ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Խոսրովի արգելոցում կառուցվել է 8 կմ երկարությամբ ճանապարհ

Խոսրովի արգելոցում կառուցվել է 8 կմ երկարությամբ ճանապարհ
20.07.2012 | 15:59

Խոսրովի արգելոցում կառուցվել է 8 կմ երկարությամբ ճանապարհ, որը արգելոցի մուտքն այսուհետ կկապի Հավուց թառ վանական համալիրին` դառնալով տարածաշրջանի էկոտուրիզմի համար միակ երթուղին: Այս մասին «Իրատես de facto»-ին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարի մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը, նշելով, որ ճանապարհը կառուցվել է անվտանգության նկատառումներով, այսինքն` հրդեհների դեպքում միայն հրշեջ մեքենաների տեղաշարժման համար: Նոր ճանապարհի կառուցման հարուցած մտահոգություններով երեկ մի խումբ բնապահպաններ եղել են Խոսրովի արգելոցում:

«Հակահրդեհային ճանապարհի, ինչպես նաև մյուս երթուղիների բարեկարգումը նախատեսված էր արգելոցի կառավարման պլանով և պարզապես անհրաժեշտություն էր», -հանդիպման ժամանակ ասել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վարանցով Բարսեղյանը: Այն հարցին, թե ճանապարհի ընդլայնման հետ մեկտեղ կավելանա մարդկային հոսքը, Վ. Բարսեղյանը նշել է, որ հատուկ ուղեփակոց է դրվելու, որը ծառայեցվելու է միայն հրդեհների դեպքում:
Այցի ընթացքում ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը նշել է, որ նախարարությունն ու հասարակական կազմակերպությունները համատեղ քարտեզագրել -սահմանել են արգելոցի անձեռնմխելի հատվածները, ինչպես նաև էկոտուրիզմի համար բաց տարածքները: Փոխնախարարը խոստացել է ստեղծել պահպանվող տարածքների հարցերով զբաղվող հասարակական խորհուրդ` նմանօրինակ հարցերը մասնագետների ու հասարակության ներկայացուցիչների հետ հետագայում քննարկելու նպատակով:
«Էկոլոգիական հասարակական դաշինք» կազմակերպության ներկայացուցիչները իրենց կողմից մտահոգություն են հայտնել, թե արդյո՞ք ճանապարհը կօգտագործվի միայն հրշեջ մեքենաների համար: «Էկոտուրիզմը Հայաստանում զարգացման լուրջ նախադրյալներ ունի, այն պետք է զարգացնել ոչ թե արգելավայրերում, այլ ազգային պարկերում, որոնց թիվը Հայաստանում 3-ն է: Իսկ Խոսրովի արգելոցը իր տեսակի մեջ բացառիկ է թե աշխարհում, թե Հայաստանում: Անցյալ տարի արգելոց է այցելել 1700 զբոսաշրջիկ, որոնց վայրի բնությունից բացի, հիմնականում հետաքրքրել է Հավուց թառը, իսկ ճանապարհը տանում է ուղիղ այնտեղ»,- նշել են դաշինքի ներկայացուցիչները:
Այցելության վերջում որոշում է կայացվել ՀՀ ԳԱԱ նախագահության հետ համատեղ ստեղծելու նաև հատուկ հանձնաժողով, որը արգելավայրերին վերաբերող խնդիրների լուծման համար մշակի և ներկայացնի համապատասխան մեխանիզմներ:
Նշենք, որ Խոսրովի արգելոցում ապրում է թռչունների 23 տեսակ, որոնցից 4-ն ընդգրկված է միջազգային «Կարմիր գրքում»: Արգելոցի բուսատեսակներից 1800-ն էլ տեղ է գտել հայկական «Կարմիր գրքում»:
Հավելենք նաև, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում սկսել է մշակվել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 6357

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ