«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ապագա աշխարհակարգի նոր նկարագիր

Ապագա աշխարհակարգի նոր նկարագիր
28.11.2014 | 00:34

Վերջին տարիներին մենք շարունակ պնդումներ ենք լսում, որ 21-րդ դարն ամենևին նման չի լինի նախորդներին, և որ մարդկությունը մուտք է գործում իր զարգացման միանգամայն նոր դարաշրջան։ Հիմա այս մասին խոսում են բոլորը՝ սկսած աստղագուշակներից՝ Ջրհոսի դարաշրջան մեր մոլորակի մուտքով, վերջացրած առաջատար տնտեսագետներով՝ գլոբալ տնտեսության նրանց նախագծերով, որտեղ հստակորեն տարանջատված են արտադրական և սպառողական գործառույթները։ Ամեն դեպքում, արդեն հստակորեն երևում է, որ այդ նոր, այսպես կոչված, «հետարդյունաբերական հանրությունը», որտեղ գերիշխում են «մարդկային կապիտալը, տնտեսության ներդրումային հատվածը, գիտելիքների ինդուստրիան», ոչ միայն, ի վերջո, զրկված կլինի ամեն տեսակի գաղափարախոսական «իզմերից» և է՛լ ավելի իրատեսական կլինի, այլև զգալի փոփոխությունների կենթարկի ժողովուրդների միջև ներկայումս գոյություն ունեցող հարաբերությունները։
Թվում է, որ մարդկության այդ նոր ճանապարհին առաջին քայլը կարելի է համարել Պեկինում ավարտված Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) համաժողովը, որտեղ 21 պետությունների ղեկավարները քննարկեցին գագաթնաժողովի հիմնական թեման։ Այն ձևակերպված էր շատ խորհրդանշական. «Ապագայի ձևավորումը Ասիա-խաղաղօվկիանոսյան գործընկերության միջոցով»։ Իսկ միջոցառման տանտերը՝ ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, նշեց, որ նոր իրադրության պայմաններում անհրաժեշտ է առաջ տանել տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը և գործընկերային հարաբերություններ կառուցել փոխադարձ վստահության, համագործակցության և փոխշահավետության հիմքի վրա։ Ընդ որում, համաժողովի ընդհանուր տրամադրության մեջ էլ ինտեգրման հարցն առանցքային էր։ Բայց նկատենք, դեռ հենց վերջերս թվում էր, որ ոչ միայն ինտեգրման, նույնիսկ համագործակցության մասին այստեղ խոսք լինել չի կարող, որ տարածաշրջանը կանգնած է պատերազմի շեմին և տարաձայնությունները Չինաստանի, Ճապոնիայի, Վիետնամի ու Հնդկաստանի միջև անհնար է հաղթահարել։
Սակայն գագաթնաժողովի գլխավոր արդյունքներից մեկը դարձավ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազատ առևտրի գոտու (ԱԽՏԱԱԳ) ստեղծման ճանապարհային քարտեզի հաստատման ընդհանուր որոշումը։ Այդ գոտու ստեղծումից հետո այն կդառնա աշխարհի ազատ առևտրի ամենամեծ գոտին, և, փորձագետների պնդմամբ, կունենա շատ ավելի մեծ տնտեսական կարողություն, քան մնացած բոլոր տարածաշրջանային առևտրական համաձայնագրերը։ Գոտու հաջող գործարկման դեպքում դա 2,4 տրիլիոն դոլար կավելացնի համաշխարհային տնտեսության ընդհանուր ծավալին։ Գագաթնաժողովի բոլոր մասնակիցները համաձայնեցին «գործի գցել», ինչպես նաև համակողմանիորեն ու շարունակ առաջ տանել գոտու ստեղծման գործը, և պեկինյան հանդիպումը համարեցին դրա պաշտոնական սկիզբը։ Հաղորդվեց, որ արդեն շուտով ի հայտ կգան «գրագետ մշակված, գիտականորեն հիմնավորված, կանոնակարգված ու արդյունավետ ստանդարտներ», իսկ 2020-ին առանցքային ոլորտներում պետք է որոշակի արդյունքներ ձեռք բերվեն։
Այդ գործի գլխավոր նախաձեռնողն ու ընդհանուր «շարժիչ ուժը» ՉԺՀ-ն է, իսկ տարածաշրջանային ընդհանուր գոտու գաղափարը Չինաստանն առաջին անգամ արտահայտել է դեռ 2004 թվականին։ Սի Ցզինպինը համաժողովում հայտարարեց. «Մենք համակարծիք ենք այն հարցում, որ տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը զորեղ շարունակական աճի շարժիչ ուժն է, և ԱԽՏՀ-ն պետք է շարունակի առաջատար և ուղղորդող դեր խաղալ այդ գործընթացն առաջ մղելու հարցում»։ Արդեն արվել են առաջին քայլերը. Պեկինում ասիական 21 պետությունների ղեկավարները ստորագրեցին Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկ ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր։ Մետաքսի ճանապարհի հիմնադրամ ստեղծելու համար 40 մլրդ դոլար հատկացնելու Չինաստանի որոշումը ևս, փորձագետների կարծիքով, կնպաստի բոլոր երկրների ինտեգրմանը և փոխադրահաղորդակցական փոխկապվածությանը։ Բացի այդ, երեք օր անց այն բանից հետո, երբ ընդունվեց, համընդհանուր կարծիքով, «ճանապարհային քարտեզի պատմական նախագիծը», ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարեցին, որ մտադիր են երկրում ստեղծել ավելի բաց տնտեսական համակարգ և համակողմանիորեն խորացնել բարեփոխումները։ Դա, նրանց կարծիքով, «կխթանի տարածաշրջանային ինտեգրմանը»։ Հարկ է առանձնակի նշել, որ, միաժամանակ, «կայուն կերպով ներդրումներին նպաստելու, մասնավոր ներդրումների համար ավելի շատ ոլորտներ բացելու (որպեսզի շուկա ներմուծվեն մրցակցություն և նոր հղացումներ) որոշումը» համարվում է գլխավորը։
Օտարերկրյա փորձագետները, գիտնականներն ու գործարարները ակտիվորեն քննարկում են տարածաշրջանում տեղի ունեցող նոր գործընթացները և ենթադրում, որ Պեկինի նախաձեռնությունները կնպաստեն Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում փոխշահավետության, համագործակցության, զարգացման ու բարգավաճման մասին նոր պատկերացումների առաջադրմանն ու իրացմանը։ «Սինհուա» գործակալությունը բերում է մի շարք կարծիքներ։ Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս, տնտեսագետ Օլեգ Բոգոմոլովը նշել է, որ Չինաստանը ձգտում է համագործակցության և փոխադարձ շահի, ինչը նպաստում է ամբողջ տարածաշրջանի համատեղ զարգացմանը, և Ասիա-խաղաղօվիկանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) երկրները ողջունում են Չինաստանի կառուցողական դերը տարածաշրջանում։ Սիդնեյի համալսարանին առընթեր առևտրի ինստիտուտի պրոֆեսոր Հանս Հենդրիշկեի կարծիքով, Սի Ցզինպինի ելույթում հստակորեն երևում է այն փաստը, որ տնտեսական զարգացման ռազմավարության նպատակն է ապահովել ոչ միայն ազգային տնտեսության, այլև տարածաշրջանի տնտեսությունների աճը։ Ինչպես հայտարարել են Բրունեյի «Uinted Daily News» թերթի խմբագրությունում, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման խթանման, փոխկապակցված զարգացման և փոխշահավետ համագործակցության ձգտման մասին Պեկինում առաջադրված թեզիսները զգալիորեն համապատասխանում են տարածաշրջանի երկրների զարգացման հայեցակարգին։ Բոլոր հիմքերը կան վստահ լինելու, որ ՉԺՀ-ի նախագահի առաջարկություններն ու դիրքորոշումը լայն աջակցություն կվայելեն։
Ի դեպ, պետք է նկատել, որ թեև առևտրի ընդհանուր գոտու գաղափարը վաղուց արտահայտել է Չինաստանը, այդուամենայնիվ, տարածաշրջանային համապարփակ գործընկերության սկզբնական նախաձեռնողը եղել է Ճապոնիան։ Հետո ԱՄՆ-ն սկսեց անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության ստեղծման ծրագրեր առաջ քաշել։ Իսկ հոռետեսներն ասում էին, թե ԱԽՏՀ-ն անկարող է տարածաշրջանում միջազգային խնդիր լուծելու։ Եվ ահա նախաձեռնությունն իր ձեռքը վերցրեց Պեկինը, որը ԱԽՏՀ-ի շրջանակներում կարողացավ ուշադրություն հրավիրել մի համապարփակ մեխանիզմի ստեղծման վրա, որն ընդունակ կլինի հետզհետե լուծելու առկա խնդիրները։ Համընդհանուր կարծիքով, Չինաստանի ծառայությունն այն է, որ նա կարողացավ նոր ազդակ հաղորդել խնդրին և վերստին ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զարգացման համար անհրաժեշտ է ընդհանուր հայտարարի բերել առկա բազմապիսի պայմանագրերը, որոնք հաճախ հակասում են իրար և նույնիսկ մրցակցում իրար հետ։ Իսկ գլխավորը, նա կարողացավ ի մի բերել ԱԽՏԽ-ի անդամ երկրների ընդհանուր կարծիքը։ Եվ, որ ամենակարևորն է, ԱՄՆ-ի նախագահ Բ. Օբաման հայտարարեց, որ «հակասություններ չի տեսնում նոր պայմանագրի և անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության միջև»։ Ավելին, կարծիք կա, որ ազատ առևտրի Ասիա-խաղաղօվկիանոսյան գոտին կարող է դառնալ երկու խոշոր «բևեռները»՝ Չինաստանն ու ԱՄՆ-ը, միավորող միակ նախագիծը։
Իսկ հիմա՝ ամենահետաքրքրականը։ Ինչպե՞ս է ստացվում, որ Պեկինը, որը բառացիորեն վերջերս համարվում էր տարածաշրջանի անդորրի միակ խաթարողը, և որը տարածքային պահանջներ ունի բառացիորեն բոլոր հարևաններից, այժմ դառնում է այդ ինտեգրման գլխավոր նախաձեռնողը։ Եվ էլի. չինական նախաձեռնությամբ տեղի ունեցող միավորումը, ըստ երևույթին, կնպաստի տարածաշրջանում Չինաստանի դիրքերի ամրապնդմանը, իսկ դա, իր հերթին, կարող է մտահոգիչ լինել, և ոչ միայն հարևանների համար։ Եվ այստեղ դիմենք թվերին. ՉԺՀ-ի և ԱԽՏՀ-ի մյուս անդամների միջև առևտրի ծավալն անցած տարի կազմել էր 2,5 տրլն դոլար, և այդ ցուցանիշին բաժին էր ընկնում Չինաստանի ամբողջ արտաքին առևտրի մինչև 60 տոկոսը։ Հարկ է նկատել նաև, որ ԱԽՏՀ անդամ 21 պետություններն ապահովում են համաշխարհային արտաքին առևտրի 48 տոկոսը։ Այսինքն, ՉԺՀ-ի տնտեսական ավանդը դժվար է հաշվի չառնել, և Պեկինի հավակնությունները բավական ծանրակշիռ հիմնավորված են։ Այնուհետև, միանգամայն ակնհայտ է, որ գործընկերության առանձին, առավել զգայուն բնագավառներում հատուկ համաձայնագրեր կնքելիս «ճկուն մոտեցումների», զիջումների ու արտոնությունների համակարգի հիման վրա է հնարավոր ապահովել այդ նախաձեռնության հաջողությունը։ Իսկ այդ ասպարեզում թե՛ Չինաստանի պատմությունը, թե՛ նրա ներկայիս վարքագիծը «ինչ-ինչ, բայց ճկուն են»։ Իսկ այդ երկու գործոնն էլ հենց հանգեցրել են այն բանին, որ ԱԽՏՀ-ի առաջատարները, փաստորեն, պաշտպանեցին ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի կոչը՝ «կրկնապատկելու ջանքերը», և ամփոփիչ փաստաթղթում արձանագրեցին. «Հավաստելով մեր մտադրությունների լրջությունը և գործընթացին ցուցաբերվող համակարգված մոտեցումը, մենք որոշել ենք հավանություն տալ Պեկինի «Ճանապարհային քարտեզին»՝ ազատ առևտրի Ասիա-խաղաղօվկիանոսյան գոտու ստեղծման գործում ԱԽՏՀ-ի ավանդի վերաբերյալ»։ Եվ ընդհանուր առմամբ, թե՛ Չինաստանի կողմից ազատ առևտրի գոտու ճանապարհային քարտեզի մշակումը, թե՛ գաղափարի գործնական հարթություն անցումը իրոք այն «պատմական քայլն» են, որը ոչ միայն վկայում է աշխարհում ուժերի հաշվեկշռի վստահ փոփոխության մասին, այլև, հեռանկարի առումով, նոր նկարագիր է ուրվագծում ապագա աշխարհակարգի համար։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ