ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

«ՀՀ կառավարությունն արդեն թույլատրել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը, այն էլ թալանչիական եղանակով»

«ՀՀ կառավարությունն արդեն  թույլատրել է Ամուլսարի  հանքավայրի շահագործումը, այն էլ թալանչիական եղանակով»
03.10.2014 | 13:07

Վայոց ձորի Ջերմուկ առողջարանային քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում Ամուլսարը, որտեղ 2006 թվականից երկրաբանահետախուզական աշխատանքներ է իրականացնում բրիտանական «Lydian International» ընկերության «Գեոթիմ» դուստր ձեռնարկությունը: Վերջինս նշված սարի ընդերքում հայտնաբերել է ոսկի, որի հաշվեկշռային պաշարները, նախնական տվյալներով, հասնում են ավելի քան 70 տոննայի:
Ոսկու պաշարների հետ կան նաև թանկագին և ծանր մետաղներ` կոբալտ, պղինձ, երկաթ, նիկել, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, բիսմութ, քրոմ, ինչպես նաև վնասակար թունավոր տարրեր` մկնդեղ, սելեն, տելուր, բերիլիում, կադմիում, որոնք հանքաշահագործման ընթացքում դուրս կբերվեն ընդերքից: Մնալով կորզաթափոնների մեջ` դրանք հետագայում կաղտոտեն- կվտանգեն ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ կենսառեսուրսներն ու էկոհամակարգերը:
-Հանքարդյունաբերության գործընթացը ի՞նչ ազդեցություն կունենա կամ ինչպե՞ս կանդրադառնա Ջերմուկ առողջարանային քաղաքի և հարակից տարածաշրջանի բնակչության առողջության վրա,- դիմեցինք ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր ՀՐԱՉՅԱ ԱՎԱԳՅԱՆԻՆ:

-Ջերմուկը, որն իր հանքային աղբյուրների շնորհիվ համարվում է ֆիզիոթերապևտական միջոցներով (արև, լույս, օդ, ջուր) բուժման բարձր վարկանիշ ունեցող կենտրոն, Ամուլսարի հանքավայրի շահագործումից հետո կկորցնի առողջարանային գոտի լինելու համարումը, իսկ նրա բնակչության մեծամասնությունը կմնա անգործ: Այնպես որ, եթե վերոնշյալ հանքավայրը շահագործվի, մենք պետք է խաչ քաշենք Ջերմուկի՝ որպես հանգստյան գոտու վրա: Այսօր համայնքի բնակչությունը, որը դեռևս ունի ընտրության երկու ուղի` դառնալ զբոսաշրջությա՞ն, թե՞ հանքարդյունաբերական կենտրոն, ապա հայտնեմ, որ բնակչությունն ընտրել է առաջին տարբերակը: «Գեոթիմ» ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ հանքավայրի շահագործման համար օգտագործելու է ցիանիդի լուծույթ, որի ներգործությունը, ըստ փորձագետների, վտանգավոր է հատկապես վերին շնչուղիների համար: Բացի դրանից, ոսկու կորզումից առաջանալու են կապարի էլեմենտներ, որոնք կնպաստեն հատկապես քաղցկեղային, սրտանոթային հիվանդությունների ու հետծննդյան արատների ավելացմանը:
Ամուլսարի հանքի բաց եղանակով պայթեցումների ժամանակ (քաղաքաշինությանը հասցվելիք հնարավոր վնասներից բացի) անխուսափելի է նաև ծանր և վտանգավոր մետաղներից առաջացող փոշին, որի էլեմենտներն օդի հոսքերի հետ կտեղափոխվեն մինչև Ջերմուկ և հարակից բնակելի տարածքներ` ճանապարհին «հանգրվանելով» նաև արոտավայրերի, խոտհարքերի, արտերի բուսականության վրա` դրանց միջոցով ներթափանցելով կենդանական աշխարհ: Բացի դրանից, հանքարդյունաբերությունը բացասական ազդեցություն կունենա ինչպես համայնքներում արտադրվող սննդամթերքի շուկայական վարկանիշի, այնպես էլ բնակիչների տնտեսության վրա` նվազեցնելով նաև վերջիններիս կենսապահովման այլընտրանքային հնարավորությունը։ Նշեմ նաև, որ անկախ փորձագետների հավաստմամբ` կբարձրանա նաև ռադիոակտիվ ֆոնի մակարդակը:
-Հանքավայրի շահագործումն ու պայթեցումները (մասնավորապես) ի՞նչ ազդեցություն կգործեն Ամուլսարի կողքով անցնող Որոտանի թունելի վրա, որի շինարարության վրա ծախսվել են միլիոնավոր դոլարներ, որով Արփայի և Որոտանի ջրերը տեղափոխվում են Սևանա լիճ:
-Ամուլսարի շահագործման ընթացքում Որոտանի թունել կլցվեն նոր որակի թունավոր մետաղների միացություններով հագեցած ջրեր, որոնք հետո կտեղափոխվեն Կեչուտի ջրամբար, իսկ այնտեղից «Արփա-Սևան» թունելով կհոսեն Սևանա լիճ` հիմնովին փոխելով նրա ջրերի կազմն ու որակը: Այն, ինչ նախատեսվել է հանքի շահագործումով իրականացնել, հանցագործություն է ոչ միայն Ջերմուկի, այլև Սևանա լճի էկոհամակարգերի նկատմամբ, որտեղ կուտակված են մեր քաղցրահամ ջրերի պաշարները: Ասեմ, որ բնական այն ռեսուրսները, որոնց օգտագործումը կատարվում է ոչ ռացիոնալ եղանակով և չի ապահովում երկրի իրական տնտեսական աճը, դա պարզապես թալան է, որը աղքատացնում է ինչպես ներկա, այնպես էլ ապագա սերունդներին:
-Ներկայումս «Գեոթիմ» ընկերության աշխատանքները ո՞ր փուլում են, կամ վերջինս ինչպիսի՞ աշխատանքներ է իրականացնում նշված տեղանքում:
-Ներկայումս «Գեոթիմ» ընկերությունը նշած տեղանքում սկսել է մակաբացման աշխատանքները` զուգահեռաբար հեռացնելով Ամուլսարը ծածկող կողային դատարկ ապարները: Դրանից հետո արդեն կսկսվեն հանքաշահագործման աշխատանքները:
-Ասել է` Ամուլսարի հանքի շահագործման աշխատանքների մեկնարկն արդեն տրվա՞ծ է:
-Այո: Շատ զարմանալի է, բայց ՀՀ կառավարությունն արդեն թույլատրել է Ամուլսարի հանքավայրի շահագործումը, այն էլ թալանչիական եղանակով, ըստ որի` 10,4 տարում նշված սարի ընդերքից արդյունահանվելու է տարեկան 10 մլն տոննա հանքաքար: Այնինչ նման հանքարդյունաբերությունը կամ չպետք է թույլատրվեր, կամ էլ պետք է (անգամ անհրաժեշտության դեպքում) շահագործվեր առնվազն 120-150 տարում:
Անհրաժեշտ է նշել, որ նման կուտակային տարրալուծման եղանակով ոսկու կորզումից հետո Վայոց ձորի տարածաշրջանում գտնվող Ամուլսարի լանջերին մնալու են ծանր մետաղներով և թունավոր տարրերով ավելի քան 122 մլն տոննա փշրված ու մանրացված հանքաքարեր, ինչպես նաև նույն տարրերով ավելի թույլ հանքայնացված առնվազն 342,7 մլն տոննա մակաբացման պատճառով առաջացած ապարներ:
Հետազոտության նախնական տվյալները դեռևս բնութագրական չեն Ամուլսարի ոսկու հանքատեղիի (կամ հանքային մարմնի) համար, և մենք իրավունք ունենք մտածելու, որ մետաղատարրերի քանակը հաշվարկվածից առնվազն 10 անգամ կարող է ավելի լինել, որի դեպքում թունանյութերի և ծանր մետաղների ընդհանուր քանակը կհասնի մինչև 8 մլն տոննայի:
Մինչ Ամուլսարի մակաբացման աշխատանքները սկսելը (իմ ունեցած տեղեկությունների համաձայն) կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակներում «Գեոթիմը» հիմնանորոգել է (շուրջ 100 մլն դրամով) Ջերմուկի մանկապարտեզի ու արվեստի դպրոցի շենքերը: Ընկերությունը 26 միլիոն դրամ էլ փոխանցել է «Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման» հիմնադրամին:
Այնպես որ, տեղին է միաժամանակ հիշել հայկական` «Պետին գիտի թե նախիրն ուր է քշում», և ռուսական` «Խելամիտ շարժվիր, որ նպատակիդ շուտ հասնես» հայտնի ասացվածքները:


Զրուցեց Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ

Հ. Գ.-1. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ իմացանք, որ Ամուլսարում ոսկու բաց եղանակով արդյունահանման ծրագրի իրականացման և հանքանյութը վերամշակող ցիանային ֆաբրիկայի կառուցման դեմ բողոքի ցույցով հանդես են եկել տարածքին հարակից Վայոց ձորի Գնդեվազ գյուղի 210 բնակիչներ:
Հավաքելով նույնքան ստորագրություն` նրանք նամակով դիմել են գլխավոր բաժնետեր, Համաշխարհային բանկի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) օմբուդսմենի գրասենյակին, ինչպես նաև ընկերության մյուս բաժնետիրոջը` Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD)` պահանջելով չֆինանսավորել Ամուլսարի ծրագիրը։
Նամակում միաժամանակ նշվել է, որ «Գեոթիմ» կազմակերպությունն իր գործն առաջ տանելու համար շրջանառում է բնակչությանը խաբելու հնարավոր ամեն միջոց: Օրինակ, հողերի սեփականության վկայականները հավաքելուց հետո (իբր չափագրումների իրականացման համար), կազմակերպությունը գյուղացիներին խոստացել է նրանց հողատարածքները գնահատել այնքան, որ վաճառքից ստացված գումարով վերջիններս կարողանան բնակարան գնել Երևանում կամ հանրապետության մեծ բնակավայրերում` կազմակերպելով նաև տեղափոխման գործընթացը:
«Մեր իրավունքների խախտումը տեղի է ունենում IFC և EBRD-ի հովանավորչությամբ և «Գեոթիմ» կազմակերպության` ոչ իրավական ճանապարհով հարցերի լուծմամբ: Այն բնակիչները, ովքեր չեն պատրաստվում Գնդեվազը լքելու, բայց ստիպված են իրենց հողերը վաճառել, դառնում են այդ մանիպուլյացիայի զոհերը»,- բողոքում նշել են գյուղացիները:
Նրանք միաժամանակ IFC-ից պահանջել են անհապաղ դադարեցնել Գնդեվազի բնակչության համար մեծ վտանգներ ներառող հանցավոր ծրագրի ֆինանսավորումը, հաշվի նստել համայնքի հետ` չխախտելով վերջինիս իրավունքները:
Դիմում-բողոքին կցվել են 210 գնդեվազցիների ստորագրությամբ թերթիկերը:

Հ. Գ.-2. Իմ կողմից հավելեմ, որ «Գեոթիմ» ՓԲԸ-ն (հիմնադրվել է 2005 թվականին) հայկական երկրաբանահետախուզական կազմակերպություն է, որը Հայաստանում մասնագիտանում է նոր հանքավայրերի հայտնագործման ուղղությամբ: Ընկերությունն իր լայնամասշտաբ երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է ներկայումս իր առաջնային ծրագիր հանդիսացող ոսկու հանքավայր Ամուլսարը, որը վերջին 22 տարում իր ընդերքում պարունակվող հանքանյութով առաջինն է Հայաստանում:
«Գեոթիմ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 95 տոկոսը պատկանում է օֆշորային «Lydian International» ընկերությանը: «Lydian»-ի առավել խոշոր բաժնետերերն են Միջազգային ֆինանսական կորպորացիան (Համաշխարհային բանկի խումբ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և «Նյումոնթ» լեռնահանքային կորպորացիան (ոսկու արդյունահանման ծավալով աշխարհում երկրորդ ընկերությունը):

Դիտվել է՝ 4764

Մեկնաբանություններ