Կհամաձայնեք երևի, որ մարդկանց երջանկությունը կախված է ոչ միայն իրենցից, այլև այն պետությունից, որտեղ նրանք ապրում են, այն կառավարությունից, որը պարտավոր է իր որոշումներով բարելավել յուրաքանչյուր անհատի կյանքը: Այսօր ցանկանում եմ ծանոթացնել ԱՄԷ-ի նորաստեղծ երջանկության նախարարության և առաջին նախարար Օհուդ ալ Ռումիի հետ:
Բոլորին հետաքրքրում էր, թե ինչու է ստեղծվել երջանկության նախարարությունը, արդյոք նախարարությա՞մբ է պայմանավորված ԱՄԷ-ի բնակչության երջանկությունը: Հանրությանն ուղղված իր խոսքում այս հարցերին առաջինը պատասխանել է ԱՄԷ-ի վարչապետ և Դուբայի կառավարիչ Շեյխ Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մաքթումը՝ ընդգծելով, որ անհատների, ընտանիքների, համայնքների երջանկությունը կախված է կառավարության յուրաքանչյուր օղակի աշխատանքից, իրականացվող ծրագրերից, իսկ դրա համար պետք է լինի նախարարություն, որը կառաջնորդի այս աշխատանքում:
Պատահական չէ նաև նախարարի ընտրությունը: Նա, տասը տարուց ավելի ակտիվ գործունեություն իրականացնելով կառավարությունում, իր լավատեսությամբ, դրական վերաբերմունքով, աշխատանքի արդյունավետությամբ կարողացել է վստահություն ներշնչել: Բոլորը նրան բնորոշում են այսպես՝ նախընտրում է գավաթը կիսով չափ լիքը տեսնել։ Առաջին հայացքից այնքան էլ հստակ չէ, թե ինչպես է նախարարությունը պատկերացնում երջանկությունը և իր դերակատարումը հասարակությունը երջանիկ դարձնելու գործում: Նախարար Օհուդ ալ Ռումին «Երջանկության քվանտացումը» հոդվածում տալիս է երջանիկ հասարակության և այդ հասարակությունը երջանկացնող կառավարության սահմանումը: Նրա կարծիքով, երբ կառավարությունն աշխատանքի հիմքում դնում է երջանկությունը, հանրության կառավարումը հիանալի արդյունք է ունենում: Կառավարությունը չպետք է մոռանա, որ յուրաքանչյուրն անհատ է՝ իր զգացմունքներով, հույսերով, վախերով, ձգտումներով: Նախարարը վստահ է, որ երջանկությունը վայրկենական հաճույք չէ, այլ տևական բավարարվածության, ծաղկման, շրջապատի ուրախության ընկալման հոգեվիճակ. «Երջանկություն է գիտակցելը, որ դուք և ձեր ընտանիքը պաշտպանված եք, որ ձեր և ձեր երեխաների համար կան հնարավորություններ, որ ձեր հասարակությունում բարձր մակարդակով հոգ են տանում ձեր արժանապատվության, առողջության, արդարության մասին: Երջանկությունն այն է, ինչ տրվում է վերից, յուրաքանչյուրս պետք է աշխատի այդ ուղղությամբ: Մեր դերը կառավարությունում այն է, որ ստեղծենք երջանիկ և լավատեսական միջավայր, որը ծաղկունքի հնարավորություն կտա»:
Օհուդ ալ Ռումին հավելում է, որ երջանկությունը ենթադրում է նաև օգնել ուրիշներին, ինչպես նաև պատասխանատվություն կրել քո որոշումների, դրանք կառուցողաբար և լավատեսորեն շարունակել: Նա համոզված է, որ երջանկությունը չի կարող պարտադրվել ուժով, այն պետք է սնուցել և խրախուսել:
Նախարար ալ Ռումին իր վերոհիշյալ հոդվածում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին և դրանց ազդեցությանը մարդկանց երջանկության վրա. «Մենք ապրում ենք կոշտ միջավայրում, Միջին Արևելքը երջանկության հետ չի ասոցացվում: Երբեմն վատ նորությունները խեղդում են լավերը: Սակայն մենք պարտավոր ենք տեսնել մեզ և մեր սիրելիներին բարգավաճած և ավելի լավ վիճակում, քան կարող է լինել: Այս ոգով մենք կարող են հասնել խաղաղության, անվտանգության, հանդուրժողականության, լավատեսության և հարգանքի: Մենք կարող ենք միասին ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են ծաղկել և ներդնել իրենց ողջ մարդկային ներուժը»:
Ինչպես նկատեցիք, նախարարը միշտ ընդգծում է համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը և մեծ հույսեր է կապում դրա հետ: ԱՄԷ-ի երջանկության նախարարության առաջին գործը եղել է հանրությանն ավելի մոտիկից ծանոթանալը: Դրա համար, ըստ տարիքի և սեռի, կազմվել են հարցաթերթիկներ: Հարցաթերթիկներում կան առողջապահության, կրթության, բնակարանաշինության, տնտեսության ոլորտներին վերաբերող հարցեր: Հարցման գործընթացում ներառվել են հիսուն պետական պաշտոնյա և կառավարության իննսուն աշխատակից: Այս գործընթացն առնչվելու է նաև մասնավոր հատվածին: Իսկ ինչո՞ւ նախարարության գործունեության առաջին թիրախը դարձան աշխատավայրերը: Այստեղ հատկապես երջանկության և լավատեսության առկայությունը կարևոր է: Գիտական ուսումնասիրությունների համաձայն՝ երջանիկ մարդը երկու անգամ ավելի շատ արտադրանք է տալիս: Այսինքն՝ աշխատակիցների համար պետք է ստեղծել նպաստավոր միջավայր:
Երջանկությանն ուղղված քայլերը պետք է ձեռնարկվեն կառավարության բոլոր օղակներում, յուրաքանչյուր որոշում պետք է ընդունվի՝ նկատի առնելով հասարակության երջանկությունը, և փոփոխվի, եթե այն վնասում է այդ երջանկությանը: Նման քայլերով միայն կարելի է մարդկանց հույս ներշնչել ապագայի հանդեպ, գրավել դեպի երկիր: Չմոռանանք, որ ԱՄԷ-ն հզոր աշխատաշուկա է, որտեղ աշխատելու են գալիս աշխարհի տարբեր անկյուններից: Մեծ մասը տասնամյակներ շարունակ այս երկրում ներդնում է իր գիտական, մարդկային, մասնագիտական ռեսուրսները և շարունակում է հնարավորինս երկար մնալ այստեղ: Նշենք նաև, որ արտերկրից եկող մասնագետների հոսքը շարունակվում է, ինչից, բնականաբար, օգտվում են էմիրաթցիները: OMD UAE-ն (մեդիահաղորդակցության գործակալություն) «ԱՄԷ-ի ապագան» խորագրով հարցում է անցկացրել 2000 բնակիչների շրջանում: Հարցվածների 82 %-ը պատասխանել է, որ հավատում և վստահում է երկրի ապագային, քանի որ այն բնակիչներին տալիս է հավասարության, կարիերայի աճի, քաղաքացիական ներգրավվածության և անվտանգության հնարավորություն: Հարցվածների 90 %-ը նաև նշել է, որ հավատում է առաջիկա երկու տարվա ընթացքում իրենց կենսամակարդակի բարձրացմանը, ընտրության ազատությունը, սեռերի հավասարությունը, հարստանալու հնարավորությունը իրենց լավատեսություն են ներշնչում: Ինչպես նկատեցիք, սրանք հենց նախարարի նշած երջանկության հիմնաքարերն են:
Ի դեպ, ՄԱԿ-ի Համաշխարհային երջանկության զեկույցի համաձայն՝ ԱՄԷ-ն երջանիկ երկրների ցանկում քսանութերորդ, իսկ տարածաշրջանում առաջին տեղն է զբաղեցնում:
Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից