ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

3 տարի առաջ բոլորովին ուրիշ Ֆրանսիա Էմանուել Մակրոնին ընտրեց նախագահ

3 տարի առաջ բոլորովին ուրիշ Ֆրանսիա Էմանուել Մակրոնին ընտրեց նախագահ
08.05.2020 | 09:31

3 տարի առաջ՝ 2017-ի մայիսի 7-ին Էմանուել Մակրոնն ընտրվեց Ֆրանսիայի նախագահ: Եռամյակը համընկավ COVID-19-ի պանդեմիայի և ածանցյալ աննախադեպ տնտեսական անկման հետ: Ելիսեյան պալատում չեն պատրաստվում նշել եռամյակը: Իրոք, հիմա տոնի ժամանակ չէ՝ Ֆրանսիայի քաղաքական, տնտեսական ու սոցիալական օրակարգը կառուցվում է կորոնավիրուսի դեմ պայքարի և հարուցած տնտեսական ճգնաժամի շուրջ:


2017-ի մայիսի 7-ին մթնոլորտը բոլորովին այլ էր՝ հազարավոր մարդիկ եկան Լուվրի մոտ՝ նշելու նախագահական ընտրություններում 39-ամյա Էմանուել Մակրոնի հաղթանակը, որ բավականին վստահ (թեպետ ոչ այնքան, ինչքան իր ժամանակին Ժակ Շիրակը) երկրորդ փուլում առաջ անցավ ծայահեղ աջերի թեկնածուից, իսկ առաջին փուլում հաղթեց աջերին ու ձախերին: Կառուզել հրապարակում այն ժամանակ երիտասարդներ էին, որ թափահարում էին ֆրանսիական եռագույնն ու ԵՄ-ի դրոշները: Ասում էին, որ Էմանուել Մակրոնի հաղթանակը հույսի խորհրդանիշ է ավանդական կուսակցությունների փլուզման համապատկերում, պոպուլիզմի նկատմամբ հաղթանակի խորհրդանիշ: Բայց դեռ այն ժամանակ Մակրոնն ասաց, որ իրեն հաղթանակ նվիրած ֆրանսիացիները քարտ բլանշ չնվիրեցին: Նա առանձին դիմեց նրանց, որ քվեարկել են իր օգտին ոչ թե սրտով, այլ նվազագույն չարիքի սկզբունքով:


Մակրոնի նախագահական ժամկետը մինչև այսօր մթագնել են նվազագույնը երեք մասշտաբային ճգնաժամեր՝ քաղաքական, սոցիալական, սանիտարական: Առաջին ճգնաժամը՝ «Բենալիի գործն» էր՝ նախագահի աշխատակազմի աշխատակից Ալեքսանդր Բենալիի շուրջ սկանդալը, ում մեղադրում էին բռնության անիրավազոր կիրառման, զենքի անօրինական պահման, պաշտոնական իրավասությունների չարաշահման մեջ: Հաջորդը «դեղին ժիլետների» շարժումն էր, որ սկսվեց իբրև բողոքի ակցիա բենզինի գնի բաձրացման դեմ: Զայրացած մեքենատերերի ակցիաները վերաճեցին տարերային «ժողովրդական» շարժման՝ ստիպելով իշխանություններին զիջումների գնալ և կազմակերպել ազգային դեբատների մարաթոն: Ֆրանսիայի Պետական խորհրդի նախկին անդամ, սահմանադրական իրավունքի մասնագետ Դիդիե Մոսը RFI-ին հարցազրույցում ասաց, որ համազգային բանավեճերը փորձ էին լեգիտիմություն տալու քաղաքականության բովանդակությանը և կատարեցի 2017-ի նախընտրական ծրագրային դեբատների դեր: Ընդդիմությունը այն ժամանակ կասկածներ էր հայտնում բանավեճերի անկախության վերաբերյալ:


Վերջապես՝ կորոնավիրուսի պանդեմիան, ճգնաժամ, որ, իհարկե, ոչ միայն ֆրանսիական է, այլև՝ համաշխարհային: Բայց Ֆրանսիան Իտալիայի Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի պես՝ հատկապես հայտնվեց համաճարակի ազեցության տակ: COVID-19-ից Ֆրանսիայում արդեն 26 000 մարդ է մահացել: Միլիոնավոր քաղաքացիներ հայտնվել են հարկադիր գործազրկության կարգավիճակում կարանտինային սահմանափակումների պատճառով: Կառավարությունը ծրագրել է մայիսի 11-ից աստիճանական ելք կարանտինից, բայց շատերն են վախենում համաճարակի երկրորդ ալիքից: Ակնհայտ է, որ մնացած 2 տարիները պանդեմիայի հետևանքների հաղթահարմանն են ծառայելու: Այս ճգնաժամն արդեն գլխիվայր է շրջել Էմանուել Մակրոնի տնտեսական ծրագրի հիմքերը՝ ջնջել է գործազրկության նվազումն ու պետական պարտքի նվազեցումը: 24 միլիարդ եվրո է ծրագրվում ծախսել միայն ժամանակավոր գործազրկության փոխհատուցման վրա: Չի բացառվում, որ իշխանությունները, հանուն ազգաին համերաշխության պահպանման՝ հրաժարվեն կենսաթոշակային բարեփոխումից, որ բուռն քննարկումներ էին հարուցել: Խոսելով պանդեմիայից հետո կյանքի մասին Մակրոնն արդեն կոչ է արել հրաժարվել «տրորված ճանապարհներից» և «սովորել փոխվել»: Նախագահի շրջապատում ասում են, որ ինքնիշխանության և նրա հետ կապված «made in France»-ի հասկացությունները կդառնան Ֆրանսիայի քաղաքականության կենտրոնական լետմոտիվներ: Էմանուել Մակրոնը վերջերս շատերին զարմացրեց՝ խոսելով գլոբալացման որոշ ձևերից հրաժարվելու և «որոշ բարիքներ ու ծառայություններ շուկայական օրենքների ոլորտից» դուրս բերելու մասին: Հավանաբար՝ իր դերն է խաղացել Ֆրանսիայի կախումը Չինաստանից դիմակների արտադրության հարցում, որ այդքան հստակ արտահայտվեց համաճարակի ժամանակ: Հետկարանտինային քաղաքականության մյուս կարևոր ուղղությունը պետք է դառնա բնապահպանությունը: Իշխանություններն արդեն հստակ ազդանշաններ են հղել՝ խոստացել են աջակցել Air France ավիաընկերությանը, որ տուժել է կորոնավիրուսի համաճարակից, բայց պայմանով, որ ավիափոխադրողը կստանձնի բնապահպանական պարտավորություններ:
RFI


Հ.Գ. Իսկ ո՞վ կմոռանա Էմանուել Մակրոնի արցունքները 2019-ի ապրիլի 15-ին այրվող Նոտր Դամի առաջ: Ֆրանսիայի պատմությունը չար կատակ խաղաց ինքն իր գլխին՝ իշխանության բերելով ամենաերիտասարդ նախագահին՝ հաջողության բոլոր երաշխիքներով, սկսեց ամեն քայլափոխին նրա առաջ շարել բարիկադներ: Էմանուել Մակրոնն ուներ ոչ միայն Ֆրանսիան, Եվրամիությունը ժամանակի պահանջներին համարժեք դարձնելու ծրագիր: Բայց նրա բախտն արդեն չէր բերել 2016-ից, երբ ԱՄՆ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը՝ իր «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսով, որին հաջորդեց գործնականում հակաեվրոպական քայլեր՝ թե ՆԱՏՕ-ի, թե ԵՄ-ի դեմ: Նրա բախտը չբերեց, որ Մերձավոր Արևելքում իրադարձությունները սկսեցին զարգանալ այլ սցենարով՝ Թուրքիան որոշեց տարածաշրջանային առաջատար խաղալ, Եվրոպան հեղեղվեց միգրանտներով: 2016-ին Մեծ Բրիտանիան որոշեց դուրս գալ ԵՄ-ից, ու դա նոր վիճակ էր, թե Լոնդոնի, թե Բրյուսելի համար: Միգրանտների ճգնաժամի պատճառով որոշակիորեն թուլացած Գերմանիան Փարիզի առաջ կանաչ ճանապարհ էր բացում ԵՄ առաջին ջութակ դառնալու համար՝ Էմանուել Մակրոնի կատարմամբ: Գուցե ամեն ինչ ստացվեր, եթե Թրամփի թեթև ձեռքով Ֆրանսիան կաթվածահար չլիներ դեղին ժիլետների շարժումով, հետո էլ ասպարեզ չգար COVID-19-ը… Փաստացի՝ Էմանուել Մակրոնը Հինգերորդ Հանրապետության պատմության մեջ կմնա իբրև նախագահ, որ ժամանակ չունեցավ իր ծրագրերը իրականացնելու: Կհասկանա՞ն 2022-ին դա ֆրանսիացիները՝ ևս 5 տարի նրան տալով, թե՞ պոպուլիստների ու ազգայնականների ալիքը բարեփոխիչ նախագահին կծածկի, ոչ ոք չի կարող ասել: Մի՞թե 2019-ին որևէ մեկը գիտեր՝ ի՞նչ նշանաբանի տակ է աշխարհը 2020-ը ապրելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ