Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այսօր մեծ պատվիրակությամբ այցելել էին Հայաստանի և աշխարհի ասորական համայնքի ներկայացուցիչները:
«Մենք բոլորս հիշում ու պահանջում ենք ամբողջ աշխարհից և Թուրքիայից, որ ընդունի այս ոճրագործությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովը:
Նրա խոսքով՝ այն, որ Հայաստանի խորհրդարանն ընդունեց ասորիների և հույների ցեղասպանությունը, ավելի ոգևորեց իրենց հայրենակիցներին աշխարհի տարբեր գաղթօջախներում: Նրանք ավելի եռանդով են սկսել պայքարը: Նա նշեց, որ ասորիների ցեղասպանությունը շարունակվում է մինչ այսօր: «Կոչ ենք անում գերտերություններին, որ երկակի ստանդարտներից ազատվեն ու իրոք ուշադրություն դարձնեն այս ոճրագործությանը: Տարբեր գաղթօջախներում հայերն ու ասորիները միասին սկսել են պահանջատիրության պրոցես, և մենք միասին ավելի ուժեղ ու լսելի ենք»,- ասաց Արսեն Միխայլովը: