ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

7-րդ գումարում. Սկիզբը փառահեղ է

7-րդ գումարում. Սկիզբը փառահեղ է
15.01.2019 | 15:41

Սքանչելի խորհրդարան ունենք: Վերջապես: Աննկարագրելի ինտելեկտուալ ու անհավանական սկզբունքային: Անկասելի լեգիտիմ: Ո՞վ էր ասում` անփորձ են: Լավ էլ փորձված են: Լավ էլ խոսում են` լեզվի տակ ոսկորը կորցրած: Ամեն ինչ` տեղը տեղին: Պակաս տեղ չկա:


Ճիշտ է` երեկ մի թեթև ժամանակի մեջ չտեղավորվեցին: Ոչ մի նիստ ժամանակին չսկսեցին: Մի քանի անգամ կանոնակարգը խախտեցին` թե Կնյազ Հասանովը, թե Արարատ Միրզոյանը: Բայց դրանք թեթևակի վրիպումներ էին: Անկարևոր: Առաջին կռիվը` Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման, ԼՀԿ-ն տանուլ տվեց: Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ ՔՊ-ն կարող է 5 անդամ ունենալու փոխարեն 3 ունենալ և հնարավորություն տալ ԼՀ-ին ու ԲՀԿ-ին` 2-ական անդամ ունենալ: Իսկ 2-ական անդամ ունենալը հիմնավորեց` բա որ այդ օրը նիստին մեր անդամը չլինի, ի՞նչ ենք անելու: ՔՊ-ն հիանալի մատ արեց` մենք քաղաքական ոչ մի խնդիր չունենք, բայց Աժ հանձնաժողովները կազմավորվում են ըստ Կանոնակարգ սահմանադրական օրենքի, եթե իրավաբաններն ասեն, որ օրենքը չենք խախտում, համաձայն ենք: Իրավաբանները չասացին:


Հետո սկսվեցին ԱԺ նախագահի ու փոխնախագահների առաջադրումները: Արարատ Միրզոյանն ընտրվեց 131 ձայնով, 132-ով էլ կընտրվեր, եթե 1 քվեաթերթիկ անվավեր չճանաչվեր` ինչ-որ մեկը երևի «պտիչկան»` սխալ տեղ էր դրել, թեպետ հաշվիչ հանձնաժողովի նախագահը հստակ ցույց տվեց «պտիչկայի» տեղը և բացատրեց դերը:
Շատ հետաքրքիր էր` ինչպես էին պատգամավորները ներկայացնում իրենց թեկնածուին: Ուսանելի էր: Ընդհանրապես երեկ` մենք խորացանք դարերի պատմության մեջ, հատվածներ լսեցինք Սասնա Ծռերից ու Պողոս առաքյալից, համեմատվեցինք Անգլիայի ու Ֆրանսիայի, Գերմանիայի խորհրդարանների հետ ու իմացանք, որ նրանցից առաջ ենք անցել: Դարերի մեջ ու հատկապես` հիմա: Շատ հետաքրքիր էր: Տպավորիչ էր: Զգացվում էր` լավ նախապատրաստվել են: Խամություն չեն էլ անում: Հասկացվեց, որ անձերը փոխվել են, ավանդույթները մնացել են` պնակալեզների պակաս էլ չենք ունենա, շողոքորթների էլ: Ամենազարմանալին` փաստացի պարզվեց, որ առաջադրված թեկնածուները հարուստ կենսագրություն ունեն ու առանց բացառության 5-ին էլ միավորում է նույն փաստը` ոչ ոք հետագայում չի աշխատել իր մասնագիտությամբ, թեպետ խիստ լավ են սովորել: Քանի դեռ առաջադրվում էին ՔՊ-ի թեկնածուները, ամեն ինչ հիանալի ձանձրալի էր: Բայց հերթը հասավ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահին ու սկսվեց թատրոնը, որին բոլորը սպասում էին: Վաղուց հայտնի էր, որ ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին, նախօրեին հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ն առաջադրում է Վահե Էնֆիաջյանին: ՔՊ-ն որոշել է ձայնը տալ ԲՀԿ թեկնածուին` իբրև երկրորդ խորհրդարանական ուժի, թեպետ օրենքով ընտրվում է ընդդիմադիր փոխնախագահ ու երկրորդ-երրորդ-չորրորդ բաժանում չկա: Իսկ ԼՀԿ-ն համաձայն չէ: Հուզիչ-համոզիչ էին բոլորը` ճառեր արտասանեցին թե Էդմոն Մարուքյանը, թե Սերգեյ Բագրատյանը, թե Մանե Թանդիլյանն ու Վահե Էնֆիաջյանը, հարցերը հատկապես հուզիչ էին, պատասխանները` նույնքան: Ու նորից ակնհայտ դարձավ, որ ԱԺ առնվազն երկու խմբակցություններում ոչինչ չի փոխվել` ԲՀԿ-ն զեկուցում է Գագիկ Ծառուկյանին, որ երեկ իր բազմամյա պատգամավորական կյանքում ռեկորդ խփեց` մարզական հագուստով չէր ու առաջին նիստից մինչև վերջին նիստը մնաց ԱԺ-ում, նորից ապավինում է իրեն բազմիցս արդարացրած դեմագոգիային ու պոպուլիզմին, իսկ երբ ամբիոնին իր նոր սանրվածքով մոտեցավ Նաիրա Զոհրաբյանը ու միանգամից սկսեց դեֆիլեից, ցրվեցին վերջին աղոտ հույսերն էլ: ԲՀԿ-ն կայուն է` ինչպես օլիգարխի մասին Գագիկ Ծառուկյանի պատկերացումը` պաշտոնյա, որ մինչև պաշտոնը կատու էլ չուներ, իսկ հետո միլիարդներ ունի: Իսկ ինքը կյանքում ոչ մի պաշտոն չի ունեցել, հետևաբար օլիգարխը դուք եք:


Առավել համոզիչ էր իր անփոփոխության մեջ ԼՀԿ-ն, որովհետև ավելի ճկուն էր ու փորձում էր ՔՊ-ի վրա շատ թանկ վաճառել Աժ նախագահի թեկնածու չառաջադրելուց սկսած մինչև ԲՀԿ-ի թեկնածուին Աժ փոխնախագահ ընտրելու կոգնիտիվ դիսոնանսի պատասխանատվությունը: Ցախավելն էլ հիշեցին, որ փաստորեն անմանդատ պատգամավոր է հայոց խորհրդարանում, նախկին Ելքականները միմյանց վրա ընկերաբար գոռգոռացին էլ` տեղը տեղին էր ամեն ինչ: Միայն թե այնքան էին տարվել աշխատանքով, որ ժամանակի մեջ չտեղավորվեցին ու ԱԺ 3 փոխնախագահների ընտրությունը մնաց այսօրվան: Եվ այսօր Աժ նախագահ Արարատ Միրզոյանը` «պարեկը» կառավարությունում հանձնած, միացնելու ու անջատելու է խոսափողերը` մինչև ընտրվեն Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը, Վահե Էնֆիաջյանը: Թե՞ Մանե Թանդիլյանը: Համենայն դեպս` Էդմոն Մարուքյանը, որ հարգալից պատկերացում ունի բոլոր պաշտոնների վերաբերյալ ու ամեն ինչից մեկական ուզում է ունենալ, ցավագին է ընդունում, որ ԼՀԿ-ն ԱԺ խորհրդում փոխնախագահով ներկայացված չի լինի, թեպետ նույն ընտրատեղամասում առաջադրված լինելով` Մանե Թանդիլյանը Վահե Էնֆիաջյանից համարյա 3 անգամ շատ ձայն է ստացել ու տիեզերական անարդարություն կլինի, որ Վահե Էնֆիաջյանը Մանե Թանդիլյանից ԱԺ-ում առաջ անցնի, առաջարկում էր, որ ՔՊ-ն ազատ քվեարկի: Ու հաստատ երեկվանից մինչև այսօր համոզելու գործի վրա է: Լիլիթ Մակունցի ականջը խուլ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ ամենապոպուլյար պատգամավորը, Գագիկ Ծառուկյանին հավասար, Կնյազ Հասանովն էր` լրագրողները գնում-գալիս` հարցնում էին` պարոն Հասանով, էս անգամ Ձեր առաջին նիստ նախագահելը խերո՞վ կլինի, թե 7-րդ գումարման Աժ-ն էլ 6-րդի պես կուտ կգնա: Կնյազ Հասանովը երդվում էր` խերով է, խերով է, ախր ես ինչ եմ արել որ: Իսկապես էլ` էդքան դժվա՞ր էր մի 76 տարեկանի պատգամավոր դարձնել, բա Ծառուկյանը իր ախրանիկին ո՞նց Աժ բերեց, շատ էլ ասում է` ես ցուցակ չեմ վերցրել, իրան-իրան ա ընտրվել: Որ ասում եմ` սքանչելի խորհրդարան ունենք:

Դիտվել է՝ 3896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ