«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կարծում ենք` մայր-Ռուսիան իրեն կպահի քրիստոնեավայել

Կարծում ենք` մայր-Ռուսիան իրեն կպահի քրիստոնեավայել
24.03.2015 | 00:52

Մեր տեղեկություններով` թուրքական կողմն արել և անում է ամեն ինչ, որ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին գնա Թուրքիա` մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի տոնակատարություններին: «Ֆրանս 24»-ին (էս ինչի՞ է 24) տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը բավականին հատու է խոսել այդ մասին. «Ինձ համար անհասկանալի կլինի, եթե հանկարծ Վ. Պուտինը մերժի ցեղասպանության հարյուրամյակին գալ Հայաստան»:
Ի՞նչ է կատարվում: Նախ` Օլանդը մեկ տարի առաջ եկավ Հայաստան ու ասաց, որ ինքն անպայման մասնակցելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցին, ապա` օրերս լուր առանք, որ նա նաև Ադրբեջան է գնալու: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Օլանդը չի ցանկանում նեղացնել թուրքերին և, Ադրբեջան գնալով, փորձում է որոշակիորեն դիվերսիֆիկացնել իր տարածաշրջանային այցը, բովանդակազրկելով այցի բուն նպատակը: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Թուրքիան անչափ մեծ լոբբինգ է իրականացնում ոչ միայն Պուտինի, այլև Օլանդի և ընդհանրապես աշխարհի բոլոր լիդերների նկատմամբ: Ինչն էլ շատ բնական է. չարը միշտ էլ ակտիվ է պարապ, սուրբ տեղը լցնելու հարցում:
Քանզի աշխարհի լիդերները, ոնց երևում է, ակնհայտորեն զիջում են:
Դառնալով Սերժ Սարգսյանի բավականին կոշտ արձագանքին, որը, ի դեպ, հնչել է ի շարունակություն Պուտինի մամլո քարտուղար Պեսկովի արտահայտության, թե Պուտինը Հայաստան կգա ապրիլի քսանից հետո (կոնկրետ օր չի նշվել), իսկ Պեսկովն այդ հայտարարությունն էլ հնչեցրել էր` Սերժ Սարգսյանի` Ադրբեջանին զենքի վաճառքի անթույլատրելիության հայտնի հայտարարությունից հետո, պետք է ասել, որ Պեսկովն ու իր «բոսը» հարմար «առիթ «գտան»` ընդունելու Էրդողանի հրավերը:
Հասկանալի է, թե ինչ է անում Ռուսաստանը: Նաև իր իրավունքն է` չմասնակցել Ցեղասպանության 100-րդ տարելիցին, կամ Հայաստան գալ ոչ թե այդ օրը, այլ իր խելքին փչած որևէ օր: Այնուհանդերձ, կարևորը մեզ համար դա չէ: Եվ եթե Ռուսաստանի, Ֆրանսիայի, էլ չենք ասում Անգլիայի ու Գերմանիայի բաց աչքի առաջ ժամանակին խեղվել է մի ողջ ազգի ճակատագիր, հոսել քրիստոնյա երկու միլիոն մարդու արյուն, ապա այսօր` 100-րդ տարելիցին նրանք նույնիսկ «պարտավոր» են նաև «ներկա» լինել յաթաղանատիրոջ կողքին, որպես անուղղակի «մասնակիցներ», կամ որ է` «լռողներ»:
Մեզ համար կարևորը երկնքում եղող մեր զոհերի լուռ խնկարկումն է, նրանց սուրբ հիշատակի ճիշտ «արծարծումն» ու Տիրոջ հոգածությանը նրանց հանձնումը:
Պարզապես, քրիստոնյա Ռուսաստանը պետք է հաշվի առնի շատ կարևոր մի հանգամանք. հայոց մեջ` հայ հասարակությունում դեպ Ռուսաստան նեգատիվ վերաբերմունքն առանց այն էլ անցել է թույլատրելիի սահմանը, և այն էլ` շատ վաղուց: Սկսած Ադրբեջանին զենք վաճառելուց մինչև Թուրքիային ու Ադրբեջանին Հայաստանի հաշվին սիրաշահելը:
Վերջին կաթիլը Պերմյակովի դեպքն էր:
Կարծում ենք` մայր-Ռուսիան գեթ մեկ անգամ հաշիվ կտա իրեն: ՈՒ երկու միլիոն զոհերի հիշատակի առաջ իրեն կպահի քրիստոնեավայել:
Ի՛ր իսկ համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ