Այս օրերին սոցիալական ցանցերում գրառումներ կատարելը դարձել է գրեթե հերոսական արարք, մանավանդ այն դեպքում, եթե դիրքորոշումդ չի համընկնում իշխանափոխության թոհուբոհով տարված հանրության տեսակետին: Բավական է դույզն-ինչ քննադատական միտք արտահայտես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու վերջինիս թիմակիցների մասին, ու մեկնաբանությունների տարափը զրոյին կհավասարեցնի արտահայտածդ մտահոգության իրավացիությունը: Թվում էր, թե հայաստանյան ներքաղաքական իրադարձությունները, որ նոր կառավարիչներն անվանեցին «սիրո ու հանդուրժողականության հեղափոխություն», մի բոլորովին նոր հասարակության հիմք էին դնելու, որտեղ առաջնայինը դիմացինի կարծիքը հարգելը պետք է լինի: Բայց փաստն այն է, որ սերն ու հանդուրժողականությունն այժմ գերիշխող չեն ո՛չ առօրյա կյանքում, ո՛չ էլ, առավել ևս, սոցիալական ցանցերում:
Իշխանափոխությունից անցել է գրեթե երկու ամիս, սակայն ատելության մթնոլորտը ոչ միայն չի վերացել, այլև ավելի է սաստկացել։ Ցավոք, բոլոր տեսակի սթափության կոչերը, նույնիսկ ամենահիմնավորված նախազգուշացումները ոչ միայն շարունակում են չընկալվել հասարակության մի ստվար զանգվածի կողմից, այլև արժանանում են, բառիս բուն իմաստով, փողոցային հայհոյանքների։
Էյֆորիկ վիճակը սրբել-տարել է մտածելու, դատելու, բաղդատելու, համադրելու ու թացը չորից ջոկելու ունակությունը: Եթե հասարակությունը պետք է որոշի, թե լրատվամիջոցներից որոնք իրավունք ունեն աշխատելու, որոնք՝ ոչ, ինչ է թե դրանցից մի քանիսը հանդգնել են քննադատել վարչապետին ու նրա թիմին, ապա նույն հասարակությունը հոգեբանական լուրջ խնդիրներ ունի: Եթե մեր երկրում յուրաքանչյուրն իր գործն անի, ապա այս պատկերի ականատեսը գուցե չլինենք: Լրագրողները քննադատել են ու պետք է քննադատեն բոլորին՝ իշխանությանը, ընդդիմությանը, հասարակությանը, արատավոր երևույթները և այլն, և եթե չլինի այդ քննադատությունը, ապա վերոնշյալներից որևէ մեկը չի առողջանա: Ցանկացած քննադատություն հազար դեղամիջոց արժի:
Ծայրաստիճան խելացի պետք չէ լինել գիտակցելու համար, որ հասարակության բժիշկները լրագրողներն են: Զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ է, որ հասարակությունն իմանում է իր «հիվանդությունների» մասին ու փորձում ախտահանել դրանք՝ կրկին լրագրողների օգնությամբ:
Մեր հասարակությունը սակայն արդեն տևական ժամանակ չի գիտակցում այս ամենը, ավելին, իրավիճակն այնքան է սրվել, որ լրատվամիջոցներից մեկի աշխատանքների դադարեցում են պահանջում մարդիկ: Այն լրատվամիջոցի, որ օրնիբուն բարձրաձայնել է իրենց խնդիրների մասին և փորձել լուծումներ գտնել՝ անհանգստացնելով խնդրի համար պատասխանատու և պատկան մարմիններին: Միջադեպը հետևյալն է. լրագրողը լուսանկարել է աշխատանքի ժամին Երևանի կենտրոնի սրճարաններից մեկում միայնակ սուրճ վայելող վարչապետի օգնականին և, հրապարակելով լուսանկարը, հարց բարձրացրել՝ աշխատանքի ժամին ի՞նչ է անում վերջինս սրճարանում: Համացանցում տարածվելուց հետո լուսանկարը սոցիալական ցանցերի օգտատերերի վրդովմունքը հարուցեց, սկսեցին գրել, թե վարչապետի օգնականը «շատ էլ լավ է արել, որ սրճել է», «աչքդ էլ հանել է» և այլն: (Հայհոյանքները, անեծքները, վիրավորանքները հիշատակելը ոչ կոռեկտ ենք համարում):
Չհանդարտվելով՝ վարչապետի օգնականի ճակատագրով մտահոգվածները կոչով հանդես եկան՝ «մերժել» տվյալ լրատվամիջոցի ֆեյսբուքյան էջը կամ, առհասարակ, փակել այդ լրատվամիջոցը, ինչը թերևս վկայում է այն մասին, որ չարակամությունը, անհանդուրժողականությունը, մերժողականությունը հատել են թույլատրելիի սահմանն ու, իրավ, սթափվել է պետք:
Դժվար է ասել` այս իրավիճակը ինչքան կշարունակվի, բայց պարզից էլ պարզ է, որ այլակարծության մերժումը դեմոկրատական հասարակության հետ որևէ աղերս չունի:
Կարծում եմ, հարկ կա, որ նոր իշխանություններն իրենց սիրով տոգորված մարդկանց ականջին ասեն, որ այլակարծությունը նաև քննադատություն է ենթադրում, իսկ հանդուրժողականությունը ում պատահի, ինչպես պատահի ու որտեղ պատահի «մերժելը» չէ: Նրանք զգաստանալու կոչով պետք է հանդես գան, այլապես մի օր էլ իրենք են մերժվելու՝ «սիրով» ու «հանդուրժողականությամբ»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ