«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հակաիրանական «խրախճանքում» «առաջին ջութակի» դերն ստանձնել էր... Ֆրանսիան

Հակաիրանական «խրախճանքում» «առաջին  ջութակի» դերն ստանձնել էր... Ֆրանսիան
28.11.2014 | 00:13

Եվ այսպես, ԱՄՆ-ի ու Եվրամիության ծրագիրը` Վիեննայի բանակցություններում Իրանին հսկելու առավելագույն միակողմանի զիջումների և հենց 2014 թ. նոյեմբերի 24-ին ստորագրելու իրանական ատոմային ծրագրի վերաբերյալ մի վերջնական համաձայնագիր, որը շահավետ լիներ միայն Արևմուտքին (թեև Իսրայելին նույնպես), ձախողվեց։ Իրանի պատվիրակության հետ «վեցյակի» (ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ գումարած Գերմանիա) բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին, չհաշված «պլանային» եզրափակիչ ընթրիքը։ Ի դեպ, հենց այդ արարողության համար էլ Վիեննա մեկնեց և «վեցյակի» մնացած երկրների արտգործնախարարներին միացավ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Երևի ռուսները նախապես շատ բան են իմացել Վիեննայի առնչությամբ Թեհրանի դիրքորոշման մասին, ուստի և Ռուսաստանի արտգործնախարարն առանձնապես չէր շտապում Ավստրիա հասնել։
Հետաքրքրական է, որ ընթրիքի ավարտից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր նախաձեռնությամբ շտապ հեռախոսային խոսակցություն ունեցավ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ խոսակցության մանրամասները հազիվ թե մոտ ապագայում որևէ մեկը կարողանա իմանալ։ «Էական առաջընթաց է գրանցվել «վեցյակի» անդամ երկրների և Իրանի արտգործնախարարների մակարդակով հենց նոր Վիեննայում ավարտված հանդիպման ընթացքում»,- ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Իսկ ահա թե ինչ են հայտարարել Իրանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք Վիեննայի բանակցությունների մասին։ Ռոհանին, հանդես գալով ազգային հեռուստատեսությամբ, հայտարարել էր Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում «իրանական մեծ ժողովրդի հաղթարշավի մասին»։ «Աշխարհում ոչ ոք չի կարող ասել, թե պատժամիջոցները (Իրանի դեմ) պետք է կոշտացնել. այս է այսօրվա մեր կեցվածքը,- պարզաբանել է Ռոհանին։- Ամբողջ աշխարհն ասում է, որ մեզ պետք են ավելի շատ ժամանակ, ավելի շատ բանավեճեր` վերջնական պայմանավորվածության հասնելու համար»։ Նրա խոսքերով, Վիեննայի բանակցությունների ընթացքում մասնակիցներին հաջողվել է վերացնել շատ հակասություններ։ Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ բանակցային գործընթացը «կհանգեցնի համաձայնության` վաղ թե ուշ»։
Իրանի Իսլամական Հանրապետության Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին իր գնահատականներում ավելի կոշտ ու կոնկրետ է եղել. Կում քաղաքում` իրանական խոշորագույն շիական կենտրոնում, ելույթ ունենալով աստվածաբան դասախոսների առջև, նա հայտարարել է. «ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին, որոնք նեոգաղութատիրական արտաքին քաղաքականություն են վարում, չհաջողվեց և չի էլ հաջողվի ծնկի բերել Իրանին»։ Այաթոլլահ Խամենեին նաև վստահ է, որ Վիեննայի բանակցությունները ցույց տվեցին Իրանի ուժն ու հաղթանակը աշխարհում։
Հատկանշական է, որ Վիեննայում ամերիկացիները իրենց հիմա ավելի հանգիստ ու կշռադատված դրսևորեցին (իհարկե, միայն արտաքուստ)։ Հակաիրանական «խրախճանքում» «առաջին ջութակի» դերն ստանձնել էր... Ֆրանսիան։ Փոքր-ինչ զուսպ, բայց դարձյալ «ֆրանսիական դիրքերում» էր կանգնած արտաքին հարաբերությունների եվրոպական հանձնակատար Քեթրին Էշթոնը։ Վիեննայի բանակցությունների արդյունքի (ավելի ճիշտ դրա բացակայության) կատակերգականությունն այն է, որ Թեհրանի հետ համաձայնության չհասնելու փաստին ԱՄՆ-ի տված գնահատականը... զուգադիպում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության գնահատականին։ Հանդես գալով Վիեննայում, ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին արձանագրեց, որ Իրանի հետ բանակցությունները կոշտ են եղել, սակայն դրանց ընթացքում ձեռք է բերվել «էական առաջընթաց»։ Ճիշտ է, Քերիի հետ չեն համաձայնել ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամները։ Հանրապետականները Կոնգրեսում խոսել են Իրանի հետ կնքվելիք համաձայնագրի բովանդակությունն ուսումնասիրելու, ինչպես նաև նրա միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների շարունակումը ավելի կոշտ պատժամիջոցների հետ շաղկապելու անհրաժեշտության մասին։ Սակայն, Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Իրանին պետք է ավելի շատ ժամանակ տրվի, որպեսզի նա կարողանա պատասխանել իր միջուկային ծրագրի առնչությամբ եղած երկյուղներին։ Բանակցությունների շարունակման պարագայում նոր պատժամիջոցների ավելացումը Ջ. Էռնեստը հակացուցված քայլ է համարել։ Հետագայում պետքարտուղար Ջ. Քերին ևս հակաիրանական պատժամիջոցների խստացման պահանջներն անվանել է «հակացուցված»։
Տարօրինակ չէ՞, արդյոք, որ Վիեննայում «վեցյակի» մտքերի փոխանակության արդյունքում Իրանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի բարձրաստիճան ղեկավարության տեսակետները, ըստ էության, զուգադիպեցին։ Այդ դեպքում հարկ է տեսնել, թե տարահայաց պետություններն այդ ի՞նչն են համարել «էական առաջընթաց»` այն պարագայում, երբ Եվրոպան և Իսրայելը (ինչպես և ԱՄՆ-ի հանրապետականները) շարունակում են հակաիրանական հիստերիա բորբոքել, և ինչու են իրանցիները վստահ իրենց «հաղթարշավի» հարցում։ Եվ այսպես, Թեհրանը մտադիր է առաջիկա տարիներին քսան անգամ ավելացնել ուրանի հարստացումը։ Բացի այդ, Իրանը պահանջում է, որ պատժամիջոցները վերացվեն անմիջապես, սակայն արևմտյան երկրներն ուզում են դա անել աստիճանաբար` համոզվելու համար, որ Թեհրանը կատարում է իր պարտավորությունները։ Իրանն այդպես էլ չի պատասխանել փորձնական պայթեցումների և կասկած հարուցող այլ գործունեության վերաբերյալ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱտԷՄԻԳ) հարցապնդումներին, ինչը կարող էր վկայել միջուկային ծրագրի ռազմական ուղղվածության մասին։ Իրանի իշխանությունները նաև ԱտԷՄԻԳ-ի տեսուչներին թույլ չտվեցին մուտք գործել Պարչինի ռազմական օբյեկտ։ Դրանից հետո ԱտԷՄԻԳ-ը հանդես եկավ բավական կոշտ հայտարարությամբ, որտեղ ասվում էր, որ Իրանը չի կարողացել իր միջուկային ծրագրի խաղաղ ուղղվածության վերաբերյալ համոզիչ ապացույցներ ներկայացնել։ Իսկ իրանցիները իրավաչափ կերպով հակափաստարկներ են ներկայացնում. Պարչինը պայմանական սպառազինությունների փակ ռազմակայան է, պետական հույժ գաղտնի օբյեկտներից, ոչ ոք չի կարող մուտք գործել խիստ գաղտնի այդ օբյեկտի տարածք, Արևմուտքը տիեզերական հետախուզման բավականաչափ միջոցներ ունի տեսնելու և համոզվելու, որ Պարչինում ոչ մի «միջուկային գործունեություն» չկա։
Բանակցություններում առայժմ չի գտնվել բոլոր կողմերի համար ընդունելի որոշում այն մասին, թե հատկապես որ պատժամիջոցներն աստիճանաբար կհանվեն, եթե Իրանը խիստ սահմանափակումներ սահմանի ուրանի հարստացման ոլորտում։ Սակայն չնայած այս ամենին, իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ որևէ կոնկրետ պայմանավորվածության բացակայությանը, որոշվեց, որ Թեհրանը, այնուամենայնիվ, կարող է օգտվել արտասահմանում սառեցված իր ակտիվների մի մասից (գումարը սահմանափակված է ամսական 700 մլն դոլարի շրջանակներում)։ Ստացվում է, որ Արևմուտքը (քանի որ ԱՄՆ-ը հարկադրված է արձանագրել, որ պատժամիջոցների կոշտացումը արդյունք չի տա) ստորագրել է սեփական անմտության տակ և ընդունել է, որ արտասահմանում իրանական ակտիվների սառեցումը հանցագործություն է, և որ պատժամիջոցներն այլևս գործուն միջոց չեն Թեհրանի դեմ։ Եթե դա այդպես է, ապա, այո, Վիեննայում իրանական պատվիրակությունը «հաղթեց» Արևմուտքին և «հաղթարշավ» արձանագրեց, թեկուզ և մասնակի։ Իսկ Պուտինի հետ Ռոհանիի հեռախոսային խոսակցությունը, ինչպես և Լավրովի ուշացումով ուղևորությունը Վիեննա բացահայտորեն վկայում են, որ Ավստրիայում տեղի ունեցած բանակցություններում Իրանի դիրքորոշումը ամենաբարձր մակարդակում իրանա-ռուսական նախնական պայմանավորվածության արդյունք էր։ Մնալով առանց Ռուսաստանի (ինչպես, ի դեպ, նաև Չինաստանի) գործնական աջակցության, Արևմուտքը Վիեննայում հարկադրված էր հաշվի նստել իրանական տեսակետի կոշտության հետ։ Եվ արդյունքում` 1. պատժամիջոցները չեն կոշտացվի, 2. Իրանին վերադարձվել է իր արտասահմանյան ակտիվներից օգտվելու իրավունքը, թեկուզ և սահմանափակ չափով։
Երրորդ նվաճումը, իհարկե, կասկածելի է, բայց, դե, դա էլ է նվաճում։ Իրանի միջուկային հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդի ասելով, Իրանի հետ «վեցյակի» բանակցային գործընթացը կվերսկսվի դեկտեմբերին։ Արևմտյան դիվանագետները համարում են, որ պայմանավորվածությունը ձեռք կբերվի մինչև մարտի 1-ը, իսկ տեխնիկական մանրամասները կհամաձայնեցվեն մինչև հուլիսի 1-ը։ Այսպիսով, բանակցային գործընթացը երկարացվել է ևս 7 ամսով։ Ինչպես ասվում է բանակցություններում «վեցյակի» համակարգող Քեթրին Էշթոնի և Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Շարիֆի համատեղ հայտարարությունում, հանդիպման արդյունքների հիման վրա կողմերը դիմել են ԱտԷՄԻԳ-ին, խնդրելով «շարունակել վերահսկողությունը Թեհրանի կողմից գործողությունների համատեղ ծրագրի շրջանակներում կամավոր լրացուցիչ միջոցառումների կատարման նկատմամբ»։ Զարմանալի մի բան. դեռ նոյեմբերի 22-ին աշխարհի առաջատար լրատվական գործակալությունները շտապով հաղորդեցին, որ Վիեննայի բանակցություններում մթնոլորտը ծայրաստիճան շիկանում է, որ կողմերը (այսինքն` Արևմուտքն ու Իրանը) կոշտացնում են հռետորաբանությունը։ Մեկ օր անց նույն լրատվամիջոցները հաղորդում էին, որ Վիեննայի բանակցություններում «հայտնվել է Իսրայելի ստվերը», և դա գնահատվում էր իբրև անվիճարկելի հանգամանք և նախադրյալ այն բանի, որ հենց նոյեմբերի 24-ին Թեհրանի հետ համաձայնագրի ստորագրման ձախողումը կհանգեցներ հակաիրանական քաղաքականության սաստկացման։ Արդեն նոյեմբերի 24-ի երկուշաբթի օրը որոշ «խելոքներ» նետվեցին տարածելու մի ապատեղեկատվություն, թե, իբր, «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն «արդեն շրջապատում է Իրանը»։ Եվ հանկարծ` կրախ։ ՈՒ հիմա Արևմուտքն ու նրա խամաճիկներն արդեն ասելիք չունեն, այլևս խաբելու տեղ չունեն։ Համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց։ Բայց, միաժամանակ, հակաիրանական քաղաքականության կոշտացում չի լինի, իսկ Ռուսաստանն ու Իրանը նշում են «իրանական ժողովրդի հաղթարշավը», ինչպես հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։
Իսկ մենք համարում ենք, որ Հայաստանի ժողովուրդն ու իշխանությունները ևս կարող են մաքուր սրտով ուրախանալ մեր առավել հետևողական ռազմավարական գործընկերների համար` ի դեմս Թեհրանի ու Մոսկվայի։ Դեռ առնվազն 7 ամիս Արևմուտքին ձեռնտու չի լինի սրել իրադրությունը Իրանի շուրջ (այսինքն` Անդրկովկասի շուրջ)։ Հետևաբար, թե Իրանն ու Ռուսաստանը, թե Հայաստանը ժամանակ ունեն սկսելու իրենց համատեղ և հեռագնա ռազմավարական նախագծերի իրականացումը։ Ի վերջո, եթե Ռոհանին հեռախոսով խոսել է Պուտինի հետ, ապա երկու նախագահները քննարկել են ոչ միայն իրանական ատոմի շուրջ Վիեննայի բանակցությունները։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության նույն հաղորդագրությունում ասվում է, որ ՌԴ-ի և Իրանի նախագահները քննարկել են նաև «երկկողմ համագործակցության առանցքային ուղղություններում գործակցության հրատապ հարցերը, ներառյալ համատեղ նախագծերի իրականացման ընթացքը»։ Եվ որ Իրանի և Ռուսաստանի մի ամբողջ շարք համատեղ նախագծեր շոշափում են նաև Անդրկովկասի, այդ թվում` Հայաստանի շահերը, հայտնի է վաղուց և ոչ մի կասկած չի հարուցում։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3183

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ