ԼՔՎԱԾ ԳՅՈՒՂՈՒՄ
Ալմաստին հանդիպեցի շատ պատահաբար. կանգառում սպասում էինք ավտոբուսի, հետո իջանք նույն կանգառում: Նա ինձ գրավել էր իր նրբագեղ արտաքինով ու քնքուշ ձայնով, չէի ուզում բաժանվել, շարունակեցինք զրուցելով քայլել: Զգում էի, որ իմ հարցերից հոգին ներքուստ ալեկոծվում է: Առաջարկեցի նստել մոտակա սրճարանում ու պարզապես զրուցել: Չմերժեց:
Լոռու մարզի գյուղերից մեկում դպրոց ու մանկապարտեզ չկա, դպրոցահասակ երեխաները հաճախում են հարևան համայնքի դպրոցը: Գյուղում բուժկետ ու աշխատատեղ չկա, երիտասարդ էլ չի մնացել:
14-ամյա Ալմաստն արդեն դժվարանում էր գնալ դպրոց, հիվանդ հայրը մնացել էր իր խնամքին: 12 տարեկան էր, երբ զրկվեց մորից, երկար տարիներ հայրը տառապում էր թոքերի հիվանդությամբ, կնոջ մահից որոշ ժամանակ անց անկողին ընկավ: Նրա միակ խնամողը Ալմաստն էր, գյուղում ապրող միակ բարեկամն ընտանիքի հետ հեռացել էր Հայաստանից, միակ հույսը հարևան տարեց կինն էր՝ Հովանուշ տատը. ճաշ էր եփում, լվացք անում, բայց նա էլ առողջություն չուներ: Հոր ստացած կենսաթոշակը չէր բավարարում սննդին ու դեղորայքին, Ալմաստը հագուստի, կոշիկի կամ դպրոցական պարագաների մասին երազել չէր կարող, սրա-նրա տվածն էր հագնում: Երբեմն հարևանուհին Ալմաստի մոր հագուստները վերաձևում էր աղջնակի հագով: 14 տարեկանում Ալմաստն այլևս չցանկացավ գնալ դպրոց, դասարանում իր նեղ վիճակի պատճառով դարձել էր դասընկերների ծաղրի առարկան: Վիրավորվում էր, լաց լինում ու մի օր էլ որոշեց չգնալ դպրոց, ու թեև հայրը դեմ էր, սակայն Ալմաստն այլևս չէր ցանկանում սովորել, ամաչում էր հնամաշ շոր ու կոշիկից ու շատ հաճախ ոտքով դպրոց գնալուց:
«ՀԵՌՎԻՑ ԶՈՒՌՆԻ ՁԵՆԸ ՔԱՂՑՐ Է ՀՆՉՈՒՄ»
Մի օր հասակակիցների հետ բակում զրուցում էին, աղջիկներից մեկն ասաց, որ հարևան գյուղում ապրող մորաքրոջ աղջիկը 16 տարեկանում մեկնել է Երևան աշխատանք փնտրելու հույսով ու արդեն կարգին վաստակում է, դեռ ընտանիքին էլ կարողանում է օգնել գումարով: Աշխատելու միտքը գայթակղիչ էր, բայց տարիքն ու հորը մենակ թողնելու քայլը կաշկանդում էին նրան: Հովանուշ տատին հայտնեց իր ցանկության մասին: «Այ բալա, դեռ փոքր ես, քեզ ո՞վ կընդունի աշխատանքի, համ էլ հեռվից զուռնի ձենը քաղցր է հնչում, սիրուն աղջիկ ես, բա որ մի բա՞ն պատահի քեզ»,- նեղսրտում էր հարևանուհին:
Ալմաստն այնուհանդերձ որոշեց բախտը փորձել, հոգնել էր աղքատությունից, մինչև ե՞րբ էին այդպես ապրելու, որևէ մեկից օգնության հույս չկար, հոր հիվանդությունը խորանում էր, դեղերի համար չէր կարողանում գումար ճարել, մտածում էր. «Կգնամ, ոնց էլ լինի աշխատանք կգտնեմ, տարիքս չեմ ասի, կաշխատեմ, լավ կապրենք»:
Հարևանուհուն խնդրեց թեկուզ ժամանակավոր հոգ տանել հորը, վերցրեց ընկերուհու մորաքրոջ աղջկա հասցեն ու գնաց Երևան: Տեղավորվեց հանրակացարանում ու ծանոթուհու խորհրդով աշխատանքի անցավ սրճարանում որպես աման լվացող: Մեկ շաբաթվա ընթացքում վաստակած գումարն ուղարկեց հորը, հետո հարևանուհուց իմացավ, որ հայրը հրաժարվել է իր ուղարկած գումարից, մտածմունքից վիճակն ավելի էր ծանրացել: Ալմաստն աշխատում էր առանց հանգստի օրվա, որոշել էր վաստակել այնքան, որ բնակարան վարձի ու հորը բերի Երևան: Սակայն վաստակածը քիչ էր ու դարձյալ ծանոթուհու խորհրդով աշխատանքի անցավ Երևանից դուրս գտնվող խաղատներից մեկում: Արդեն 16 տարեկան էր, սակայն դիմահարդարման միջոցով փորձել էր մեծացնել տարիքը, որ աշխատանք տան: Լավ էր վաստակում, հնարավոր եղավ բնակարան վարձել, ու մեծ դժվարությամբ հորը համոզելով բերեց Երևան: Խաղատան աշխատողներից մեկը Ալմաստին ակնարկել էր, որ կարող է օգտվել իր գեղեցկությունից և ավելին վաստակել, ու դեռ խրատական տոնով ասել, թե լուսանցքից դուրս է մնում միայն թույլ մարդը:
«Անկեղծ ասած, ես մտադրվել եմ վաստակել այնքան, որ հորս հետ նորմալ ապրելուց զատ նաև կրթություն ստանամ, թեև չեմ պատկերացնում, թե առանց ատեստատի ու անհրաժեշտ փաստաթղթերի ոնց եմ անելու: Մի ծանոթ խոստացավ աջակցել կրթության հարցում, ինչի դիմաց հիմարաբար վճարեցի ավելին, քան ուսման վարձի գինն է: Բողոքել չէի կարող, ինձ ո՞վ էր պաշտպանելու: Անհրաժեշտ եղավ բժշկի միջամտությունը: Բնականաբար, հայրս չիմացավ ինձ հետ պատահածի մասին, սակայն ջոկերի ասածը մեխվել էր գլխումս՝ լուսանցքից դուրս է մնում միայն թույլ մարդը»,- պատմում է Ալմաստը:
«ՄԻ ՔԻՉ ՇՈՒՏ ՀԱՍՈՒՆԱՑԱ»
Ծանր ապրուստը մի տեսակ կոփել է Ալմաստին, պատահել է քաղցից գիշերները չի քնել, ամաչելով, բայց գյուղի միակ կրպակից ցուցակով ուտելիք է վերցրել, անգամ սովորել է հորը սրսկել: Հովանուշ տատը հաճախ էր ասում, որ կարիքը մարդուն շատ բան է սովորեցնում:
«Շարունակում եմ աշխատել, արդեն 17 տարեկան եմ, տարիքիս համեմատ շատ բան հասցրի տեսնել՝ բարություն, հուսահատություն, դաժանություն ու խաբեություն: Չգիտեմ էլ, դա լավ է, թե վատ: Մանկության մասին լավ բան չեմ կարող պատմել: Բայց չեմ էլ հուսահատվում, չեմ ուզում լուսանցքից դուրս մնալ, սա պետք է հիշեմ ողջ կյանքիս ընթացքում, ուզում եմ, որ իմ հասակակիցները նույնպես հիշեն դա: ՈՒզում եմ համակարգիչ գնել, գիտեմ, որ համացանցով անվճար դասընթացներ կան, կսովորեմ որքան կարողանամ: Որոշել եմ վաստակել այնքան, որ կարողանամ կրթություն ստանալ, վերանորոգել մեր տան ավերակ տանիքը, որը նկարել ու պահում եմ հեռախոսիս մեջ, որ տեսնեմ ու միշտ պարտավորված զգամ: Հայրս շատ է ուզում գնալ գյուղ, ապրել մեր տանը, սիրտը քիչ է մնում ճաքի, որ դուռը փակ է: Ի՞նչ անեմ, նրա համար համ տղա եմ, համ աղջիկ: Մի քիչ շուտ հասունացա, բայց դա էլ իմ ճակատագիրն է»:
Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ