«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Հայերի առաքինությունները բուն ազգային են, թերությունները` համամարդկային»

«Հայերի առաքինությունները բուն ազգային են, թերությունները` համամարդկային»
14.04.2015 | 00:51

Հուսով եմ, որ այն, ինչ շարադրելու եմ, Հայաստանում դիվանագիտական առաքելություն կատարող դեսպաններին թարգմանաբար կհաղորդեն տվյալ դեսպանություններում ծառայող մեր հայրենակիցները, քանզի շատ կցանկանայի շարքային քաղաքացուս ապրիլյան ապրումները դեսպանների միջոցով հասանելի դարձնել իրենց երկրների պետական-քաղաքական գործիչներին, մտավորականներին, հասարակ մարդկանց:
Ապրիլի 24-ին աշխարհի առաջադեմ մարդկությունը գլուխ է խոնարհելու 1894-1923 թթ. թուրք-քրդական միջնադարյան բարբարոսությամբ հոշոտված 2 մլն հայության հիշատակի առջև: Նույն օրը Թալեաթի, Աբդուլ Համիդի հոգեզավակներ Էրդողան-Դավութօղլուն տոնելու են պատմականորեն կեղծված Գալիպոլիի ճակատամարտի հաղթանակը: Եվրոպական որոշ պետական-քաղաքական գործիչներ այդ օրը Ստամբուլում բաժակ են բարձրացնելու և փառաբանելու են հենց իրենց նախնիների կողմից «մեծ մարդասպան» նշավակված Աբդուլ Համիդի հոգեզավակներին` Թալեաթին, Էնվերին, Ջեմալին, Քեմալին, արյունարբու մարդասպաններ, որոնք նախամարդկային եղանակներով բնաջնջելով 3 մլն բնիկների` հայերի, հույների, ասորիների, տիրացան Փոքր Ասիա դրախտավայրին: Համաշխարհային այդ ողբերգությանը, պատմական աննախադեպ անարդարությանը գործնական աջակցություն ցուցաբերեցին Եվրոպայի նյութապաշտ, բարոյազուրկ մեծ տերությունների պետական-քաղաքական գործիչները, կաշառված եվրոպական տմարդի մամուլը, և, իհարկե, ցարական, ապա լենինյան դավադիր Ռուսաստանը:
Վիլհելմ կայսեր Գերմանիա, ո՞րն էր քո նպատակը այդ չարագուշակ տարիներին: Դիվային հոգու տեր Վիլհելմը ողջագուրվում էր իր եղբոր` արյունարբու սուլթանի հետ` ստեղծագործ հայությանը բնաջնջելու ծրագիր որոճալով: Դեռ 1912 թ. գերմանացի մարշալ Լիման ֆոն Սանդերսը, գեներալ Ֆոն դեր Գոլցը հայկական հարցը մեկընդմիշտ լուծելու համար թուրք մարդակերներին առաջարկում էին ողջ հայ բնակչությանը քշել Միջագետք, Բեռլին-Բաղդադ կառուցվելիք երկաթուղու շրջակայքը, նրանց բնակավայրերում բնակեցնելով թուրք-քրդական քոչվոր ցեղեր` հայությանը կտրելով Ռուսաստանից: Այսպիսով, գերմանական պետականությունը նախամարդու հոգեբանությամբ ապրող թուրք-քրդական հորդաների հետ ձեռք ձեռքի իրագործեց մարդկության պատմության առաջին ցեղասպանությունը` աներևակայելի դաժանությամբ բնաջնջելով Փոքր Ասիայի հազարամյակների բնիկներին:
Գերմանացի հանրություն, ինչո՞ւ չունկնդրեցիր քո հանճարեղ զավակների` Արմին Վեգների, Լեփսիուսի, Մարկվարտի, գրող տիկին Իլզե Ֆրապանի (վերջինս կոչով դիմեց գերմանացի մտավորականներին` բողոքի ձայն բարձրացնելու գերմանական և թուրքական բարբարոսությունների դեմ` հայտարարելով, որ մեծ տերությունները իրենց անտարբերությամբ մեղսակից են թուրքական գազանություններին) մարդասիրական խղճին. չամաչեցի՞ր հազարավոր հանճարեղ զավակներից` Բեթհովենից, Գյոթեից, Շիլլերից, Հայնեից, թույլ տալով, որ ազգայնամոլությունից, նյութապաշտությունից մոլագարված հայրենակիցները սեղմեն թուրքական արյունաշաղախ ձեռքերը. և նույնը, ցավոք, կրկնվեց ազգայնամոլ բորենու` Հիտլերի ոգով, որն էլ շառաչուն մարդատյաց ապտակ հասցրեց մանկուրտ, նյութապաշտ Եվրոպային` իսկ ո՞վ է այսօր հիշում հայերին:
Եվ այսօր, հզոր Գերմանիա, ինչպես հարկն է չես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որի համար այնքա՜ն պատասխանատու է նաև ձեր պետականությունը: Մեծարգո տիկին Անգելա Մերկել, ունկնդիր եղեք հոգևոր հայրենիքի ձայնին, ապրիլի 24-ին այցելեք Հայաստան և ձեր մեծ հայրենակցի` Վիլլի Բրանդի օրինակով, աղոթեք միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի համար, երդվելով` երբեք թույլ չտալ նորօրյա թուրք ցեղասպաններին, որ Էրդողանի օրհնությամբ քաղաքակրթությունը կործանող ինչ-որ հնարովի «Իսլամական պետություն», մարդատյաց, հայատյաց մոլագար ոմն Ալիև նոր ցեղասպանություններ իրագործեն:
Մեծ Բրիտանիա. տերություն, որը դարավոր հակահայ, հակառուս, թուրքամետ քաղաքականությամբ այնքա՜ն չարիք է պատճառել հայությանը, մշտապես խափանել ռուսական նվաճողական քաղաքականության արդյունքում հայության համար նպաստավոր` թուրքական վայրագություններից պատմականորեն ազատագրվելու հնարավորությունը: Տերություն, որը անազնվորեն ձախողեց Սան Ստեֆանոյի 16-րդ հոդվածի կենսագործումը` ելնելով նյութապաշտական, հակառուսական շահերից` հրահրելով թուրք սուլթանի գազանային բնազդները` պատճառ դառնալով 1894-1896 թթ. 300 հազար հայության բնաջնջմանը:
Եվրոպացի նյութապաշտ պարոնայք, կարծում եմ՝ տեղյակ եք, որ ձեր բարոյազուրկ դիվանագետները, ռազմական գործիչները 1895 թ. սեպտեմբերին և 1896 թ. օգոստոսին Բոսֆորի ափերին կանգնած ռազմանավերից հանգիստ խղճով դիտում էին, թե թուրքական ամբոխը ինչպես է Ստամբուլի փողոցներում երկաթյա ձողերով, կացիններով, դագանակներով թրատում, խողխողում հազարավոր հայ մարդկանց. նույն ձևով վարվեցիք նաև 1922 թ. սեպտեմբերին, երբ Զմյուռնիայի ափերին կանգնած անգլիական, ֆրանսիական, իտալական ռազմանավերից հրճվանքով դիտում էիք, թե քեմալական ամբոխը ինչպես է հայ, հույն, ասորի կանանց, աղջիկների, երեխաների թրատում, խողխողում, կենդանի-կենդանի ծովը նետում. չէ՞ որ եվրոպացի պարոնները թերևս մարդկային կերպարանք ունեին, այնուամենայնիվ թուրք չէին...
Մոռացել եք, պարոնայք նյութապաշտ եվրոպացիներ, որ ձեր բանակներում հերոսաբար կռվում էին տասնյակ հազարավոր այնքան վիշտ ու տառապանք տեսած, հայրենազրկված արևմտահայեր: Իսկ դուք երախտամոռությամբ ի՜նչ արեցիք Փարիզի, Ջենովայի, Լոզանի վեհաժողովներում. տմարդորեն մոռացաք ձեր ազնիվ դաշնակցին, սեղմեցիք թուրք դահիճների արյունոտ ձեռքերը, «որոնց վրայից դեռ միլիոնների արյան հոտն էր փչում», ինչպես ժամանակին ձեզ նմանների երեսին շպրտեց իտալացի ազնիվ հրապարակախոս Մենարան` «Մեռածների աղաղակը» հոդվածում:
Դուք, պարոնայք եվրոպացիներ, որ կարող էիք Գալիպոլիի ռազմական գործողությունների ժամանակ գրավել Կ. Պոլիսը և գործնականում թույլ չտալ ցեղասպանություն, հակառուսական նկատառումներից ելնելով, տմարդորեն հրաժարվեցիք դրանից և նահանջ ձևացրիք:
Եվ ահա, նյութապաշտ, մանկուրտ նորօրյա եվրոպացիներ, ապրիլի 24-ին Մեծ Բրիտանիայի արքայազնը և թագուհին վճռել են մասնակցել Էրդողանի անազնիվ շոուին` Գալիպոլիի հաղթանակի տոնախմբությանը։ Տիկնայք և պարոնայք, արդյոք թեթևամիտ քայլով չե՞ք անարգում ձեր հարյուր հազարավոր զոհված նավաստիների ու զինվորների հիշատակը, թե՞ Մեծ Բրիտանիայի համար դարձյալ առաջնայինը նյութապաշտությունն է, քաղաքական շահերը: Դե, իհարկե, պատահական չէ, որ վերջերս Անգլիայի վարչապետը «մեծահոգաբար» ներողություն էր խնդրում Թուրքիայից` երկու դար ճնշելու համար, անազնվորեն մոռանալով նախ ներողություն խնդրել հայությունից, հայկական հարցը մշտապես անխղճորեն շահարկելով` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար:
Մեծ Բրիտանիայի տիկնայք և պարոնայք, ունկնդիր եղեք ձեր հոգևոր հայրենիքին, ձեր հանճարեղ, մարդասեր զավակներին և ոչ թե նյութապաշտ, բարոյազուրկ, ադրբեջանական նավթի ու գազի հոտից հարբած նորօրյա շահամոլներին:
Ահա թե ինչ է պատգամել 19-րդ դարում ձեր տերության քառակի վարչապետ «հանճարեղ ծերունին», ինչպես նրան անվանում էին ժամանակակիցները, ՈՒիլյամ Գլադստոնը. «Ծառայել Հայաստանին նշանակում է ծառայել քաղաքակրթությանը». «հայկական կոտորածների տեսիլքները գիշերները չեն թողնում քնել»: Իտալիայի վարչապետ Լուցատիի վկայությամբ, մահից առաջ Գլադստոնը Անգլիային և իր բարեկամ Իտալիային կոչ էր անում պաշտպանել Հայաստանի անկախությունը: Խոսելով Թուրքիայի արյունոտ դերի մասին, նա հայտարարում էր. «Այն սև օրից, երբ թուրքերը մուտք գործեցին Եվրոպա, եղան քաղաքակրթության միակ հակամարդկային կենդանի նմուշը. ուր էլ գնացին, արյան լայն հետք թողեցին իրենց հետևից և ինչքան տարածվեցին, այնքան անհետացավ քաղաքակրթությունը»: «Թուրքը դարեր շարունակ եղել և մնացել է մարդակեր գազան», զայրույթով գրում է անգլիացի հրապարակախոս Արգայլի հերցոգը:
ՈՒինսթոն Չերչիլը «Համաշխարհային ճգնաժամ» հուշագրությունում նշում է. «Բոլոր մեծ ազգերը, որոնք դարձան հաղթողներ, Հայաստանի բարեկամներն էին և պետք է հոգ տանեին հայկական հարցի արդարացի լուծման համար: Անհավանական է թվում, որ հինգ դաշնակից տերությունները չէին կարող իրագործել իրենց կամքը. այնժամ, երբ հաղթած պետությունները ժամանակ գտան փարիզյան ժողովում քննարկելու հայկական հարցը, միասնական կարծիք դաշնակիցների մոտ այլևս չկար. նրանց որոշումները դատարկ խոսքեր էին»:
Ջեյմս Բրայս. անգլիացի դիվանագետ, իրավաբան. «Թուրքը այն օրվանից, երբ դուրս է պրծել իր դեղին Ասիայի խորքերից, ուրիշ զբաղմունք չի ունեցել, բացի կողոպտելուց ու կոտորելուց իր տիրապետած ժողովուրդներին: Թուրքիայի տերերը վաղուց ի վեր անհետացած կլինեին, եթե մեծ պետությունները չպաշտպանեին նրանց այնքան եռանդով»:
Անգլիացի հայտնի գրող (ազգությամբ հրեա) Իսրայիլ Զանգվիլը, ցնցված թուրքական գազանություններից, գրում է. «Կա մի ժողովուրդ, որ ավելի է տառապել, քան Իսրայելը, որի երկիրը եղել է դրախտավայր, այժմ վերածվել է գեհենի. ես իմ գլուխը խոնարհում եմ նրա զարհուրելի տառապանքների առաջ: Ես Իսրայելի գլխից փշե պսակը վերցնում և դնում եմ Հայաստանի գլխին»:
Իռլանդացի պատմաբան, հրապարակախոս Էմիլ Դիլոնը այցելելով Արևմտյան Հայաստան, կաշառքով թուրքական բանտից հանում է քուրդ ավազակ Մոստիգոնին և ամբողջ մի գիշեր զրուցում նրա հետ. քուրդը պատմում է, որ իրենք հայերի նկատմամբ կարող են վարվել ամենայն դաժանությամբ, իսկ նրանք ոչինչ չեն կարող անել, որովհետև իրավունք չունեն զենք կրելու, դատարանում պաշտպանվելու: Տիկնայք ու պարոնայք, ծանոթացեք այնքան վավերագրական այդ փաստին և չեք հավատա ձեր աչքերին ու ականջներին, թե ինչ դժոխք էր Արևմտյան Հայաստանը. «Դանթեն իր «Դժոխքը» գրելու փոխարեն կարող էր ընդօրինակել արևմտահայերի դժոխքը. մարդկության պատմության մեջ այդպիսի վայրագություններ չեք գտնի», գրում է մեծասիրտ Դիլոնը:
Անգլիացի բանաստեղծ ՈՒիլյամ ՈՒոթսոնը հայ ժողովրդին նվիրված սոնետներում` «Վատասիրտ Անգլիա», «ՈՒղղափառության փորձություն մը», նկարագրում է թուրքական աներևակայելի բարբարոսությունները.

Կմորթվին մանուկներ ծունկին վրա
իրենց մոր,
Եվ մերձավորք և ծնողք կքերթվին
ամեն օր.
Կկոտորվին տապարով,
կտոր-կտոր կթափվին,
Չլսված ու չսվելիք բաներ հոն
գործ կդրվին,
Մինչ ազգերը կդիտեն
անխռով ու անտարբեր.
«Մինչև ե՞րբ, Տեր, կլռես»:


Ահա այսպիսին է Անգլիայի մեծ զավակների գնահատականը պատմական անարդարությանը, թուրքական բարբարոսությանը. իսկ դուք, պարոն արքայազն, մեծարգո թագուհի, ի՞նչ տոնախմբություն եք ուզում նշել Էրդողանի հետ։ Ի դեպ, Գալիպոլիի այդ «փառապանծ» դիվիզիաները արշավեցին Արևելյան Հայաստան, ճանապարհին բնաջնջելով այն ամենը, ինչ դեռ չէին ավարտել թուրք-քրդական հրոսակները: Այդ դիվիզիաների նպատակն էր բնաջնջել նաև արևելահայությանը, բայց վերջապես տառապյալ հայությունը իր մեջ ուժ գտավ և Երևանի մատույցներում ջախջախեց այդ արյունարբու դիվիզիաները` հայ ժողովրդին փրկելով լիակատար բնաջնջումից:
Մեծ Բրիտանիայի մեծարգո վարչապետ, հուսով ենք, որ ապրիլի 24-ին կայցելեք Հայաստան և ցեղասպանության հուշարձանի ներքո կաղոթեք Փոքր Ասիայի նահատակված 3 մլն բնիկների հիշատակի համար:
Ամերիկայի Միացյալ Նահանգների պարոն նախագահ, պարոն պետքարտուղար, աշխարհի հզոր տերության հանճարեղ զավակները` Ջորջ Վաշինգտոնը, Աբրահամ Լինկոլնը, Վուդրո Վիլսոնը, մեծազոր երկրի տասնյակ հազարավոր մտավորականներ քաղաքակրթության ջահակիրներ էին: Հայ ժողովրդի հազարավոր տաղանդավոր զավակներ քաղաքակրթական մեծ ավանդ են բերել ձեր հայրենիքին: Աշխարհի ողջ հայությունը ակնկալում է, որ արժանիորեն գնահատելով տաղանդավոր հայ ժողովրդի դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում, ապրիլի 24-ին կայցելեք Հայաստան և ցեղասպանության հուշարձանի ներքո կաղոթեք 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակի համար:
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի Դաշնության մեծազոր կառավարիչներ, դուք չեք ճանաչում և ինչպես հարկն է չեք դատապարտում մարդկության առաջին` Հայոց ցեղասպանությունը, ելնելով ձեր նյութապաշտական, քաղաքական շահերից: Տիկնայք և պարոնայք, Եվրոպայի վեհաշուք լսարաններից մեկում թուրք մարդասեր, մեծ մտավորական Թաներ Աքչամը եթե ձեզ ներկայացներ ռուս մեծ փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովի «Երեք զրույց» հանճարեղ գործը` ականատես ռուս գեներալի, Խարբերդում ԱՄՆ-ի փոխհյուպատոս Վեսլի Դևիսի, Ֆրանսիայի փոխհյուպատոս Գուստավ Մեյերիեի զարմանալի հերոսուհի կնոջ, Սեբաստիայի փոխհյուպատոս Մորիս Կարլիեի և նրա հերոսուհի կնոջ, բազմաթիվ օտարերկրյա հյուպատոս և փոխհյուպատոս ականատեսների պատմածները թուրք-քրդական բարբարոսությունների մասին, դուք սարսափից դուրս կփախչեիք լսարանից, ինչպես 1902 թ. բեռլինյան լսարանից զարհուրած դուրս վազեցին հարյուրավոր գերմանացի կանայք, չդիմանալով դանիացի նշանավոր հրապարակախոս Գեորգի Բրանդեսի ներկայացրած թուրք-քրդական աներևակայելի բարբարոսությունների մասին ականատեսների վկայություններին: Ի դեպ, մեծ հրապարակախոսը կանանց հետևից գոչել էր. «Տիկնայք, հայերը տասնապատիկ ավելի սարսափելի տառապանքներ են տեսել: Իսկ դուք, տիկնայք ու պարոնայք, չեք ուզում դատապարտել այդ անմարդկային գազանությունները, ճանաչել մարդկության առաջին ցեղասպանությունը. չէ որ դատապարտելով անցյալի դաժանությունները, վերջ կդնեք զարհուրելի մարդատյացությանը, ազգայնամոլությանը, կրոնամոլությանը, ժողովուրդների սրտերում կոգեկոչեք արդարամտություն, հաշտություն, համերաշխություն, եղբայրություն. ուրեմն, մեծն կառավարիչներ, եղեք արդարամիտ և ճանաչեք Հայոց ցեղասպանությունը...
Հայ ժողովրդի դարավոր բարեկամ Իրանի, արաբական աշխարհի ազնիվ ժողովուրդներ, ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Թուրքիայի հովանավորությամբ քաղաքակրթությունը բնաջնջող ինչ-որ հնարովի «Իսլամական պետություն» նորօրյա զարհուրելի բարբարոսությամբ սրբապղծի իսլամական կրոնը, նրա աստվածաշունչը` Ղուրանը, որի յուրաքանչյուր սուրահ սկսվում է գթասրտության մաղթանքներով:
Թուրք գազանաբարո առաջնորդներն աղավաղելով իսլամի համամարդկային գաղափարները, քրիստոնյա ժողովուրդներին գյավուր հռչակելով, թուրք-քրդական խավարամոլ ցեղերի մեջ կրոնական կատաղի մոլեռանդություն հրահրելով, դարեր շարունակ հալածեցին, ճնշեցին, ոչնչացրին Փոքր Ասիայի հազարամյակների բնիկներին` ոտնահարելով հայերի, հույների, ասորիների մարդկային բոլոր իրավունքները, պարբերաբար կազմակերպելով վայրագ ջարդեր: Ի վերջո, պանիսլամական, պանթուրքական ազգայնամոլության հետևանքը եղավ այն, որ 1894-1923 թթ. թուրք արյունարբու կառավարիչները բնաջնջեցին համաշխարհային քաղաքակրթությանը մեծագույն ավանդ բերած 3 մլն բնիկ քրիստոնյաների: Այսօր էլ թուրք-ադրբեջանական մոլագար կառավարիչների որդեգրած պանթուրքիզմն ու պանիսլամիզմը լուրջ սպառնալիք են համաշխարհային քաղաքակրթության համար, այն պարագայում, երբ Իրանում և արաբական աշխարհում տարբեր կրոնների ժողովուրդներ ապրում են ապահով ու համերաշխ: Եվ քանի դեռ առաջադեմ մարդկությունը արժանի գնահատական չի տվել պանթուրքիզմի, պանիսլամիզմի, մեծապետական շովինիզմի, տեղական ազգայնամոլության կործանարար գաղափարախոսություններին, խաղաղասեր, քաղաքակիրթ ժողովուրդները կարող են պարբերաբար ենթարկվել վայրագ ջարդերի, ինչպես եղավ 20-րդ դարի վերջերին Բաքվում, Սումգայիթում, Գանձակում, Մարաղայում, Սիրիայի, Իրաքի հայաբնակ, ասորաբնակ տարածքներում:
Ցեղասպանությունները վճռականորեն դատապարտելու և մեկընդմիշտ բացառելու համար, Իրանի և արաբական աշխարհի բարեկամ ժողովուրդների իմաստուն այրերին կոչ ենք անում ապրիլի 24-ին այցելել Հայաստան և ցեղասպանության հուշարձանի ներքո գթասիրտ աղոթք հղել Ալլահին: Արդարամիտ մարդկությանը կոչ անելով այցելել Հայաստան, ճանաչել և վճռականորեն դատապարտել Հայոց ցեղասպանությունը, հարկ ենք համարում հակիրճ անդրադառնալ համաշխարհային քաղաքակրթության ասպարեզում հայ ժողովրդի խաղացած դերին: Այո, հայ մարդը միշտ էլ եղել է և այսօր էլ քաղաքակրթության ազնիվ սերմացու է աշխարհի բոլոր ծագերում. թերթեք ձեր պատմության էջերը, քաղաքակիրթ ժողովուրդներ, և դրանում կհամոզվեք: Սակայն ստեղծագործ հայության թշնամիները ժամանակին զառանցել են, այսօր էլ շարունակում են զառանցել, թե հայերը առևտրականի հոգի ունեն, դրամափոխ են, ռուսական լրտես և զանազան զրպարտություններ: Անգլիացի հանճարեղ բանաստեղծ Բայրոնը արժանիորեն է բնորոշել մեր ժողովրդին. «Հայերի առաքինությունները բուն ազգային են, թերությունները` համամարդկային, նաև օտար նվաճողների բարբարոս ճնշման արդյունք»:
Անդրադառնանք հայի «առևտրական ոգուն». պարզապես պետք է անսահման տգետ լինել, չհասկանալու համար, որ աշխարհի տնտեսությունը զարգանում, ծաղկում է նաև առևտրի միջոցով: Եվ պատահական չէ, որ Չինաստանից մինչև Եվրոպա ձգվում էր մետաքսի հռչակավոր ճանապարհը, որի ազնվագույն վաճառականներն էին հայերը: Նրանք ավազակային վտանգներով լեցուն հազարավոր կիլոմետրեր էին կտրում-անցնում` ժողովուրդներին կապելով միմյանց, զարգացնելով համաշխարհային տնտեսությունը: Բազմաթիվ գիտնականների ու ճանապարհորդների վկայությամբ, աշխարհի բոլոր ծագերում հայ վաճառականներին ընդունում էին մեծ սիրով ու ջերմությամբ` ապահովելով ամեն տեսակի արտոնություններ ու պայմաններ: Հայ մարդու, վաճառականի քաղաքակրթական դերի բարձրագույն գնահատականը տվել է ռումինացի հանճարեղ մտավորական, պետական-քաղաքական գործիչ Նիկոլա Յորգան. «Մոլդովական պետությունը չէր կարող հիմնվել առանց հայերի ստեղծած առևտրական ճանապարհի. հետևաբար, հայերը մոլդովացիների ծնողներն են»:
Ինչ վերաբերում է այն բանին, թե հայերը ռուսական լրտեսներ են, ապա դա պարզապես թուրքական զառանցանք է, քանզի ռուսները երբևէ ժողովուրդների բնաջնջում չեն կազմակերպել, իսկ թուրքական հորդաները փոքրասիական դրախտ ոտք դնելուն պես այն վերածեցին արյան ծովի, ամենաիսկական դժոխքի. «Ամենուր սուգ ու ավեր` այստեղով թուրքերն են անցել»` Հյուգո, «Աշխարհի ստեղծումը տրված է հույներին (նաև հայերին- Ա. Ծ.), ավերումը` թուրքերին»` պարսիկ սուֆիստ պոետ Ջալալեդդին Ռումի, «Թուրքիան ոչ թե պետություն է, այլ հանցավոր կազմավորում»` Դոստոևսկի: Այսպես կարելի է հարյուրավոր հանճարների գնահատականներ ներկայացնել թուրքական դժոխքի, քաղաքակրթությունը կործանող նրանց դերի մասին:
Իսկ ինչի մասին են այսօր թուրքերը գրում ու խոսում. առևանգված հայկական լեռնաշխարհի սրբազան լեռների վրա փակցնում են ռասիստական, հակամարդկային կոչեր` «Երանի՜ նրան, ով թուրք է». գրում են` անգիտակ իրենց ոճրապարտ, արյունոտ պատմությանը. այո, անգիտակ, քանզի աբսուրդ է, երբ թուրք պետականությունը 1953 թ. տոնում էր Կ. Պոլսի գրավման 500-ամյակը, կարծես իրենց հայրենիքն են ազատագրել, քաղաքակրթությանն էլ ինչ-որ ավանդ են բերել և ոչ թե ավեր ու կործանում հազարավոր կանանց ու մանուկների սրախողխողում: 2014 թ. նշել են սելջուկ թուրքերի կողմից Անիի գրավման 950-ամյակը, կարծես իրենց պետության մայրաքաղաքն է եղել, իսկ չեն նշում, թե քանի հազար կին ու մանուկ են թրատել, ստրկացրել:
Պարոնայք Էրդողան, Դավութօղլու, առաջին հերթին պետք է մարդ լինել, հետո միայն թուրք կամ ազերի. թե չէ ինչի՞ նման է, 21-րդ դարում էլ ամենուրեք մարդատյացություն եք քարոզում և կոչ եք անում մինչև ապրիլի 24-ը 100 հայ սպանել` ահա հակամարդկային ձեր կերպարը: Դարեր շարունակ թուրք-ազերիական վայրագ քոչվոր ցեղերը ողջ մարդկությանը զարմացրել են իրենց հակամարդու կերպարով, իսկ հայ մարդը միշտ եղել է քաղաքակրթության ազնիվ սերմացու, ամենուրեք բարիք է արարել, «բայց երբեք չի եղել մարդասպան»` ասել է մեծն Ալեքսանդր Դյուման:

Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 2954

Մեկնաբանություններ