Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Քոչարյան+երրորդ ուժ» նախագիծն իրագործելի է միայն ՀՅԴ-ի, մասամբ նաև` ԲՀԿ-ի հնարավոր աջակցության պայմաններում

«Քոչարյան+երրորդ ուժ» նախագիծն իրագործելի է միայն ՀՅԴ-ի, մասամբ նաև` ԲՀԿ-ի հնարավոր աջակցության պայմաններում
04.11.2008 | 00:00

«ԵՐՐՈՐԴ ՈՒԺԻ» ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ
Հայաստանի ներքաղաքական զարգացումներում ամենամեծ ժողովրդականություն վայելող թեմաներից մեկը, այսպես կոչված, «երրորդ ուժի» ձևավորման շուրջ զրույց-խոսակցություններն են։ Սակայն այս թեմային անդրադառնալիս արժե հղում անել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին, որտեղ, երկու ակնհայտ ֆավորիտներից բացի զանգվածային քաղաքական շոուին մասնակցում է ևս վեց թեկնածու, որոնց մասին ոչ ոք չգիտե։ Նրանց անունները հայտնի չեն նույնիսկ քաղաքական վերլուծաբաններին՝ չխոսելով արդեն ընտրողների մասին։ Փոքր Հայաստանում քաղաքական դերակատարության հավակնող անձանց անունները լավ հայտնի են, բայց դա բոլորովին էլ չի նշանակում, թե նրանք ավելին են, քան երկրի ներսում որոշակի ուժերի կողմից հրահրվող կամ որոշակի արտաքին վերահսկողության տակ գտնվող դերակատարներ։
Առաջին հայացքից կարծես իսկապես երկրում կան օբյեկտիվ նախադրյալներ՝ «երրորդ ուժի» ձևավորման համար։ Դա, առաջին հերթին ,այն է, որ բնակչության որոշակի զանգված, այնուհանդերձ, անվստահություն ունի ինչպես գործող նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ արմատական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Այս իրավիճակը ստեղծվել է դեռ նախագահական ընտրությունների օրերին, երբ մի ամբողջ շարք քաղաքական գործիչներ, որոնց թվում հայտնի և որոշ ժողովրդականություն վայելող մարդիկ, չպաշտպանեցին երկու գլխավոր բևեռներից ոչ մեկին։ Նույնը կարելի է ասել բնակչության որոշակի զանգվածի մասին։ Արդեն այդ ժամանակ և ավելի ուշ սկսեցին ներկայացվել «երրորդ ուժի» հայտերը, առաջին հերթին՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի, ապա «վեցի ձևաչափով», որտեղ ընդգրկված էին Արամ Գ. Սարգսյանը, Պարույր Հայրիկյանը, Խոսրով Հարությունյանը։ Համանման դերակատարություն ստանձնելու հավակնություններ ունեն իրենց քաղաքական կարգավիճակի հետ կապված դեռևս ինքնավստահ, թեպետ համախոհների զգալի մասը կորցրած Վազգեն Մանուկյանը և Արտաշես Գեղամյանը։ Եվ վերջապես, արժե հիշատակել ինչպես ռամկավարներ-«Դաշինք» միավորման գործընթացը, այնպես էլ ռուսամետ ուժերի միավորման փորձերը, որոնք, այսպես թե այնպես, տեղավորվում են «երրորդ ուժի» գաղափարախոսության շրջանակում։ Հայաստանյան ԶԼՄ-ներում կանոնավորապես հայտնվում է տեղեկատվություն իբր նոր միավորումների ձևավորման, արտասահմանից, մասնավորապես Ռուսաստանից, «երրորդ ուժի» ձևավորման նպատակով ֆինանսական միջոցների հատկացման մասին։ Բայց ակնհայտորեն բոլոր այդ քաղաքական գործընթացների հիմնական նպատակը Տեր-Պետրոսյանի և իր համախոհների դեմ նոր կառուցողական ընդդիմության ստեղծումն է։
Սակայն հասարակական պատվերի բացակայության պայմաններում «երրորդ ուժ» ձևավորելուն միտված քաղաքական դաշտի լուսանցքային դերակատարների արհեստական փորձերը չկարողացան դրական ազդեցություն ունենալ քաղաքական իրավիճակի վրա և վերաձևել քաղաքական դաշտը։ Ավելին, լայն ընտրազանգվածի շրջանում աստիճանաբար աճեց վստահությունը, որ տեսանելի հեռանկարում արտահերթ ընտրությունների հավանականությունը շատ փոքր է, և այդ գիտակցությունն արդեն իսկ դառնում է այլընտրանքային ընդդիմադիր միավորումների չկայացման պատճառ, որոնք իբր կարող էին ներկայացնել բողոքավոր, բայց ավելի ձախ հայացքներ ունեցող ընտրողների շահերը։ Նույնիսկ բարձրակարգ տեխնոլոգիական քաղաքական մանիպուլյացիաների դեպքում, եթե դրանք կտրված են իրականությունից և հաշվի չեն առնում հանրային տրամադրություններն ու հոգեբանությունը, դրանք նախաձեռնող քաղաքական սուբյեկտների մարգինալացման գործընթացն անխուսափելի է։ «Երրորդ ուժի» ձևավորման բոլոր նախաձեռնությունները ոչ վաղ անցյալում ցույց տվեցին, որ եթե այդ գործընթացը զարգանում է իրականությունից կտրված, վիրտուալ դաշտում, ապա «սիրամարգային պարերը» հանրությունն ընկալում է իբրև իշխանությունից եկող նախաձեռնություն, որն ուղղված է քաղաքական դաշտի վերջնական լղոզմանը։ Իր հերթին Հայ ազգային կոնգրեսի աստիճանական լճացումն ու ընդմիջում վերցնելու մասին Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն էլ նպաստեցին, որ արմատական ընդդիմությանը հակակշիռ որևէ բևեռ չձևավորվեց։
Սակայն իրավիճակը որոշակիորեն կարող է փոխվել։ Վերջին օրերի աղմկարարությունը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ, չարախինդ ակնարկները, թե գործող նախագահը դավաճանում է ազգային շահերին, աստիճանաբար վերածվում են օբյեկտիվ նախադրյալի` նոր քաղաքական բևեռ ձևավորելու համար։ Մանավանդ որ Հայաստանում վաղուց ձևավորվել են կայացած իրողություններ, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորումն անմիջական կապ ունի երկրի ներքին իրադրության հետ։ Առայժմ ստատուս քվոն խախտված չէ, և ակտիվություն են ցուցաբերում այն ուժերը, որոնց համար առաջնահերթությունը միայն իշխանափոխությունն է։ Բայց հենց որ ղարաբաղյան գործընթացն ակտիվացման իմպուլսներ ստանա, միանգամից կսկսի զգացվել հասարակական իրական զարկերակի տրփոցը։ Ըստ այդմ, վերջին շրջանում հատկապես «ռուսական նախագծի» հետ կապված` նկատելի է որոշակի ակտիվություն ղարաբաղյան պատերազմի վետերանների շրջանում, որոնք հասարակական շարժում ձևավորելու գործընթաց են սկսել։ Դրան զուգահեռ ավելի են կոշտանում դաշնակցության դիրքորոշումները։ Ավելին, մնալով կոալիցիայի կազմում, սակայն դժգոհ լինելով Ղարաբաղի հարցում իշխանության «հաշտվողականությունից», ինչպես նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ձևավորման քայլերից, ՀՅԴ-ի շարքերում, այդ թվում` կուսակցական ղեկավարության, ավելի հաճախ են հնչում կոալիցիայից դուրս գալու կոչեր։ Առանձին փորձագետների գնահատմամբ, որոնց վրա մեծ ազդեցություն է ունեցել ռուսական փորձագիտական դաշտը, եթե երկրի նախագահը համաձայնություն տա ռուսական նախագծին, ԼՂՀ անվտանգության գոտուց զորքերի դուրսբերման ժամկետներին՝ առանց ԼՂՀ կարգավիճակի հստակեցման որոշակի հեռանկարի, Հայաստանի ներքաղաքական դաշտն ամբողջությամբ կվերախմբավորվի, և կձևավորվի նոր ընդդիմադիր ճակատ։ Փորձագետների այս խմբի կարծիքով՝ ղարաբաղյան բանակցությունների արագացումն իսկապես կարող է կոալիցիայից դուրս բերել դաշնակցությանը, քաղաքական ասպարեզ վերադարձնել Ռոբերտ Քոչարյանին, ձևավորել դաշինք նրանց միջև՝ այդ դաշինքի շուրջ համախմբելով նաև այլ ուժերի, որոնք իշխանական դաշտում չեն և միաժամանակ չեն ցանկացել հայտնվել մարգինալ ընդդիմության շարքերում։
Հաշվի առնելով դեռ ղարաբաղյան պատերազմի տարիներից Քոչարյանի և ՀՅԴ-ի ղեկավարության միջև որոշակի դիրքեր ունեցող մի շարք անձանց հարաբերությունները՝ նման կանխատեսումները հիմքից զուրկ չեն։ Բայց զուգահեռ պետք է հաշվի առնել, որ «էլիտար դաշնակցականների» մեջ քիչ չեն մարդիկ, ովքեր արդեն վաղուց Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են և իրենց գործողություններում ու ներկուսակցական հարաբերություններում անգամ առաջնորդվել են վերջինիս շահերի պաշտպանությամբ։ Այդպիսի գործիչներ կան ինչպես ՀՅԴ-ի գործադիրում ներկայացրած անձանց շարքում, այնպես էլ ուղղակի կուսակցական ղեկավարության մեջ։ Ինչ մնում է «Ղարաբաղի հանձնմանը կամ ազգային շահերի պաշտպանությանը», ապա տվյալ դեպքում ցորենը պետք է բաժանել մոլախոտից։ Հասկանալի է, որ սփյուռքյան դաշնակցականների մեծամասնության համար Հայաստանի արտաքին քաղաքականության որոշ նոր նրբերանգները՝ տեղեկատվության բացակայության և սև քարոզչության պատճառով, ստեղծել են անհանգստության որոշակի մթնոլորտ։ Այդ իսկ պատճառով կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությունները որոշակիորեն ողջունում են նաև ՀՅԴ շարքերը։ Բայց ՀՅԴ - Քոչարյան դաշինքի ձևավորումը բոլորովին չի տեղավորվում այդ տրամաբանության շրջանակում, որովհետև դա ոչ մի կապ չի կարող ունենալ Ղարաբաղի հարցում ինչ-որ վերապահությունների հետ, և եթե նման բան տեղի ունենա, ընդամենն ուղղված կլինի նախորդ ռեժիմի վերականգնմանն ու նրա որոշակի արտաքին տերերի շահերի սպասարկմանը։
Հասկանալի է, որ Քոչարյանի վերադարձը զրոյից ցածր վարկանիշի պայմաններում հնարավոր է միայն մոնոլիտ և կառուցվածքային առումով հզոր կուսակցության կամ քաղաքական ուժերի աջակցության դեպքում։ Նոր կուսակցություն ստեղծելը, ասենք, Վարդան Օսկանյանի նախագծով, խիստ ժամանակատար և աշխատատար գործընթաց է։ Հասկանալի է նաև, որ նախկին նախագահի և նրա հովանավորների համար վերադարձի հնարավոր ժամկետները խիստ սահմանափակ են, քանի որ եղած ռեսուրսներն ավելանալու փոխարեն սպառվում են, և դրա համար էլ «Քոչարյան+երրորդ ուժ» նախագիծն իրագործելի է միայն ՀՅԴ-ի, մասամբ նաև ԲՀԿ-ի հնարավոր աջակցության պայմաններում։ Բայց ազգայնական հռետորաբանությունն այդ խորապատկերի վրա չի կարող ծառայել իբրև գաղափարախոսական քող՝ նկատի ունենալով նախորդ իշխանության ծայրահեղ քրեականացվածությունը։ Իսկ ղարաբաղյան թեմայով այդ պայմաններում սպեկուլյացիա անելը ոչ միայն անբարոյական է, այլև կարող է դառնալ ամենամեծ խոչընդոտը ռեստավրացիայի ճանապարհին։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 4287

Մեկնաբանություններ