ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Շատերի համար 2018-ի արդյունքները բավականին տխուր են

Շատերի համար 2018-ի արդյունքները բավականին տխուր են
29.12.2018 | 12:09

Աշխարհի շատ տնտեսությունների, ֆինանսական շուկաների, կառավարությունների ու քաղաքականության ղեկավարների համար СО2-ի մթնոլորտ արտանետումների առումով 2018-ը անհաջող էր: Ֆինանսական ճգնաժամից ու մեծ ռեցեսիայից մնացած սպիները երկարատև տնտեսական, տեխնոլոգիական, մշակութային ու ժողովրդագրական միտումների հետ հանգեցրին բնակչության բախմանը բացասական հետևանքների հետ:

Հասարակությունը դժգոհությունն արտահայտեց ընտրատեղամասերում, ինտերնետում, փողոցում, որ էականորեն խարխլեց շատ քաղաքական գործիչների դիրքերը` գրում է Մայքլ Բոսկինը Project Syndicate-ում:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկար ժամանակ ԵՄ փաստացի ղեկավարն էր: Սակայն 2015-ին նա կայացրեց Գերմանիայիում 1 միլիոնից ավելի փախստականներ ընդունելու ճակատագրական որոշումը: Գերմանիայի հասարակության արձագանքն այնքան խարխլեց Մերկելի դիրքերը, որ նա 2018-ի դեկտեմբերին թեկնածությունը չառաջադրեց իր կուսակցության նախագահի պաշտոնում ու հայտարարեց, որ 2021-ին` ժամկետը լրանալուց հետո, հեռանալու է կանցլերի պաշտոնից:


Հակամիգրացիոն տրամադրությունները միայն Գերմանիայում չէին առաջացել, տարածվել էին Իտալիայից Լեհաստան: Դա հանգեցրեց պոպուլիստական կուսակցությունների դիրքերի ամրապնդմանը: Հունգարիան փշալարերով պարիսպ կառուցեց` կասեցնելու միգրանտների հոսքը: Դանիան ծրագրում է ապաստանի հարյուրավոր ՙանցանկալի» խնդրարկուների ուղարկել անմարդաբնակ կղզի, որտեղ փորձեր են կատարվել հիվանդ կենդանիների վրա:
Միգրացիոն ճգնաժամը հրահրեց Մեծ Բրիտանիայում ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել 2016-ին: 2018-ին շարունակվեց բրիտանական դրաման բրեկզիտի շուրջ: Վարչապետ Թերեզա Մեյը հասավ Բրյուսելի հետ համաձայնության, սակայն բրիտանական խորհրդարանը կտրուկ քննադատեց համաձայնագիրը, Մեյը նույնիսկ ստիպված էր համաձայնագրի քննարկումը խորհրդարանում հետաձգել 2019-ի հունվար: Հարցումները վկայում են, որ ընդդիմադիր Լեյբորիստների ղեկավար Ջերեմի Կորբինը հավանաբար կդառնա Մեծ Բրիտանիայի հաջորդ վարչապետը:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բախվեց բողոքների ու քաղաքացիական անկարգությունների ալիքին, որի պատճառը կառավարության` վառելիքի հարկը բարձրացնելու ցանկությունն էր: Կառավարության նպատակը ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետման մակարդակի նվազեցումն էր, սակայն հանգեցրեց ՙդեղին բաճկոնավորների» բողոքներին: Աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկի, որ նաև ամենաբարձր հարկերն ունի, քաղաքացիները, կարծես, արդեն կուշտ են քաղաքական դասից, որ ինչպես իրենք են կարծում, առավել մտահոգված է գլոբալ նպատակներով, քան սպառողների օրվա պահանջներով:


Ճիշտ նույն կերպ Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն բախվեց պատասխան արձագանքի դաշնային բնապահպանական հարկի դեմ, որ սահմանվել էր 4 (10-ից) նահանգներում, որ սկզբից մերժեցին СО2.-ի մթնոլորտ արտանետման մակարդակի կրճատման նրա քաղաքականությունը: Դա կարող է Թրյուդոյին վարչապետի պորտֆելից զրկել 2019-ի ընտրություններում:


Արևմուտքից դուրս իրավիճակը առավել մխիթարական չէ: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ազգայնական «Բհատրա ջանատա» կուսակցությունը մեծ կորուստներ ունեցավ 5 նահանգներում տնտեսական խնդիրների պատճառով: Տնտեսական խնդիրները մեծանում են Չինաստանում, տնտեսական աճը դանդաղել է, սրվել են առևտրական վեճերը ԱՄՆ-ի հետ, կիբեռլրտեսությամբ, տեխնոլոգիաների հարկադրական փոխանցման ու ՙԱրտադրված է Չինաստանում-2025» ամբիցիոզ ծրագրով հարուցած միջազգային դժգոհությունը հանգեցրեց չինական որոշ տեխնոլոգիական ընկերությունների արտադրանքի ներկրման արգելքների: Չինաստանի ղեկավարությունը, սակայն, զիջումների մտադիր չէ:
Աշխարհի խոշորագույն տնտեսություններում կատարվող քաղաքական փոփոխությունները վկայում են, որ 2019-ի սկզբից քաղաքական ղեկավարները պետք է կենտրոնանան ներքին խնդիրների լուծման վրա և ապահովեն անցումն առավել ճկուն ու ապակենտրոնացած քաղաքական մոդելների: Դա թույլ կտա ոչ միայն կայունացնել ներքաղաքական իրավիճակը, այլև ամուր հիմքեր կստեղծի միջազգային գերակա հարցերում համագործակցության համար` սկսած առևտրից մինչև կլիմայի փոփոխությունների դեմ պայքարը:
Project Syndicate


Հ.Գ. Die Presse-ում Էդուարդ Շտայները գրում է, որ ռուսական տնտեսությունն ընտելացել է պատժամիջոցներին ու նավթի ցածր գնին, սակայն դա խաբուսիկ հաջողություն է: Տնտեսագետների ներկայացրած սցենարով` երկրին դժվար տնտեսական շրջան է սպասվում: Ռուսաստանի ու ՌԴ բնակչության գրպանները վաղուց են դատարկում: 2018-ը դեռ համեմատաբար լավ էր, 2015-2016-ի ռեցեսիայից ու թեթևակի վերականգնման մեկ տարուց հետո ՀՆԱ-ն 1,8% է: 2019-ին կարող է ավելի վատ լինել: ՀՆԱ-ի աճը կդանդաղի մինչև 1,3%: 2019-ի վերաբերյալ հոռետեսությունը փոխանցվել է և արտասահմանյան ներդրողներին, որ արտահանում են իրենց ապրանքները ՌԴ: Ռուս-գերամանական արտաքին առևտրի պալատի հարցման արդյունքներով` գերմանացի ձեռներեցների 36%-ը վախենում է ստագնացիայից, 23%-ը Ռուսաստանում տնտեսական վիճակի վատացումից 2019-ին: ВЦИОМ-ի նոյեմբերի հարցման արդյունքում սոցիալական լավատեսությունը` լավագույն կյանքի սպասումը, արագ նվազում է` 2016-ին կյանքից բավարարվածության դասիչը 51 կետ ուներ, 2017-ին` 63, հիմա` 40: Ռուսաստանցիները հնարամիտ են ու ընտելանում են կենսապայմաններին: Նրանք ճեղքեր են գտնում արևմտյան պատժամիջոցների տակ հայտնված պանիրները գնելու ու ԱՄՆ վիզան հարևան Մերձբալթիկայում ձևակերպելու: Այնուհանդերձ, գինը, որ բնակչությունը վճարում է արտաքին քաղաքական արկածախնդրությունների դիմաց, շատ բարձր է: Մարդիկ զգում են, որ ավելի է բարձրանալու և կենսամակարդակը 2019-ին անկում է ապրելու: Պուտինը շարունակում է կերակրել առույգ խոսքերով: Տարեվերջյան մամլո ասուլիսում նա հայտարարեց, որ որ ՀՆԱ-ի ծավալով Ռուսաստանը կարող է դառնալ աշխարհի 5-րդ տնտեսությունը: Հիմա Ռուսաստանը Համաշխարհային բանկի վարկանիշով 12-րդն է: Տնտեսական վերելքը դժվար է լինելու, եթե նույնիսկ տնտեսությունը 2020-ից սկսի աճել 2%, իսկ 2021-ից` 3%: Տնտեսագետները կանխատեսում են 1,6-1,9%:


Ամենայն հավանականությամբ` Project Syndicate –ի նշած խնդիրները 2019-ին ամբողջությամբ չեն լուծվի և 2020-ը կդառնա միջազգային քաղաքականության համար շրջադարձային տարի` հաշվի առնելով նաև, որ 2020-ին լրանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամկետը և բազում հարցեր կապված են նրա երկրորդ ժամկետով ընտրվել-չընտրվելուց: Հայաստանի համար 2019-ը դառնալու է իրականության հետ առերեսման տարի, կամ` տնտեսական հեղափոխությունը, որ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաջողության դեպքում կամրապնդի նրա քաղաքական հաջողությունը, կամ` ձախողման դեպքում Հայաստանում կսկսվի քաղաքական անկայունության շրջան:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ