ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Սա էլ կանցնի, կարևորը՝ երկիրը պահենք միասնական ուժերով

Սա էլ կանցնի, կարևորը՝  երկիրը պահենք միասնական ուժերով
22.03.2024 | 14:00

Նկատվում է ծավալուն և համատարած, խիստ բացասական ու վտանգավոր մի երևույթ: Սոցիալական ցանցերում օգտատերերի գերակշռող մասը անընդհատ և հաճախակի, կարելի է ասել, ամեն րոպե հրապարակում են նվաստացնող, բացասական բնութագրումներով, վիրավորական և անպատիվ գրառումներ իրենց իսկ հայրենակիցների և ողջ հայության մասին՝ չխորշելով ազգային կերպարի տհաճ բնութագրումներից: Երևի մեր թշնամի հակառակորդները մեր մասին ավելի լավ կարծիք ունեն, քան՝ մենք: Նախ՝ հարգեք յուրաքանչյուր մարդու սեփական կարծիք ունենալու իրավունքը. եթե ձեր համաքաղաքացու կարծիքն ու դիրքորոշումը չեն համընկնում ձեր տեսակետների հետ, դա չի նշանակում, որ նա հանցագործ է դավաճան և այլն: Ժողովուրդ ջան, հասկացանք, որ պարտվել ենք, որ ծանր դրության մեջ ենք, որ կան դրա մեղավորները ինչպես նախկինում, այնպես էլ՝ ներկայումս: Իրավիճակից դուրս գալուն կարող է նպաստել ոչ թե ազգային ինքնախարազանումն ու ողբը, այլ հավաքական համախմբումն ու ելքերի փնտրտուքը՝ առանց քաղաքական գզվռտոցի: Մեր առջև նոր փորձություններ են, նոր վտանգներ, և արդյոք նպատակահարմա՞ր է այս պահին այսպիսի համատարած ծաղրանքն ու վիրավորանքը: Հիշեք, որ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում գրվածը միայն մենք չենք կարդում, կարդում են նաև թշնամիները և հրճվում են, մեջբերումներ են անում, հիմնավորում են հայերի մասին իրենց կարծիքները: Ինչ որ մտածում եք ձեր ազգի մասին, ձեր ներսում պահեք, հրապարակեք միայն մեծարանքի և ոգևորիչ խոսքեր, մի կոտրեք այն երիտասարդների ոգին, որոնք առաջնագծում են: Փառք հայոց ազգին, նա դեռ շատ ասելիք ունի համաշխարհային քաղաքակրթությանը: Սա էլ կանցնի, կարևորը՝ երկիրը պահենք միասնական ուժերով:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 2786

Մեկնաբանություններ