«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երբ կրկնվում է 20-րդ դարը

Երբ կրկնվում է 20-րդ դարը
05.12.2014 | 01:00

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախապես հայտարարվել էր աշխատանքային, մեկնումի նախօրեին այցին տրվեց պետական կարգավիճակ, և դեկտեմբերի 1-ին նա այցը սկսեց Թուրքիայի պետության հիմնադիր Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելուց ու հավերժական բարեկամության մասին գրառումից՝ պատվավոր հյուրերի մատյանում: Պուտինին Անկարայում ցույց տվեցին սուլթանին արժանի ընդունելություն՝ ըստ ռուսական լրատվամիջոցների: Հավարտ այցի ստորագրվեց 8 պայմանագիր: Հիմնական արտաքին քաղաքական խնդիրը Սիրիայի հարցն էր: Համատեղ ասուլիսում երկու նախագահները հայտարարեցին սիրիական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտության մասին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման համապատկերում, բայց չհամաձայնեցին Բաշար Ասադի հարցում։ Պուտինը չի ուզում քաոսային իրավիճակ և ահաբեկչական խմբավորման հզորացում, ինչպես Իրաքում, Էրդողանը համոզված է, որ Սիրիայում անհնար է արդյունքի հասնել Բաշար Ասադի նախագահությամբ: Պուտինը Էրդողանին հիշեցրեց նախագահական ընտրություններում Ասադի 98 տոկոսը, Էրդողանը Պուտինին պատասխանեց Եգիպտոսի ընտրություններով՝ Մուրսին, որ, ըստ նրա, հանիրավի պաշտոնանկվեց, ժողովրդավարական ընտրություններում ստացավ 52 տոկոս, իսկ հեղաշրջում արած նախագահները ամբողջ աշխարհում ստանում են 95 տոկոս: Մի խոսքով՝ հարցը մնաց բաց՝ կդավաճանի՞ Պուտինը Ասադին, թե՞ ոչ:
Այցի տնտեսական սենսացիան՝ ՌԴ-ն հայտարարեց. «Հարավային հոսքը» մեռավ, կեցցե «Թուրքական հոսքը»։ ՌԴ-ն չի շարունակի ծրագիրը, փոխարենը կկառուցվի նոր գազատար Սև ծովով դեպի Թուրքիա։ Պատճա՞ռը: «Բուլղարիան զրկված է որպես անկախ պետություն գործելու հնարավորությունից: Եթե ԵՄ-ն չի ցանկանում իրականություն դարձնել խողովակաշարը, ուրեմն չի իրագործվի: Ռուսաստանը չի կարող միլիոնավոր դոլարներ ներդնել «Հարավային հոսքի» վրա, հետո մնալ Բուլղարիայի սահմանին: Եվրահանձնաժողովի դիրքորոշումն ապակառուցողական է», ասաց Պուտինը: «Հարավային հոսքը» (տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ) Ռուսաստանը մտադիր էր շահագործման հանձնել 2018-ին։ Բացարձակ ծաղր էր Պուտինի առաջարկը Բուլղարիային՝ կրած վնասների փոխհատուցման հարցով դիմել ԵՄ-ին. «Թող նրանք Եվրահանձնաժողովից գումար ուզեն՝ չստացած եկամուտի փոխարեն, Բուլղարիայի բյուջեի ուղղակի եկամուտը գազի տարանցումից առնվազն տարեկան 400 մլն եվրո կլիներ»: Դեպի Թուրքիա նոր գազատարի հզորությունը լինելու է տարեկան 63 մլրդ խորանարդ մետր, 14 մլրդ խորանարդ մետրը չմիջնորդավորված հասնելու է Թուրքիա, մնացածը՝ թուրք-հունական սահման: 2011-ից «Գազպրոմը» 4,66 միլիարդ դոլար էր ծախսել «Հարավային հոսքի» վրա: Գազամուղն անցնելու էր Բուլղարիայի, Սերբիայի, Հունգարիայի, Ավստրիայի, Իտալիայի, Սլովենիայի, Մակեդոնիայի տարածքով: Չի անցնի ու գազ չեն ստանա՝ թող իրենց հարցերը լուծեն ԵՄ-ի հետ: «ՌԴ որոշումը ևս մեկ անգամ վկայում է, թե որքան հրատապ է ոչ միայն էներգակիրների մատակարարման ուղիների, այլև աղբյուրների դիվերսիֆիկացիան»,- Բրյուսելում ասաց ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ բացատրություններ է սպասում Մոսկվայից: Մամլո քարտուղար Աննա-Կայզա Իտկոնենը ճշտեց, որ Եվրահանձնաժողովը երբեք դեմ չի եղել գազատարի շինարարությանը, միայն պնդել է, որ պետք է ամբողջությամբ համապատասխանի էներգետիկայի ոլորտում ԵՄ քաղաքականությանը (եվրոպական օրենսդրությամբ գազ արտադրողը և գազ վաճառողը չի կարող նույն կառույցը լինել, մինչդեռ «Գազպրոմը» համատեղում է երկու ֆունկցիաները):

Եվրահանձնաժողովը պատրաստվում է դեկտեմբերի 9-ին շարունակել «Հարավային հոսքի» բանակցությունները. ՌԴ-ն բանակցություններից պաշտոնապես չի հրաժարվել: Գուցե նաև չհրաժարվի՝ տնտեսապես խիստ կասկածելի շահավետություն է ԵՄ գազային շուկան սոսկ Թուրքիայով փոխարինելը, առավել ևս, որ ՌԴ-ն հանձն է առել հունվարի 1-ից 6 տոկոսով իջեցնել Թուրքիային վաճառվող գազի սակագինը, և՝ իջեցնել պարբերաբար: Փոխհատուցումը՝ 2023-ի փոխարեն 2020-ին երկու երկրների ապրանքաշրջանառությունը պիտի 32 միլիարդ դոլարից հասնի 100 միլիարդի: Մոսկվան Անկարայի համար «Ակկույու» ատոմակայանը կկառուցի՝ 20 միլիարդ դոլար ներդրումով: ՌԴ-ն լայնորեն բացում է պարենային շուկան Թուրքիայի առաջ, որ կորցրել էր Սիրիա արտահանման հնարավորությունը: Ռուս-թուրքական մերձեցումը գնահատվում է օրինաչափ՝ երկու երկրներն էլ տարբեր պատճառներով հայտնվել են քաղաքական ու տնտեսական մեկուսացման մեջ և միմյանց շուկայի ու ներդրումների կարիքն ունեն:
Ոչ այցի լուսաբանումների, ոչ համատեղ մամլո ասուլիսում չհնչեցին «Հայաստան», «Ադրբեջան», «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» բառերը: Էրդողանն ասուլիսում ընդամենը ասաց, որ անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին և միջազգային հարցերի ու խնդիրների լուծման համատեղ քայլեր կձեռնարկեն: «Մեր հարաբերությունների հիմքում փոխադարձ վստահությունն է, և մենք հույս ունենք, որ ամբողջ տարածաշրջանի համար մեր հարաբերությունները օգուտ կբերեն ու կդառնան խաղաղության ու կայունության երաշխիք», հայտարարեց Էրդողանը: Պուտինը շարունակեց. «Ամեն ինչով աջակցելու ենք միջտարածաշրջանային համագործակցությանը: Հարցեր կան, որոնց մենք տարբեր գնահատականներ ենք տալիս, բայց ընդհանուրը մեզ համար՝ ակնհայտ ձգտումն է բոլոր սուր ճգնաժամերը կարգավորելու, և մենք, անկասկած, կոորդինացնելու ենք աշխատանքը»: ՌԴ նախագահը նաև ասուլիսում խոստացավ հնարավորն անել՝ ազատ առևտրի գոտու համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար. «Դա հեշտ խնդիր չէ, բայց իրականացվող է»,- ասաց նա: Այսքանը ավելի քան երեք ժամ տևած հանդիպման մասին: Ոչինչ, որ Թուրքիայում ատոմակայան է կառուցվում՝ առանց հարևան Հայաստանին զգուշացնելու հակառակ միջուկային անվտանգության կանոնների, ոչինչ, որ ռուս-թուրքական հարաբերությունները դարձել են ոչ միայն բարեկամական, այլև ռազմավարական համագործակցություն, ոչինչ, որ Թուրքիան ու Ադրբեջանը շրջափակել են ՌԴ ռազմավարական գործընկեր Հայաստանը, ոչինչ, որ այս այցով փաստորեն Մոսկվան բացահայտ ցույց տվեց, որ քաղաքական ու տնտեսական շահերից ելնելով՝ գերակայությունը Թուրքիայինն է: ՈՒրեմն՝ նաև Ադրբեջանինը: Այլապես գազի սակագինը իջեցնող, ատոմային և այլ ոլորտներում ֆինանսավարկային ներդրումների պատրաստ ՌԴ-ն ոչ նույն ծավալներով, բայց նույնը կաներ Հայաստանի համար: Փոխարենը մինչև այժմ Մոսկվան փակում է այլ պետությունների հետ Հայաստանի շահավետ գործընկերության ճանապարհները՝ նրանց մեջ մրցակից տեսնելով:
Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական հարցազրույցն է տվել «Россия-24»-ին: Բնականաբար, ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսությունը գնահատվել է դինամիկ զարգացող՝ ընդգրկում է բոլոր ոլորտները, և չլուծվող հարցեր չկան: «Այսօր Ադրբեջանը և Ռուսաստանը երկու հարևան պետություններ են, որ ակտիվ զարգանում են և պատրաստ են դիմակայել աշխարհում գոյություն ունեցող բոլոր մարտահրավերներին»,- խրոխտ զեկուցել է Իլհամ Ալիևը: Իսկ հետո թվարկել է ոլորտներն ու հեռանկարները, հիշեցրել, որ Ադրբեջանում 120 հազար ռուս է ապրում՝ լինելով Ադրբեջանի արժանի քաղաքացիներ և «պատրիոտներ»: ՈՒ ընդհանրապես «բազմամշակութայնության ավանդույթները Ադրբեջանում միշտ են եղել՝ դարերի դրական ավանդույթները միայն զարգացել են, այդ թվում` սովետական տարիներին, իսկ ժամանակակից Ադրբեջանում ավելի են ամրապնդվում», ասել է Ալիևը: «Պատմությունն է թելադրում Բաքվին մնալ տոլերանտ ու ինտերնացիոնալ քաղաք: Բաքուն ԽՍՀՄ-ի ամենաինտերնացիոնալ քաղաքն էր, հե՞շտ է այդպես ապրել»,- ռուս լրագրողի հարցին Ալիևը պատասխանել է, որ հասարակությունը լիովին կիսում է իշխանության տեսակետները: Եվ երկուսն էլ շրջանցել են «ամենաինտերնացիոնալ» Բաքվի հայկական ջարդերը «տոլերանտ» Սումգայիթից հետո, մոռացել են որտեղ էր Ռամիլ Սաֆարովը ինտերնացիոնալիզմ ու տոլերանտություն սերտել: Ալիևը, սակայն, մի թեթև հիշել է անկախության առաջին տարիները ու «այսպես կոչված» Ազգային ճակատին, որի իշխանության ժամանակ «ազգային անհանդուրժողականությունը» պետական քաղաքականության կարգավիճակ էր ստացել: «Բացասական վերաբերմունքը, ոչ տեղաբնակ ժողովրդին նեղելու փորձերը մեր աչքի առաջ են եղել: Դրանք ազգային խայտառակության տարիներ էին մեր պետության, մեր ժողովրդի համար: Ադրբեջանական ժողովուրդը իմաստնություն դրսևորեց և մեկ տարի հետո այդ իշխանությանը նետեց պատմության աղբանոցը», այսպես է սահմանազատվել ինքն իր երկրի պատմությունից Ադրբեջանի նախագահը: Մնացած ամեն ինչում նրա հարցազրույցը, տեղ-տեղ բառացի, կրկնում է Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիբ Էրդողանի տեսակետները: Ահա այսպիսի միասնություն: Պատահական չէ, որ Ալիևը ակտիվորեն թվարկել է, թե ինչքան ներդրումներ են արվել ՌԴ բանկային ոլորտում, անշարժ գույքի շուկայում և արտադրության մեջ։ «Ռուսական շուկան հեռանկարային է, մենք ակտիվ ներդրումները շարունակելու ենք՝ չնայած, այսպես կոչված, պատժամիջոցներին: Ներդրումը ոչ միայն սեփական միջոցների դիվերսիֆիկացում է, այլև ցույց է տալիս համագործակցության աստիճանն ու մակարդակը»,- բացատրել է Ադրբեջանի նախագահը: Բնականաբար՝ այս բացատրությունից հետո նաև իր ցանկացածի պես է «բացատրել» Լեռնային Ղարաբաղի հարցը:
ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի անդամ Սերգեյ Մարկովը հենց նրա սրտից է խոսել. «ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը պարալիզացվել է ԱՄՆ-ի կողմից: Վերջին տարիներին ԱՄՆ-ը ԼՂ հակամարտության հարցում վարել է ապակառուցողական քաղաքականություն, խոչընդոտել է Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխզիջման գործընթացին՝ նախընտրելով Հարավային Կովկասում տաք կետ ունենալ: Ներկայումս, երբ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը հասկացան, որ ԱՄՆ-ն արգելափակում է ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությունը, ստիպված են աշխատել առանց ԱՄՆ-ի: Ֆրանսիան ինքնուրույն դիրքորոշում չունի, իսկ ԵՄ-ի դիրքորոշումներն արտահայտում էր Ֆրանսիան: Դա նշանակում է, որ այս պայմաններում հնարավորություն է ստեղծվել հակամարտության կարգավորման համար: Ռուսաստանը փորձում է կողմերին աջակցել այդ հարցում»: Այսինքն՝ ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցության հաջողության ռեալ խոչընդոտը ԵԱՀԿ Մինսկի խումբն է, և երբ նրանց հաջողվի Մինսկի խմբին «պարալիզացնել» հնարավոր կդառնա Լեռնային Ղարաբաղի հարցը լուծել՝ ճիշտ այնկերպ, ինչկերպ Իլհամ Ալիևը տեսնում է: Թուրքիան կբացի սահմանը, ազատ առևտրի գոտին կաշխատի, տնտեսական խոչընդոտ չի մնա ՌԴ-ԹՀ ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելուն: Ի՞նչ կմնա Հայաստանից: Իսկ ո՞ւմ է դա հետաքրքրում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Այնուհանդերձ՝ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և հազիվ թե ՌԴ-ին հաջողվի Անկարային ներքաշել ԵԱՏՄ: ՈՒ բացի այդ՝ կա Իրանը, որը տարածաշրջանի ռուս-թուրքական աշխարհաքաղաքական վերաբաժանմանը բոլորովին համաձայն չէ: Մինչ ԱԺ-ն քննարկում էր ԵԱՏՄ-ին միանալու համաձայնագիրը, արտաքին գործերի նախարարը մեկնել էր Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցերը քննարկելու, իսկ ԼՂՀ ԱԺ նախագահը Վաշինգտոնում հանդիպում էր Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի հետ: Կկրկնե՞նք 20-րդ դարը 21-րդում, թե՞ կդիմակայենք:

Դիտվել է՝ 1364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ