ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կուսակցությունների հետագիծն ու հեռանկարը

Կուսակցությունների հետագիծն ու հեռանկարը
08.10.2018 | 14:28

Հեղափոխությունը լիներ-չլիներ, ասպարզում գործող քաղաքական կուսակցությունների ճգնաժամն ակնհայտ էր, հեղափոխությունը այդ ճգնաժամը դարձրեց օրակարգի հարց` դնելով նրանց հետագա գոյության խնդիրը:


Հեղափոխությունից առաջ էլ կուսակցությունները ունեին ու հիմա էլ ունեն մեկ հիմնական խնդիր` ֆինանսավորումը: Դա է պատճառը, որ Հայաստանում գերակշռողը մարդ-կուսակցություններն են: Ով փող ունի, նա էլ կարող է կուսակցություն ունենալ: Ինչքան շատ փող` այնքան ազդեցիկ կուսակցություն` այս սկզբունքը ստիպում էր կուսակցություններին ինտեգրվել իշխանությանը, որը ֆինանսական լծակներ էր տալիս: Իր հերթին իշխանությունը, տված փողի ու իշխանության հիման վրա, պահանջում էր իր վերարտադրությունը:

Քաղաքական դաշտի չկայացման պատճառը դա է և պետք չէ հնարել այլ հեծանիվներ, ճանապարհը, միևնույն է, բոլորի համար նույնն է: Եվ այդ ճանապարհին գոյություն ունեցող ընդդիմադիր կուսակցությունները ունեին երկու տարբերակ` կամ դառնալ իշխանության կցորդը, կամ դուրս մղվել քաղաքական կյանքից` պահպանելով տեսական գոյությունը` առանց քաղաքական կյանքի վրա ներգործելու հնարավորության: Հիշու՞մ եք ընդդիմադիր «Ազգային միաբանություն» կուսակցությունը, որ այսօր դադարել է գոյություն ունենալ գործնականում` միայն անունը կա ու Արտաշես Գեղամյանը` իբրև ՀՀԿ խմբակցության պատգամավոր: Հիշու՞մ եք ընդդիմադիր ԱԺՄ-ն, որի դարձյալ միայն անունը կա ու Վազգեն Մանուկյանը` իբրև Հանրային խորհրդի նախագահ: Ի՞նչ կատարվեց ընդդիմադիր ՀԺԿ-ի հետ: 2003-ի ախագահական ընտրություններում Ստեփան Դեմիրճյանը նախագահի ընդդիմադիր թեկնածու էր, ու ի՞նչ: 2008-ի նախագահական ընտրությունները չհիշեցնեմ, որ փաստացի ավարտվեցին մարտի 1-ով: Քրեաօլիգարխիկ համակարգը ինքնապահպանության համար ոչնչացնում էր ընդդիմադիր կուսակցություններին ու ստեղծում իր կուսակցությունները` քաղաքական կյանքի պատկեր ապահովելու համար` թե իշխանական, թե ընդդիմադիր:
Այս պայմաններում ՀՅԴ-ն կարող էր ու պարտավոր էր լինել ու մնալ ընդդիմադիր դաշտում` իբրև 100-ամյակը բոլորած ու փորձառու, ավանդույթներ ու արժեքներ ունեցող կուսակցություն, որ կարող է ինքնուրույն լուծել իր ֆինանսական հարցերը: Բայց կուսակցականներն էլ մարդիկ են, իսկ մարդիկ ընդունում են օրվա քաղաքականությունից բխող որոշումներ: ՀՀՇ-ի իշխանության օրոք ՀՅԴ-ն դարձավ ընդդիմադիր ու դա ավարտվեց Դրոյի հայտնի գործով` ահաբեկչության մեջ մեղադրանքով ու կուսակցության արգելումով: 1998-ին իշխանափոխությունից հետո ՀՅԴ-ն «իրավիճակի փոփոխության» ձևակերպումով դուրս եկավ ընդհատակից ու ընդմիշտ նվիրվեց օրվա իշխանությանը,: Այդպես սկսվեց կուսակցության սերտաճումը ձևավորվող քրեաօլիգարխիկ համակարգին և անցած տասնամյակներում` ՀՅԴ-ն կոալիցիա մտնում էր, թե դուրս էր գալիս` դեմքը պահպանելու համար, կերկրատաշտից չէր հեռացվում, որ իրական ընդդիմադիր չդառնար: Իշխանությունը ՀՅԴ-ի համար ապահովում էր իր 7-8 տոկոսը և բոլորը գոհ էին, համարվում էր, որ ՀՅԴ-ն ունի իր կայուն ընտրախավը` «Հին ընկերները չեն դավաճանում»: ՀՅԴ-ի էլիտան բարգավաճում էր` ՀՀԿ-ից ոչ պակաս, անընդհատ խնդիրներ էին առաջանում արտասահմանյան կառույցների հետ, բայց այնտեղ էլ մարդիկ են` լեզու էին գտնում:

Պարբերաբար ինչ-որ մարդիկ հեռացվում կամ հեռանում էին ՀՅԴ-ից, բայց կուսակցության քաղաքականությունը չէր փոխվում: Այդպես ՀՅԴ-ն Հայաստանում կորցրեց իր ընտրողին` ունենալով նույնիսկ ՀՅԴ-ական մարզպետներ, իսկ մարզպետը ավանդաբար մարդ է, որ պատասխանատու է մարզի ընտրության արդյունքների համար: Թավշե հեղափոխությունը ՀՅԴ-ի առաջ բացեց բուն իրականությունը` ոչ ոք արդեն իր համար թիվ չի նկարելու, իսկ ինքնուրույն քվե ստանալու համար ՀՅԴ-ն այլևս չունի ոչ բարոյական իրավունք` քրեաօլիգարխիկ համակարգի մաս լինելով տասնամյակներ, ոչ էլ ֆինանսական հնարավորություններ: Գաղափարների մասին լռենք: Սոցիալիստական կուսակցությանը երկար ժամանակ է պետք` վերադառնալու իր նախնական գաղափարախոսությանը, ինքն իրեն հասկանալու ու պարզելու` ո՞րն է իր դերը այս Հայաստանում: ՀՅԴ-ն ունի ևս մեկ ծանր հարց` կադրեր չկան, որ կարող են այս պայմաններում կուսակցությունը պահել ու այնպես պահել, որ Հայաստանի քաղաքական դաշտում առաքելություն ունենան, երբ քվոտաներ չկան:
ՀՅԴ-ին վերջին հարվածը ներկա ղեկավարները տվեցին նախ Նիկոլ Փաշինյանին միանալով, հետո նրանից հեռանալով հոկտեմբերի 2-ին Աժ արտահերթ նիստով: Այսօր ՀՅԴ-ն հոդաբաշխ բացատրություն չունի ոչ հեղափոխությանը կցվելու, ոչ հեղափոխությունը «գցելու» համար: Իհարկե, հնչում են հայտարարություններ ու տրվում են ինչ-որ հիմնավորումներ, բայց դրանք կապված են իրավիճակին, ոչ ՀՅԴ-ի կողմնորոշմանը: Այս վիճակում գտնվող ՀՅԴ-ի հետագա ներկայությունը խորհրդարանական կառավարման անցած Հայաստանի Ազգային ժողովում իմաստազրկվել է: Իրավիճակի ու իրենց դերի իմաստավորման քավարանն անցնելուց հետո միայն ՀՅԴ-ն իրավունք կունենա վերադարձի:


Ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ում: Կուսակցության պատմական անցյալին ու այդ անցյալում լուծած ու չլուծած խնդիրներին չանդրադառնանք, դա հայտնի ու երկար պատմություն է: Ի՞նչ է կատարվում այսօրվա ԲՀԿ-ում: Փաստացի` ԲՀԿ նախագահը հայտարարեց, որ ինքը հեղափոխության հայրերից մեկն է, միայն իր հետ խոսակցությունից հետո վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, իր ջուրն էին հեղափոխականները խմում ու ինքն էր 700-800 մարդ ունեցող Նիկոլ Փաշինյանի սկզբնական հանրահավաքներին մարդ ուղարկում, վերջապես` «Ծառուկյան» դաշինքի ձայների շնորհիվ նաև մայիսի 8-ին վարչապետ դարձավ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ-ն հակադարձեց` ջուրը չի խմել, հացը չի կերել, Ծառուկյանն էլ հեղափոխության էությունը չի հասկացել: Նրա բացակայությամբ` ԲՀԿ-ն միացավ ԱԺ կանոնակարգի փոփոխությանը: Նրա մասնակցությամբ ԲՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում հազիվ ձգեց 8 տոկոսի, որ չես համեմատի ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժի ձայների հետ: Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերությանը հարցազրույցում կարմիր գիծ քաշեց իր ու երեք նախագահների միջև ու ինքնաբուխ միացավ ժողովրդին: Կարծես ամեն ինչ պարզ է` ԲՀԿ-ն նորից է թռչում հեղափոխության գնացքի վերջին վագոնը: Բայց շարքային ԲՀԿ-ականները փաստացի իրենց նախագահի հեռուստաընկերության հաղորդումները չեն նայում: Փոփոխություն կա՞ ԲՀԿ դիրքորոշման մեջ, քանի որ Ծառուկյանը հայտարարեց, որ եթե ժողովուրդը արտահերթ ընտրությունները պահանջում է դեկտեմբերին, ուրեմն կլինի դեկտեմբերին հարցին, ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը պատասխանել է. «Ոչ, որևէ փոփոխություն չկա, կարծում եմ, պարոն Ծառուկյանը նկատի ուներ, որ կառավարությունը չպետք է շեղվի իր իսկ սահմանած խաղի կանոններից։ Կառավարության ծրագրում հստակ գրված էր, որ անհրաժեշտ է արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել մեկ տարվա ընթացքում, մեկ տարին լրանում է հունիսի 1–ին»։

ԲՀԿ պատգամավոր՝ Միքայել Մելքումյանն ավելի առաջ է գնացել ու բացատրել է` Ծառուկյանի հայտարարությունը չի նշանակում, որ իրենք նահանջում են իրենց նախկին դիրքորոշումից: Հոկտեմբերի 2-ին գերակտիվ Նաիրա Զոհրաբյանի ձայնը չի գալիս ոչ մի տեղից: ԲՀԿ-ի «նախկին դիրքորոշումը» դեմ լինելն էր դեկտեմբերին արտահերթ ընտրությանը, հիմա ի՞նչ է ուզում ԲՀԿ-ն` կո՞ղմ է, թե՞ դեմ: Նոնսենս չի լինի, եթե կուսակցության կեսը կողմ լինի, կեսը` դեմ, դա ԲՀԿ-ի պարագայում համարվում է ժողովրդավարության դրսևորում` երբ կուսակցությունը ոչ մի սկզբունքային հարցում չունի սկզբունքային տեսակետ: Հարց` իսկ անելի՞ք ունի ԲՀԿ-ն այսօրվա Հայաստանում, չհաշված Գագիկ Ծառուկյանի բարեգործական ծրագրերը: Իվերջո, եթե այլևս վերացել է ԲՀԿ-ի այս ու այն քաղաքական ուժին սպասարկելու անհրաժեշտությունը և եթե ԲՀԿ-ն այլևս բարեգործական ծրագրեր չի անելու, ի՞նչ է մնում կուսակցությանը, որ իր ստեղծման օրից քաղաքական չի եղել, այլ քաղաքականություն իրականացնելու միջոց է եղել` նախ Ռոբերտ Քոչարյանի, հետո` Սերժ Սարգսյանի ձեռքին, հընթացս` միանալով ու հեռանալով բուրժուադեմոկրատական հեղափոխություն երազող Լևոն Տեր-Պետրոսյանից: Նիկոլ Փաշինյանին ԲՀԿ-ն այլևս պետք չէ: Նիկոլ Փաշինյանն է պետք Գագիկ Ծառուկյանին` երաշխիքներ տալու, որ ԱԱԾ-ն այլևս ԲՀԿ-ին ու ԲՀԿ-ականներին «ասֆալտին չի պառկացնի»` ածանցյալ հետևանքներով, որոնցից ամենացավոտը սեփականության կորուստն է: Փոխարենը նա պատրաստ է ցանկացած քաղաքական խնդիր լուծել` ինչպես եղել է նախկին նախագահների դեպքում: Բայց շարքային ԲՀԿ-ականները սկսել են հասկանալ, որ Գագիկ Ծառուկյանն այլևս հովանի չի իրենց ու անձամբ պիտի լուծեն իրենց գոյության հարցը քաղաքականության մեջ: Կրկեսը փակվել է, հայրենիքը շարունակվում է այլ կանոններով ու պայմանավորվածությունները կամ չեն կայանում, կամ խախտվում են` առանց որևէ երաշխիքի: ԲՀԿ-ն ավարտել է իր պատմական դերը այն պահից, երբ կրկեսի դռները փակվեցին, ինքնաբավ գոյության հնարավորությունները կսպառվեն, երբ Գագիկ Ծառուկյանն այլևս փող չտա կուսակցությանը, իսկ ընտրողն ապացուցել է, որ ձրի ձայն չի տա ԲՀԿ-ին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Այս ամենը լավ կլիներ քաղաքական դաշտի քաղաքականացման տեսակետից, բայց երթևեկությունը միակողմանի է ստացվում: Ինքնահաստատման ճանապարհին ՔՊ-ն տեսնում է միայն իրեն ու դարձյալ իրեն: Նիկոլ Փաշինյանը չի կարողանում դուրս գալ հեղափոխության մունետիկի դերից ու դառնալ պետական գործիչ` վարչապետ, որ պատասխանատու է նաև իշխանական ու ընդդիմադիր դաշտի կայացվածության համար` ապահովելու հավասարակշռություն ու բնականոն զարգացում: Նրա հռետորաբանությունը բնավ չի նպաստում քաղաքական ճգնաժամի լիցքաթափմանը ու գործնական մթնոլորտին: Օրը մեկ «հակահեղափոխականներին» աղբարկղ ուղարկելով` նա չի թեթևացնում հեղափոխականների գործը` լոկալացնելով ու N թվով մարդկան գործ դարձնելով հեղափոխությունը: Հայտարարությունների մակարդակով սեր ու հանդուրժողականություն հռչակելով` նա օրինակ է ծառայում իր կուսակիցներին Հայաստանի Հանրապետությունում անհանդուրժողականություն ու ատելություն սփռելու, պատահական չեն սոցիալական ցանցերում անընդհատ հորձանք տվող հայհոյախառն ու այլատյաց գրառումները, անհեթեթ ու ինքնագովազդող բաց նամակները: Լուրջ խնդիրներ ունեցող ու լուծել ցանկացող պետությունը պետք է դուրս գա մանկամտությունից, եթե չասենք լակոտամտությունից, ու զբաղվի այդ խնդիրներով` ամբողջ ժողովրդի ընդգրկումով:

Դիտվել է՝ 3881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ