«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Աշխարհաքաղաքականությունը կորոնավիրուսից հետո

Աշխարհաքաղաքականությունը կորոնավիրուսից հետո
05.05.2020 | 10:47

Հետկորոնավիրուսային դարաշրջանը վերջ կդնի չափազանց երկարած շրջանին, որում գտնվում էր աշխարհը համարյա երկու տասնամյակ դեպտեմբերի 11-ի իրադարձություններից հետո: 19 տարի գլոբալ վտանգների ժանյակը այս կամ այն կերպ մնում էր այդ «բացարձակ իրադարձության» ստվերում, որ այդքան ողբերգական սկսեց նոր դարը: Բացի բժշկագիտական տեսակետից՝ ի՞նչ աշխարհաքաղաքական ձևեր կլինեն մեր աչքի առաջ ծնվող շրջադարձային պահին:

Չափազանց վաղ է հստակ պատասխան տալ, բացի այդ պետք է զգուշորեն վերաբերվել պատմական ցանկացած դետերմինիզմի, այնուամենայնիվ, արդեն ուրվագծվել են 4 հիմնական պարամետրեր՝ էտատիզմի ամրապնդում ավտորիտար միտումով, աշխարհի ռազմականացման խորացում, վերահսկողության նորմալացում և հակագլոբալացման բռնկումներ՝ գրում է Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնի փոխնախագահ, Ժնևի Միջազգային հարաբերությունների ու զարգացման ինստիտուտի պրոֆեսոր Մոհամադ Մահմուդ Ուլդ Մոհամեդուն Le Temps-ում:
Նախ՝ ամբողջ աշխարհում այս ճգնաժամի ժամանակ պետությունը բանակի ու ոստիկանության աջակցությամբ հստակ հաստատել է իր իշխանությունը՝ հանդես գալով փրկչի ու կարգադրիչի դերով, որ երբեմն գործում է իբրև պատժիչ: Այդպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 13-ին հայտարարեց, որ ունի տոտալ իշխանություն: Բացի այդ՝ ուժեղ են շանսերը, որ կորոնավիրուսով սկսված ու ուժեղացած դիրիժորական կողմնորոշման դինամիկան կշարունակվի ու կընդլայնվի: Առավելևս՝ տրամաբանորեն հիմնավորված է պաշտպանության զանգվածային պահանջարկով: Վախեցած հասարակություններն ավելի ու ավելի քիչ են հարցնելու այդ միջոցների արժանիքների ու ժողովրդավարության տեսակետից ընդունելիության մասին՝ նպաստելով քաղաքացիների ինֆանտիլացման՝ այսօր ոստիկանությունը քաղաքացիական դիրքորոշում ունենալու կոչեր է անում հարուստ թաղամասերում, ծեծում է աղքատ ծայրամասերում:


1990-ականների ինտերվենցիոնիզմից հետո մարտական տրամաբանության տարածումը ուժեղանում է ամբողջ աշխարհում, ներկա պանդեմիան ուժեղացնելու է այս մոդելը: Լիովին տրամաբանական է, որ Covid-19-ը ի հայտ եկավ այդքան մարտաշունչ ենթատեքստով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախազգուշացրեց, որ իր երկիրը գտնվում է «պատերազմի վիճակում», որովհետև համարյա 30 տարի միջազգային դինամիկան զարգանում էր այդկերպ: Հիմա բոլոր ճգնաժամերը կարող են ընկալվել պատերազմի այդ փոքրացնող ու մանիխեյական պրիզմայով: Պետության ամեն տեղ խցկվելը և մարտականությունը հետայսու ուղեկցվելու են կամ նույնիսկ նախորդելու են քաղաքացիների համակողմանի վերահսկողությանը: Հսկողությունը, որ սահմանվել է իբրև ավելի քիչ կասկածի տակ առնվող ստանդարտ, անհրաժեշտության պարամետր է հավելում օգտակարության լայնորեն տարածված փաստարկին: Նախևառաջ ավելի կդժվարանա հետևել ու վերահսկել այն գործընթացները, որ ներմուծվել են արտակարգ իրավիճակում և առանց խորհրդարանական քննարկումների՝ այդպես են վարվել Չինաստանը, Իսրայելը, Ռուսաստանը, Հարավային Կորեան՝ սահմանելով քաղաքացիների վերահսկողություն, թվային տեղորոշում, դեմքերի ճանաչման պահանջ և այլ իննովացիաներ, և այդ ամենն արվում է հանուն սրբազան անվտանգության: Վերջապես՝ կորոնավիրուսի ճգնաժամը մեծ հավանականությամբ հակագլոբալացման ալիք կբարձրացնի: Ալիքը կբխի ոչ թե արդեն երկար ժամանակ ակտիվ գործող հակագլոբալիստներից, այլ՝ սահմանափակումների պահերի փոխկապակցվածության նոր համատեղ պահերից: Սկզբից կհայտնվի այդ զգացողությունը, որին շուտով կհետևի պրակտիկան, և դա կարող է ստեղծել ոչ միայն տնտեսական, այլև էքզիստենցիալ խոցելիություն հասարակություններում: Դատողությունները «համընդհանուր փոխանակությունը ոչ միշտ է լավ» ոգով կհանգեցնի միջազգային բաժանվածության և ազգային պրոտեկցիոնիզմի տրամաբանության ուժեղացմանը: Կոնսոլիդացված ավտորիտար պետության օրինակով ու նմանությամբ աշխարհի այդ փակումը տեղավորվում է Եվրոպայում ամրոցների պաշտպանության, Ամերիկայում պատերի կառուցման տրամաբանության մեջ:
«Չկա չարիք՝ առանց բարիքի» վկայում է ասույթը: Ուստի ենթադրենք, որ ստեղծված անկայունության շրջանակներում, նաև ապրելու, ոչ թե դիմանալու համար, այս ճգնաժամի արդյունքում կունենանք աշխարհի հետ մեր հարաբերությունների բարելավված ընկալում, մեծահոգություն ու համակերպում փոխօգնության մեջ, որի սուր պահանջ կա միջազգային ասպարեզում: Այս պահին մենք չենք կարող անտեսել աշխարհաքաղաքականության օրուելացման վիրուսի առաջընթացը:
Մոհամադ Մահմուդ Ուլդ Մոհամեդու, Le Temps


Հ.Գ. Մռայլ են փիլիսոփաները, մռայլ ու հետ նայող, իրականում այս ճգնաժամը մարդկանց ու պետություններին կարող է սովորեցնել փոխօգնության անհրաժեշտությանը, անհիմն մեղադրանքներից հրաժարվելու ու սեփական շահը նաև այլոց շահի հետ համադրելու, ոչ թե վեր ու վեր դասելու կարևրությունը: Բայց դա լինելու է արդեն հետկորոնավիրուսային աշխարհը, որին պետք է հասնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7827

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ