Ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին
06.03.2020 | 01:38
Հայաստանում լայնորեն տարածված է այն հոռետեսական մտայնությունը, թե անկախությունից հետո հայ ժողովրդի բախտը չի բերում պետության ղեկավարի հարցում. մեկը մյուսից անհաջող են: Բանը հասել է այնտեղ, որ մարդիկ սրամտում են, թե իրենց տեսածից ու ապրածից հետո կորոնավիրուսն էլ սարսափելի չէ: Բայց մոռանում են այն դառը խոսքը, որ ամեն ժողովուրդ արժանի է իր ղեկավարին: Ցավոք, չափից դուրս արժեզրկվեցինք այդ նույն անկախության տարիներին:
Ռուսաստանում էլ չեն ուզում լսել Գորբաչովի ու Ելցինի անունները: Սակայն շատ բան է փոխվում գնահատականների տոնայնության մեջ, երբ խոսքը վերաբերում է Վլադիմիր Պուտինին: Սիրում են նրան ռուսաստանցիները, թե ոչ, էական չէ, ակնբախ է մի իրողություն. նրա նկատմամբ ատելություն կամ զզվանք չեն տածել ու տածում:
Երկու տարի է մնացել մինչև հաջորդ նախագահական ընտրությունը: Եվ եթե ուշադիր հետևենք ռուսաստանյան ԶԼՄ-ներին, ապա հնարավոր չէ չնկատել այն հսկայական ուշադրությունը, որ տրամադրվում է արդեն երկու տասնամյակ ռուսաց գահին նստած ղեկավարի՝ Վլադիմիր Պուտին քաղաքագետի-քաղաքացու-անհատի կերպարի համակողմանի վերլուծություններին: Նույն պատկերն է նաև այն արևմտյան հրապարակումներում, որ թարգմանաբար ներկայացվում են ռուսաց մամուլում: Եվ այս բոլոր մեկնաբանություններում պարզորոշ առանձնանում է «հանելուկային թե առեղծվածային» Պուտինի թեման: Քսան տարի հետո էլ «Who is Mr. Putin?» («Ո՞վ է պարոն Պուտինը») հարցադրումը շարունակում է մնալ արդիական:
Նույնիսկ Ռուսաստանում ոչ ոք չի կանխատեսում, թե ինչպես կգործի ներկայիս ռուսաց կայսրը. երկու տարի հետո՝ կհրաժարվի՞ գահական հավակնություններից, թե՞ որևէ ձևով կպահպանի բարձրագույն իշխանությունը: Ահա և, Ռուսաստանում թե Արևմուտքում ոչ ոք նույնպես չի կարողանում պատասխանել այն հարցին, թե ինչու իր իշխանության ավարտից երկու տարի առաջ փոխեց երկար տարիներ իրեն անձայն ենթարկված վարչապետին, էապես թարմացրեց կառավարության կազմը, ինչու կանգ առավ հենց կիսահրեա-կիսահայ Միշուստինի վրա, որոնք են սահմանադրական փոփոխությունների իրական դրդապատճառները և այլն: «Արևմտյան գուրուները, գրում է ռուսական թերթերից մեկը, լրջորեն մտահոգված են ոչ այնքան ռուս լիդերի անուրանալի արտաքին քաղաքական հաջողություններով, որքան իրենց անկարողությամբ ջրի երես հանելու Պուտինի այն գործողությունները, որոնք չեն մտնում իրենց հասանելի քաղաքական մոդելների մեջ: Եվ դա առաջ է բերում նրանց հուսահատ կատաղությունը»:
Հետաքրքրական է, որ ոչ Ռուսաստանում, ոչ էլ Արևմուտքում սկզբունքորեն Պուտինին չեն համարում դիկտատոր՝ բռնապետ: Ավելի շուտ նրան համեմատում են փորձառու դատավորի հետ, որը կարողանում է իր իսկ ստեղծած քաղաքական համակարգի շրջանակում վարպետորեն մանևրել ու վերահսկել երկրի քաղաքական ուժերի հավակնությունները: Ի դեպ, հազիվ թե պատահական է, որ արդեն մեկ տարուց ավելի տեսարձակվում է «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» կիրակնօրյա հեռուստահաղորդումը, որտեղ Պուտինը շաբաթվա կարևորագույն քաղաքական իրադարձությունների ֆոնին ներկայացվում է ոչ միայն պաշտոնական միջավայրում, այլև առօրեական, «ժողովրդական» կեցվածքով:
Ինչո՞վ է Պուտինը «հմայում» իր քաղաքացիներին: Եկեք այս անգամ կանգ առնենք նրա գործելակերպի սոսկ մի կողմի վրա, ինչը միշտ չէ, որ բնորոշ է շատ այլ պետությունների ղեկավարներին: Ընդ որում, այստեղ հենց անկախատեսելի ոչինչ չկա:
Իշխանավարման հենց սկզբից նա իր առջև խնդիր է դրել՝ ձգտել գործունեությամբ, վարքով, պահվածքով շահել սեփական ժողովրդի հարգանքը, համակրանքը, համենայն դեպս, ինչպես ասվեց, չարժանանալ նրա հակակրանքին: Ասում են՝ մեծ է գրավականն այն բանի, որ պետության ղեկավարը կարող է շոշափելի հաջողությունների հասնել, եթե վայելում է իր քաղաքացիների աջակցությունը: Այս իմաստով Պուտինի ժողովրդականությանը հսկայական նպաստ է բերում նրա հրապարակային բաց գործելակերպը, հատկապես նրա տարեվերջյան ասուլիսները, երբ նա հնարավորություն է տալիս լրագրողներին ու հասարակության ամենատարբեր խավերի ներկայացուցիչներին իրեն դիմելու ցանկացած շահագրգիռ հարցով: Ամենայն արժանապատվությամբ ու զսպվածությամբ է «քեռի Վովան» պատասխանում նույնիսկ տխմարագույն, անգամ վիրավորական հարցերին: Նույն պատկերն է նաև խորհրդարանական նույնպես ամենամյա հաշվետվությունների ժամանակ, երբ քաղաքական ընդդիմությունը լիակատար հնարավորություն է ստանում թափելու իր հակաիշխանական ողջ թույնը: Պուտինը չի զլանում նաև պատասխանելու իր «առասպելական» հարստության, «բիզնեսմեն» դուստրերի վերաբերյալ սադրիչ հարցերին: Նա օգտագործում է բոլոր հնարավորությունները ամիջականորեն շփվելու իր հպատակների հետ Կրեմլում, զանազան տեղական ու միջազգային հարթակներում, փողոցում, խանութում, ահելի ու ջահելի, գիտնականի ու արվեստագետի, նորաթուխ քաղաքագետների, կարիքավոր մարդկանց հետ և այլն:
Պոպուլիստակա՞ն են այս բոլոր ելույթները: Առավել ևս, որ երկիրը շարունակում է մնալ օլիգարխիական, ճիշտ է՝ նախագահի վերահսկողության ներքո: Գիտեք, ոչ մի պոպուլիզմ չի օգնի պետության ղեկավարին, եթե նա չի բարելավում ժողովրդի կենսամակարդակը, չի նպաստում պետության հզորացմանը, տարրական արդարության հաստատմանը և այլն: Այս հենքի վրա մարդիկ ներողամիտ են դառնում նաև բարձրագույն կառավարչի գործունեության թերի կողմերի նկատմամբ: Հավատացեք, Պուտինին շատ բան է հաջողվում, և ոչ ոք Ռուսաստանում չի զարմանա, եթե «հանելուկային» առաջնորդը շարունակի կառավարել երկիրը նաև 22 տարի հետո: Ի՞նչ կարգավիճակով, դա արդեն ուրիշ հարց է:
Համենայն դեպս, հայոց հակապուտինականները թող աչքի առաջ ունենան այս պարագան:
Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ