ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անծրագիր ծրագրված Հայաստան

Անծրագիր ծրագրված Հայաստան
08.02.2019 | 01:14

Փետրվարի 6-ին կառավարության նիստում քննարկվեց կառավարության ծրագրի նախագիծը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասաց, որ նախագծում արտացոլված են կառավարության հիմնական նպատակներն ու խնդիրները, առանցքային սկզբունքները։ «Առաջիկա 5 տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու Հայաստանի Հանրապետությունում բարձրտեխնոլոգիական, արդյունաբերական, բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսություն կառուցելուն։ Ծրագիրն ԱԺ-ի հավանությանն արժանանալուց անմիջապես հետո կառավարությունը կնախաձեռնի դրանից բխող միջոցառումների ծրագրի ձևավորման և հաստատման գործընթացը, որի արդյունքում մանրամասն կամրագրվեն հիմնական թիրախները, նպատակային ցուցիչները, չափելի արդյունքները և ժամկետներն արդեն ըստ ոլորտների»:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ բովանդակային առումով խնդիրներ չունեն, տեքստում խմբագրական խնդիրներ կան և մինչև վերջնաժամկետը՝ ամսի 8-ը, խմբագրված տարբերակը կուղարկեն ԱԺ։
Առաջին հայացքից` սովորական տեղեկություն է, արտառոց ոչինչ` կառավարությունը նիստում քննարկել է իր ծրագրի նախագիծը, որ այսօր ներկայացվելու է ԱԺ: Իրականում նոնսենս է, երբ փոխվարչապետը հայտարարում է, որ սա դեռ ծրագիր չէ, այլ չգիտեմինչ, որի ԱԺ-ում հաստատումից հետո միայն (կա՞ որևէ մեկը, որ կասկածում է հաստատմանը, նույնիսկ եթե ԲՀԿ+ԼՀԿ-ն դեմ քվեարկեն) կառավարությունը ձեռնամուխ կլինի «դրանից բխող միջոցառումների ծրագրի ձևավորման և հաստատման գործընթացին, որի արդյունքում մանրամասն կամրագրվեն հիմնական թիրախները, նպատակային ցուցիչները, չափելի արդյունքները և ժամկետներն արդեն ըստ ոլորտների»:

Այսինքն` ԱԺ-ին ի՞նչ է ներկայացվում` մտադրությունների ժողովածու՞. առանց թիրախների, նպատակային ցուցիչների, չափելի արդյունքների ու ժամկետների` ըստ ոլորտների: Եվ ե՞րբ կիրականացվի այդ տիտանական աշխատանքը: Ինչո՞վ էր կառավարությունը զբաղված մինչև հիմա: ՈՒ՞մ է պետք 70-էջանոց նախագիծը` առանց թիրախ-ցուցիչ-արդյունք-ժամկետի: Աժ պատգամավորները համատեղության կարգով պայծառատեսնե՞ր են, որ կարդան ու պատկերացնեն «դրանից բխողը», գնահատեն ու վերաբերմունք արտահայտեն: Առավել ևս, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բովանդակային խնդիրներ չի տեսնում, ընդամենը` խմբագրական: Եվ ճիշտ է անում` բովանդակային խնդիրներ տեսնել բառակույտում, նվազագույնը արդար չէ:


Երբ 2018-ին էր նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագիր ներկայացնում Աժ-ին` առանց թվերի, հռչակագրային, լավագույն մտադրությունների հավաքածու, ինչ-որ չափով հասկանալի էր` ժամանակ չէր եղել, անցումային կառավարություն էր` մինչև Աժ արտահերթ ընտրություններ, փոփոխությունները նոր էին սկսվում, ու հույս կար, որ հընթացս հարցերը կլուծվեն հեղափոխության նպատակների ու տրամաբանության հանգույն: Վերջապես` կես տարուց ավելի ժամանակը նաև նոր կառավարության ծրագիրը պատկերացնելու ու ամբողջացնելու համար էր: Պարզվում է` ոչ: Կառավարությունը ինքն իրեն միայն ԱԺ հաստատումից հետո է պարտավորված համարում …ծրագիր ունենալ: Մեղմ ասած` ինքնատիպ է:
Ոչ վարչապետը, ոչ կառավարության 12 առաքյալները չեն ընդունում, որ այլևս 100 օր չունեն, իրենց 100 օրը 2018-ին սպառվել է ու 2019-ը աշխատանքի ժամանակն է: Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանի տարեմուտին հայտարարած տնտեսական հեղափոխությունը սկսելու: Ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում են սպասում, թե ինչ ռազմավարություն ու մարտավարություն կունենա նոր կառավարությունը, ինչ գերակայություններ` տնտեսության զարգացման ու մթնոլորտի փոփոխության, Հայաստանն աշխարհի զարգացող պետությունների շարքում դնելու համար: Եվ միանշանակ` համեմատելու են նախորդ կառավարությունների ծրագրերի հետ` տարբերությունները տեսնելու ու համոզվելու, որ Հայաստանում ռեալ փոփոխություններ են ու ճիշտ ժամանակն է ռեալ աշխատանք սկսելու համար` ոչ միայն ներդրումների, այլև տունդարձի:

Առավել ևս, որ «նախորդ հանցավոր ռեժիմի» քննադատության պակաս չի եղել, ուրեմն պիտի լիներ նրանց չարածների ու սխալների նպատակային ու արդյունավետ ուղղում: Ոչինչ, որ ռեալ կյանքում այդ «ուղղումները» չեն երևում, բայց ծրագրում պիտի լինեն: Ոչինչ, որ «սիրո ու համերաշխության հեղափոխությանը» հաջորդել է թշնամանքի ու անհանդուրժողականության մթնոլորտը, որին իշխանությունը չի հակազդում: Ավելին` որևէ քննադատություն որակվում է աջակցություն «նախորդ հանցավոր ռեժիմին», կարծես 3 նախագահների ու ներկա վարչապետի քառանկյունից բացի քննարկման այլ տեսակետ չի կարող լինել, թեպետ հիմարություն է Հայաստանն իր խնդիրներով «նախորդի», «ներկայի» ու «հաջորդի» բաժանելը: Խնդիրները լուծել է պետք, ոչ թե քաղաքականացնել: Բայց դա ոչ մեկին չի հետաքրքրում: Գերքաղաքականացումը սկսել է մրցակցել տրամաբանության հետ ու հաղթում է մրցակցության մեջ:


Եվ իբրև տարբեր մակարդակների պաշտոնյաներ 10/1 հարաբերակցությամբ նշանակվում են մարդիկ, որ թնդանոթի կրակոցի տարածությունից մոտ չպիտի թողնվեն պետական կառավարմանը: Ազդարարվում է «պետական ծառայության համակարգում՝ արժանիքների հիման վրա աշխատանքի ընդունման և առաջընթացի ապահովում», իսկ իրականացվում է «քայլածների» ու «քայլածների» յուրայինների համատարած պաշտոնաստացում, արդեն նաև` պաշտոնանկում։ Առավելագույն մրցակցությունը ոչ թե գիտելիքի, փորձի ու կառավարման հմտությունների միջև է, այլ «քայլածների» ներկուսակցական ազդեցիկության:
Եվ, այնուամենայնիվ` ի՞նչ է բխելու արդեն ներկայացվածից: Օրինակ` արտաքին քաղաքականության մեջ: Ծրագրում նշված է, որ արտաքին քաղաքականությունն իրականացնելիս կառավարությունն առաջնորդվում է ՀՀ և հայ ժողովրդի հավաքական շահերով: «Կառավարության արտաքին քաղաքականությունը նպատակաուղղված է ՀՀ ինքնիշխանության պաշտպանությանը, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանը, բոլոր պետությունների հետ փոխշահավետ և իրավահավասար հարաբերությունների շարունակական զարգացմանը, միջազգային ու տարածաշրջանային գործընթացներին Հայաստանի ներգրավվածության ավելացմանը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության խորացմանը՝ Հայաստանի կայուն զարգացմանը և տնտեսության արդիականացմանը, նոր շուկաներ մուտքի ապահովմանը և դեպի Հայաստան ու Արցախ օտարերկրյա ներդրումների ավելացմանը։


Կառավարության արտաքին քաղաքականության սկզբունքային առաջնայնություններն են՝ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն ու հակամարտությունների խաղաղ կարգավորումը, կայուն զարգացմանն ուղղված միջազգային և տարածաշրջանային համագործակցությունը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը»։ Սա պրեամբուլան է, որին հետևում են մանրամասները` դրույթների մակարդակով: Եվ այդ դրույթներով կառավարությունն ասում է, որ իր համար գերական ՌԴ-ի հետ հարաբերությունների խորացումն է, ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում անդամակցության արդյունավետության բարձրացումը, հետո միայն` ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Իրանի, Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման ընդհանուր ձևակերպումներն են` ճիշտ ինչպես առաջ: Ոչինչ, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիր է ստորագրվել, որը խելամիտ քաղաքականության դեպքում կարող է ու պետք է դառնա ՀՀ տնտեսական զարգացման, նոր տեխնոլոգիաների ձեռքբերման, արտահանման մեծացման, աշխատատեղերի ստեղծման միջոց: Վերջապես` ինքնիշխանության վերականգնման, մեկուսացումից դուրս գալու, քաղաքական հավասարակշռություն ու արտաքին քաղաքականության ճկունության համար այլընտրանք ստեղծելու: Բայց… «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը դիտվում է որպես Հայաստանի զարգացմանն ուղղված կառավարության բարեփոխումների օրակարգին նպաստող նշանակալից գործոն։

Կառավարությունը շարունակելու է քայլեր ձեռնարկել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ապահովման ուղղությամբ»։ Այսինքն` սոսկ նպաստող գործոն ու առանց վիզայի Շենգենի գոտի ելումուտի արտոնություն: Երևի թե` համաեվրոպական զբոսաշրջությունը զարգացնելու համար: Բայց մի տարբերություն կա` ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը»։ Նաև` ԼՂՀ-ին՝ բանակցությունների սեղան վերադարձնելու նպատակադրումը. «Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»։ Խորին շնորհակալություն: Եթե «վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը» նշանակում է Վիեննայի պայմանավորվածությունների կատարման հանձնառություն: Նաև շնորհակալություն «ազատ ու երջանիկ» քաղաքացու համար: Ինչու՞ ոչ: Երջանկությունը իշխանությունից ուղիղ կապի մեջ չէ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Տրամաբանորեն կառավարությունը նախ պիտի ծրագիր ունենար, հետո որոշարկեր իր կառուցվածքը` ըստ ծրագրի կատարման անհրաժեշտությունների: Փաստացի` կառավարության կառուցվածքի վերջնական տեսքը մնում է անհայտ, հայտնի մասով ունենք 12 նախարարություններ: Եվ հարց է` կառավարությունը կարո՞ղ է իր հայտնի կառուցվածքով իրականացնել իր դեռ անհայտ ծրագիրը: Եթե կառավարության ծրագիրը ԱԺ-ում հաստատումից հետո նոր միայն մշակվելու է, ինչքա՞ն ժամանակ է պետք, որ կառավարությունը իր վերջնական տեսքով ձեռնամուխ լինի իր վերջնական ծրագրի կատարմանը: Այդ ընթացքում նախընտրական խելքից-մտքից դուրս, շռայլ խոստումների կատարմանը սպասող մարդկանց զբաղեցնելու են «բռնեմ-բաց թողնեմ» ծրագրո՞վ: Լևոն Տեր-Պետրոսյանը անեկդոտնե՞ր կպատմի, Սամվել Բաբայանը կսպառնա, որ ուզում է Արցախի նախագա՞հ դառնալ` «ժողովրդի պարտադրանքով», ՀՅԴ-ն ՌԴ դեսպանին կզեկուցի իր ծրագրերն ու նպատակները, որ հավանությու՞ն ստանա, մտահոգված ՀՀԿ-ն «Նիկոլ, հեռացիր»-ի՞ն կանցնի, ՊԵԿ-ը 160000-ով ՀԴՄ-ներ գնածների 100000-ները կվերադարձնի, իսկ չգնածներին 60000-ով կվաճառի՞, ԱԱԾ-ն նախագահական եռյակի հարցաքննությունները կամբողջացնի՞ կամ ո՞չ, և այլն, և այլն…


Դեռ ինչքա՞ն Նիկոլ Փաշինյանին կհերիքի ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի նկատմամբ հակակրանքի էներգիան: Փաստացի` «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» սակրալ նախադասությունն է առայսօր հնչած միակ ռեալ քաղաքական հայտարարությունը, մնացածը եղել է ընթացիկ ու վկայում է հեղափոխության նպատակների գլոբալ անորոշություն` լոկալ խնդիրների մեջ: Օրինակ` շրջանառվում են ու չեն հերքվում լուրերը, որ «Գազպրոմ Արմենիա»-ն չի փոխհատուցելու գազի գնի 15 դոլար թանկացումը, պարտքը կուտակվում է և փակվելու է Երևան ՋէԿ-ով: Որ Արթուր Բաղդասարյանը «Հ3»-ը վաճառել է… ռուսական ընկերության: Շուտով եթերում կհայտնվի «ABC»-ն և ռուսները իրենց քաղաքականությունն են քարոզելու: Կա՞ կառավարության կառուցվածքում գոնե մեկ օղակ, որ զբաղվում է տեղեկատվական քաղաքականությամբ: Օրինակ` արտաքին աշխարհում Հայաստանի Հանրապետության իմիջի հարցով և պետական քաղաքականությունը հանրայնացնելու ու հասկանալի դարձնելու ներքին խնդրով: Թե՞ մեզ հերիք են ֆեյքերն ու լայվերը: Ավելիին արժանի չենք: Ավելի ստույգ` ընդունակ չենք: Գուցե պետք է տեղեկատվության և քարոզչության նախարարությու՞ն ունենալ:

Դիտվել է՝ 2229

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ