Հունգարիան պետք է դիտարկի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալու հեռանկարը՝ Ռուսաստանի հետ առանձին միություն ստեղծելու համար՝ հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Թեոֆիլ Բարտոշևսկին։ Դիվանագետը շեշտել է, որ Լեհաստանը, ի տարբերություն Հունգարիայի, «գործ չի անում Ռուսաստանի հետ», և Օրբանի քաղաքականության պատճառով նրա երկիրն արդեն «միջազգային հանրության լուսանցքում է»։               
 

Կենդանասերների հրավիրած բողոքի ցույցին մասնակցում էր 10-15 մարդ

Կենդանասերների հրավիրած բողոքի ցույցին մասնակցում էր 10-15 մարդ
11.11.2014 | 11:59

Օրերս մի քանի կենդանասերներ բողոքի ցույց էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանի մոտ՝ բարձրացնելով թափառող կենդանիների խնդիրը, պահանջելով վերջ տալ կենդանիների վնասազերծմանը։
Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալֆրեդ Հունանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Երևանում թափառող կենդանիների թիվը բավականին նվազել է. «Ներկայումս Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցների միջոցով դիտարկումներ են անցկացվում, և կարող եմ ասել, որ էապես պակասել է փողոցային կենդանիների թիվը»։ Նա նաև նկատեց, որ հաշվի առնելով թվի նվազումը՝ 2015 թ. այս ոլորտին հատկացումները կրճատվելու են. «Ակտիվիստները, ելնելով աշխատանքների արագացումից, բողոքներ են կազմակերպում՝ թափառող կենդանիների դեմ պայքարը անվանելով շների «սպանդ»։ Փողոցային կենդանիները մեծ վտանգ են սպառնում բնակչությանը։ Թափառող կենդանիներից 45 հիվանդություն է փոխանցվում մարդկանց, այդ թվում՝ կատաղություն, լեշմանիոզ, սնկային հիվանդություններ։ Փառք Աստծո, մենք նման հիվանդությունների վարակման դեպքեր չունենք, սակայն քանի դեռ փողոցում կան կենդանիներ, ապա նրանք պոտենցիալ վտանգ են ներկայացնում։ Թափառող կենդանիների կծելու դեպքերը նույնպես նվազել են։ 2011-ին գրանցվել է 496 կծելու դեպք, 2012-ին՝ 151 դեպք։ Ճիշտ է, 3 անգամ նվազում է արձանագրել, սակայն դա էլ է շատ, քանի որ յուրաքանչյուր դեպք մեզ ցավ է պատճառում։ Թափառող կենդանիները դառնում են նաև ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ, ազդում են ֆլորայի և ֆաունայի վրա, մարդկանց անդորրն են խախտում, նրանց մեջ առաջացնում են վախի զգացումներ։ Բայց այդ հասարակական կազմակերպություններին նշված խնդիրները չեն հետաքրքրում»։
«Յունիգրաֆ իքս» ընկերության լրատվության պատասխանատու Լիլիթ Գրիգորյանն էլ, խոսելով կենդանասերների բարձրացրած աղմուկի և հրապարակած նկարների մասին, նշեց, որ ժամանակ առ ժամանակ կենդանասերները մամուլում հանդես են գալիս կեղծ տեղեկատվությամբ։ «Բազմիցս ենք բացահայտել, որ նրանց հրապարակած և «Յունիգրաֆ իքսին» վերագրած նկարները հայկական իրականության հետ կապ չունեն և ներբեռնված են համացանցից։ Սա հերթական դեպքն է։ Նկարները «Յունիգրաֆ իքսին» չեն վերաբերում և արված են այլ երկրներում»։
Խոսելով իրենց աշխատանքների մասին՝ Լիլիթ Գրիգորյանը նշեց, որ «Յունիգրաֆ իքսը» կատարում է իր պայմանագրային պարտավորությունները՝ թափառող կենդանիների դեմ պայքարելով բացառապես քնեցման և ստերիլացման մեթոդներով։ Այդ մեթոդները կիրառվում են ոչ միայն Երևանում, այլև ամբողջ աշխարհում։ Թափառող կենդանիների դեմ պայքարը քաղաքացիների օրինական պահանջն է, ինչն էլ իրականացվում է ընկերության միջոցով՝ ապահովելով մարդկանց անվտանգությունը։
Իսկ կենդանասերների ագրեսիվությունը մեր զրուցակիցը բացատրում է «Յունիգրաֆ իքսի» աշխատանքների արդյունավետությամբ. «Ի դեպ, նշեմ, որ օրերս հրավիրված բողոքի ցույցին մասնակցում էր կենդանասեր ներկայացող ընդամենը 10-15 մարդ։ Այսինքն՝ մեր աշխատանքին և այսօր թափառող կենդանիների դեմ տարվող պայքարին փաստացի դեմ է ընդամենը այդ 10-15 հոգին»։
Հայաստանում կենդանասերները հաճախ վիճարկում են Երևանում թափառող շների թվի հարցը։ Բերում են Մոսկվայի օրինակը՝ նշելով, թե իբր ՌԴ մայրաքաղաքում կա ընդամենը 20-30 հազար շուն, մինչդեռ Երևանում՝ 40 հազար։ Ըստ Լիլիթ Գրիգորյանի՝ կենդանասերների այս տվյալները անտրամաբանական են և հանրությանը մոլորեցնելու խնդիր ունեն։ Մասնավորապես, համացանցում նշվում է, որ Մոսկվայում թափառող կենդանիների խնդիրը շատ սուր է։ Մոսկվայի իշխանություններն այս խնդրի լուծման համար տարեկան առանձնացնում են մոտ 1 միլիարդ ռուբլի (11,5 միլիարդ դրամ)։ Համեմատության համար նշենք, որ Երևանում այս խնդրի լուծման համար նախատեսված է 200 միլիոն դրամ։ Ստացվում է, որ Մոսկվան թափառող կենդանիների խնդրի լուծման համար 55 անգամ ավելի գումար է հատկացնում ավելի քիչ շների համար, քան Երևանում։ Եվս մեկ օրինակ, շները Մոսկվայում տարեկան կծում են մոտ 30 հազար բնակչի։ Ստացվում է, որ Մոսկվայում գոյություն ունեցող 20 հազար շունը կծում է 30 հազար քաղաքացու։ Սա անտրամաբանական է։ Եվ ըստ մեր զրուցակցի՝ այս փաստերը խոսում են այն մասին, որ Մոսկվայում թափառող շների թիվը հարյուրապատիկ ավելի է, քան Երևանում։
Լիլիթ Գրիգորյանը նշում է նաև, որ Հայաստանում կան խնդիրներ, որոնք խոչընդոտում են թափառող կենդանիների հարցը լիարժեք լուծելուն։ Հանրությունն անհանդուրժող է թափառող կենդանիների նկատմամբ, կարգավորված չեն կենդանիների հետ հարաբերությունները, լիարժեք չէ օրենսդրական դաշտը, մարզերում չեն իրականացվում ծրագրված վնասազերծման աշխատանքները, և մարզերից թափառող շները ներթափանցում են Երևան։ Սրանք հարցեր են, որոնց համալիր լուծման դեպքում միայն կարելի է առավելագույն արդյունքի հասնել թափառող կենդանիների խնդրի լուծման հարցում։

Կարինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2116

Մեկնաբանություններ