Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Իսկական վերնախավի և վերնախավային ավանդույթների բացակայությունը անհնարին են դարձնում կայուն պետականության կառուցումը

Իսկական վերնախավի և վերնախավային ավանդույթների բացակայությունը անհնարին են դարձնում կայուն պետականության կառուցումը
16.04.2024 | 08:50

Հերթական անգամ, մեր իսկ կողմից կատարված շատ մեծ սխալների պատճառով գնում ենք դեպի գլոբալ պարտություն և այն էլ աշխարհաքաղաքական քաոսի և անորոշությունների պայմաններում, որոնց թեկուզ մասնակի կառավարումը շատ հեռու է մեր հնարավորություններից։

Հատկապես ուկրաինական ֆրոնտում ռուսների հաջողությունները ավելի են խորացնում մեր վիճակի անորոշությունները, քանի որ այդ դեպքում հակառուսական պայքարի գործում մեծանում է Կովկասի դերը։

Ճակատագրի ծաղրով մենք կրկնում ենք 1920 թվականի մեր արած սխալները, երբ մոլագարի (maniac, маньяк) հետևողականությամբ դուրս եկանք տարածաշրջանում դոմինանտ ուժ դարձած բոլշևիկյան Ռուսաստանի դեմ։

Բայց, եթե գանք մեր ժամանակներին, ապա մեր հիմնական սխալները մենք արդեն արել էինք մինչև մեր ներկա հակառուսական քաղաքականությունը՝ սկսած հենց մեր անկախության առաջին օրից։

Եվ այդ սխալների հիմնական պատճառը պետության կառուցման գործը իր վրա վերցնող իսկական քաղաքական վերնախավի բացակայությունն էր և, բացի դրանից, ժողովրդի քաղաքակրթական մակարդակի անթույլատրելի ցածր լինելն էր։

Եթե փորձենք հարցին մոտենալ օբյեկտիվորեն, ապա մեր անկախանալու պահին միակ ուժը, որը պետական կառավարման փորձ ուներ, դա Խորհրդային Հայաստանի նախկին ղոկավարներն էին, Դեմիրճյանի ու Մովսիսյանի նման հայրենանվեր մարդիկ և շատ ուրիշներ։

Բայց մենք շատ հեռու էինք նման բանը հասկանալուց, և այդ պատճառով իշխանությունն ընկավ գավառական մակարդակի պատահական մարդկանց ձեռքը, որոնք պարզապես թալանի տվեցին խորհրդային ժամանակներից մնացած հարստությունները։

Եվ այդ մարդիկ ոչ թե միայն պետական կառավարման փորձ չունեին, այլ, ընդհանրապես, որևէ տեսակի գործունեության լուրջ փորձ չունեին և խորին տգիտության պատճառով առաջնորդվում էին ուրիշների հուշած անմիտ ու կործանարար գաղափարներով։

Մասնավորապես, այս մարդիկ լրջորեն հավատում էին, որ տնտեսություն կառավարելը պետության գործը չէ, այլ այդ ֆունկցիան մեծ հաջողությամբ իր վրա կարող է վերցնել շուկան, որը կախարդական փայտիկի օգնությամբ կկարգավորի ամեն ինչ։

Միայն այս մի կործանարար տգիտությունը բավական է ցանկացած հզոր տնտեսություն ոչնչացնելու համար, մանավանդ, որ նույն մարդիկ շատ արագ հմտացան նաև պետական ունեցվածքի թալանի գործում։

Բայց այս գործում էլ տգետները չհասկացան, որ ճշգրիտ հաստոցները մետաղի ջարդոնի տեղ ցածր գներով սրան-նրան տալը պարզապես ողորմելի տխմարություն է։

Այս և նման այլ մասշտաբային սխալները բերեցին նրան, որ լավագույն դեպքում մենք կարողացանք բարձրանալ մինչև գոյությունը քարշ տալու մակարդակ։

Մեր սխալների սխալը գոյությունը քարշ տալու մակարդակից չբարձրանալն ու լրջորեն չհզորանալն էր, և դա էր որ նախապատրաստեց մեր այսօրվա վիճակը։

Այնինչ, դրա համար բոլոր հիմքերը կային՝ Սփյուռքի բազմակողմանի պոտենցիալը, մեր կրթված և ուսյալ ժողովուրդը, կապերը Ռուսաստանի և Արևմուտքի հետ, և դրան միակ խանգարող հանգամանքը գավառական ղեկավարությունն էր՝ իր հետամնացությամբ, գաղափարական պարզունակությամբ ու իշխանությունը կորցնելու վախով, քանի որ իրենք իրենց տգիտության չափը բոլորից լավ գիտեին։

Մենք այնքան հեռու ենք նման հարցերը ադեքվատորեն հասկանալուց, որ նույնիսկ բացահայտ գողը և պետության միջոցները քամուն տվողը մեզնում չի համարվում ինչ-որ արտառոց բան, և մարդկանց մի զգալի տոկոսի համար դա շատ բնական է՝ «բա էլ ինչի համար է այդ պաշտոնին, ես էլ լինեի, նույնը կանեի»։

Մեր արժեքային համակարգում «շնորհքով տղա» հասկացությունը հատուկ տեղ ունի, և մեր այսօրվա վիճակի հիմնական պատճառը նաև այն է, որ մեր մարդկանց զգալի մասը պոտենցիալ «շնորհքով տղա» է։

Այս պայմաններում, եթե մենք լրջորեն ուզում ենք մարդավայել կյանքով ապրել, ապա առաջին հերթին պետք է հասկանանք մեր սխալները, որոնք բերեցին մեր այսօրվան, և որոնց պատճառը, մեծ հաշվով, անազատ մենթալիտետով մարդկանց կեղծ ազատություն տալն էր, մի բան, որին մենք սկզբունքորեն պատրաստ չէինք։

Մյուս կողմից էլ թող չթվա, թե ներկայում մեր հասարակական կյանքում ինչ-որ ձևով երևացողները, որոնք ամեն օր տոննաներով քաղաքական աղբ են արտադրում, առանձնապես տարբերվում են 90-ականների քաղաքական աղբ արտադրողներից՝ վկան մեր այսօրը։

Մյուս կողմից էլ չէր խանգարի, որ մենք սիստեմատիկորեն ուսումնասիրեինք տարբեր ոլորտներում մեր ունեցած հաջողությունների պատմությունները վերջին հարյուրամյակներում և դրա հիման վրա փորձեինք գտնել մեր մի շարք գոյաբանական հարցերի պատասխանները։

Եվ, առաջին հերթին, մենք պետք է կարողանանք ընդհանրացնել մեր կյանքի վերջին 30+ տարիների փորձը և հասկանալ մեր հնարավորությունների սահմանները, որը հնարավորություն կտա ինչ-որ չափով գտնել մեր ադեքվատ տեղը արևի տակ, թե չէ բացահայտորեն մոլորվել ենք ապրել-չապրելու և ազատ ու անկախ լինել-չլինելու ականապատ դաշտերում։

Բացի դրանից, նաև խորապես պետք է հասկանալ, որ իսկական վերնախավի և վերնախավային ավանդույթների բացակայությունը մեզնում անհնարին են դարձնում սեփական կայուն պետականության կառուցումը։

Մեր անհիմն ամբիցիաների ու մեր իրական հնարավորությունների իրար հետ բացահայտ հակասության մեջ գտնվելը, վերջին հաշվով, կործանարար կարող է լինել մեզ համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ