Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Ի՞նչ կա Հովիկ Աբրահամյանի մտքին

Ի՞նչ կա Հովիկ Աբրահամյանի մտքին
10.09.2015 | 10:59

Սեպտեմբերի 8-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գրոդնոյում էր՝ մասնակցում էր ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ու մյուս վարչապետերի հետ քննարկում էր ինտեգրացիոն փոխգործակցությունը: Մասնավորապես՝ ԵԱՏՄ շրջանակում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունները, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ապահովումը, ծառայությունների միասնական շուկայի ձևավորումը, արտասահմանյան երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը: Նա ելույթ է ունեցել և, ըստ պաշտոնական հաղորդագրության, ասել է, որ հայկական կողմն աջակցում է նիստում ներառված և համաձայնեցված փաստաթղթերի նախագծերի ընդունմանը, որոնք ընդգրկում են ԵԱՏՄ-ի շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ: Հայաստանը կարևորում է քայլերը, որոնք ուղղված են արդյունաբերական համագործակցության ընդլայնմանը և խորացմանը ԵԱՏՄ շրջանակներում: «Հովիկ Աբրահամյանը կարևորել է մակրոտնտեսական և դրամավարկային քաղաքականության իրականացման գործում փոխհամաձայնեցված փորձի փոխանակումը»՝ թերևս այս նախադասությունը պետք է «թարգմանել» իբրև ՀՀ վարչապետի առաջարկ, որ չկա նրա այցի մասին հայկական պաշտոնական տեղեկատվության մեջ, բայց կա բելառուսական պաշտոնական աղբյուրներում: «Բելտա»-ի համաձայն՝ ՀՀ վարչապետն առաջարկել է ռազմավարական ապրանքների փոխադարձ առևտրում անցնել ռուսական ռուբլով հաշվարկի: Թե ինչ են պատասխանել ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի վարչապետերը, պատմությունը խորիմաստ լռում է: Առայժմ: Ռազմավարական ապրանքը, որի փոխադարձ առևտուր կա, ավելի ճիշտ՝ Հայաստանի համար՝ առք, Ռուսատանի համար՝ վաճառք, գազն է: Ռուսաստանը վաղուց է փորձում այլ պետությունների հետ առևտուրը կատարել դոլարի շրջանցումով, ինչպես Պեկինում կնքված գազի վաճառքի «դարի պայմանագիրն» էր: Հարցը թե քաղաքական է, թե ֆինանսական: Ավելի շատ՝ քաղաքական: Ի՞նչ է ուզում Հայաստանը: Գազի դիմաց ՌԴ-ի հետ ռուբլով հաշվարկի անցնելու հարցը վաղուց կար: Մասնագետները համարում են, որ Հայաստանի համար գազի հաշվարկը ռուբլով իրականացնելը ձեռնտու է: Բայց կա երկու «բայց»՝ նախ՝ ռուբլու կուրսը ինչպե՞ս «կանգնեցնել» ու հաշվարկել, երկրորդ՝ ինչո՞ւ է այդ հարցը փոխադրվել ԵԱՏՄ, եթե սոսկ վերաբերում է հայ-ռուսական «ռազմավարական ապրանքներին»: Կա նաև երրորդ «բայցը»՝ ՀՀ վարչապետը ելույթ է ունեցել ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ու առաջարկ է արել: Եթե այդ առաջարկը իսկապես վարչապետն ինքը կարևորում էր, ինչո՞ւ ոչ մի խոսք չկա պաշտոնական տեղեկատվության մեջ: Եթե չէր կարևորում, ինչու՞ է նման առաջարկ արել: Հայկական ինքնաբու՞խ, թե՞ իսկզբանե ռուսական նախաձեռնություն է ԵԱՏՄ-ում ռուբլուն անցումը փոխադարձ առևտրում, որը, բնականաբար, ոչ Բելառուսի, ոչ Ղազախստանի տնտեսական ներկա վիճակում չէր կարող աջակցություն ստանալ, բայց կարևոր էր հնչեցնել իբրև հեռանկար ու պարզապես փորձաքար՝ ով ինչ կասի: Առայժմ նույնիսկ Հովիկ Աբրահամյանը չի ասում՝ ի՞նչ է ասել ու ո՞ւմ:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. «Անդրադառնալով ԵԱՏՄ-ի՝ Եվրոպական միության հետ համագործակցության կարևորությանը, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հաշվի առնելով ԵՄ-ի հետ առևտրատնտեսական հարցերով բանակցությունների կուտակած փորձը, Հայաստանը պատրաստակամ է աջակցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ԵՄ-ի հետ համապատասխան երկխոսության ձևավորմանը, ինչը կնպաստի ինտեգրացիոն գործընթացների զարգացման փոխշահավետության և փոխլրացնող սկզբունքի ապահովմանը»՝ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Գրոդնոյում ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հետաքրքիր է՝ եթե նա իր այս առաջարկը գոնե լուրջ է ընդունում, «համապատասխան երկխոսության ձևավորման» ընթացքում առաջարկելու է առևտուրը կազմակերպել եվրոյո՞վ, դոլարո՞վ, ռուբլո՞վ, թե՞ իբրև միջնորդ կողմի ջանքերի գնահատական՝ դրամով: Փառահեղ կլիներ վերջին տարբերակը:

Դիտվել է՝ 961

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ