ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ահաբեկչություն Ահվազում. ձեռագիրը Հարավսլավիայի դեմ ագրեսիայի նախաձեռնողներինն է

Ահաբեկչություն Ահվազում. ձեռագիրը Հարավսլավիայի դեմ ագրեսիայի նախաձեռնողներինն է
09.10.2018 | 01:45

(Նախորդ մասը)

Վերադառնանք Իրանին: Սեպտեմբերի 24-ին Իրանի տեղեկատվության և հետախուզության նախարար Մահմուդ Ալավին հայտարարեց, որ Ահվազի ահաբեկչությանը մասնակցելու կասկածանքով մի քանի մարդ է ձերբակալված: Հիշեցնենք, որ ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնելու շուրջ յուրահատուկ մրցակցություն է ծագել երկու ծայրահեղական ուժերի միջև: Մեկը հանրահայտ ԻՊ-ն է, մյուսը՝ լայն հանրությանը քիչ հայտնի «Ահվազի արաբական հայրենասիրական ժողովրդավարական շարժումը» (կամ՝ «Ալ Ահվազիա»), որին Սաուդյան Արաբիայի հետ կապեր են վերագրում: Այդ նույն օրը Իրանի ԻՀՊԿ-ի բարձրագույն հրամանատարությունն ԱՄՆ-ին ու Իսրայելին նախազգուշացրեց նրանց սպասող «ավերիչ պատասխանի» մասին Ահվազի ահաբեկչությունից հետո: ԻՀՊԿ-ն շարունակում է պնդել, որ այդ հարձակումը կազմակերպել են ամերիկյան և իսրայելյան հատուկ ծառայությունները, ինչպես նաև Պարսից ծոցի արաբական երկրներում նրանց դաշնակիցները: Ահաբեկչության զոհերի թաղման արարողության ժամանակ ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին սպառնալիքներ տեղաց ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների հասցեին. «Դուք կտեսնեք մեր վրեժը... Դուք կտեսնեք, որ մեր պատասխանը կլինի խորտակիչ և ավերիչ, և կզղջաք ձեր արածի համար»: Այաթոլահ Խամենեին նշել է այն երկրները, որոնց ֆինանսավորմամբ կազմակերպվել է Ահվազի ահաբեկչությունը. «Ըստ զեկույցների, դա կատարել են այն նույն անձինք, որոնց ԱՄՆ-ը փրկում է Սիրիայում և Իրաքում: Ծախսերն անում են Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն»: Իրանի նախագահ Ռոհանին և արտգործնախարար Զարիֆը հայտարարեցին, որ այդ ահաբեկչության պատասխանատուներն են «ահաբեկչության տարածաշրջանային հովանավորներն ու նրանց ամերիկացի հրահանգիչները»: Մենք պարզապես հիշեցնենք, որ ահաբեկչության տարածաշրջանային հովանավորների թվում Իրանի իշխանությունները միշտ առաջին հերթին նկատի ունեն Իսրայելը:


Առաջարկում ենք իրանական Fars News-ի օգնությամբ պատկերացում կազմել որոշ բաների մասին: Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի զեկուցող Ալի Նաջաֆի Խոշրուդին սեպտեմբերի 23-ին հայտարարեց. «Կայացել է մեր հանձնաժողովի հանդիպումը անվտանգության մարմինների, իրավապահ ոստիկանության և ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ՝ Ահվազի ահաբեկչության հանգամանքների ուսումնասիրման համար: Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ անհերքելի տեղեկություններ կան ահաբեկչական խմբի և տարածաշրջանի որոշ երկրների կապերի մասին»: Հանձնաժողովը հայտնեց նաև, որ ԻՀՊԿ-ի հանրության հետ կապերի բաժնի պետ, գեներալ Ռամեզան Շարիֆը պատմել է, որ «Ահվազում զինված ուժերի շքերթի ժամանակ մարդկանց վրա հարձակված ահաբեկիչները կապված են եղել «Ալ Ահվազիա» խմբավորման հետ, որը սնվում է Սաուդյան Արաբիայից: Նրանք ձգտում էին մթագնել Իրանի զինված ուժերի հոյակապ շքերթը: Նա ասաց, որ «Ալ Ահվազիան» նախկինում կրակել է Իրանի հարավային այն քաղաքներն այցելած մարդկանց խմբերի վրա, որոնք դիմակայում էին Սադամի ագրեսիային 1980-ականներին Իրանի դեմ Իրաքի 8-ամյա պատերազմի ժամանակ»: Այնուհետև Fars News-ը հաղորդում է. «Վերջին տարիներին «Ալ Ահվազիան» փորձում էր Իրանի անվտանգությանն սպառնալիք ստեղծել սաուդա-իսրայելական անսահմանափակ աջակցությամբ, որովհետև Իրանն ուժեղացնում էր իր ազդեցիկ դերը տարածաշրջանում: «Ալ Ահվազիա» ահաբեկչական խմբի մամլո քարտուղար Յակոբ Խոր Թաստարին Կոպենհագենում (Դանիա) ընդդիմության «Իրան ինտերնեյշնլ» պարսկալեզու ալիքի հետ հարցազրույցում ստանձնել է պատասխանատվությունը Ահվազի ահաբեկչության, որից զոհվեց 29 և վիրավորվեց 70 մարդ: «Ալ Ահվազիան» մարտական գործողությունների սկզբի մասին հայտարարեց 1999 թ. Լոնդոնի իր հիմնական հենակետից: Այն մասնաճյուղեր ունի Եգիպտոսում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում, Իրանից Խուզիստան (որի մայրաքաղաքը հենց Ահվազն է), Բուշիր ու Խորմոզգան օստանները և Պարսից ծոցի կղզիներն անջատելով նոր պետություն կազմավորելու պատրանքներ ունի: Խմբի գործունեությունը հիմնված է շեյխ Խազալի անջատողական խմբավորման գաղափարների վրա (նա 70 տարի առաջ բրիտանական ասպետի տիտղոս է ստացել): Շեյխի թոռը՝ Աբդուլհամիդ ալ Խազալը, 2017 թ. Կահիրեում «Ալ Ահվազիայի» կոնֆերանսի մասնակիցն էր:

Հետնաբեմում նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի հանրապետականներին իրեն Վաշինգտոն հրավիրելու համար և պատմել է «Ալ Ահվազիային» ֆինանսապես օժանդակելու մասին Թրամփի վարչակազմի խոստման մասին: Այդ անջատողական խմբավորումը փորձում է երկպառակություն սերմանել տարբեր ցեղերի միջև, արաբա-իրանական բախում հրահրել, ինչպես նաև գլխավորել որոշ անկարգություններ Խուզիստան օստանում»: Այսինքն, իրանական իշխանություններին լավ հայտնի են Ահվազի ահաբեկչության հեղինակ լինելու «հավակնորդներից» մեկը և նրա հստակ կապերը ԱՄՆ-ի, Անգլիայի, Իսրայելի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի հատուկ ծառայությունների հետ:


Սակայն, ինչպես հաճախ է պատահել, Իրանի թշնամիների հաշվարկները «Ալ Ահվազիայի», ինչպես և Խուզիստան օստանի արաբախոս բնակչության մի մասի բողոքի առնչությամբ, խափանվել են: Եվ ոչ միայն Իրանի հատուկ ծառայությունների և ԻՀՊԿ-ի կողմից: Այսպես, 2014-2015 թթ. հենց Դիզֆուլ քաղաքի ու շրջակայքի շիա արաբներն են բռնել և ԻՀՊԿ-ի ձեռքը հանձնել Իրաքից կամ Քուվեյթից Իրանի տարածք ներխուժած ահաբեկիչներին: Արևմուտքի և Իսրայելի հատուկ ծառայությունների այն հույսերը, թե «արաբական նացիոնալիզմը» կարող է խախտել Իրանի ներքին միասնությունը, տվյալ դեպքում խորտակվում էին այն չիմացության պատճառով, որ Խուզիստանի, ինչպես և հարևան Իրաքի արաբների մի մասը շիաներ են: Այնուամենայնիվ, «Ալ Ահվազիայի» ահաբեկիչների «ծառայության ցուցակը» նույնպես փոքր չէ: Խուզիստանի տարբեր քաղաքներում 10-ից ավելի պայթեցում է եղել 2005-2006 թթ., որոնցից ամենաարյունահեղն Ահվազի քաղաքապետի գրասենյակում ռումբի պայթյունն էր, որից զոհվեց 11 և վիրավորվեց 87 մարդ: 2013 թ. սեպտեմբերին՝ պայթյուն Ռամշիր քաղաքի նավթային օբյեկտներում: 2015-ին խումբը հայտարարեց, որ Ահվազի մոտակայքում մի քանի նավթամուղ է պայթեցրել: 2017 թ. հունվարին՝ նավթամուղի պայթեցում: 2017 թ.՝ Ռամշիրում Իրանի հետախուզության նախարարության բաժանմունքի ղեկավար Հոսեյնաե Շարիֆի և նրա մի քանի ուղեկցորդների սպանություն: Բայց, որքան էլ տարօրինակ թվա, այդ ահաբեկչությունները հանգեցնում էին միայն այն բանին, որ Խուզիստանի շիաներն ավելի ակտիվորեն էին մտնում համաիրանական «բասիջ» աշխարհազորի մեջ և օգնում բանակին ու ԻՀՊԿ-ին հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման գործում:
Այսպես թե այնպես, Իրանի ԱԳՆ-ն սեպտեմբերի 23-ին հրավիրել էր Նիդերլանդների, Դանիայի դեսպաններին ու Թեհրանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և տեղեկացրել, որ Իրանն առաջ էլ նախազգուշացրել է այդ երկրներում Ահվազի ահաբեկչությանը հաղորդակից խմբի անդամների գործունեության մասին ու նրանց ձերբակալելու և հետաքննելու կոչ արել: Իրանի ԱԳՆ-ն նաև հայտնել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին, որ չի հանդուրժի Լոնդոնի որևէ ալիքով «Ալ Ահվազիայի» ներկայացուցչի հարցազրույցը: Երեք երկրների ներկայացուցիչներն ափսոսանք հայտնեցին Իրանում կատարվածի առթիվ և հայտնեցին իրենց երկրների հետախուզական համագործակցության պատրաստակամությունը՝ ահաբեկիչների նույնականացման համար:

Այժմ բոլորը հիանալի հասկանում են, որ այդ ամենն արագացրել է Պուտինի և Էրդողանի պայմանավորվածություններում եղած «ինչ-որ իդլիբյան բան»: Թե հենց ինչը, դժվար թե իմանանք 2018-ին: Առայժմ միայն ասենք, որ ճիշտ էր մեր այն ենթադրությունը, թե «Իլ-20»-ի ողբերգությունը կարող է արագացնել «Իդլիբի հանգույցի» լուծումը: Սեպտեմբերի 21-ին ՌԴ արտգործնախարար Լավրովը նշեց այն մոտավոր ժամկետը, երբ «Ջեբհաթ ֆաթհ աշ Շամ» (նախկին «Ջեբհաթ ան Նուսրա») ահաբեկչական խմբավորման զինյալները կլքեն Իդլիբի ապառազմականացված գոտին. «Մինչև հոկտեմբերի կեսը բոլոր ջեբհաթականները պետք է դուրս գան ապառազմականացված գոտուց, այնտեղից պետք է դուրս բերվի ողջ ծանր սպառազինությունը»։ Նա նշեց նաև, որ Իդլիբի հարցով ռուս-թուրքական պայմանավորվածությունը միջանկյալ քայլ է, որով «ընդամենը ստեղծվում է ապառազմանականացված գոտի, որն անհրաժեշտ է Իդլիբում իրադրության հետագա սրումից խուսափելու համար»։


Մնացել է մի բան ճշտել. ինչու՞ Թուրքիայից և Իսրայելից գրեթե միաժամանակ հայտարարեցին, թե իբր Սիրիային սպառնում է «ահաբեկչական ճահիճ» դառնալու հեռանկարը։ Բառերը նույնն են, բայց իմաստները տարբեր են։ Իսրայելցի մասնագետները Ռուսաստանի համար վտանգների ուրվական նկատի ունեն, իբր թեև Սիրիան Աֆղանստան չէ, բայց ՌԴ-ն կարող է խրվել «սիրիական ճահճի մեջ»։ Էրդողանն էլ ասում է, որ Սիրիան «ահաբեկչական ճահիճ է դարձնում»... Ամերիկան։ Սեպտեմբերի 24-ին նա հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է օգնել քրդական կազմավորումներին, որոնք «սպառնում են Թուրքիայի անվտանգությանը», իսկ նման քայլերը վնաս են հասցնում տարածաշրջանի անվտանգությանը և պետք է դադարեցվեն։ Էրդողանի այդ ահազանգը հավանաբար կապված է այն լուրերի հետ, թե ԱՄՆ-ի ղեկավարած կոալիցիան Սիրիայում սկսել է ռազմական նոր բազա կառուցել ռազմավարական Հաջին քաղաքի մոտ։ Նրա շինարարությունն ընթանում է ըստ այն բանի, թե ԱՄՆ-ի կողմից հովանավորվող SDF կազմավորումները, որոնց հիմքը կազմում են ժողովրդական ինքնապաշտպանության (YPG) քրդական ջոկատները, ինչպես են պատրաստվում քաղաքի վրա հարձակվելու։ Էրդողանը սեպտեմբերի 23-ին այդպես էլ ասել է. «Ներկայումս Սիրիայի ապագայի ամենամեծ խնդիրն այն ահաբեկչական ճահիճն է, որը մեր որոշ դաշնակիցների հովանավորությամբ ընդլայնվում է Եփրատից դեպի արևելք»։


Իսկ Թել Ավիվում «սիրիական ճահճի» առնչությամբ այն գաղափարն են պնդում, որ նույնիսկ Ռուսաստանի և Իրանի օգնությամբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հսկողության տակ է երկրի տարածքի «մոտ կեսը»։ Պուտին-Էրդողան պայմանավորվածություններն Իսրայելը մեկնաբանում է որպես «Ռուսաստանը թուրքերին է տալիս Սիրիայի տարածքի 15 %-ը», ինչը լիովին հերքվում է մինչև 2018-ի հոկտեմբերի կեսը «նուսրականների» անվերապահ տարհանման մասին Լավրովի սեպտեմբերի 21-ի պահանջով։ Բայց ո՞վ չի հասկանում, որ ահաբեկիչներից հետո գալու է թուրքերի և թրքամետ ուժերի հեռանալու հերթը։ Իսրայելում համոզված են, որ «նախկին Սիրիայի տարածքի 30 %-ը վերահսկում են քրդերն ԱՄՆ-ի և նրա արևմտյան դաշնակիցների աջակցությամբ», իսկ Ասադի բանակում «առավելագույնը 20 հազար մարդ կա»։ Այսպիսով, ողջ խնդիրը քրդե՞րն են, որոնք «ԱՄՆ-ի հետ են»։ Բայց վաղուց այդպես չէ։ Չնայած YPG-ի ջոկատները դեռ չեն լքել SDF-ը, բայց Դեյր Էզ Զորից ԻՊ-ի զինյալների տարհանումը հաստատում է դեռևս մայիսին արված այն հաղորդագրությունները, թե քրդերը գրեթե ամենուրեք համաձայնություն են կնքում կառավարության հետ։ Եվ արդեն հունիսից Սիրիայի այն նույն «30 % տարածքի» քրդերը ոչ թե պարզապես Ասադի դաշնակիցներն են, այլ Սիրիայի միասնական բանակի լիիրավ ծառայողներ: Կան մի շարք բացառություններ, օրինակ՝ Էր Ռաքքան, բայց այդ քաղաքը և ողջ Ռաքքա նահանգը քրդաբնակ չեն: Հաշվի առնելով Էթ Թանֆից ահաբեկիչների և նրանց հովանավորների սպասվելիք հեռացումը՝ Ասադի կողմից վերահսկվող տարածքը դառնում է համարյա 90 %: Իդլիբ նահանգն էլ, նույնիսկ թուրքերի դեռ օկուպացրած Էլ Բաբի, Ջերաբլուսի, Աֆրինի և Մանբիջի հետ, ամենևին էլ «սիրիական տարածքի» 15 %-ը չէ: Վերջապես, ևս մեկ առասպել, թե բացառապես Ռուսաստանի և նրա ՌՏՈՒ-ի շնորհիվ նախագահ Ասադը պահեց իշխանությունն ու երկիրը: Այդպես ասել նշանակում է չհարգել կամ պարզապես չհիշել ՌԴ նախագահի խոսքը, որ նա 2015-ից ի վեր բազմիցս է կրկնել. «Սիրիայի «դաշտում» կռվում են կոնկրետ մարդիկ, կոնկրետ ուժեր»:


Իսկ Ռուսաստանի և «դաշտում» գտնվողների հաջող համագործակցության բանաձևը հիշեցրեց Իրանի խորհրդարանի միջազգային գործերով գլխավոր տնօրեն Հոսեյն Ամիր-Աբդոլահիան Իրանում Սիրիայի դեսպան Ադնան Հասան Մահմուդի հետ հանդիպման ժամանակ. «Թեհրանը, Մոսկվան, «Հզբոլահը» Սիրիայում համագործակցության հաջող մոդել են: Թեհրանի և Մոսկվայի համագործակցությունը և լիբանանյան «Հզբոլահի» ջանքերը լավ փորձ դարձան Սիրիայում անվտանգության ապահովման և տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գծով»: Դիվանագիտական լեզվից թարգմանությունը պարզ է. ռուսական ՌՏՈՒ-ն հետախուզում և ռմբահարում է, իսկ «դաշտում» հարձակման են անցնում սիրիացիները, Իրանի ռազմական խորհրդականներն ու շիա կամավորները, աշխարհազորային հայերը, ասորիները և նույնիսկ քրդերը (ինչպես եղել է արևելյան Հալեպում): Իսկ եթե որևէ մեկը համարում է, թե «Ասադը բանակ չունի», ապա հիշեցնենք. 2016 թ. փետրվարի տվյալներով, Սիրիայի զանազան ռազմականացված կազմակերպություններում եղել է 150 հազար մարդ: Ավելացնենք այն 20 հազարը, որ իսրայելցիները մեծահոգաբար Ասադին «թույլ էին տվել» ունենալ, դրանց էլ ավելացնենք 150 հազար զինված մարդկանց, որոնք անապատներում, քաղաքներում, լեռներում կռվելու վիթխարի փորձ ունեն: Ահա Սիրիայի իրական բանակը, գումարած տարբեր երկրների շիա կամավորները, իրանցի ռազմական խորհրդականները: Թող լինի ոչ թե 90, այլ 80 %, գումարած ամբողջ աշխարհի շիաների աջակցությունը: ՈՒրեմն ո՞վ պետք է հուզվի սիրիացի քրդերի և ամբողջ Սիրիայի ճակատագրով: Կարծում ենք՝ ոչ քաղգործիչները և զինվորականները Անկարայում և Թել Ավիվում:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 6070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ