ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միջանկյալ ընտրություններ ԱՄՆ-ում` արժի՞ հուզվել Թրամփին

Միջանկյալ ընտրություններ ԱՄՆ-ում` արժի՞ հուզվել Թրամփին
18.09.2018 | 09:34

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունը քվեաթերթիկներում չի լինելու, որ նոյեմբերի 6-ին կտան ընտրողներին, սակայն միջանկյալ ընտրությունների արդյունքները վիթխարի ազդեցություն են ունենալու նրա նախագահության մնացած ժամանակի վրա: Ամերիկացիներն ընտրելու են 35 սենատոր, 36 նահանգապետ, Ներկայացուցիչների պալատի 435 անդամ ու տասնյակ այլ օրենսդիրների: Ընտրությունների արդյունքները մեծ նշանակություն ունեն` եթե դեմոկրատները վերադարձնեն Սենատի նկատմամբ վերահսկողությունը, կկարողանան լրջորեն սահմանափակել Դոնալդ Թրամփին նախագահության վերջին 2 տարում:

Վերլուծաբանները կանխատեսում են, որ Ներկայացուցիչների պալատում տասնյակ մանդատներ, որ այսօր հանրապետականներինն են, կարող են անցնել դեմոկրատներին: Նոյեմբերի ընտրություններում վիճարկվում է 435 մանդատ: Սենատում հանրապետականներն ավելի լավ դիրքեր ունեն` այնտեղ միայն 9 մանդատ կարող են կորցնել: Միջանկյալ ընտրությունները կարելի է համարել վստահության հանրաքվե նախագահին, իսկ դա որպես կանոն վատ նորություն է կուսակցության համար, որ Սպիտակ տանն է: 1934-ից միջանկյալ ընտրություններն անցկացվել են 21 անգամ և այդ ամբողջ ընթացքում նախագահական կուսակցությունը միայն երեք անգամ կարողացել է մանդատներն ավելացնել Համայնքների պալատում ու հինգ անգամ Սենատում: Նախագահի վստահության վարկանիշը ցուցիչ է, թե ինչ արդյունք կունենա նրա կուսակցությունը: Դոնալդ Թրամփի վարկանիշը հիմա իր նվազագույն նիշին է հասել` 40%: Համեմատության համար` 2010-ի միջանկյալ ընտրություններից առաջ Բարաք Օբամայի վարկանիշը 45% էր, և դեմոկրատները կրեցին ԱՄՆ պատմության մեջ ամենամեծ պարտությունը:


Նախընտրական հարցումները ևս հանրապետականներին առանձնապես մեծ հույսեր չեն տալիս` դեմոկրատները իրենց մրցակիցներից առաջ են 10 %-ով, և դա կուսակցության լավագույն ցուցանիշն է տարեսկզբից:
Կոնգրեսի անդամների միջին տարիքը 60 է, այդ պատճառով էլ կոնգրեսմենների հաճախակի հրաժարականները ոչ մեկին չեն զարմացնում: Սակայն ընտրություններում առաջադրվելու փոխարեն հանգստի անցնող հանրապետականների թիվը այս անգամ շատերին ապշեցրեց: 30 հանրապետականներ հրաժարական են տվել, շատերը լքել են պաշտոնը: Ոմանք սեքս սկանդալներից հետո, ոմանք անցել են այլ պաշտոնների: Հրաժարականի պատճառներց մեկը շատերն անվանում են Թրամփին: Նրանցից մեկը CNN-ին ասել է. ՙԵս հասկացա, որ զբաղվում եմ Դոնալդ Թրամփի մասին հարցերին պատասխանելով, ոչ թե առողջապահության կամ հարկային քաղաքականության՚: Դա լավ նորություն է դեմոկրատների համար, հարցումները վկայում են, որ արդեն պաշտոններ ունեցող թեկնածուներն իրենց մրցակիցներից շատ շանսեր ունեն հաղթելու` մասնակիորեն իրենց ճանաչելիության ու միջոցներ հավաքելու հնարավորությունների բերումով: Դեմոկրատներն ակտիվորեն ընդլայնում են իրենց շարքերը` հիմնականում Դոնալդ Թրամփի շնորհիվ: Այս տարի նրանք Ներկայացուցիչների պալատում ամենամեծ թվով թեկնածուներ ներկայացրին` սկսած 2008-ից` 1500:


Միջանկյալ ընտրություններում սովորաբար մասնակցությունը ցածր է: Եթե նախագահի համար քվեարկում է ամերիկացիների 60%-ը, միջանկյալ ընտրություններում` 40%: 2014-ին քվեարկել է 35,9%, որ ամենացածր ցուցանիշն է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Ցածր տոկոսը ձեռնտու է հանրապետականներին` սովորաբար ավելի պարտաճանաչ են տարիքով սպիտակները, որ ձայն են տալիս հանրապետականներին: Դեմոկրատները հույս ունեն, որ այս անգամ Թրամփի ցածր վարկանիշը կստիպի երիտասարդներին, կանանց ավելի մեծ ուշադրություն հատկացնել ընտրություններին:


Եթե նոյեմբերին դեմոկրատները վերահսկողություն հաստատեն մեկ կամ երկու պալատներում, նրանց կհաջողվի սահմանափակել նախագահ Թրամփի հնարավորությունները նախագահական ժամկետի վերջին երկու տարում: Դեմոկրատները կարող են վերահսկողության տակ վերցնել Կոնգրեսի կարևոր հանձնաժողովները, որ թույլ կտա հետաքննությունների շարք սկսել, այդ թվում` նախագահի բիզնես գործարքների ու սեքս սկանդալների վերաբերյալ: Թրամփի հրաժարականի կոչերը կարող են ավելի բարձր հնչել դեմոկրատների հաջողության դեպքում Ներկայացուցիչների պալատում, սակայն դա անիմաստ կլինի, եթե նրանց չաջակցեն հանրապետական սենատորները: Իմպիչմենտի համար պետք է սենատորների ձայների 2/3-ը:


ԱՄՆ նախագահներից միայն երկուսն են իմպիչմենտի ենթարկվել` Էնդրյու Ջոնսոնը և Բիլ Քլինթոնը, երկուսն էլ արդարացվել են Սենատի հետաքննությունից հետո: Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց Ուոտերգեյթյան սկանդալից հետո` իմպիչմենտի սպառնալիքի տակ: Ուղղակի կմեծանան դեմոկրատների հնարավորությունները հաղթել Թրամփին 2020-ի նախագահական ընտրություններում:
ВВС


Հ.Գ. Դոնալդ Թրամփն արդեն հայտարարել է, որ իր թեկնածությունը դնելու է երկրորդ ժամկետի համար: Որքան էլ տարօրինակ հնչի` հաղթելու բոլոր շանսերն ունի` տնտեսական աճ, գործազրկության նվազում ու աշխատատեղերի ստեղծում, բարեկեցության աճ` այս ցուցանիշները շարքային ամերիկացիների համար ավելի կարևոր են, քան Մյուլերի հանձնաժողովն ու տարատեսակ հետաքննությունները, որ դեմոկրատները նախաձեռնում են իրենց դիրքերն ամրապնդելու համար: Բայց դա կլինի քաոսի ևս 4 տարի աշխարհի համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ