Կնախընտրեի լռել - ցավից, ամոթից, հուսալքությունից, նվաստացումից ու պարտությունից:
Չխոսել դավաճանության, ուրացման, միայնության, մեղքի ու փախուստի մասին:
Ինքնամփոփվել երկար - մի քանի ամիս, գուցե և տարիներ, մինչև ողբերգության ծովաշխարհում կրկին ցամաք դառնաս, ուր նոր ուժեր ու վարդաթփեր կաճեն:
Կնախընտրեի լռել, երբ շուրջդ ծրագրված քաոս է, բնական ու անբնական աղմուկ, երբ ամենքը հեշտին ճամարտակում են՝ մատնելով իրենց ընչաքաղցությունը, սնափառությունը, տգիտությունը, ստորահաճությունը, նախանձն ու չարությունը: Երբ բազմապատիկ վճարում են ժխորի և չնչին անդորրի համար:
Կնախընտրեի լռել վախի ու վախկոտության, սարսափի ու խեղճության, խանդի ու փոքրոգության առթիվ, որ հալածում են շնագայլերի ոհմակի պես՝ մեծին ու փոքրին, մեծահարուստին և ունեզուրկին, սրբին ու մեղսավորին, քաջին ու դասալիքին: Լռել՝ անտեսելով ամբոխի ողորմելիությունը և ահով լիցքավորված ճամբարները:
Կնախընտրեի լռել հայրենիքում քարացող լռության և համր ճչացող ոգիների, ուրվական քաղաքների ու գյուղերի, գաղթի ու մշտաբնակության, խենթացող շների ու ձիերի մասին: Լռել կեղծ ողբերգակների և անկեղծ ծաղրածուների, սուտ բարեկամների և շիտակ թշնամիների անվերջ խռնվող ստվերներից:
Կնախընտրեի լռել պատերազմների ու հրադադարների, վանդալների ու ցեղասպանների, հրձիգների ու խաղաղարարների միասնության մասին - նրանք ընդգրկված են նույն պիեսի մեջ և նույն թատրոնն են առաջ մղում: Գլխավոր դերերում՝ սատանայի ցինիկ վեցնոցներն են:
Կնախընտրեի լռել արդար մի լռությամբ:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ