«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հետդարձի Ռուբիկոնը

Հետդարձի Ռուբիկոնը
03.03.2015 | 00:50

ՀԱԿ-ի հանրահավաքից հետո ու ԲՀԿ-ի համագումարից առաջ Հայաստանի քաղաքական դաշտը տարուբերվում է ինքն իր ափերում ու նորանոր ռեկորդներ սահմանում Ռուբիկոնով անցուդարձի, ու դա նոր խոսք է առապելաբանության մեջ, որտեղ Հուլիոս Կեսարն անցնում էր Հռոմ տանող Ռուբիկոն գետը, ու դա նշանակում էր՝ ոչ մի քայլ հետ իշխանության համար պայքարում: Մենք հաստատելով՝ հերքում ենք Կեսարին, պարզվում է՝ Ռուբիկոնով կարող է երթուդարձ անել, մեր պարագայում կա նաև հետդարձի Ռուբիկոն, որ պարզում է՝ մինչև ինչքա՞ն և ո՞ւր կարելի է նահանջել: Կեսարը կխելագարվեր, սպանած չլինեին: Հաջորդ ընտրություններին նախապատրաստվում են ընտրությունների օրից՝ այս ճշմարտությունը Հայաստանում նոր են հասկացել: Որովհետև ահագին ժամանակ են կորցրել 2012-ից ու 2013-ից հետո, որոշել են վազքով անցնել քայլելու մնացած ճանապարհը: Բայց կա սահմանադրական բարեփոխումների շլագբաումը, որը դեպի պայծառ ապագա ճանապարհը փակում է նրանց առաջ, ովքեր դեմ են սահմանադրության փոփոխությանը՝ ունենալով իրենց հիմնավորումները:
Փետրվարի 12-ից հետո մենք միֆերին հրաժեշտի միջով անցանք, միֆեր, որոնց ստեղծմանը շատ գործուն մասնակցել էինք բոլորս, ոմանք՝ պատվերով, ոմանք՝ հարկադրաբար, ոմանք՝ պարապությունից, ոմանք՝ անկեղծորեն, ոմանք՝ սիրով: Ոմանք՝ մասնագիտության բերումով, դու չես կարող քաղաքականության մասին գրել առանց քաղաքական գործիչներին հիշատակելու, առավել ևս Հայաստանում, որտեղ մարդ-կուսակցությունը, մարդ-պետությունը, մարդ-համակարգը սովորական երևույթ են, այնքան սովորական, որ մենք դադարել ենք նկատել: Ո՞ր միֆերին մենք հրաժեշտ տվեցինք փետրվարի 12-ով:
1. Հայաստանի խորհրդարանում կա իշխանություն-ընդդիմություն, և կա այլընտրանք:
Չկա ընդդիմություն, կան ընդդիմադիր համարվող խմբակցություններ, որոնց ներսում չկա միասնական տեսակետ: Ընդդիմությունը համագործակցում է միայն արտահերթ նիստեր ու նստաշրջաններ հրավիրելու համար ստորագրություններ հավաքելիս, այն էլ՝ ոչ ամբողջ կազմով: Մրցակցությունը նրանք հասկանում են միմյանց դեմ պայքար, համագործակցությունը՝ հրաժարում այդ պայքարի հրապարակային դրսևորումներից: Այլընտրանք խորհրդարանում այլևս չի լինի: ԲՀԿ-ն կմնա երկրորդ քաղաքական ուժ և կպահպանի ղեկավար դիրքերը, փոխելով քաղաքականությունը:
2. Գագիկ Ծառուկյանը իսկապես այլընտրանք է գործող իշխանությանը և պատրաստ է իշխանափոխության: Գագիկ Ծառուկյանը մրցակից չէր և չէ, պարզվեց՝ նա մրցունակ չէ որևէ դաշտում՝ ոչ քաղաքական, ոչ տնտեսական, արագ տրվում է կապիտուլյացիայի և ոտքի տակ քաղաքական հող չունի:
3. Ասպարեզից կհեռանա Գագիկ Ծառուկյանը, բայց ոչ ԲՀԿ-ն: Գագիկ Ծառուկյանը կառկախի իր քաղաքական գործունեությունը, բայց դա չի նշանակում, որ նա երբեք չի փորձի օգտագործել վերադարձի սխեման, երբ նորանոր հիասթափություններից հետո վերականգնվի նրանով հիացումը նոստալգիայի ալիքների վրա, երբ քաղաքական դաշտում լինի հերթական վակուում, որը լցնում են անցյալի կերպարներով:
4. Նույնքան միֆ է, որ ԲՀԿ-ն կմնա քաղաքական դաշտում: ԲՀԿ այլևս չկա, ոչ այն պատճառով, որ կուսակցությունից հեռանում են գործարարները, փողը իշխանություն սիրել է միշտ: Ոչ այն պատճառով, որ ԲՀԿ-ից հեռանում են քաղաքական դեմքերը: Վարդան Օսկանյանը երբեք ԲՀԿ-ում չի ունեցել ազատ գործելու տարածք: Քաղաքական դաշտում կմնա ԲՀԿ անունով ՀՀԿ-ի մասնաճյուղ՝ հարաբերական և համաձայնեցված անկախությամբ:
5. ԲՀԿ-ՀՀԿ առճակատման մեջ հաղթեց ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն չի հաղթել, ՀՀԿ-ն ուներ և ունի նույն խնդիրները, ԲՀԿ-ին խաղից դուրս բերելու դիմաց ՀՀԿ-ն շատ ավելին է կորցրել, քան ենթադրում էր: Բայց այդ ձեռքբերումների ու կորուստների մասին հրապարակավ չի խոսվում, դա մեծ քաղաքականության կուլիսային հատվածն է, որտեղ մեկը որոշում է, մյուսները կատարում են, ու այդ մեկի որոշումները երբեք հնարավոր չէ հաշվարկել:

6. Քաղաքական դաշտում այլևս չկա «չարիք»: «Չարիքը» Գագիկ Ծառուկյանը չէր, չարիքը մթնոլորտն է, որ ձևավորում է կեղծ առաջնորդների պահանջարկ, լուսապսակով զարդարում նրանց, մի ձեռքով բարձրացնում պատվանդան, մյուս ձեռքով բամփում նրանց գլխին ու վար բերում պատվանդանից՝ ոչ մի երաշխիք չունենալով, որ չի կրկնվի նույն պատմությունը իր հետ:
7. Ոչիշխանական եռյակ այլևս չկա: Ոչիշխանական եռյակ չի էլ եղել: Եղել է խորհրդարանական ձևաչափով քաղաքականության իմիտացիա, որ լուծել է այն խնդիրները, որոնք պիտի լուծեր իշխանությունը: Արտաքին քաղաքական օրակարգում չկա տարբերություն իշխանության և ոչիշխանության տեսակետներում, ներքին խնդիրներում տարաձայնություններ ի հայտ եկան Սահմանադրության փոփոխության նախագահի մտադրության բարձրաձայնումից հետո, որ գնահատվեց Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրության փորձ: Մի կողմ թողած միմյանց ուղղված քննադատական ելույթները՝ մի քիչ լավ, մի քիչ վատ, երբեմն հայհոյախառը, երբեմն սիրառատ, բովանդակային ի՞նչ տարբերություն իշխանության և ոչիշխանության միջև, ծրագրային, գաղափարական ի՞նչ տարբերություն կա: Չի կարող տարբերություն լինել ոչիշխանության իշխանություն դառնալու ցանկությունը, եթե չի ամրագրվում կոնկրետ, փաստարկված ծրագրով:
Ի՞նչ միֆեր հաստատեցինք փետրվարի 12-ից հետո:
1. Քաղաքական դաշտը վերադասավորվում է և փորձում վերջնական տեսք ստանալ հերթական ընտրություններից առաջ: Չի կարող քաղաքական դաշտը վերջնական տեսք ստանալ ընտրություններից առաջ, քանի դեռ հստակ չէ Սահմանադրության փոփոխության խնդիրը: Նույնիսկ եթե հարցը դիտարկենք Սերժ Սարգսյանի անձնական իշխանության վերարտադրության տեսակետից ¥Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ կողմ է կիսանախագահական մոդելին¤, կառավարման մեկ մոդելից անցումը տրամագծորեն տարբեր մոդելի պահանջում է ոչ միայն իրավական փոփոխություն, ոչ միայն հանրաքվե, այլև բուրգի վերակազմավորում, և ուրեմն նորանոր փոփոխություններ:
2. Սահմանադրության փոփոխության ճանապարհը բացվեց: Ինչպես չկա հասարակական կոնսոլիդացիա հանուն սահմանադրական բարեփոխումների, այնպես էլ չկա հասարակական կոնսոլիդացիա ընդդեմ բարեփոխումների: Հասարակությունը գլխավոր խնդիրը Սահմանադրության մեջ չի տեսնում, որովհետև Սահմանադրությամբ չի ապրում: Որևէ կուսակցության ¥կուսակցությունների¤ կողմ կամ դեմ լինելը չէ վճռի հիմքում: Կարո՞ղ է ԵԱՏՄ անդամ Հայաստանը կառավարման այլ մոդել ունենալ մյուս երկրներից ու ինչպե՞ս են համադրվելու այդ մոդելները՝ սա հարցի իրավական կողմն է, կա նաև քաղաքականը՝ իսկ Մոսկվային պե՞տք է խորհրդարանական կառավարումով դաշնակից, որի վերահսկողության լծակները այդ կերպ թուլանում, ավելի ճիշտ տարածական են դառնում:
3. Երկրորդ նախագահը լքեց իր հոգեզավակին: Այո, Ռոբերտ Քոչարյանն ընդամենը խաղաղության կոչ արեց և կրծքով չպաշտպանեց Գագիկ Ծառուկյանին: Իսկ ինչպե՞ս պաշտպաներ, երբ Գագիկ Ծառուկյանի լայն թիկունքում պաշտպանելու էր Լևոն Տեր-Պետրոսյանին: Բայց նա անտարբեր չէ ԲՀԿ-ի ճակատագրին, այլևս վարկաբեկված կուսակցությունը նրան պետք չէ իբրև քաղաքականություն վերադառնալու ցատկահարթակ, բայց պետք են նրանք, ովքեր ԲՀԿ-ից կհեռանան, ու չի բացառվում, որ դառնան նոր կուսակցության կորիզը: Ինչո՞ւ ոչ: Իսկ եթե ոչ, կհիշվի հին կարգախոսը՝ «Իմ կուսակցությունը ժողովուրդն է»: Ճիշտ է, ժողովուրդը չի եղել այդ «կուսակցությունը», այլ վարձված ընտրողները, բայց մեծ քաղաքականության մեջ դա մանրուք է, որ կարող է նորից օգտագործվել:
4. Հովիկ Աբրահամյանը վերականգնեց բուֆերի կորցրած դերն ու նշանակությունը: Այս անգամ ոչ թե Գագիկ Ծառուկյանի, այլ՝ կուսակցության հետ: Արտաքուստ՝ գուցե, բայց իրականում Հովիկ Աբրահամյանը ստանձնում է մի պատասխանատվություն, որը ադեկվատ չէ իր ներգործության լծակներին: Լավ, փողը կտա, ասածը կանեն, բայց երբ գա ընտրությունների ժամանակը, Հովիկ Աբրահամյանը կարողանալո՞ւ է բավարարել ԲՀԿ-ի վերարտադրման պահանջարկը, երբ ինքը չէ հարցը լուծողը: Նավի ամուր խարիսխը կարևոր է, երբ նավահանգստում է, իսկ երբ նավարկության է դուրս գալիս, իր կշռին անհամաչափ խարիսխը թույլ չի տա տեղից պոկվել, ու դա խնդիր է, որ ինքն էլ գիտի:
5. ՀԱԿ-ը ընդդիմադիր դաշտում վերահաստատում է առաջատարի դիրքերը: Տեսականորեն՝ այո: Աջ ու ահյակ նայելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ոչ մեկին չի տեսնի իրեն ստվերող, բայց առաջ նայելով էլ չի տեսնի իր վերադարձը «շատ խնդրողների» անթիվ-անհամար շարքերը: Նրանք, ովքեր անկեղծորեն հավատում էին քաղաքագիտական վերլուծության հաղթարշավին, նույնքան անկեղծորեն կարող են հարցնել՝ լավ, մարտի 1-ն էլ մի կողմ դրեցիր ու ի՞նչ շահեցիր: Մինչև փետրվարի 12-ը, ի տարբերություն անցյալի, իշխանությունն էլ արձանագրում էր, որ առաջին անգամ ոչիշխանության ձեռքին ֆինանսական ու տեղեկատվական ռեսուրսներ կան, իսկ հիմա՞: Քաղաքական, ֆինանսական, տեղեկատվական ռեսուրսների փոխհատուցման խորհրդապահական խողովակն էլ դեռ չի բացվում, ուրեմն հակառակ բոլոր խոսքերի՝ բովանդակային մասով ՀԱԿ-ը հայտնվեց իր որոգայթում:
6. «Ժառանգությունը» շարունակում է պայքարը հանուն իշխանափոխության: Այո, իհարկե, Րաֆֆի Հովհաննիսյանը նորից մարզերի ճանապարհն է հիշել, ինչքան կարելի է Ազատության հրապարակում ասուլիս անել իբրև իրավատեր: Իշխանափոխության նրա հավանականությունը ճիշտ այնքան է, որքան Արթուր Բաղդասարյանինը, որ այդ մասին չի հայտարարում, բայց գուցե մտածում է:
7. Համակարգը պաշտպանեց ինքն իրեն և օտարեց իր դեմ պայքարի դուրս եկած անհատին: Համակարգը գուցեև պաշտպանեց ինքն իրեն, բայց ամբողջ խնդիրն այն է, որ այդ անհատը չկար: Պետք չէ Գագիկ Ծառուկյանին դարձնել ոչ զոհ, ոչ չարիք, նա ընդամենը ուզում էր պահպանել իր բիզնեսները հիմա ու հետո: Հիման՝ ներվեց, հետոն՝ ոչ:
ՈՒ ի՞նչ: Պետք չէ ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել փետրվարի կեսից սկսված, մարտին շարունակվող օրընթաց սենսացիաները, հասարակական իմունիտետ է պետք կեղծ քաղաքական գործընթացներից պաշտպանվելու և քաղաքականությանը իր բովանդակությունը վերադարձնելու համար գործող Սահմանադրության շրջանակներում, որտեղ գրված է «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»: Իսկ դա նշանակում է, որ պարբերաբար սրանով-նրանով հիանալու ու հիասթափվելու մանկամտությանը վերջ տալու ժամանակն է, թե իշխանությունը, թե ոչիշխանությունը կարող են ժողովրդին դուրս դնել քաղաքական գործընթացներից, բայց ժողովուրդը ինքն իրեն չի կարող օտարել: Համենայն դեպս՝ երկար ժամանակով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը շատ մատչելի բացատրեց՝ ով է ինքն ու ինչ է ուզում, փորձեց բացատրել՝ ովքեր են ընդդիմափոխություն ուզում և ինչու, բայց խճճվեց մեթոդաբանության մեջ ու խառնեց Արևմուտք ու Արևելք տարբերությունները: Նրան դեռ թվում է, որ ՀԱԿ-ն ընդդիմություն է, ու միշտ իր աստեղային ժամն է: Առաջարկեց մարտի 2-16-ին արտոնված հանրահավաքները անել, բայց իրեն տրված փողերը չառաջարկեց, սարսափեց Պուտինի հրաժարականի պահանջից, նոր բևեռից, վախեցավ ու վախեցրեց, որ Հայաստանը կմնա այդպես էլ չփրկված ու գործը ավարտած՝ ավանդական քայլերթով գնաց տուն: ՈՒրիշ ո՞ւր գնար: Մարտի 5-ին տուն կգնա ԲՀԿ-ն՝ մնալով խորհրդարանական բնակարանում: Այդպես է, որ տարածքը չի դառնում հայրենիք, հետդարձի մեր Ռուբիկոնը մեզ երբեք Հռոմ չի տանի: Կեսար չկա:

Դիտվել է՝ 1427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ