«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

«Քաղցրահամ ջրի քանակը երկրագնդի վրա նույնն է ինչ միլիոնավոր տարիներ առաջ»

«Քաղցրահամ ջրի քանակը երկրագնդի վրա նույնն է ինչ միլիոնավոր տարիներ առաջ»
16.06.2014 | 15:29

Գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանն օրերս մարդաշատ էր: Թանգարանային գիշերը լավագույնս ներկայացնելու համար երկրաբանական թանգարանի տնօրեն Գայանե Գրիգորյանին շնորհվեց պատվոգիր:

«Թանգարանային գիշեր» ծրագիրն ինտերակտիվ շարունակություն է գտել վիրտուալ տիրույթում: «Արի թանգարան» ֆեսյբուքյան էջը կազմակերպել է մրցույթ` «Լավագույն թանգարանային գիշեր-2014» խորագրով: Հաղթող են ճանաչվել Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանը, Ասլամազյան քույրերի պատկերասրահը, ինչպես նաև երկրաբանական թանգարանը:
«Արի թանգարան» ֆեսյբուքյան էջի ադմինիստրատոր ԱՇՈՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ մրցույթին մասնակցել են 11 թանգարան Երևանից և ՀՀ մարզերից: Նշեց նաև, որ շուտով կունենան կայքէջ, «Արի թանգարան» ֆեսյբուքյան էջը կվերածվի համակարգչային լայն բազայի, որը կներառի համառոտ տեղեկատվություն Հայաստանի բոլոր թանգարանների մասին: ՈՒնեն նա համագործակցության ծրագրեր թանգարանային ոլորտի այլ կազմակերպությունների հետ:
Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի վարիչ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ նկատեց, որ երկրաբանական թանգարանը, ունենալով գիտական ուղղվածություն, կատարելով իր առաջ դրված որոշակի մասնագիտական խնդիրներ, միաժամանակ ընկալելի, ցանկալի, պահանջված է սովորական այցելուի համար, որը գալիս է պարզապես թանգարանային ցուցադրություն տեսնելու, ստանում է հանրամատչելի ինֆորմացիա և գնում է բավարարված:
Նշենք, որ «Թանգարանային գիշեր-2014» ծրագրի շրջանակում երկրաբանական թանգարանը մի շարք հետաքրքիր ծրագրեր էր կազմակերպել` «Թանգարանները միավորում են մեզ» խորագրի ներքո: Տոնական «գիշերը» միավորել էր հարյուրավոր մարդկանց, որոնք դժվարությամբ էին լքել թանգարանը: Այն վերածվել էր հետաքրքիր խաչմերուկի, ուր մեկտեղվել էին Ժամանակակիցն ու ավանդականը, բրոնզի դարը և մեր ժամանակը, բժշկությունն ու զարդարվեստը, միլիոնավոր տարիներ առաջ առաջացած մետաղային օգտակար հանածոները, բնապաշտական երգերն ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարը:
Պատվոգրի հանձնման արարողությանը հաջորդեց «Ջուրը` անփոխարինելի օգտակար հանածո» խորագրով սեմինարը, որը ներառում էր բաց դաս` «Վիրտուալ ջուր և ջրային ոտնահետք» թեմայով:
ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ թանգարանային գործունեության հենց սկզբից կարևորել է այն հանգամանքը, որ ջուրն անփոխարինելի օգտակար հանածո է. «Թանգարանի այցելուներին ներկայացնում ենք ջրաերկրաբանական հուշարձանները, ապա վեր հանում դրանց հետ կապված էկոլոգիական հիմնախնդիրները։ Այս հարցերի շուրջ դասընթացները հետաքրքիր են բոլորին, ինչն էլ պատճառ դարձավ, որ կազմակերպենք էկոկրթական դասընթացներ, քննարկումներ, սեմինարներ քաղցրահամ ջրի և այլ օգտակար հանածոների վերաբերյալ: Ինչպես տեսնում եք, լսարանը մարդաշատ է, քննարկումները` աշխույժ: Թանգարանը համագործակցում է նաև մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որոնք իրենց գիտելիքներով համաշխարհային փորձն են փոխանցում մեզ: Քանի որ դասընթացները վերաբերում են բնության տարրերին, մենք այն շարունակում ենք բացօթյա` բնության գրկում»:
Միջոցառումների շարքը բազմախորհուրդ էր: Թանգարանում նշվեց Քուռ և Արաքս գետերի պաշտպանության օրը: Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի 100-ից ավելի հասարակական կազմակերպություններ 1990-ականների վերջին համախմբվել են և հունիսի 2-ին նշում են Քուռ և Արաքս գետերի պաշտպանության օրը: Այս տարի այն նշվում է փոքր-ինչ ուշացումով»,- «Իրատես de facto»-ին տեղեկացրեց կենսաբանական գիտությունների թեկնածու, «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ ԱՐԵՎԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:
«Ազգային ջրային համագործակցություն» ՀԿ-ն 2002-ից գլոբալ ջրային համագործակցության միջազգային ցանցի անդամ է և բավականին աշխատանքներ է իրականացնում Հայաստանում ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման սկզբունքների ներդրման ուղղությամբ: Ցանցը համախմբում է տարածաշրջանի տարբեր երկրներ, որոնք որդեգրել են ջրային ռեսուրսների համապարփակ կառավարման քաղաքականություն: «Մեր հիմնական նպատակն է համախմբել հասարակությանը, տեղեկացնել, թե ինչ հիմնախնդիրներ կան, ինչ լուծումներ են առաջարկվում ջրային ռեսուրսների կառավարման, օգտագործման առնչությամբ: Վերջին շրջանում սկսել ենք ուշադրություն դարձնել կեղտաջրերի մաքրմանը, քանի որ մյուս բնագավառներում ոլորտը բարելավելու համար քիչ թե շատ ծրագրեր իրականացվում են»,- ասաց Արևիկ Հովսեփյանը:
Ինչ վերաբերում է «վիրտուալ ջուր» հասկացողությանը, զրուցակիցս նշեց, որ դա այն ջուրն է, որ մենք չենք տեսնում, բայց ողջ կյանքի ընթացքում շփվում ենք դրա հետ: Օրինակ, մենք չգիտենք` մեկ բամբակե վերնաշապիկ արտադրելու համար որքան ջուր է պահանջվում: Պարզվում է` 2400 լիտր ջուր է պետք. բամբակի աճեցումը, լվացումը, բամբակից թելի պատրաստումն ու լվացումը արտադրական պրոցես են: Մեկ մարդու համար մեկ օրվա սնունդ ապահովելու համար ծախսվում է 2000-5000 լիտր ջուր: Որպես օրինակ, մեկ բաժակ սուրճի համար պահանջվում է 140 լիտր ջուր, մեկ բաժակ շոկոլադի համար` 2400 լիտրր:
«Ջրային ոտնահետքը» ապրանքներ արտադրելու, ծառայություններ մատուցելու համար օգտագործած ընդհանուր ջրի ծավալի հիմնական ցուցանիշն է: Տարբեր երկրներ տարբեր «ջրային ոտնահետք» ունեն: 1996-2005 թթ. համընդհանուր ջրային ոտնահետքը կազմել է 9087 000 լիտր/տարի: Գյուղատնտեսական արտադրանքը նպաստել է այս ոտնահետքի 92 տոկոսի ձևավորմանը: Ջրի սակավությունն ամեն տարի նվազագույնը մեկ ամիս ազդում է ավելի քան 2,7 միլիարդ մարդու վրա: Աշխարհում յուրաքանչյուր 8-րդ մարդ զրկված է մաքուր ջուր խմելու հնարավորությունից: Ջրի լինել-չլինելը մարդու ձեռքին է։ Մեկ պարզագույն օրինակ. ըստ վիճակագրության, եթե ատամները լվանալիս ջրի ծորակը փակում ենք, տարեկան խնայվում է 30 միլիոն տոննա ջուր:
Հայաստանը կարելի՞ է համարել քաղցրահամ ջրերի երկիր` հետաքրքրվեցի: «Հայաստանում միջին բավարարվածության ջուր կա, բայց խնդիրը ջրային ռեսուրսների բաշխման անհամաչափությունն է: Որոշ տարածքներում շատ է, այլ տարածքներում` քիչ: Բացի այդ, մեր ջրերը հիմնականում ստորերկրյա են, ծավալը կախված է տեղումներից, ուստի մեր ջրային պաշարները սեզոնային բնույթ են կրում: Գարնանը և աշնանը շատ են, ամռանը քչանում են: Եթե ճիշտ կառավարենք ջրային ռեսուրսները, բավական ջուր ունենք, որպեսզի ինքներս մեզ ապահովենք ջրային պաշարներով»:
Ահազանգերը, որ Երկիր մոլորակը կանգնելու է ջրի պակասի խնդրի առաջ, որքա՞ն են իրատեսական: «Քաղցրահամ ջրի քանակը երկրագնդի վրա նույնն է, ինչ միլիոնավոր տարիներ առաջ, որովհետև ջրի առաջացումը շրջապտույտ է, վերականգնվող ռեսուրս: Բայց ջրային ռեսուրսների վրա ճնշումն անընդհատ աճում է (մենք մաքուր ջուրը աղտոտում ենք, չենք մաքրում, ջուրն այնքան ենք ծախսում, որ չի կարողանում իր պաշարները վերականգնել և այլն), դրանով է պայմանավորված այն կանխատեսումը, որ ջուրը մի օր չի հերիքելու»:
Ի դեպ, երկրագնդի ջրային պաշարների 2,5 տոկոսն է միայն խմելու համար պիտանի, որից շրջապտույտի մեջ է 1 տոկոսը, մնացած 1,5 տոկոսը սառցադաշտերում է` Անտարկտիդայում, բարձրադիր շրջաներում:
Հավելենք, որ դասախոսությունից հետո գործնական աշխատանք իրականացվեց Ջրվեժի արգելոցապարկային համալիր ՊՈԱԿ-ում: Այցի նպատակն էր ծանոթացնել արգելոցի ֆլորային և որոշել արհեստական լճի ջրի որակը: Երկրաբանական թանգարանի տնօրենը նկատեց, որ անտառը հոգատար ձեռքերում է: «Ծանոթացանք բազմաթիվ ծառատեսակների, որոնք հիասքանչ միկրոկլիմա էին ստեղծել այդ տարածքում։ Շնորհակալություն բնապահպանության նախարարությանը այդ անտառը պահպանելու համար»,- ասաց նա:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 6943

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ