Իմ հարևան Վաղոն, որ մարտնչում է ամենաառաջին գծում, իր այսօրվա զանգով ինձ դարձրեց ամենաերջանիկ մարդը.
- Հարևան, աչքդ լույս, հենց նոր վերջացրեցինք: Էլ չնայեցինք՝ դեմներս թուրք ա, թե վարձկան, սաղին բնաջնջել ենք:
- Էս ինչ լավ բան ասիր, Վաղո ջան, ականջներիս չեմ հավատում:
- Իմացի, որ առաջինը քեզ եմ զանգել: Դու մտածի՝ ինչ մաղարիչ ես անելու, թե չէ նստել ես դիվանին ու մենակ մուննաթ ես գալիս:
- Աչքիս վրա, ախպեր ջան: Բայց որ էդ կարում էիք՝ ինչի՞ էիք մի ամիս ձգում, ավելի շուտ հնարավոր չէ՞ր:
- Խի՞ հնարավոր չէր: ՈՒղղակի առավոտը մեր հետախուզությունը էս դիմացի զորամասի հաշվապահությունն էր ձեռք գցել, ու էդտեղ էր, որ համը դուրս եկավ:
- Հաշվապահությունն ի՞նչ կապ ունի:
- Բա հենց էդ կապ ունի: Տղերքը աուդիտ արին դրանց թղթերը ու գիտե՞ս ինչեր դուրս էկան ջրի երես:
- Ինչե՞ր:
- Պարզվում ա՝ դրանք էս ամբողջ ամիսը կոռուպցիայով են զբաղվել: Էն էլ ի՞նչ կոռուպցիա. էլ զենք ու զինամթերք, էլ ֆորմա ու սնունդ, ամեն ինչի մեջ կեսը կերել են: Տղերքն էս որ իմացան՝ արունը խփեց գլուխները: Մի ժամ էլ չքաշեց, սաղին կոտորել ենք:
- Շատ ապրեք-զորանաք, Վաղո ջան, բայց հլը չանջատես:
- Խի՞ չանջատեմ:
- Կարա՞ս համոզես էդ ձեր ռևիզիային, որ...
- Ի՞նչ ռևիզիա, արա:
- Դե հետախուզությանը, էլի: Ասում եմ՝ կարա՞ս համոզես, որ թուրքերի բոլոր զորամասերը ստուգի:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ