ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Հայաստան-Ադրբեջան. Պատերազմի քամիներ Կովկասո՞ւմ

Հայաստան-Ադրբեջան. Պատերազմի քամիներ Կովկասո՞ւմ
26.11.2014 | 12:39

Իտալական Panorama կայքը հրապարակել է Աննա Մաձոնիի «Հայաստան-Ադրբեջան. պատերազմի քամիներ Կովկասո՞ւմ» հոդվածը.


«Հայաստան-Ադրբեջան, երկու հեռավոր երկրներ և մոռացված, բայց դեռ չավարտված պատերազմ: Նրանց միջև մի կտոր հող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂ, Լեռան սև այգի), որը դեռ «առկախ պետություն» է: 1994 թ.
հրադադար է կնքվել ԼՂ, Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց խաղաղությունը դեռ հեռու է, առավել ևս՝ բռնությունների էսկալացիան Լեռնային Ղարաբաղի սահմաններում լավ ոչինչ չի կանխատեսում:
Մի կողմից Ադրբեջանն է` Ալիևների թագավորությունը, մի կատաղի իսլամական ռեժիմ, որը փոխանցվում է հորից որդուն: Մի ռեժիմ, որի հետ մոլորակի բոլոր կառավարությունները բիզնես են անում և հակված են Բաքվից եկող նավթի շնորհիվ աչք փակելու Ալիևների կողմից մարդու իրավունքների տարրական նորմերի, այդ թվում՝ մամուլի և խոսքի ազատության պարբերաբար ոտնակոխման դեմ:
Մյուս կողմում Հայաստանն է, քրիստոնյա մի հանրապետություն, որը չի կարող ապավինել ոչ գազի, ոչ նավթի, որ իր ձայնը լսելի լինի միջազգային հարթակում, և ժողովրդի մեծ մասը ցրված է ամբողջ աշխարհով՝ 1915 թ.
երիտթուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով ձևավորելով սփյուռքը: Երկու երկրներին միավորում է միայն նախկին խորհրդային հանրապետություններ լինելը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ժամանակի տեսանկյունից «բախտ չի ունեցել»: Այն պահին, երբ պայթեց, աշխարհի աչքերը կենտրոնացած էին Եվրոպայի սրտում Բալկանների պատերազմի վրա: Այնուհանդերձ, եղել է ավելի քան 30 հազար զոհ, և խաղաղություն դեռ չկա: Ավելին, դատելով վերջին իրադարձություններից, թվում է, թե խաղաղությունն ավելի է հեռանում:
Վերջին ամիսներին Ադրբեջանը բարձրացրել է սադրանքների աստիճանը:
Ադրբեջանական ռեժիմը սկսել է կրակել: Մոտ 1 ամիս առաջ, հոկտեմբերի վերջին Ալիևը մասնակցել է Փարիզում Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպմանը: Բանակցությունների սեղանին ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի հովանավորությամբ երկու երկրների միջև հրադադարի ամրապնդումն էր:
Չնայած Փարիզում արտահայտված լավ մտադրություններին, Ալիևը, երբ վերադառնում է տուն, անում է խելքին փչածը, և նոյեմբերի 12-ի զորավարժությունների ժամանակ, որի մասին ադրբեջանական կողմը կանոնավոր տեղեկացված էր, խոցում է Լեռնային Ղարաբաղի մի ուղղաթիռ, որն ուսումնական նպատակով թռիչք էր իրականացնում հայկական դիրքերի վրայով: ՈՒղղաթիռը վայր ընկավ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև չեզոք գոտում: Բաքուն խոստովանում է ուղղաթիռի խոցումը, և Եվրոպան ու ԵԱՀԿ-ն արձագանքում են՝ պահանջելով հետաքննություն անցկացնել միջադեպի տարածքում և Միջազգային Կարմիր խաչին թույլ տալ մոտենալ դեպքի վայրին: Սակայն, անտեսելով Ժնևի կոնվենցիան, Բաքուն 10 օր մերժում է ինչպես հետաքննության, այնպես էլ մարդասիրական նպատակով դիտորդների մուտքը տարածք:
Ադրբեջանի զինվորները ուղղաթիռի ընկած վայրը մշտական կրակի տակ են պահում: ՈՒղղաթիռը, ըստ Լեռնային Ղարաբաղի, զինված չէր և զինամթերք չէր կրում: Նոյեմբերի 21-22-ի գիշերը ԼՂ զինված ուժերը հատուկ գործողություն են
կատարում երեք զինվորների մասունքները և ուղղաթիռի սև արկղը դուրս բերելու՝ չեզոքացնելով ադրբեջանական 2 դիպուկահարների: Եթե սա պատերազմ չէ, շատ մոտ է պատերազմի վերածվելու: Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցողը պարզապես բախում չէ երկու երկրների միջև, որոնք հեռու են մեզնից, այլ Բաքվի կողմից միջազգային և հումանիտար օրենքների մշտական (անպատիժ) խախտումների հետևանք:
Ալիևները մարտահրավեր են նետում խաղաղությանը՝ հարված հասցնելով տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը: Այստեղ նույնիսկ հաշվի չի առնվում Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը սպառնացող վտանգը:
«Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական բանակի կողմից՝ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող միջադեպերից վերջինն է և ամենավտանգավորը, որը սպառնում է արթնացնել քսանամյա հակամարտությունը, որը թվում էր՝ քնած է»,- Panorama.it-ին հայտնել է սենատոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Ալդո դի Բիաջիոն: Նա ավելացրել է. «Իտալիան, ԵՄ նախագահության հետ միասին պետք է լինի առաջնագծում և չպետք է թերագնահատի Եվրոպական հարևանության տարածաշրջանում այս ծայրահեղ լարված իրավիճակը և անի հնարավորը՝ խուսափելու քայլերից, որոնք երկխոսության փոխարեն կարող են տանել լարվածության սրման»: Եթե Բաքուն կրկին պատերազմ սկսի Հայաստանի դեմ, Բրյուսելը պետք է մտահոգվի իր մատակարարումներին առնչվող լրջագույն խնդիրներով: Գազի և նավթի ուղիները անցնում են հենց այս տեղով: Հակահայկական և ռազմական հռետորաբանությունը Բաքվի ռեժիմի համար դարձել է առօրյա: Մի օրորոցային, որով ննջեցնում է իր հպատակներին: Բռնակալ Ալիևը վերջին տարիներին երկրաչափական պրոգրեսիայով ավելացրել է ռազմական ծախսերը՝ տարածելով հայատյացություն և փորձելով սադրել հայկական կողմին՝ casus belli հայթայթելու նպատակով: Մինչ հիմա Երևանը նյարդերը ամուր է պահել, բայց դեռ ինչքա՞ն կարող է դիմանալ ազերիների հարձակումներին, որոնք օրեցօր ավելանում են: Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքում Լեռնային Ղարաբաղի անզեն ուղղաթիռի խոցումը ադրբեջանական բանակի կողմից ոչ միայն 1994 թ. հրադադարի կոպիտ խախտում է և ստոր արարք, որը 3 հայ զինվորների կյանք խլեց, այլև վտանգավոր կայծ Կովկասի վառոդի տակառում, որտեղ արդեն եղած «կայծերին» կարիք չկա նորն ավելացնել: Ինչպես 90-ականների սկզբին, միտում կա գորգի տակ թաքցնել այն, ինչ տեղի է ունենում այսօր Լեռնային Ղարաբաղում, ի տարբերություն այլ արտակարգ վիճակների. ՈՒկրաինան և ISIS-ի խալիֆաթի ահաբեկիչների պատերազմը միջազգային հանրության առաջնայնություններն են: Բայց Բաքվից եկող դրամատիկ ազդակների թերագնահատումը կարող է Կովկասի սրտում մի նոր պայթյուն հրահրել և ամբողջ տարածաշրջանը աղետի վերածել հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատրաստվում է կտրել Եվրասիական միության ժապավենը, որը պաշտոնապես ծնունդ կառնի 2015 թ. հունվարի 1-ին:
Մինսկի խումբը (Ֆրանսիա, Ռուսաստան և ԱՄՆ) խստորեն զգուշացրել է Ադրբեջանին` հարգելու իր պարտավորությունը, և խնդրել է Երևանին և Բաքվին պահպանել հրադադարը: Բայց Լեռնային Ղարաբաղում այն զգացողությունն է, որ իրավիճակը ԱՄՆ-ի և Ռուսաստանի գլխավորությամբ միջազգային միջնորդների ձեռքից գնում է: Մի նոր պատերազմը կփոշիացնի Ադրբեջանից Եվրոպա գնացող հիդրոկարբոնների ենթակառուցվածքը, ինչի պատճառով երկար ժամանակ բարեսիրտ վերաբերմունք է ցուցաբերվում Բաքվի հանդեպ:
Բրյուսելը Ալիևին վերաբերվում է որպես երես առած երեխայի, որը վերջում անում է՝ ինչ ուզում է, Ադրբեջանի նախագահը պատասխանել է Հայաստանի դեմ նոր պատերազմի սպառնալիքով ոչ միայն խոսքով, այլև «խավիարային դիվանագիտությամբ»՝ Եվրոպայի աջակցությունն ու համաձայնությունը ձեռք բերելու համար: «Խավիարային դիվանագիտությունը» ոչ այլ ինչ է, եթե ոչ եվրոպական և ազգային տարբեր կուսակցական խորհրդարանականների ապացուցված կոռուպցիա: Բրյուսելում և Ստրասբուրգում լայն տարածված ադրբեջանական «դիվանագիտական» պրակտիկան բազմիցս եղել է մամուլի ուշադրության կենտրոնում: Հայաստանը պատերազմի մեջ ներքաշվելու վտանգի տակ է հենց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման նախօրեին: Այսօր էլ, ինչպես 1 դար առաջ, աշխարհը միայն կնայի՞:

Դիտվել է՝ 1294

Մեկնաբանություններ