ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Նիկոլ Փաշինյանը նորից քայլելու է… դեպի իշխանություն

Նիկոլ Փաշինյանը նորից քայլելու է… դեպի իշխանություն
23.11.2018 | 11:33

Վաղը ժամը 10-ից Նիկոլ Փաշինյանը նորից քայլելու է: Նորից … դեպի իշխանություն: Փաստացի` ոչ նա այդ քայլերթի կարիքն ունի, ոչ երևանցիները` Նոր Նորքից սկսած վարչական մյուս շրջաններով վերջացրած: Եթե խոսքը կարոտի մասին է ու մարդկանց հետ շփվելու, զարմանալի է, որ վարչապետն այդքան ուշ-ուշ` համարյա 6 ամիսը մեկ է կարոտում ու ուզում համաքաղաքացիների հետ շփվել: Եթե խոսքը կուսակցական ակցիայի մասին է` արժի՞ շաբաթ օրով նորից ամբողջ քաղաքը խառնել իրար` երթևեկություն փակել, որ դուխով վարչապետը քայլի Հայաստանի հպարտ քաղաքացիների հետ: Խոսքը իրականում պաշտոնական քարոզարշավը սկսելու մասին է` ուժի ցուցադրությամբ: Ու՞մ է ուզում իր ուժը ցուցադրել Նիկոլ Փաշինյանը: Ինքն իրե՞ն, 10 քաղաքական ուժերի՞ն, ընտրողների՞ն` մայրաքաղաքում ու մարզերում: Բոլորին միասին: Նա, առհասարակ, սիրում է մասշտաբային պոպուլիզմ: Նորից կասի` Հայաստանի հպարտ քաղաքացիներ, դուք արդեն հաղթել եք, համբուրում եմ ձեզ, խոնարհվում եմ ձեր առաջ…
Իսկ Հայաստանի մտածող քաղաքացիներին պետք է ոչ թե փողոցներում խառնաշփոթ ստեղծող վարչապետ, այլ` աշխատատեղ: Մեկը մյուսին չի խանգարում, եթե փողոցներում քայլելուց հետո մտնի կառավարության շենք ու գոնե 3 աշխատատեղի ստեղծման որոշում կայացնի:
Իսկ ընդհանրապես դարակազմիկ քայլարշավը իմաստ կունենա, եթե Նիկոլ Փաշինյանը մայիսից-նոյեմբեր իր բազմազազան ու խառնիճաղանջ հայտարարություններից մի քանիսը մանրմասնի:

Օրինակ`
1. Մարտի 1-ը որ բացահայտվել է, ի՞նչ է պարզվել, ո՞վ կամ ո՞վքեր էին մարդասպանները ու ի՞նչ պատիժ են ստացել:
2. Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը ու մարտի 1-ին առնչվող մյուս փախածները Մոսկվայում էլ մնալու՞ են, թե՞ ԱԱԾ-ն նրանց Երևան կբերի:
3. Տրանսֆերտների վրա եկամտահարկ դնելը ի՞ր, թե՞ Սերժ Սարգսյանի անկատար մնացած գաղափարն էր, որ ինքն ուզում է իրականացնել ու ի՞նչ բարոյական իրավունքով:
4. Վերադարձրե՞ց Հայաստանից հանված միլիոնավոր դոլարները, թե՞ նպաստեց, որ ավելի շատ հանեն:
5. Որ բոլորը կոռուպցիոներ են` բռնում ու գրավով բաց են թողնում, Մանվել Գրիգորյանը պիտի մեռնի՞, որ բաց թողնեն:
6. Ռոբերտ Քոչարյանին ինչու՞ բռնեցին, որ պիտի բաց թողնեին ու ոչինչ չհաստատեին: Հիմա նա ազնիվ ու ազա՞տ է:
7. Ընտրություններից հետո վերանշանակելու՞ է մշակույթի նախարարին, որ Հանրապետության հրապարակում սելֆիի ժամից ավելին կես տարում չարեց:
8. Ընտրություններից հետո վերանշանակելու՞ է սփյուռքի նախարարին, որ նշանակումից մի շաբաթ հետո ԱՄՆ թռավ, բայց ոտքը Վրաստան չի դրել դեռ:
9. Ասֆալտին Օսիպյանը քանիսի՞ն փռեց ու ի՞նչ օգուտ դրանից ժողովրդին:
10. Ինչու՞ 6-րդ գումարման ԱԺ-ի վերջին որոշումը վարկ վերցնելն էր, որ բյուջետայինները աշխատավարձ ստանան:


…Պարզ է, չէ՞, որ աչքերս փակ մինչև 100 կհասնեմ, բայց Նիկոլ Փաշինյանը հաստատ այդքան չի քայլի, որ հասցնի պատասխանել: Նա պարզապես ասում է այն` ինչ ժողովուրդը, ավելի ստույգ` փողոց դուրս եկող զանգվածը, ուզում է լսել, որովհետև նրան պետք է բիոզանգված, որ ծափահարում է: Իրական սև ու սպիտակի բաժանումը այդ բիոզանգվածի հակադրումն է մտածող մարդուն, որ ուզում է իմանալ այստեղ ու հիմա ի՞նչ փոխվեց իր կյանքում ու պատասխան չի ստանում: Ստացվում է` Նիկոլ Փաշինյանի թիմի համար Հայաստանը փորձադաշտ է, որ անփորձները փորձավորվեն, իսկ իր համար` պոպուլիզմի ու դեմագոգիայի մեծ հարթակ, որտեղ ամեն օր կարող է ասել` ժողովուրդ ջան, ոնց ասեք, տենց կլինի, ձեր ես իշխանությունը վերադարձրել եմ ձեզ` դուք եք որոշողը: Այդ դեպքում` ինքն ո՞վ է: Կամ էլ` եթե այդքան հլու-հնազանդ է ժողովրդին կամքին, երբ փողոցները փակում են, ինչու՞ չի գնում-հանդիպում: Ինքն է, չէ՞, միջպետական ճանապարհները փակել սովորեցրել: Ու` ի՞նչ: Այդպես էլ պիտի շարունակվի՞:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Գոնե դեկտեմբերի 9-ից հետո ինչ-որ մեկը պիտի Նիկոլ Փաշինյանի ականջին համառորեն շշնջա` ժողովրդին կարելի է սիրել, բայց չի կարելի քծնել: Համարենք անցած կես տարին կուտ գնացած, երեք անգամ վարչապետ չընտրվելուց ու երկու անգամ ընտրվելուց հետո նա վերջապես պիտի հասկանա` ո՞րն է վարչապետի գործը ու ի՞նչ պիտի անի` բացի լայվերն ու ընտրովի պայքարը կոռուպցիայի դեմ:
Հայաստանի հպարտ քաղաքացիները պարտավոր չեն միշտ դուխով լինել, կարող են նաև խելքով լինել ու …դուխով պատասխան պահանջել:

Դիտվել է՝ 2729

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ