«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Օլիգարխիայի մահն ու երկրի անմահությունը

Օլիգարխիայի մահն ու երկրի անմահությունը
19.09.2014 | 00:48

Ո՞վ է ի վերջո այս անշքացող երկրի տերը։ Նրա՞նք, թե՞ մենք։ Նրա՞նք, որ արդեն քանի՜ տարի անհագ ու անպատիժ ավերում են, թալանում, ծախսում են մեր նորանկախ երկրի վեմն ու շաղախը, թե՞ մենք, որ մաշկից դուրս ենք գալիս այդ ավերակների վրա հոգևոր հայրենիք կառուցելու։ Մի՞թե այսպիսի վախճան էր վիճակված անկախության դարավոր երազին։


Լևոն ԱՆԱՆՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴԻ ՇԱՊԻԿԸ
(նավարկություն)
Արիստոտելը, Պոլիբիոսը և այլք օլիգարխիան համարում էին ազնվականության այլասերման պտուղ։ Նորահայոց օլիգարխիան 3-րդ հանրապետության մեծագույն այլասերումն է, և սա մեր ճակատագրի խարանն է ու խոցը։ Ինչո՞ւ, ինչպե՞ս «երկնվեց» այս չարաբաստիկ հակապետական դասը։ Փորձենք ինչ-ինչ եզրահանգումներ կատարել, զի 2015-ին Մեծ եղեռնի 100-ամյա գերսթափեցնող ու պարտավորեցնող տարելիցն է։ Միաժամանակ Անդրանիկ Օզանյան զորավարի ծննդյան 150-րդ և անկախ պետականության Հռչակագրի հրովարտակման 25-րդ վսեմ հոբելյաններն են։ Եվ մենք ազգովին ու համախումբ կփաստենք, որ 3-րդ հանրապետությունը դեյուրե՝ ժողովրդավարական, սակայն դեֆակտո օլիգարխիկ-բյուրոկրատական պետական կազմավորում է՝ առաջինն ու աննախադեպը հայոց 12-հազարամյա քաղաքականության պատմության զուգահեռներում։ Իսկ այստեղ բազում ցնցող բացահայտումներ կան։ Հնագույն Հելլադան հռչակված էր իր ստրկատիրական հասարակարգով, հույն իմաստասերները, ճեմելով մարմարյա սյուներով զարդարուն ծառուղիներով, քննում էին աշխարհի և տիեզերքի ծագումն ու վախճանը։ Քիչ հեռվում էլ ստրուկները բանում էին օրնիբուն։ Հայաստանում ստրուկներ չեն եղել. եզակի երևույթ համաշխարհային պատմության տարեգրքում։ Ասել է՝ մենք քաղաքակրթությամբ մի գլուխ բարձր էինք հույներից և ստրկատեր մյուս ժողովուրդներից։ Գուցե հենց սա է նկատի ունեցել հռչակավոր հնախույզ Հենրիխ Շլիմանը՝ Հոմերոսի դյուցազներգության առասպելի քողազերծողը, երբ ասում էր, թե եվրոպական քաղաքակրթությունն էապես շեղվել է հունից, հենվելով հունական, ոչ թե հայկական քաղաքակրթության վրա։ Այսպիսով երբևէ չենք ունեցել ստրկատիրություն, այսօր, սակայն, երկրակեղեքիչ օլիգոպոլիայի կցորդն ենք։ Այս օրերին էլ հերթական գույժը խեղանդամեց երկրի քաղաքացիների հոգին և միտքը։ Եվ գույժն այդ ճերմակ աղավնու հանդերձով հասավ մեզ, այնինչ նամակաբերը բայղուշ էր, սևամրուր շապիկ-վարտիքով պճնված։ Եվ այս գույժ-ավետիսով էլ օլիգարխիկ-բյուրոկրատական համակարգը ինքնասպանվեց (առայժմ, ցավոք, հեռակա կարգով, ապագայում, հուսամ, իրատեսորեն), զի պարզվեց, որ արևմտյան դեսպաններն են անտուն հայ ընտանիքի համար տուն կառուցում։ Ողբամ զքեզ, 3-րդ հանրապետություն։

Մի՞թե «Սասնա ծռեր» հզորագույն ասքն արմատից սաղարթ փառահեղ ձոներգ չէ գեղեցիկին, լուսավորին և բարուն։ Եվ մի՞թե մեր ազգային դյուցազներգության հենքում Տիրոջ պատվիրանները չեն։ Ազգային էթնոիմաստասիրության ռահվիրա Նժդեհը փայլուն է բնորոշել հայ տեսակը, ունկնդրենք. «Սկզբից ի վեր հայությունն ու քրիստոնեությունը ձուլված են ի մի բնության... Այս երկուսի ճակատագիրը նույնացած է»։ Այսպիսով, որտե՞ղ արմատակալեց այս չարագույժ և համաքրիստոնեական և մոլախոտային դասը՝ նորանկախական օլիգարխիան։

Հելլադայի հետնորդները կորցրին Կիպրոս կղզու մի բարեբեր հատվածը, և դա կատարվեց Եվրոպայի սրտում։ (Յաթաղանակերպ կիսալուսինը վերստին փողփողում է Միջերկրական ծովում)։ Մենք, միակն աշխարհում, ազատագրեցինք քրիստոնեամերձ մեր հողն օսմանլվա հետնորդներից։ Գուցե թե բազում գլադիատորների և ստրուկների անմեղ արյունն էր, որ առաջնորդեց թուրքերին Կիպրոս, առաջնորդեց և հաղթանակ շնորհեց։ Մենք գլադիատորական ջարդեր երբևէ չենք կազմակերպել, սակայն օլիգարխիկ-բյուրոկրատական թուջե յաթաղանը հենց մեր երկրի գլխին է կախվել, և անհայտ է, թե երբ է վերջին հարվածն իջեցնելու կառափնարան բարձրացված երկրի ու ժողովրդի պարանոցին։ Է՞, ետքը՞։ Ետքը այս է, մեր բարձրագույն իշխանավորներն ու վերնաշերտային կառավարիչները պիտի վերջապես դարձի գան, այսինքն, ապաշխարեն և վերացնեն անկախ-պետականության անեծքը յուրյանց և յուրյանց յոթ պորտի վրայից։ Ամե՜ն։ Իսկ նախորդ և գործող նախագահները պիտի հագնեն շալե շապիկներ և կենաց և մահու պայքար մղեն իրենց հոգեորդաց՝ օլիգարխիայի և բյուրոկրատիայի դեմ։ Դարձյալ և վերստին՝ ամեն։ (Անշուշտ, նախապես հաղթանակ տոնելով իրենց իսկ զարմանահրաշ օլիգարխասիրության հանդեպ)։

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՎԸ
(նավաբեկություն)
Վերջերս հանդիպեցի Իտալիայում ապրող քանդակագործ Վիգեն Ավետիսին։ Աշխատում է հանճարաց բնօրրան Ֆլորենցիայում։ Զբաղվում է արձանագործությամբ և ճանաչում ու հեղինակություն ունի այս քաղաքում։ Նա այն եզակի արվեստագետն է, ում հաջողվում է լիարժեք դրսևորվել Ֆլորենցիայում։ Տիար Վիգենը բազմաթիվ քանդակներ է տեղակայել և՛ Իտալիայում, և՛ Ֆլորենցիայում։ Նա միաժամանակ հրապարակախոս է և շարունակում է հանդիսանալ ՀՀ քաղաքացի՝ հոգեկերտվածքով և անձնագրով։ Եվ ահա նա մեր զրույցում զարմանալի մի բացահայտում արեց՝ ասելով, որ ավերիչ ուժերը (իմա՝ Համաշխարհային կառավարությունը) վերջնականորեն դարձան կառավարող Երկիր մոլորակում, երբ սպանվեց աշխարհի վերջին քաղաքական գործիչը՝ ԱՄՆ-ի 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդին։ Եվ քաղաքականությունը սողոսկեց վարագույրից անդին, ասպարեզում մնացին անհայտ տիկնիկավարների կողմից հմտորեն կառավարվող խամաճիկները։ Էլ ավելի անսպասելի էր տիար Վիգենի հաջորդ իրազեկումը՝ ԱՄՆ-ի Դաշնային պահուստային հիմնադրամը, որը կենտրոնացրել էր յուր ձեռքում ԱՄՆ-ի ողջ կառավարումը և տնօրինում էր աշխարհի ֆինանսական շարժերը... սանձազերծեց Հայոց ցեղասպանությունը։ (Իմ կողմից ավելացրի, որ Նիկոլայ 2-րդ ցարը 1913-ին 4 հազար տոննա ոսկի ի պահ տվեց ԴՊՀ-ին, ժամանակ անց մի խորհրդավոր նավ ուղևորվեց դեպի ամերիկյան ափեր։ Շոգենավը գերբեռնված էր, այն ուղեկցում էին ՈՒլյանով-Լենինի և Տրոցկի-Բրոնշտեյնի հավատարիմ սատրապները։ Եվ ի՞նչ եք կարծում, շոգենավում «Իսկրա» թերթի արխի՞վն էր, թե՞ Կամո-բոլշևիկի հեծանիվը։ Ոչ մեկը, և ոչ էլ մյուսը, նավում ոսկի էր...)։ Մի խոսքով ԴՊՀ-ն ներքաշում էր աշխարհի ոսկին և այն դարձնում հնարավորինս կառավարելի։ Հուշեմ-հիշեք անպատմելին. Քենեդին յուր թիվ 11.111 հրամանագրով ազգայնացնում էր ԴՊՀ-ն, Հրամանագրի վավերացումից շաբաթներ անց կրակոցները հնչեցին տխրահռչակ Դալասում։ Նշյալ հրամանագիրը որևէ նախագահ չի բեկանել, այսուհանդերձ ԴՊՀ-ն կա և բարգավաճում է։
Մի խոսքով, Արևմտյան Հայաստանում հսկայական հարստություն կար` գույքի, կայքի, ոսկու, արծաթի և ադամանդեղենի տեսքով։ Չէ՞ որ հայ տարրը հանգուցային դերակատարում ուներ կայսրության տնտեսությունում, նաև բավականին ժուժկալ էր, սուլթանական կառավարությունը բնավ չէր հանդուրժում հայերի ցուցադրական շքեղությունը։ Իսկ, կներեք, ո՞ւր կորան Մանթաշյանցի, Արամյանցի, Խան-Քելեկյանի և այլոց ոսկին և արծաթը։ Առակս ցուցանե սույնը. Հայաստանում այսօր էլ ահռելի հարստություն է առկա, և այն, անկասկած, դժվար թե վրիպի համաշխարհային տիկնիկավարների ուշադրությունից։


ԷՌՆԵԿՅԱՆԸ, ՀԱՅՐԻԿՅԱՆԸ և «ԿԱՐՖՈՒՐԸ»
(նավաբեկության 9-րդ ալիքը)
Ցնծություն էր Կառավարական տանը, ժամանել էր Էռնեկյանը, պետական (ազգային) գույքի համեղագույն պատառները, հավանաբար, շուտով աճուրդի կհանվեն։ Ըստ մեր արդի տնտեսաքաղաքական մտատանջանքի, ազգային պետական, անգամ մեկ նշույլ գույքը մեծագույն վտանգ է երկրի ներկայի և ապագայի համար ու ամենևին չի խրախուսվում ԴՊՀ-ի կողմից։ Եվ, խնդրեմ, եվրաօլիգարխացվում է ՀՀ տնտեսությունը հանձին «Կարֆուրի» հայտնության։ ՈՒ մի՞թե մեկ չէ, թե ով է ազգային-պետական տնտեսության տերն ու կառավարիչը, «Կարֆուրն» ու Էռնեկյա՞նը, թե մեր ցեղական վայրագները՝ հանձինս գերօլիգարխ Գերգագոյի, Լֆիկի, Նեմեցի, Ծաղիկի և այլ յուղափթիթ հերձվածողների։ Մենք տնվոր ենք մեր սեփական տանը, այս է հայոց նորագույն պատմության դաժան բանադրանքը։
Ի դեպ, երեք իրադարձություն զարմանալիորեն համընկան։ Այսպես, ժամանեց Էռնեկյանը Էռնեստո (և հայոց հողն ու ընդերքը տնքացին ցավից), խեղկատակային-մեկժամանոց հացադուլի անցավ Հայրիկյանը Պարույր (և հայոց լճերն ու առուները ողբացին իրենց ճակատագիրը) և, վերջապես, քառյակը սպառնաց հոկտեմբերյան հանրահավաքով։ Այնուամենայնիվ, լույս է առկայծում թունելի վերջում։ Պայծառաշող մի օր (անշուշտ, ԴՊՀ-ի հրահանգով) ՀՀ ողջ ախտահարված հարստությունը (ներառյալ օֆշորային հանցավոր կապիտալը) կանհետանա։ Սա, անշուշտ, լավ բան չէ։ Բայց մի մեծ մխիթարանք կա. ահռելի գողոնի հետ անհետ կկորչի նաև ՀՀ օլիգարխիկ-բյուրոկրատական համակարգը։ Ամե՛ն։

ԱՇՈՒՆ Է, ԵՎ ՈՍԿԵ ՏԵՐԵՎԱԹԱՓՆ Է ՄԵՐ ԴՈՒՌԸ ԹԱԿՈՒՄ
(նավահանգստում)
Սիրելի Անանյան Լևոն, անշուշտ, մենք են այս երկրի շաղախն ու վեմը, և նրանք են նրա հարդն ու որմը, խոցն ու մուրը։ ԱՄԵՆ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ