Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Գրանդը և Բունկան

Գրանդը և Բունկան
21.03.2014 | 11:35

Փղերը մարդկանց բարեկամներն են. սա շատ հին ու ժամանակի փորձությանը դիմացած հավաստում է, Հայաստանում ապացուցում են, որ մարդիկ էլ փղերին կարող են բարեկամ լինել: Երևանի կենդանաբանական այգում ապրող փղերի կյանքը երկար ժամանակ չէր ստացվում՝ հակառակ նրանց համար գործադրած բոլոր ջանքերի: Առանձնապես չէր բերում նաև Գրանդ փղի բախտը, չէր բերում, ու՝ վերջ: Այս գարնանը նրա կյանքում սկսվում են փոփոխություններ. առաջիկայում հատուկ պայմաններում նա կուղևորվի հարևան Վրաստան: Թբիլիսիի կենդանաբանական այգու հատուկ կենդանաբուժության կլինիկայում կվիրահատեն նրա վնասված ժանիքները: Վիրահատությունից հետո Գրանդը վերականգնողական շրջան էլ կանցնի Վրաստանում, իսկ հետո կվերադառնա Երևան: Կվերադառնա, բայց ոչ մենակ: Նրան կուղեկցի Բունկան՝ փղուհին, և եթե փղային համաձայնությունը կայանա, Երևանի կենդանաբանական այգին արդեն եկող տարի կարող է ունենալ ոչ միայն երկու փիղ, այլև փղիկ: Իսկ դա, բացի բնության պարգևից, մեծագույն պարգև է բոլոր մեծ ու փոքր երեխաների համար, որ քաղաքի պայմաններում բնության ու կենդանիների հետ կապը հարկադրված են սահմանափակել կենդանաբանական այգու շրջանակներում: Ամենամեծ կենդանու կյանքը միշտ էլ ավելի մեծ հետաքրքրությունն է հարուցում: Նույնիսկ նրանց համար, ովքեր փղերի մասին ընդհանրապես ոչինչ չգիտեն՝ իբրև կենդանատեսակի, պատրաստ են ժամերով կանգնել ու նայել նրանց՝ ինչպես են քայլում, ինչ են ուտում, կնճիթով ինչեր են անում: Եվ դա բնավ ժամանակի կորուստ չէ, դա ճանաչման գործընթաց է, երբ մարդն զգում է իր միասնությունը հավերժական ու ամենազոր բնության հետ: Երևանի կենդանաբանական այգու սմբակավորների բաժնի պատասխանատու Թոբիաս Դորնբուշը այդ մասին կարող է երկար ու հետաքրքիր պատմել՝ նա երկու ամիս արդեն Գրանդ փղի ամենամոտ ընկերն է: Դժվար է ասել՝ ինչ է Թոբիասի մասին մտածում Գրանդը, Թոբիասն այն կարծիքին է, որ Գրանդը եզակի ընդունակ փիղ է. իր մյուս փղիկներին վարժեցնելու համար ամիսներ աշխատած Թոբիաս Դորնբուշը նույն արդյունքներին Գրանդի պարագայում հասել է մեկուկես ամսում: Դորնբուշը մինչև Երևան գալն աշխատել է Թբիլիսիում և լավ ծանոթ է վեցամյա Բունկայի հետ: Փղուհուն նա համարում է նույնչափ ընդունակ ու բարեկիրթ, վստահ է, որ Երևան գալը Բունկան կընդունի հանգիստ և առանց մեծ անհանգստության, արագ կընտելանա, եթե կենդանաբանական այգում ստեղծվեն անհրաժեշտ պայմաններ՝ ոչ նվազ վրացականից, ավելին՝ Թոբիասը վստահ է, որ Գրանդն ու Բունկան իրար կհասկանան:
Հարկավ, Երևանի կենդանաբանական այգում տարբեր ու շատ հմայիչ կենդանիներ կան, բոլորն էլ արժանի են ու արժանանում են այցելուների ուշադրությանն ու սիրուն, բայց փիղը մնում է փիղ: Իսկ երևանցիներիս համար փղերը պարզապես ուրիշ են. մեզնից շատերը դեռ հիշում են Վովա փղին, որ փախել էր գազանանոցից ու շրջում էր քաղաքում: Ճիշտ է՝ դա շատ վաղուց էր ու տխուր պատմություն է, բայց Վովա փիղը Երևանի առասպելներից է, ու նրան հիշում են անգամ նրանք, ովքեր երբեք չեն տեսել ու չեն պատկերացնում՝ ինչպես է փիղը հեռացել կենդանաբանական այգուց: ՈՒ գուցե Վովայի նկատմամբ չարտահայտված սերն ավելի է սրում փղերի նկատմամբ ուշադրությունը կենդանաբանական այգում նրանից հետո: Գրանդից ու Բունկայից սպասելիքները, ինքներդ եք հասկանում, որքան շատ են:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Գրանդի ու Բունկայի հանդիպումը, Գրանդի ճանապարհորդությունը Վրաստան և բուժումը Թբիլիսիում ֆինանսավորել է Grand Candy ընկերությունը, որի համար փղերը ոչ միայն ընկերության խորհրդանիշ են, այլև ամենօրյա հոգածության առարկա՝ միշտ և հետևողական:

Դիտվել է՝ 3769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ