Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

Փորձագետ. «Եթե այսպես շարունակվի, երկու տասնամյակ անց Հայաստանը կանապատանա»

Փորձագետ. «Եթե այսպես շարունակվի, երկու տասնամյակ անց Հայաստանը կանապատանա»
23.06.2013 | 13:06

Որքան ժամանակ է հանրապետության բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցները, աշխարհագրագետներն ու ակտիվիստներն ահազանգում են Հայաստանին սպառանացող վտանգի`հողերի անապատացման, աղակալման և հավանական երաշտի մասին:

Հայաստանում, ինչպես մասնագետներն են փաստում, հողերի շուրջ 81 տոկոսը անապատացված է, իսկ անապատացման գլխավոր գործոնը մարդու տնտեսական գործունեությունն է (գերարածեցում, անտառահատում, հողի ոչ ճիշտ մշակում, լճերի, գետերի ջրային ռեսուրսների անխնա օգտագործումից առաջացած ճահճացումներ ու չորացում):

Որոշ փորձագետների հաշվարկներով՝ համաշխարհային հողային ֆոնդի օգտագործման գլխավոր հիմնախնդիրը գյուղատնտեսական հողերի շարունակական վատթարացումն է: Մարդկությունն արդեն կորցրել է մոտ 2 մլրդ հա բերրի հողեր: Հողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է, երբ հոսող ջրի ու քամու ազդեցությամբ քշվում-տարվում է հողի՝ հումուսով հարուստ շերտը, և լերկացած երկրակեղևը դառնում է գյուղատնտեսության համար ոչ պիտանի: Աշխարհում ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6–7 մլն հա պիտանի հող: Էրոզիան ուժեղանում է անտառահատումների, արոտավայրերի գերարածեցման հետևանքով: Հողային պաշարները կրճատվում են նաև աղակալման և քիմիական աղտոտման պատճառով: Դրանից առաջին հերթին տուժում են վարելահողերը:

Հայաստանում մեծ չափերի է հասնում նաև հողերի աղակալումը: Դա ակնհայտ է Արարատյան դաշտավայրում, որտեղ աղակալման պատճառով 600 հազար հա հողատարածքից արդեն 30 հազար հեկտարի կորուստ է արձանագրվել: Ավելացել է նաև աղտոտված ջրերի ծավալը:

Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, աշխարհագրական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Խոյեցյանը, օրերս խոսելով անապատացման թեմայի շուրջ, փաստել է, որ եթե շարունակի այս խնդիրը մնալ ստվերում, և եթե յուրաքանչյուր հողօգտագործող շարունակի վարել իր սխալ ինքնագործունեությունը, երկու տասնամյակ անց Հայաստանը կանապատանա: «Եթե Հայաստանը լեռնային երկիր չլիներ, վաղուց արդեն անապատային կլիներ. մենք եզակի երկիր ենք. անգամ բարձր լեռնային գոտիներում անապատացման պրոցեսներ են ընթանում»,-ասել է նա: Հողագետի խոսքով, առավել անապատավտանգ են Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերը, որտեղ ջրի գերսակավությունը պատճառ է դառնում քարքարոտ, մշակման համար անպիտան, և չոր՝ հումուսով աղքատացած հողերի տարածմանը:

Աղետի առաջն առնելու նպատակով, բնապահպաններն առաջարկում են ՀՀ կառավարությանը օրենսդրական լուրջ փոփոխություններ կատարել «Ընդերքի մասին» օրենսգրքում, հողային, ջրային օրենքներում, որպեսզի այդ հողատարածքները շահագործողը նաև պատասխանատվություն կրի և փոխհատուցումներ անի: Նրանք գտնում են, որ կառավարությունը պետք է պայքարի անապատացման դեմ, որը, ի դեպ, ոչ մի քայլ չի անում այդ ուղղությամբ, և լուրջ մոտենա այս հարցին, մինչդեռ վերջինիս գործունեությունը սահմանփակվում է «տեսականորեն ինչ-որ կարգախոսներ հրապարակելով»:

Նշենք` անապատացումը դեռևս մի քանի տասնամյակ առաջ ճանաչվել է միջազգային համայնքի կողմից իբրև բոլոր տարածաշրջանների երկրների համար խոշոր տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիր: Դեռևս 1977թ.-ին ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի համաժողովն ընդունել է համապատասխան գործողությունների ծրագիր: Չնայած այս և մի շարք այլ միջոցառումների, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը եզրակացրել է, որ հողերի դեգրադացումը չոր, կիսաչոր և չոր ենթախոնավ տարածաշրջաններում սաստկացել է:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ