ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Իրանի շրջապտույտը կարող է ներքաշել Ադրբեջանին

Իրանի շրջապտույտը կարող է ներքաշել Ադրբեջանին
09.12.2018 | 11:08

Ադրբեջանցի տտեսագետ Նատիգ Ջաֆարլին Minval.az պորտալին ասել է, որ Բաքուն «մյուս երկրների համեմատությամբ նույնպես որոշակի չափով աջակցել է Իրանի դեմ պատժամիջոցներին` այն առումով, որ դադարել է ֆինանսավորել Իրանի տարածքում երկաթուղու շինարարությունը»:

Նրա խոսքով` «կառավարության որոշումով` անորոշ ժամանակով հետաձգվել է շինարարությունը, որի ընթացքում Ադրբեջանը 500 միլիոն դոլար պետք է ներդներ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի շինարարության մեջ»: Դա հաստատում է և Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաևը` մատնացույց անելով «նոր հանգամանքները»: Ի՞նչ հանգամանքներ` նախարարը չի բացատրել: Թեպետ փորձագետ Էլհան Շահինօղլուն հաստատում է, որ «պետք է նկատի ունենալ ԱՄՆ պատժամիջոցները Թեհրանի դեմ և նրանց, որ օգնում են Թեհրանին»: Մինչդեռ բոլորովին վերջերս Բաքվի վերլուծաբանները վստահեցնում էին, որ «Ադրբեջանը, լինելով Իրանի մերձավոր հարևանը և կարևոր գործընկերը շատ ոլորտներում, խոշոր տրանսպորտային-էներգետիկ նախագծերի նախաձեռնող (ինչպես «Հյուսիս-Հարավը»), կշարունակի իր անկախ քաղաքականությունը այդ նախագծերն իրականացնելիս»: Ստացվում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի Բաքու այցը Վաշինգտոնի համար անհաջող չէր` ամերիկացիները ստացան Ադրբեջանի իշխանությունների որոշակի աջակցությունը Թեհրանին մեկուսացնելու և նրա հետ համագործակցությունը դադարեցնելու ջանքերում: Կատարվում է Ջաֆարլիի կանխատեսումը, որ բացահայտ ասում էր. «Մենք բավականաչափ լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ, հատկապես վերջին երկու տարիներին: Եվ մենք շատ բարձր ենք դա գնահատում: Եթե ԱՄՆ-ից հնչի ուղիղ կոչ դադարեցնել համագործակցությունն Իրանի հետ որոշակի ոլորտներում, Ադրբեջանի կառավարությունը կարող է որոշակի զիջումների գնալ: Ավելին` դադարեցնել բոլոր կապերը, որ առնչվում են Արևմուտքի ու ԱՄՆ-ի շահերին»: Բոլոր հիմքերը կան կարծելու, որ Բաքուն ավելի է խրվելու կամ Բաքվին ակտիվորեն ներքաշելու են Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցային քաղաքականության մեջ` բանկային, տեխնոլոգիական, առևտրական ու մյուս ոլորտներում: Ինչպե՞ս է Ադրբեջանը պատկերացնում իրանական ուղղությամբ իրադարձությունների հետագա զարգացումը: Ադրբեջանցի փորձագետները չեն կասկածում, որ «գործընթացները, որ զարգանում են կամ կարող են զարգանալ Իրանում, այս կամ այն կերպ անպայման վերաբերվելու են Բաքվին»: Տնտեսական ոլորտի մասին` ադրբեջանական տնտեսությունը մեծ կորուստներ կարող է կրել էներգետիկ սեկտորում, որովհետև Թեհրանը պետք է դառնար գազի աղբյուրներից մեկը TANAP ու TAP գազատարներով, որ կառուցել է Ադրբեջանը: Կարող է պատահել, որ այդ խողովակաշարերը ոչնչով չլցվեն: Վաշինգտոնին դա հազիվ թե հուզում է, ինչպես և նրա հռչակած խնդիրները` Եվրոպայի էնեգետիկ ապահովման վերաբերյալ: Երկրորդ տարբերակը` Ադրբեջանը կսպասի պահին, երբ Եվրամիությունը կկառուցի Թեհրանի հետ պատժամիջոցները շրջանցող` միջազգային ֆինանսական ու տնտեսական գործակցության խոստացված համակարգը, որ թույլ կտա մանևրել: Բայց ե՞րբ դա կլինի: Գուցե Բրյուսելում սպասում են` երբ Թեհրանում Վաշինգտոնը կսկսվի իրականացնել իշխանափոխության սոցիալական նախադրյալների ստեղծման միջոցառումները: Սակայն կասկածելի է, որ իրադարձությունների այդ զարգացումը բխում է Ադրբեջանի շահերից` Իրանը կվերածվի երկրորդ Սիրիայի` բոլոր հետևանքներով, որ պետք է տեսնել ու գնահատել աշխարհաքաղաքական իրականության տեսակետից: Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետ, The Great Middle East նախագծի ղեկավար Ալի Հաջիզադեն չի բացառում Թեհրանում քաղաքական ապակայունացման սցենարը, երբ լոկալ բողոքները կարող են վերածվել մասշտաբայինի ու դա հանգեցնի իշխանափոխության: Փորձագետը գտնում է, որ «չի կարելի բացառել քաղաքացիական պատերազմի տարբերակը ազգամիջյան բախումների հիմքի վրա, այդ դեպքում Ադրբեջան կարող են ուղղվել փախստականների որոշակի հոսքեր»: Իսկ դա արմատականորեն կփոխի ոչ միայն իրավիճակը Մերձավոր Արևելքում, այլև` Անդրկովկասում:


Մեկնաբանելով հակաիրանական պատժամիջոցների հետևանքները Բաքվի համար` Baku Network փորձագիտական խորհրդի ղեկավար Էլհան Ալեսկերովը բացատրեց, որ նոր բարդություններ են լինելու տարածաշրջանում ուժերի աշխարհաքաղաքական դասավորության մեջ և դա վերաբերելու է Ադրբեջանի երկու կարևոր հարևանների շահերին: Այս իրավիճակում Բաքուն ունի և այլ տարբերակ, որի էությունը Մոսկվայի հետ առավել սերտ ռազմատեխնիկական, քաղաքական ու այլ համագործակցության խորացումն է` կանխելու իր համար իրադարձությունների բացասական զարգացումը: Բայց կստացվի՞ միաժամանակ պահպանել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Պետք չէ մոռանալ` պատմականորեն այնպես է ստացվել, որ Իրանը դիտարկում է Անդրկովկասի արևելյան մասը իր մերձավոր արտերկիրը և ջանում է վերականգնել անդրկովկասյան երկրներում իր ազդեցությունը: Բաքուն բարդ ընտրության առաջ է, բայց ընտրել ստիպված է:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Ի՞նչ նպատակով է ստեղծվում տպավորություն, որ Իրանում արդեն իշխանափոխություն է, Ադրբեջանն էլ ստիպված է կառչել Մոսկվայի փեշերից, որ ձերբազատվի փախստականների հոսքից ու մասնատումից: Մոսկվան խաղում է մի քանի ուղղություններով: Իրանի ուղղությամբ ներկայանում է բարեկամ ու դաշնակից, որ փորձում է մեղմել պատժամիջոցների հետևանքները: Հայաստանի ուղղությամբ` դաշնակից ու ռազմավարական գործընկեր է, որ փորձում է ԵԱՏՄ ու ՀԱՊԿ բերել Ադրբեջանին: Ադրբեջանի նկատմամբ` դարձյալ ռազմավարական դաշնակից ու գործընկեր է, որ պատրաստ է պաշտպանել ԱՄՆ-ից: Թուրքիայի նկատմամբ` ռազմավարական դաշնակից, որ փորձում է Անկարային պոկել ԱՄՆ-ից ու ՆԱՏՕ-ից: Հարց` Մոսկվայի ինչի՞ն է պետք այդքան հակասական ու իրարամերժ քաղաքականությունը Հարավային Կովկասում, որ ինչ-որ կետում կախվելու է:
Իսկ թե ինչ ջերմ հարաբերություններ են Վաշինգտոնի ու Բաքվի միջև, վկայում է ԱՄՆ նավթային ընկերությունների դուրս գալը Ադրբեջանից` նավթը վերջանում է: Պարզապես Մոսկվան հարմար պահ է գտել` Բաքվին «որդեգրելու» ու Ադրբեջանին թույլ չտալու որևէ շեղում իր ուղեգծից: Բայց` պահպանելով Հայաստանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ