ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ես զարմանում եմ, թե հանրությունն ինչի՞ վրա է զարմանում

Ես զարմանում եմ, թե հանրությունն ինչի՞ վրա է զարմանում
03.04.2019 | 10:56

Զարմացողը ես չեմ` ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանն է: Երեկ Եռաբլուրում նա ասել է. «Մեր կառավարությունը պաշտպանական ոլորտում միասնական ծրագիր է իրականացնում և այդ իմ ասածը ոչ մի ձևով դուրս չէր գալիս պայմանավորված կառավարության ծրագրի առաջնահերթություններից։ Ոչ մեկի մոտ թող կասկած չառաջանա։ Ես զարմանում եմ, թե մեր հանրությունն ինչի վրա է զարմանում»: Հանրությունը զարմանում է, որ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարում է որ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևակերպում չկա և հայկական կողմի համար գործում է «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևը: Իրականում Դավիթ Տոնոյանը նորություն չի ասել, առաջին անգամ չի ձևակերպել բանակի ռազմավարության փոփոխությունը: Գուցե հասարակության «զարմանքի» պատճառը հայտարարության վայրն էր` ԱՄՆ: Ժամանակն է, որ «հասարակությունը» պատեհ-անպատեհ զարմանալու փոխարեն սովորի հասկանալ բարձրաձայնված հայտարարության տեղը, պահը` համադրելով նվազագույնը այդ օրվա այլ իրադարձությունների հետ, առավելագույնը` 3 օրվա: Զարմանքը լավագույն դրսևորումը չէ ի պատասխան Դավիթ Տոնոյանի: Իվերջո, նա անում է այն, ինչ 20 տարի պիտի աներ ու չէր անում Հայաստանի ԱԳՆ-ն, ապահովում է պետության ղեկավարի համար ապահովության բարձիկ և ձևավորում զինադադարը հաղթելով կնքած կողմի համարժեք պահվածք ու դիրքորոշում` արդյունքում` իմիջ:


Պատահական չէ, որ թերևս առաջին անգամ ՀՀ ՊՆ նախարարի հայտարարությանը պատասխանեց անձամբ Ադրբեջանի նախագահը: Ճիշտ է` առանց անուններ տալու, բայց բացահայտորեն սեփական ԱԳՆ-ի աղմուկը բավարար չկարծելով` նա հարկ համարեց կրկնել. «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է»: Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ Ալիևն աաց. «Մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Պատերազմը դեռ չի ավարտվել: Առաջին փուլն է ավարտված»:


Ալիևի ու Ադրբեջանի սուբստանտիվ պատկերացումները մի կողմ թողած` հարց, ինչու՞ հայ դիվանագետներին չի զարմացնում, որ երբ Ադրբեջանի նախագահը բացեիբաց ասում է. «Այս հակամարտությունը պետք է գտնի իր լուծումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Բանակցությունների նպատակն ադրբեջանական տարածքների ազատագրումն է», աշխարհում ոչ ոք նրան չի մեղադրում բանակցային գործընթացը ձախողելու մեջ, հարց չի տալիս` բանակցությունների նպատակը դա՞ է: Գոնե ԵԱՀԿ Մինսկի խմբում: Հենց այդ վակուումն է լրացնում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը` ստիպելով ընկալել, որ առաջինը կրակելու իրավունքը սուլթանի առաջին գիշերվա իրավունքը չէ, Ալիևն էլ սուլթան չէ: Ժամանակները փոխվել են: Ու եթե միջազգային մամուլում Ադրբեջանի պատվերով հայտնվում են Դավիթ Տոնոյանին իր «ռազմաշունչ հռետորաբանությամբ» համարյա թե Վիեննայի հանդիպումը ձախողելու մեղադրանքներ, այդ աբսուրդը անպատասխան չպետք է մնա` նույն այդ միջազգային մամուլում:


«Տարածքներ խաղաղության դիմաց» տարբերակը սուբստանտիվ բանակցությունների սեղմ բնութագիրն է, որ չի եղել ու չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար: Ժամանակն է նաև կոտրելու միջազգային կարծրատիպը, որ դա հրաժարում է տարածքներն Ադրբեջանին վերադարձնելուց, ուրեմն կկործանի խաղաղ բանակցային գործընթացը: Խաղաղ բանակցային գործընթացը կործանողը սուբստանտիվ օրակարգն է: Եվ դա հասկացնելն ու բարձրաձայնելը պիտի լինի հայ դիվանագետների խնդիրներից մեկը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի պաշտպանության նախարարի պաշտոնից: Ի՞նչ է ասել պաշտպանության նախարարը, որ եթե հանկարծ պատերազմ լինի, մեր ձգտումը պետք է լինի հաղթել այդ պատերազմում։ Եթե հանկարծ պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում խաղաղ կարգավորման գործընթացի վրա, ընդհակառակը՝ շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը»:
Փաստացի` նա «զարմացած» չէ: Փաշինյան-Տոնոյան տանդեմը առավել գործուն է, քան` վարչապետ-ԱԳ նախարարը: Համարենք դա մարտավարություն, որ ազատ է թողնում Զոհրաբ Մնացականյանի ձեռքերը` տարբեր բևեռների հետ աշխատանքում:

Դիտվել է՝ 3836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ