«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ռուսաստանի ազդեցության լծակները խիստ նվազել են, իսկ Պեկինը երբեք բարեգործությամբ չի զբաղվում

Ռուսաստանի ազդեցության լծակները խիստ նվազել են, իսկ Պեկինը երբեք բարեգործությամբ չի զբաղվում
25.11.2014 | 00:18

ՈՒղևորվելով Չինաստան, առավել ևս գործարար այցով, չէր խանգարի, որ որոշ գիտելիքներ ունենայինք վարքագծի չինական կանոնների մասին։ Օրինակ, խորհուրդ չի տրվում այնտեղ կանաչ գլխարկ կրել, այցեքարտը պետք է հանձնել երկու ձեռքով, գավաթը խփելիս հարկավոր է այն իջեցնել դիմացինի գավաթից ցածր, և, իհարկե, պետք է կտրականապես խուսափել ֆիզիկական շփումից` չգրկախառնվել, ձեռքն ուսին չխփել, ոչ մի դեպքում չփորձել համբուրվել։ Անգամ ձեռքսեղմումը` արևմտյան այդ սովորույթը, դուր չի գալիս չինացիներին։ Իսկ այդ ամենը տիկնոջ հանդեպ թույլ տալը միանգամայն աներևակայելի գռեհկություն է չինացիների ընկալմամբ։ Նույնիսկ ամենակիրթ ու ազատամիտ չինուհու արձագանքը կարող է ֆիզիոլոգիական զզվանքի նմանվել։ Ընդ որում, օրինակի համար, չինացիներն իրենք ամենևին չեն քաշվում փողոցում շոյելուց դուրեկան եվրոպացի երեխայի գլուխը։ Բայց դե լիովին կարելի է զանց առնել «չինական տարօրինակությունները», հանդիպել ոչինչ չասող ժպիտի կամ նույնիսկ թաքցված վիրավորվածության։ Թե դա ինչպես կօգնի ձեր բիզնեսին` ինքներդ որոշեք։ Սակայն պետք է հիշել` Չինաստանում մարդիկ բարյացակամ են, բայց և նեղացկոտ։ Նվաստացման, անգամ թվացյալ նվաստացման պատասխան վրեժը կարող է լինել կոշտ ու անկասելի, անգամ քողարկված` «դաշույնը ժպիտի տակ թաքցված», անկասկած` նրբադավ, բայց եթե դուք վիրավորել եք չինացուն, ապա կարելի է չկասկածել` նրա հետ շա՜տ դժվար է լինելու աշխատելը։ Տեղի իրատես մարդկանց համար շատ ավելի ահավոր է «դեմք կորցնելը», քան փող։ Սակայն սա սոսկ մի փոքր շեղում է մեր գլխավոր թեմայից։
Հիմա տեսնենք, թե ինչ վիճակ է տիրում ռուսական «ճեղքում դեպի Արևելք» գործում, և թե Կրեմլն ու Ռուսաստանի նախագահն ինչ հաջողություններ ունեն հայտարարված աշխարհաքաղաքական դասավորության ասպարեզում։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) կազմակերպության անդամ երկրների ղեկավարների` Պեկինի Յանցզի լճի ափին կայացած 22-րդ հանդիպումը` «Ապագայի ուղին անցնում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործընկերության միջով» կարգախոսով, ինչպես և պետք էր սպասել, նշանավորվեց, նախ և առաջ, Չինաստանի անվիճելի առաջատարությամբ` ոչ միայն որպես գագաթնաժողովի տանտիրոջ, այլև որպես արդի աշխարհի խոշորագույն տնտեսատիրոջ։ Բայց Ռուսաստանի նախագահը, թերևս, այստեղ արժանացավ մամուլի ու բլոգերների առանձնահատուկ, ընդգծված ուշադրությանը։ Նախ, չինական սոցիալական ցանցերը բառացիորեն պայթում էին Չինաստանի առաջին տիկնոջ հանդեպ Պուտինի վերաբերմունքի մեկնաբանություններից. «Պենի անդիմադրելի հմայքը կախարդել էր ամուրի Պուտինին», անուշադրության չէին մատնվել նաև նրա «ֆիրմային» ուշացումները, «երկաթյա» տիպարն էլ չէին մոռացել։ Ավելի լուրջ հրատարակությունները նշել էին, որ «Ռուսաստանն ու Չինաստանը հսկայական քայլ արեցին ավելի սերտ տնտեսական և քաղաքական կապերի հաստատման ճանապարհին»։ Համարում էին, թե դա «հաշվենկատ ամուսնություն էր. Ռուսաստանն ուզում է դուրս պրծնել մեկուսացումից, որ նրա շուրջ կառուցել է Արևմուտքը Ղրիմի անեքսիայից հետո, իսկ Չինաստանը էներգիայի հուսալի և ոչ թանկ աղբյուր է փնտրում»։ Չինական «Սինհուա» գործակալությունը գրել է. «Սի Ցզինպինը ռուսաստանցի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ արդեն տասն անգամ հանդիպել է ՉԺՀ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր։ ՉԺՀ-ի և ՌԴ-ի առաջնորդների հաճախակի հանդիպումները ոչ միայն արարողական բնույթ են կրում, այլև վկայում են չին-ռուսական կապերի բարձր որակի ու բարձր մակարդակի մասին»։ Միաժամանակ, ՉԺՀ առաջնորդն էլ է հավաստիացրել. «Ինչ փոփոխություններ էլ տեղի ունենան միջազգային ասպարեզում, մենք մեր համագործակցության խորացումը կհամարենք մեր քաղաքականության գերակա ուղղություն, կամրապնդենք քաղաքական փոխվստահությունը, կընդլայնենք համակողմանի փոխշահավետ կոոպերացիան»։ Այնպես որ, ամեն ինչ, կարծես, հրաշալի է, և «դեպի Արևելք շրջադարձը» ընթանում է առաջադրված կուրսով։
Սակայն արդի աշխարհում վաղուց արդեն մի կարգ է գործում` «խոսքը` խոսք, փողը` փող»։ Եվ այստեղ թվում է, ամեն ինչ այնքան էլ լուսաշող չէ։ Չինական ազգային նավթային կորպորացիաների հետ շրջանակային համաձայնագիր է ստորագրվել «արևմտյան» երթուղով գազի մատակարարման վերաբերյալ, որտեղ, մասնավորապես, արտացոլված են այնպիսի դրույթներ, ինչպիսիք են մատակարարումների ծավալն ու ժամկետները և Ռուսաստանի համար կարևոր «վերցրու կամ վճարիր» պայմանը։ Բայց այն, համենայն դեպս, մեծ մասամբ աշխատանքային բնույթ է կրում և, ինչպես նշում են փորձագետները, ունի էլ ավելի անորոշ ճակատագիր, քան «Սիբիրի ուժը» գազամուղը։ Երկու նախագծերի բնութագրումներն էլ սեղմ են, պայմանագիրը կնքվում է 30 տարի ժամկետով, մինչև 30 միլիարդ խմ տարեկան ծավալով, իրականացման ժամկետները մինչև 2020 թ.` առավելագույն կարողության հասնելու ժամանակամիջոցը` 6 տարի։ Եվ էլի մեկ նմանություն. երկրորդ նախագծի, ինչպես և առաջինի, տնտեսական և ֆինանսական արդյունավետությունը, ըստ էության, խիստ կասկածելի է։ Բացի այդ, երկյուղ է առաջացնում այն, որ Ռուսաստանի նախագահի Պեկին կատարած այցի ժամանակ չինական ղեկավարությունը, չնայած «պերճախոսությանը», ըստ էության, խուսափեց էներգետիկ պայմանագրի կնքումից, ինչի հույսն ուներ Կրեմլը, և անգամ համատեղ նախագծերի ուղիղ ֆինանսավորում չտվեց։ Այսպես, «Գազպրոմի» ղեկավարությունը հարկադրված էր արձանագրել, որ այլևս չի ստանա 25 մլրդ դոլար ենթադրվող կանխավճարը` համաձայն ավելի վաղ կնքված գազի պայմանագրի, ու «Սիբիրի ուժը» արդեն պիտի կառուցվի ՌԴ-ի քամվող ֆոնդերի հաշվին։ Իսկ դրանից դժվար չէ ենթադրել, որ այժմ Չինաստանը որոշել է փող չտալ, քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակի սրընթաց վատացումը մոտ ապագայում կմնա անփոփոխ։ Այդ դեպքում ավելի լավ է մի քիչ սպասել, և «հասած պտուղը», այսինքն` Ռուսաստանը, «կընկնի ափդ» փաստորեն ձրի։ Առավել ևս, որ չինական տնտեսության համար Ռուսաստանի գազը առանձնակի դեր չի խաղալու։ Ինչպես մենք քանիցս հաղորդել ենք, Պեկինը այլընտրանքային մատակարարումներ որքան ասես ունի` սկսած Թուրքմենստանից 1000 խմ-ն ամենաշատը 300 դոլար արժողությամբ գազից և վերջացրած սեփական թերթաքարային գազի արդյունահանմամբ և «կանաչ էներգետիկայով»։
Ավելին, Չինաստանում վերջնականորեն պարզվեց ևս մեկ հանգամանք, որը մի շարք, այդ թվում` ռուս փորձագետների հիմք տվեց պնդելու, որ մայիսին կնքված ռուս-չինական գազային «դարի պայմանագիրը» ոչ այլ ինչ է, եթե ոչ «քաղաքական մեծ բլեֆ»։ Ժամանակին մենք մանրամասնորեն գրել ենք այդ մասին, սակայն հիշեցնենք. ՈՒկրաինայի ու Արևմուտքի հետ առճակատման գագաթնակետին հայտնի դարձավ, որ Պուտինը պայմանագիր էր ստորագրել «արևելյան երթուղով»` «Սիբիրի ուժը» գազամուղով Չինաստանին գազ մատակարարելու վերաբերյալ։ Պաշտոնապես հայտարարվել էր, որ 30 տարի ժամկետով պայմանագիրը նախատեսել է տարեկան մատակարարել 38 մլրդ խմ ռուսական գազ։ Գործարքի ընդհանուր գինը լինելու էր 400 մլրդ դոլար։ Փորձագետներն ակնթարթորեն հաշվարկեցին, որ Ռուսաստանը Չինաստանին գազը մատակարարելու էր 1000 խմ-ն 350 դոլարով։ Եվ դեռ այն ժամանակ խոսակցություններ սկսվեցին նախագծի անշահութավետության մասին, ընդ որում` «կրակի վրա յուղ էր ավելացնում» Պուտինն ինքը և որպեսզի թվերն «իրար բռնեն», նա հանքավայրերն ազատել էր հարկեր վճարելուց, ինչը, ըստ էության, նշանակում էր, որ գանձարանը «դարի պայմանագրից» ոչինչ չէր ունենալու։ Սակայն Ռուսաստանում հայտարարվել էր, թե չինացիները պատրաստ են խոշոր կանխավճար տալու (Չինաստանում նախընտրել էին չխոսել այդ մասին)։ Հիմա հայտնի է դարձել, որ ոչ միայն ոչ մի կանխավճար չկա, այլև, ինչպես ասել է ռուսաստանյան գազի մենաշնորհատեր Միլլերը, կանխավճարը գնի շուրջ բանակցությունների մի տարրն է եղել։ Հետևաբար, եթե այլևս կանխավճար չկա, ապա մինչև հիմա Չինաստանի համար գազի գնի ոչ մի ճշգրիտ սահման ամրագրված չէ։ ՈՒ էսպես` գնա՜ց...
Պարզվել է, որ վերջերս Պեկինում «կողմերը քննության են առել արևելյան երթուղով Չինաստանի ռուսական գազի մատակարարումների կազմակերպման համար միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման ընթացքը»։ Այսինքն, ինչ է սա, վերջնական համաձայնագիր, այնուամենայնիվ, չի՞ եղել։ Այսինքն, իրո՞ք բլեֆ է եղել։ Նկատենք էլի մեկ բան. գազի գնի բանաձևը կապված է նավթային ճգնաժամի հետ։ Երբ պայմանագիրը կնքում էին, նավթն արժեր մեկ տակառը 109 դոլար։ Հիմա այն 80 դոլարից էլ պակաս է։ Այսպիսով, ներկա գների պայմաններում Կրեմլը գազը կմատակարարի արդեն 260 դոլարով։ Իսկ հետո՞ ինչ է լինելու։ Բացի այդ, Ռուսաստանի հարաճուն մեկուսացման պայմաններում տրվող գնահատականների համաձայն, բարձրացել են նաև թե՛ գազամուղի շինարարության, թե՛ հանքավայրի իրացման գները (գազը Չինաստան հասցնելու համար հարկավոր հետախուզել և յուրացնել երկու նոր հանքավայր)։ Մայիսին «Սիբիրի ուժը» գազամուղի շինարարության և հանքավայրի իրացման ծախսերը գնահատվում էին 60 մլրդ դոլար, իսկ հիմա «Գազպրոմը» արդեն 100 մլրդ դոլարից է խոսում։
Դրա հետ մեկտեղ, կանխատեսման համաձայն, նոր նախագիծը, եթե անգամ պայմանագրի ձև ստանա, ապա կունենա էլ ավելի ուժեղ հակում` հօգուտ Չինաստանի։ Չէ՞ որ Ռուսաստանի ազդեցության լծակները խիստ նվազել են, իսկ Պեկինը երբեք բարեգործությամբ չի զբաղվում։ Արդյունքում, եթե ռուս-չինական գազի համագործակցության թեման քաղաքական ճարպիկ քայլ է, ապա, ի տարբերություն ՌԴ-ի, ՉԺՀ-ն այն խաղարկեց վիրտուոզ. արդեն կա և՛ Մոսկվայի ամուր կապվածությունը Պեկինին, և՛ ռուսական, փաստորեն, բոլոր տեխնոլոգիաներն ու հանքավայրերն են հայտնի, կապեր կան առաջատար ընկերությունների հետ։ Մինչդեռ Պեկինը փող չի տվել անգամ գազի ընդհանուր խողովակաշարի շինարարության համար։ Այնպես որ, վերջում ստացվում է, որ Չինաստանի հետ «շահավետ» պայմանագրի համար ռուսաստանցիները դեռ պետք է նաև մի բան էլ ավելի վճարեն։
Եվ վերջում ևս մեկ շեղում. ՉԺՀ-ի առաջնորդի տիկնոջ նկատմամբ Պուտինի «նրբակիրթ հոգածության» ժամանակ Սի Ցզինպինը, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, տարված էր Օբամայի հետ զրուցելով։ Այն ժամանակ շատերն էին փորձում գուշակել` «ի՞նչ էին խոսում»։ Հիմա, հնարավոր է, դա պարզվել է։ Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները խոսում էին «փոխվստահության երկու մեխանիզմներին» առնչվող փաստաթղթերի ստորագրման մասին։ Խոսքը կարևոր ռազմական գործողությունների և օդում ու ջրում համատեղ գտնվելու ժամանակ անվտանգ վարքագծի կանոնների վերաբերյալ փոխադարձ տեղեկացման մեխանիզմի մասին է։ «Սինհուա» գործակալությունը գրում է. «Փոխվստահության մեխանիզմների ստեղծումը երկու պետությունների ղեկավարների ռազմավարական որոշումն է, միջբանակային կապերի երկարաժամկետ ու կայուն զարգացման սահմանակարգային երաշխիք և միմյանց ռազմավարական մտադրությունների ըմբռնումն ամրապնդելու, երկուստեք ռազմավարական վստահությունն ուժեղացնելու, ճգնաժամերը վերահսկելու և վտանգները կանխելու կարևոր միջոցառում»։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 1429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ