«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Վերևիններն ու ներքևինները

Վերևիններն  ու ներքևինները
11.07.2014 | 00:51

Ասել, թե Հայաստանն այսօր գտնվում է ապատիայի վիճակում, նշանակում է ոչինչ չասել: Ապատիա է տնտեսության, կառավարման, կադրային, ներքաղաքական, արտքաղաքական, մշակութաբարոյական ոլորտներում, ընդ որում` խիստ «համերաշխ» ներդաշնությամբ:
Կարելի է կարծել` դասական վիճակ է` վերևինները չեն կարողանում, ներքևինները չեն ուզում: Համաշխարհային պատմությունն ու քաղաքագիտական տարրական նորմերը նման դեպքերում արձանագրում են` եթե ոչ հեղափոխություն, ապա լուրջ տրանսֆորմացիոն գործընթացներ:
Սակայն մեզանում դեռ երկար կշարունակվի ապատիայի այս վիճակը, ինչը վտանգավոր է ոչ միայն այն պատճառով, որ պայթում է ինքն իրեն` ավերելով ամեն բան, և կամ` շատ խելացիները «կպայթեցնեն» այն դրսից: Ասենք` լոկալ պատերազմով, ինչի մասին այսօր այդքան խոսվում է, և ինչը կարծես բախում է մեր դուռը` դադար չառնող դիվերսիաների, հրադադարի անվերջ խախտման դեպքերով:
Իսկ ինչպե՞ս է իրեն պահում հայրենի ընդդիմությունն այս օրերին: Հայոց ընդդիմությունը մի՛շտ է իրեն պահել «տարօրինակ»` «զորավոր» խաղերի մեջ լինելով բոլոր մակարդակներում, սակայն այն, ինչ այսօր անում է ոչ անհայտ քառյակը (ՕԵԿ-ը հանենք, վերջինիս կանդրադառնանք առանձին, որովհետև այն մնալու է քառյակի կոկորդում, քանզի նույն քառյակը եզակի շանս է ընձեռել ՕԵԿ-ին` իր չարածն անելու), կարելի է համարել եթե ոչ դավաճանություն, ապա դասալքություն` հաստա՛տ:
Ընդ որում, կարելի է կարծել, թե քառանիստ այդ կոնգլոմերատն սպասարկում է մի կողմից` երկրորդ նախագահի, մյուս կողմից` կառավարության, հընթացս էլ նախագահի իմիջի վրա «պարապող» Ծառուկյանի շահերը, սակայն իրականում դրա խորքում բոցկլտում են աշխարհաքաղաքական Ռուսաստանի աչքերը։ «Այլընտրանքի» անունից խոսող ուժերը, որ պապից ավելի կաթոլիկ են, որովհետև այդ դաշտում, ի տարբերություն իշխանությունների, խաղում են ոչ թե բացահայտ, այլ «հինգերորդ շարասյան» կարգավիճակով, ապատիայի վիճակը քառապատկում են արևելյան այն իմաստնության հանգույն, որը փաստում է` ներկայի վրա կրակողը սպանվում է ապագայից:
Այսօր, առավել քան երբևէ, օդում կախված է վառոդի հոտը: Այսօր, քան երբևէ, անչափ մեծ է անհանգստությունը Ղարաբաղի շուրջ: Այսօր, առավել քան երբևէ, հասկանալի է, որ եկել է «լրջանալու» պահը: Որովհետև այս մեծ խաղում, ուր Թուրքիան է` Ռուսաստանի հետ, ու երկուսով Ադրբեջանի հետ են, ուր թե՛ իրենց, թե՛ արևմտյան «առևտուրն» ընթանում է բացառապես Ադրբեջանի համար, ուր ամեն օր հնարավոր է Դոնեցկի ու Լուգանսկի, այն է` ռումբերի պայթյուն ոչ միայն հայաստանյան սահմանին, այլև մարդկանց տներում, պետք է հասարակական լայն համախմբում` «վասն հայրենյայց» կանգնելու մեծ հրամայականով: Այս ծանր պահին:
Ընդ որում, դա պետք է, թերևս առաջին հերթին, զուտ ինքնապաշտպանական տեսակետից: Քանզի «սպասվող» «ռումբը, թնդանոթը» կույր են, դրանք կրակում են առանց աչքերի:
ՈՒ չի իմացվի` այդ կրակոցից ով «կընկնի»:
Ընդդիմությո՞ւնը: Իշխանությո՞ւնը: Հայրենի՞քը: Թե՞ երեքը միասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ