«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Քաղաքական կոնսոլիդացիայի իրական ու անիրական կողմերը

Քաղաքական կոնսոլիդացիայի իրական ու անիրական կողմերը
09.03.2015 | 13:22

Եթե մենք անկասելի գնում ենք դեպի սահմանադրական բարեփոխումներ ու նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասում է, որ անհրաժեշտ հասարակական կոնսոլիդացիա կա, բայց հրապարակավ քաղաքական կուսակցություններից միայն ՀՅԴ-ն է պաշտպանում այդ բարեփոխումները, ովքե՞ր են «քաղաքական կոնսոլիդացիայի» կողմերը:
Մինչև այժմ դեմ էին ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն: ՀԱԿ-ը ամենայն հավանականությամբ կշարունակի դեմ մնալ, առավել ևս ընդդիմադիր դաշտում իբրև միակն ու առաջինը հիմնավորվելու համար իշխանությանը քննադատելու շատ լավ հարթակ են սահմանադրական բարեփոխումները: «Ժառանգությունը» ևս կշարունակի դեմ մնալ՝ կողմ լինելով համակարգային փոփոխությունների:
Նրանք պահանջում են, որ իշխանությունները վերահսկողական լծակներ տան ընդդիմությանը, ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակեն:
Շատ հին ԲՀԿ-ն կողմ էր, հին ԲՀԿ-ն՝ դեմ, նոր ԲՀԿ-ն կարող է վերադառնալ իր շատ հին տեսակետին, բայց և պահպանել հին տեսակետը, որովհետև ի վերջո ինչ-որ հարցում պետք է դեմ լինի իշխանությանը՝ որպես ընդդիմադիր ներկայանալու համար: ՕԵԿ-ը մնում է ոսկե միջինի վրա՝ ինքնանպատակ փոփոխություններին դեմ է, բայց համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունն ընդունում է և դեռ չի հայտարարել կուսակցության վերջնական դիրքորոշումը:
Փետրվարի 12-ին ՀՀԿ ԳՄ խորհրդի նիստում ՀՀԿ նախագահը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հետաձգել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առաջարկությամբ, բայց փետրվարի 5-ին Գ. Ծառուկյանը խորհրդաժողովում հաստատեց, որ ինքը դեմ է փոփոխություններին: Հայտնի իրադարձություններից հետո ՀՀ նախագահը այլևս ոչ մի պատճառ չունի չսկսելու սահմանադրական փոփոխությունների գործընթացները: Եվ այս պարագայում նրա համար կոնսոլիդացիոն հիմք են դառնում մարդ-կուսակցությունները՝ Արտաշես Գեղամյանի «Ազգային միաբանությունը», Խոսրով Հարությունյանի քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, Հայկ Բաբուխանյանի «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունը, Վազգեն Մանուկյանի «Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցությունը, գուցե նաև «Ազգային համաձայնությունը», թեպետ Արամ Հարությունյանը խոսքով իշխանություններին չի ընդունում, բայց կարող է հանկարծ հասկանալ պետության շահը: Պարզելու համար՝ թե էլ որ կուսակցությունները կկազմեն կոնսոլիդացիոն պլատֆորմը, հարկավոր է արդարադատության նախարարությունից ճշտել, թե քանի կուսակցություն կա Հայաստանում գրանցված: Ի վերջո՝ ինչ-որ կերպ պիտի հիշեցնեն, որ կան, թե ոչ: Առավել ևս, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին հաջորդելու են խորհրդարանական ընտրությունները, ուրեմն և Սահմանադրություն փոխելու հարցում իշխանության հետ համագործակցությունը թեկուզ մեկ մարդով խորհրդարանում հայտնվելու փայլուն շանս է: Պատկերացնո՞ւմ եք՝ ինչպիսին կլինի ՀՀԿ-ի համամասնական ընտրացուցակը խորհրդարանական ընտրություններից առաջ և ինչպիսին կլինի բուն ՀՀԿ-ականների ու հոգով ՀՀԿ-ականների հավասարակշռությունը: Իսկ դա նորից նշանակելու է, որ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն գնալու է բացարձակ մեծամասնության տարբերակին և սակավ հավանական է մնում կոալիցիոն կառավարության և կոալիցիոն կառավարման տարբերակը: Առավել ևս՝ եթե սահմանադրական հանրաքվեի արդյունքներով Հայաստանը փոխի կառավարման մոդելը և անցնի խորհրդարանական կառավարման, ՀՀԿ-ն որևէ մեկին մոտ չի թողնի իշխանության ղեկին: Առավելագույն տարբերակը՝ խորհրդարանական կառավարման պարագայում չի վերացվի նախագահի ինստիտուտը և սահմանափակ, միայն արարողակարգային ֆունկցիաներով ՀՀ նոր նախագահը կարող է և ՀՀ-ական չլինել՝ ապացուցելու համար ժողովրդավարության քայլ առաջը Հայաստանում: Վենետիկի հանձնաժողովը, որ դրական եզրակացություն է տվել բարեփոխումների հայեցակարգին, հասարակական կոնսոլիդացիայի պայման է դրել: Եվրոպացիները պարզապես այսքան տարում չեն հասկացել, որ հետխորհրդային տարածքում կոնսոլիդացիան ևս նշանակովի գործընթաց է, ինչպես հանրաքվեն, ընտրությունները և մյուս ինստիտուտները, որոնց բովանդակային իմաստը բարեհաջող փոխարինված է ձևական իմաստով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ե՞րբ կտրվի սահմանադրական բարեփոխումների մեկնարկը: Մի շտապեք, ամեն ինչ պատրաստ է, ելույթները գրված են, ելույթ ունեցողները՝ համարակալված, հեռուստաեթերը, թերթերը, կայքերը՝ մեդիա դաշտն ապահովված է աշխատանքային ծրագրով: Սպասում ենք Մոսկվայի «այո»-ին, մենք չենք կարող կառավարման մոդել փոխել առանց ԵԱՏՄ-ի՝ իմա Մոսկվայի, համաձայնության:

Դիտվել է՝ 1217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ