21-րդ դարում, այս էլ շուրջ 10 ամիս է` Իրաքի Հանրապետության եզդի ժողովրդի բնօրրան Շանգալ նահանգում շարունակվում է նրանց ցեղասպանությունը: ԻՊ-ի բարբարոսները նույն անմարդկային և զարհուրելի մեթոդներով սպանում են եզդիներին, կանանց ու աղջիկներին տանում ստրկության և ստրկավաճառության:
Քաղաքակիրթ մարդկություն, մինչև ե՞րբ...
Ես շատ լավ գիտեմ, որ այսօրվա աշխարհի ճակատագիրը որոշում են գերտերությունները: Իհարկե, հաճախ երկակի ստանդարտներ կիրառելով, այն բխեցնելով իրենց սեփական շահերից և նյութական շահագրգռություններից: Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո ասում են, թե ԱՄՆ-ը որոշել է նոր ռազմավարություն մշակել ԻՊ-ի դեմ պայքարում:
Որ սկսում է ակտիվացնել իրաքյան և քրդական զինվորների վարժեցումը, ռազմավարական նոր ծրագրեր մշակում, իսկ ո՞վ այդ ծրագրերը պետք է իրագործի, ո՞ր կողմն է պատրաստ իր վրա վերցնելու, դեռ պարզ չէ:
Նույնիսկ վերջերս ԱՄՆ-ի զինվորական վերնախավը հայտարարել է, թե պատերազմը ԻՊ-ի հետ կարող է տևել 5-10 տարի:
Ի սեր Աստծո, եզդի երեխան ուզում է ապրել իր հայրենիքում, իր բնօրրանում, իր տանը, ծնողների և հարազատների հետ, և ոչ թե ԻՊ-ի գերության մեջ: Մի՞թե տարիներ շարունակ եզդի կանայք և աղջիկները պետք է մնան ստրկության մեջ։
Այսօր եզդի ժողովուրդը կանգնած է բախտորոշ իրադարձությունների շեմին, դրվել է ազգի, կրոնի, բնօրրանի պահպանման խնդիրը: 2014 թ. օգոստոս ամսին ապրած եղեռնից հետո եզդի ժողովուրդը նորից եղեռն է ապրում:
Գերության մեջ գտնվող աղջիկներն ու կանայք ենթարկվում են ստրկավաճառության, 10-12 տարեկան երեխաները չեն փախչում մահվան ճամբարներից, վախենում են, որ նրանց հարազատներին ֆիզիկապես կոչնչացնեն, կպատժեն իրենց փախուստի համար, տղա երեխաները մոռանում են իրենց հարազատներին, վերցնում են զենքը և պատրաստ են նույնիսկ կռվելու, այո, կռվելու, չեն արձագանքում ծնողների կոչին, չեն փախչում ստրկության ճամբարներից: Ի սեր Աստծո, ցեղասպանություն է ապրում եզդի ժողովուրդը, այն եզակի ժողովուրդը, որ մարդկության ու հիմնականում արիական ցեղերի հնագույն պաշտամունքային համակարգը` արեգակապաշտությունը, սրբությամբ պահպանել է և հազարամյակների միջով հասցրել է մեր ժամանակները, ինչպես ժամանակին նշել է հայտնի գրող Վահան Տեր-Ղազարյանը:
Մեր ժողովրդի անցած դարավոր ճանապարհը մի բան է արտացոլում, որ, ինչպես բազմիցս ասել եմ, Իրաքի Հանրապետության եզդիների բնօրրան Շանգալում մեր ժողովուրդը ոչ եկվոր է, ոչ էլ անցվոր: Այստեղ է եզդի ժողովուրդը հազարավոր տարիներ ապրել և արարել ու կապրի առհավետ:
Աշխարհի գերհզոր պետություններ, անկախ ձեր որոշումներից, եզդի ժողովուրդն արդեն կարողանում է իրեն պաշտպանել, ինքն է բուժում իր վերքերը, իսկ իսլամիստ բարբարոսները, որ իրենց շուրջն ահ ու սարսափ են տարածում, տեսնելով եզդուհի ազատամարտիկին, փախչում են, որ նրա գնդակի բաժինը չդառնան: Բայց մենք օգնող ձեռքի, անշահախնդիր բարեկամի, անաղարտ մարդկության կարիք ունենք: Մենք եղել ենք, կանք ու կլինենք մեր բնօրրանում, մեր հայրենիքում` մեր Շանգալում: Ինչպես վերջերս մեր երկրի նախագահ Սերժ Սարգսյանը իր խոսքում ասաց, թե ոչ մի դաժանություն չկարողացավ հայի հոգում սպանել ապրելու և արարելու տենչը, այնպես էլ մեր ժողովուրդը, չնայած իր պատմության ընթացքում ենթարկվել է տարբեր ցեղասպանությունների, եղել է, կա ու կհարատևի, քանզի դարեր ապրած ժողովուրդը դարեր էլ կապրի, դա անխուսափելի անհրաժեշտություն է: Մնում է` մենք գնահատենք մեկմեկու, հավատանք և օգնենք միմյանց ու թույլ չտանք, որ բարբարոսը դուռ և պատուհան ջարդելով սողոսկի մեր ընդհանուր տունը: Պահպանենք համամարդկային հավասարակշռություն:
Ամո ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում ՀԿ խորհրդի նախագահ