթային բազմաթիվ հիվանդություններն ու մահացության դեպքերը. կնվազեն նաև երեխաների բնածին արատները: Այսինքն՝ ծրագրի իրականացումն ուղղակիորեն կապահովի առողջական վիճակի բարելավում:

Ս. Խաչատրյանը նշեց, որ ալյուրի հարստացման ծրագիրն իրականացվել է նաև խորհրդային տարիներին, և այսօր փորձում են այն ընդամենը վերականգնել:

«Ցորենի ալյուրի հարստացման մասին» օրենքի նախագծի ներդրմանը այլ կարծիք ուներ և կտրականապես դեմ էր «Քրիստոնեությունն ընդդեմ մարդկության համախմբման» ՀԿ միավորման նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը, ով համոզված է՝ սինթետիկ հավելումները ոչ մի լավ ազդեցություն չեն կարող ունենալ օրգանիզմի վրա:

«Մենք բնության օրենքներին դեմ ենք գնում` փորձելով բնականին խառնել արհեստական ճանապարհով ստացված նյութեր: Այսօր աշխարհը պայքարում է սննդի մեջ ամեն տեսակի հավելանյութերի առկայության դեմ, իսկ մենք նոր-նոր փորձում ենք մեզանում կիրառել այդ վտանգավոր փորձը: Աշխարհի շատ առաջադեմ երկրներ, այդ թվում` Բելառուսը, Դանիան, Իտալիան, Նորվեգիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իսրայելը, Գերմանիան և այլ երկրներ հրաժարվել են երկաթով ու այլ տարրերով հարստացված ալյուրից»:

Ստամբոլցյանը պնդեց, որ արհեստական նյութեր ավելացնելու դեպքում ալյուրը կարող է վտանգավոր դառնալ: «Այսօրվա հացի մեջ առանց այն էլ տարբեր հավելանյութեր են լցնում` համային որակ հաղորդելու նպատակով, որի պատճառով ամեն օր կես կիլոգրամ քիմիա ենք օգտագործում: Զարմանալի է, թե ինչու են դիմում այս մեթոդին, երբ ցորենն ինքը պարունակում է անհրաժեշտ քանակությամբ երկաթ ու ֆոլիաթթու: Մեր սուրբ հայրերը ճգնության ժամանակ միայն ցամաք հաց են կերել և մինչև 90 տարի ապրել են: Ցորենն այն սնունդն է, որի մեջ ամեն ինչ կա, և դա բավարար է: Թող հացը հարստացնեն բնական ճանապարհով՝ կիրառելով ցորենի թեփը»,- նկատեց Խաչիկ Ստամբոլցյանը:

«Որքան վնասակար է երկաթի պակասը, նույնքան էլ վտանգավոր է դրա ավելցուկը օրգանիզմում», - ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: Նա նշեց, որ առայսօր հաշվարկված չէ, թե բնակչության որ մասը երկաթի և ֆոլիաթթվի կարիք չունի, ու եթե նրանք սկսեն օգտագործել այդ միկրոտարրերով հարստացված հացը, ինչպես այն կազդի նրանց առողջության վրա:

«Առողջապահության նախարարության կողմից երբևէ ոչ մի բառ չի հնչել, թե ինչ ռիսկեր է պարունակում, երբ երկաթը ավելցուկ է տալիս օրգանիզմում և հասարակության քանի տոկոսին է ուղղակի հակացուցված և չի թույլատրվում երկաթով հարստացված ալյուր: Նշված պոպուլյացիայի ընթացքն ու առողջապահական հնարավոր ռիսկերը պարզելու համար պետք է անցկացնել համապատասխան հետազոտություններ, որոնց տևողությունը չի անցնի մեկուկես-երկու տարուց»,- ասաց Բ. Պիպոյանը:

«Հաշվի առնելով մեր երկրի էկոլոգիական պայմանները և հանքարդյունաբերության տարեցտարի ընդլայնվող ծավալները, վերոնշյալ նորմաները մեզ մոտ հնարավոր է «չաշխատեն»,- ասաց «Հանուն կայուն զարգացման ասոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանը: Պետք է անցկացնել դիտարկում` վերլուծելու հետագա պրոբլեմները, քանի որ հանքարդյունաբերության արդյունքում ծանր մետաղներով աղտոտվածությունը ՀՀ-ում շատ բարձր է, և ծանր մետաղների գերպարունակություն կա հանրապետության տարբեր գոտիներում: Պետք է նախապես ուսումնասիրել անմիատարր շրջակա միջավայրը` պարզելու՝ ստեղծված պարագայում արժե՞ արդյոք երկաթ ավելացնել երկաթ շահագործող հանքավայրերին հարող բնակավայրերում ապրողների հացի մեջ և տեսնել, թե ինչ հետևանքներ կունենա այն:

Քննարկման ժամանակ խոսվեց նաև մի խումբ հասարակական կազմակերպությունների էլեկտրոնային փոստով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներին հղած դիմումի մասին, որում (հիմնավորելով առողջության վրա ծրագրի հնարավոր բացասական ազդեցությունը) ՝ կոչ է արվել գործուն մասնակցություն ցուցաբերել այս կարևորագույն համազգային խնդրի լուծմանը` թույլ չտալով բնակչությանը պարտադրել այնպիսի հավելանյութերի օգտագործում, որոնց անվտանգությունն առնվազն կասկածելի է: Նամակն առաքողներն ակնկալում են հասցեատերերի դրական արձագանքը:

Նախագծի քննարկման ընթացքում հնչեցին նաև հանրային առողջության վրա ծրագրի հնարավոր բացասական ազդեցության վերաբերյալ որոշ տեսակետներ ու առաջարկներ, և Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը խոստացավ հաշվի առնել նաև դրանք:

Փաստելով, որ նախագիծը խիստ կարևոր է և պարունակում է մի շարք խնդրահարույց հարցեր, ՀՀ Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովը որոշեց կազմակերպել ևս մեկ քննարկում, որում կընդգրկվեն առավել մեծ թվով հասարակական կազմակերպություններ ու շահագրգիռ կողմեր` այս խիստ արդիական ծրագրի ամենակարևոր հիմնախնդիրները լրամշակելու և նմանատիպ օրենքներին համապատասխանեցնելու նպատակով:

Նշենք, որ քննարկմանը, Հանրային խորհրդի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի կոլեգիայի անդամներից բացի, մասնակցում էին նաև Երևանի պետական բժշկական համալսարանի գիտական կազմի և հասարակական մի շարք կազմակերպությունների («Հանուն առողջ սննդի», «Սպառողների աջակցության կենտրոն» և այլն) ներկայացուցիչներ:

Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2883

Մեկնաբանություններ