ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի «հակահեղափոխության» պատմություն

Մի «հակահեղափոխության» պատմություն
05.10.2018 | 00:51

Ցանկացած պետության համար աղետ է, երբ իշխանության են գալիս աստվածուրաց ու տգետ մարդիկ: Նրանք իրենց շուրջը ստեղծում են իրենց նման մթնոլորտ. մարդիկ ունեն հացի խնդիր և ստիպված են հարմարվել, դառնալ նրանց նման` ստորություններ անել, դավաճանել` գլուխը պահելու համար: Քչերը կարող են դիմադրել տգետ ու աստվածուրաց իշխանությանը: Միայն նրանք, որ պատասխանատվություն չունեն իրենց ընտանիքի համար, օրվա հաց աշխատելու խնդիր չունեն, սկզբունքային են ու անկոտրում: Ընդհանուր աղտոտված ու այլասերված միջավայրում նրանք համարվում են խելագարներ ու կորցնում են հասարակական կարևորությունը` դուրս են մղվում տգետների ու աստվածուրացների հաստատած «կարգուկանոնի» դաշտից: Կարևոր չէ` այդ տգետներն ու աստվածուրացները լավ, թե վատ օրենքներ, ճիշտ, թե սխալ որոշումներ կընդունեն, նրանց ձևավորած մթնոլորտում ամեն ինչ փչանում է: Շողոքորթության, նենգության, դավաճանության, ստորաքարշության, սեփական բթությունն ու ոչնչությունը ուրիշներին իբրև իմաստնություն ու վեհություն պարտադրելու մթնոլորտում` իրենց սպառնացող ամենօրյա, ամենժամյա վտանգի մեջ ինքնապահպանության բնազդը մարդկանց ստիպում է մանևրել ու նույնքան ստորանալ` նրանք սկսում են դավաճանել իրենց ընկերներին ու մերձավորներին, ստել ու խաղեր տալ: Նրանք գուցե հասկանում են, գուցե չեն հասկանում, որ իրենց ընկերների գլուխն ուտելուց հետո իշխանությունն անցնելու է իրենց, որովհետև տգետներն ու աստվածուրացներն իրենց ապահով են զգում միայն յուրայինների շրջապատում` նախապես նրանց վրա էլ կոմպրոմատներ հավաքելով, որովհետև հարաբերությունների այլ կերպ նրանք չգիտեն: Բացարձակ վստահություն նրանց տալիս է փողը, հնարավորինս շատ փողը, որ ավելի շատ շարժական ու անշարժ գույք գնեն, այդ թվում` մարդկանց: Նրանք ստեղծում են ու արժեք են հայտարարում իրենց նմաններին, որովհետև տգետ են, որովհետև աստվածուրաց են, որովհետև չգիտեն` կյանքը ուրիշ ո՞նց է լինում: Ահա ձեզ կոռուպցիայի ու իշխանության բռնազավթման, ընտրությունների կեղծման ու հասարակության ճգնաժամի մեխանիզմը` մուկը նույնիսկ մեղրի կարասն է մուխտառում:


Սա` օրվա թեմայից դուրս, բայց և օրվա թեմայով: Տգետների ու աստվածուրացների ցեղը ամենադիմացկունն է բոլոր երկրներում ու բոլոր ժամանակներում. այդ նրանք են սպանել Հուլիոս Կեսարին ու Մոցարտին, նրանք են գնդակահարել շարքային մարդու հույսերն ու երազները արժանապատիվ կյանքի ու պատվի մասին: Միշտ և ամենուր, որ իրենք ապրեն ու բազմանան: Մարդու մեջ մարդուն վերացնելու հաշվին: Եվ ուրեմն առաջնահերթը բարոյահոգեբանական մթնոլորտի փոփոխությունն է` վախի, ստորաքարշության ու կեղծիքի միջից դուրս գալու, կռապաշտությունը հարաբերությունների կանոնակարգ չդարձնելու, խաբելու, ստելու, ձևեր թափելու անհրաժեշտությունը վերացնելու մեջ:
Չի ստացվում: Ոչ մի կերպ: Դեռ չի ստացվում:


Ի՞նչ կատարվեց հոկտեմբերի 2-ին: Մանրամասների մեջ չմտնելով, որոնք լավ հայտնի են բոլորին, պատկերն այսպիսին է.
1. Սիրո ու համերաշխության կարգախոսով, այնուամենայնիվ, գեներացվում է ատելության ու անհամերաշխության մթնոլորտը: Գուցե դա ճանապարհներից ամենակարճն է, բայց լավագույնը ու հաստատ միակը չէ: Մայիսի 8-ից հետո ու հատկապես Երևանի ավագանու ընտրարշավի օրերին հասարակության բևեռացումն ու հակադարձ խրամատներում տեղավորելը հայտարարվեց միակ ճանապարհ` հանուն հեղափոխության հաղթանակի: Դա սկզբունքային սխալ է:


2. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդեն ուներ հասարակության գերվստահության մանդատը` նոր գեներացիայի անհրաժեշտությունը հայտնի է միայն նրան: Փոխարենը նա կարող էր ընտրել խորհրդարանի քաղաքական ուժերի հետ բանակցությունների ճանապարհը, որոնց ձախողումից հետո միայն դիմել ժողովրդի աջակցությանը:

Բայց նա նույնիսկ «Ելքի» դաշնակից կուսակցությունների հավատարմությունը կասկածի տակ դրեց և հեղափոխության բոլոր դափնիները շարեց ՔՊ-ի ուսերին, որոնք հրապարակավ ճկվում են:

3. ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ՀՅԴ-ն բացահայտորեն կյանքից կտրված ու իրավիճակի ընկալման ունակությունից զուրկ են` նրանց բոլոր գործողությունները դա են ապացուցում: Երեք կուսակցությունների միակ հանգրվանը մնացել են Սահմանադրությունն ու օրենքները, որոնց հետ մանիպուլյացիաներով փորձում են մնալ քաղաքական դաշտում: Բացի հասարակության մեջ պահանջարկվածության իսպառ բացակայությունից` նրանք խնդիրներ ունեն միմյանց հետ ու իրենց ներսում:


4. Երկու տասնամյակ ՀՀԿ-ն եղել է անսասան հովանի, որի ներքո ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կերտել են իրենց կենսագրությունը իբրև խորհրդարանական ու քաղաքական ուժ` նախապես նախագահականում հաստատված ընտրացուցակներով ու քվոտաներով` միմյանց մեջ բաժանելով իշխանությունը, տնտեսությունը, նույնիսկ մշակույթն ու իրավունք ստանալով անպատիժ տնօրինել «իրենց» մասնաբաժինը` շրջանցելով օրենքներն ու իրավունքի ուժով կայացնելով որոշումներ: Նրանք համատեղ են կեղծել ընտրությունների արդյունքներն ու ընտրակաշառք բաժանել: ՀՀԿ-ի վերահսկողությամբ են խորհրդարանում հայտնվել մյուս քաղաքական ուժերը` ապահովելու ձևական ժողովրդավարության պատկերը` իրականում զուրկ լինելով որոշումների ընդունման վրա որևէ ազդեցությունից:


5. Հեղափոխությունից հետո ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն հայտնվել են իրականությանը դեմ հանդիման, այն իրականությանը, որ իրենք չեն ծրագրել ու իրենցից կախված չէ: Նրանց մնացել է միայն շատ փոքր տարածք` Բաղրամյան 19-ը, որտեղ կարող են կազմակերպել սակրալ դիմադրության շարժում ու ձգել իրավիճակը այնքան, որ կամ դրսից իրենց օգնության գան, կամ ներսում իրավիճակ փոխվի: Սխալ հաշվարկ է, բայց բխում է իրենց տասնամյակների գոյության տրամաբանությունից, նրանք ուղղակի չեն պատկերացնում` ուրիշ ինչպե՞ս կարող է լինել:


6. Նրանց գրած ու ընդունած օրենքները այժմ նրանց միակ պաշտպանն են: ՈՒրիշ աջակից չունենալով` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն անում են ճակատագրական սխալներ, որ փակում է նրանց հետագա գործունեության դռները: Խնդիրը միայն ժողովրդի ներել-չներելը չէ, քվե տալ-չտալը չէ, խնդիրը քաղաքական դաշտի շարունակական ամայացումն է: Այո, իրեն սպառած համակարգը պետք է քանդել, բայց դա չի նշանակում, որ նախկին համակարգի սկզբունքով պետք է նորը կառուցել` քաղաքական դաշտը թողնելով ՔՊ-ի մենիշխանությանը: Այս ընթացքով սկիզբ է դրվում պերմանենտ արտահերթ ընտրությունների ու քաղաքական ճգնաժամերի:


7. 2019-ի մայիսի 9-ին ԱԺ-ն կարող է անվստահություն հայտնել վարչապետին ու կառավարությանը, եթե մինչ այդ չլինեն ԱԺ արտահերթ ընտրություններ: Ըստ` Սահմանադրության: Բայց դա չէ ելակետը, որ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է մինչ այդ լինեն: Ելակետը հեղափոխությունն ավարտելու անհրաժեշտությունն է: ՈՒ դա սոցիալ-տնտեսական հիմնավորում չունի, հիմնավորումը զուտ քաղաքական է` իշխանությունը պետք է լինի կայուն ու կանխատեսելի:


Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու խորհրդարանի ապստամբ քաղաքական ուժերի բանակցությունները փաստացի ավարտվել են զրոյական կետում: Նիկոլ Փաշինյանի կոչով մեկ ժամում հրավիրված հանրահավաքում նրա հայտարարությունները իրավիճակը լիցքաթափելու նպատակ ունեին: Նա պաշտոնազրկեց ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի 6 նախարարների, որ հաջորդ օրը հրամանագրով հաստատեց նախագահ Արմեն Սարգսյանը: Փաստացի` Նիկոլ Փաշինյանը իրավիճակը բերեց ապրիլի 16-ի դիրքերին, երբ դեռ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն բարեհաջող չէին հանգրվանել հեղափոխության գնացքի վերջին վագոնում ու չէին միացել թավշե հեղափոխությանը: Իսկ դա նշանակում է, որ այդ կուսակցություններն այլևս ազատ են իրենց որոշումներում ու պարտավորված չեն աջակցել Նիկոլ Փաշինյանին և ունեն միավորվելով` ինքնապաշտպանվելու հզոր խթան: Նրանք, որ զարմանքով հարցնում են, թե ինչու՞ հակահեղափոխությանը միացան ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, չեն ընդունում իրենց սկզբնական սխալը` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն երբեք էլ չէին միացել հեղափոխությանը` այդ պահին լուծեցին ինքնապահպանման խնդիր:


Ի՞նչ է հիմա կատարվելու: Նիկոլ Փաշինյանը պնդելու է ԱԺ արտահերթ ընտրությունները ամենաուշը դեկտեմբերին անցկացնելու անհրաժեշտությունը` իր հրաժարականի և 2 անգամ վարչապետ չընտրելու սահմանադրական ճանապարհով: ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն փորձելու են պայմաններ առաջադրել ու ժամանակ ձգել` Ընտրական նոր օրենսգրքի ընդունում, խորհրդարանի վրա ճնշում գործադրելու անթույլատրելիություն, ոստիկանության փոխարեն ներքին գործերի նախարարության ստեղծում ու ոստիկանության վերահսկողությունը Աժ-ին հանձնել, ժամանակ տալ հասարակությանը ու քաղաքական ուժերին ընտրությանը պատրաստվելու, և այլն, և այլն… Բայց ժամանակ չկա` ոչ Նիկոլ Փաշինյանը ժամանակ ունի, ոչ… Հայաստանի Հանրապետությունը:


Աժ կանոնակարգ սահմանադրական օրենքի արտահերթ նիստով ու ձեռքով քվեարկությամբ ընդունումը հաստատում է, որ անկյուն քշված քաղաքական 3 ուժերը շարունակելու են դիմադրության նոր հնարքներ մտածել ու գործադրել: Եթե նույնիսկ փաստաթուղթ ստորագրվի, երաշխիք չկա, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն կհարգեն ստորագրության պատիվը և վկայակոչելով իրավիճակի փոփոխությունը` չեն խախտի պայմանավորվածությունը ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո վարչապետ չեն առաջադրի և չեն ընտրի` նրանք արդեն ապացուցել են գիշերային նիստերի ու ձեռքով քվեարկության իրենց հաստատակամությունը: Ի վերջո` իսպառ փոշիացնելով հասարակության համակրանքի վերջին ռեսուրսները` նրանց այլ ելք չի մնում: Գրեթե անհնար է, որ ազատ, արդար, անկաշառք ընտրություններում նրանց ձայն տան այնքան, որ մտնեն խորհրդարան ու կարողանան ազդել որոշումների ընդունման վրա: Նրանք երկու ճանապարհ ունեն` կամ մինչև վերջ գնալ քաղաքական ինքնասպանության, կամ դադար տալ ու տեսակետ փոխել` հաշվի առնելով, որ Բաղրամյան 19-ից դուրս ապրող Հայաստանն իրենց հետ չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խնդիրն ավելի դժվար է` ինքն իրեն փակուղի տանելով բևեռացման ու «թշնամիներին» «մայթերին պառկացնելու» ու «պատերով տալու» կոչերով` նա փաստացի Հայաստանը հայտարարեց վտանգավոր գոտի` երկար ժամանակով ինքն իրեն զրկելով արտասահմանյան ներդրումներից, քաղաքական կոչերով պետություն չես պահի, վաղը նույն ցուցարարները պատասխան են պահանջելու իր խոստումների դիմաց: Նրանք այսօր րոպեական կատարում են վարչապետի պահանջները ու չեն ներելու իրենց կամա-ակամա խաբելու համար: Ամբողջական իշխանություն ունենալով` Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանալու «թշնամիներով» պայմանավորել տնտեսության վիճակն ու կենսամակարդակ բարձրացնելու անկարողությունը: Նրան պետք են աջակիցներ, որոնց նա հերթով «պատերով է տալիս»` հույսը դնելով ժողովրդի վրա: ՈՒ՞մ վրա հույսը դնի ժողովուրդը, եթե արձաններ դնելուց, սրբապատկերելուց ու բացարձակ իշխանություն տալուց հետո նրանից չստանա համարժեք փոխհատուցում` վերջապես օրինականության դաշտում արժանապատիվ ու նորմալ ապրելու ու աշխատելու հնարավորության տեսքով: Փաստացի հարցը հիմա ոչ այնքան ԱԺ արտահերթ ընտրություններն են, որքան ի՞նչ է լինելու հետո: Առայժմ Նիկոլ Փաշինյանի քայլերը իրադարձային են ու որևէ ծրագրի գոյություն չեն վկայում: Նա անում է քայլեր, որոնք այդ պահին համարում է անխուսափելի, մինչդեռ նախապես մտածելու ու որոշումներ կայացնելու, այդ որոշումների հետևանքները հաշվարկելու հնարավորություն նա, կարծես, ինքն իրեն չի ուզում տալ: Իսկ դա վկայում է, որ նա մենակ է իր վիթխարի պատասխանատվության տակ, որ չի ուզում որևէ մեկի հետ կիսել, և չգիտի` ինչ անել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. …Իսկ Շառլ Ազնավուրը վերևից նայում է Հայաստանին ու այլևս չի ուզում… երգել:

Դիտվել է՝ 2500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ