Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Անղեկ ու անառագաստ ընկել ենք փոթորկուն թյուրիմացությունների ծովը

Անղեկ ու անառագաստ ընկել ենք  փոթորկուն թյուրիմացությունների ծովը
16.09.2023 | 16:33

Եկել է ժամանակը, երբ մենք, աշխարհացունց իրադարձությունների ֆոնի վրա, նոր, ավելի թարմացված հայացքով պիտի նայենք մեր պատմությանն ու հոգեբանությանը։

Վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում մենք մի քանի անգամ անցել ենք նման խոշորամասշտաբ իրադարձությունների միջով և ամեն անգամ ստիպված ենք եղել ինչ-որ չափով նորովի մեկնաբանել մեր գոյությունը ուժեղների և պատմության ընթացքը թելադրողների գործողությունների ֆոնին։

Եվ դա, սկսած դեռևս պատմահայր Խորենացու օրերից, որի համար մենք ,,փոքրիկ ածու էինք, չնայած նրան, որ և՛ մեծ տարածք էինք զբաղեցնում, և՛ մարդաքանակով էլ ուրիշներից պակաս չէինք, քանի որ, ինչպես այսօր, միաբան չէինք ու միասնական նպատակ չէինք հետապնդում։

Ներքին աշխարհայացքային հզորությունից բխող էքսպանսիա, մենք, հավանաբար ունեցել ենք միայն Արտաշես I-ի ժամանակներում, երբ արարումը գերակշռել է գոյության պահպանմանը, որից հետո Տիգրան II-ի ֆլուկտուացիոն և հպանցիկ աշխարհակալությունից հետո մեզ մտահոգել են միայն գոյության պահպանման պրոբլեմները։

Ընդհանուր առմամբ, պատմության բովով անցնող յուրաքանչյուր ժողովուրդ իր էությամբ ու գործունեությամբ գտնվում է գոյության պահպանման ու արարման արանքում ինչ-որ տեղ, և քիչ երջանիկներին է հաջողվում լինել իսկական արարողներ և պատմություն կերտողներ։

Եթե փորձում ենք նայել մարդկության պատմության պրոցեսին տարբեր ժողովուրդների կողմից արարման և որակապես նորի ստեղծմանը մասնակցության տեսանկյունից, ապա տեսնում ենք, որ բոլոր պատմական ժամանակաշրջաններում հատուկենտ ժողովուրդներ արարել են ու իշխել, իսկ մեծամասնությունը պարզապես ուղեկցել է արարման պրոցեսին և ինչ-որ չափով օգտվել դրանից։

Բացի դրանից, եղել են նաև այնպիսիները, որոնք գտնվել են արարողների ու գոյություն պահպանողների արանքում՝ քաղաքակրթական իմաստով ավելի ակտիվ լինելով, քան կենսաբանական գոյություն պահպանողները, բայց նաև միայն մասնակիորեն հպվելով արարման պրոցեսին։

Հավանաբար, այս վերջինների մեջ ենք եղել նաև մենք։

Իհարկե, այս հարցը ուրիշ տարբեր չափումներ ևս ունի, որոնք պակաս կարևոր չեն, բայց պրոբլեմի նման ստրուկտուրացումը հնարավորություն է տալիս մի փոքր այլ տեսանկյունից նայել մեր էությանն ու առեղծվածային գոյությանը։

Առաքել Դավրիժեցու նկարագրած միջնադարյան մղձավանջային պարադիգմից մենք մասամբ ազատվեցինք միայն այն ժամանակ, երբ ռուսները գրավեցին Արևելյան Հայաստանի տարածքը, որով սկսվեց մեր ընթացքը դեպի նորմալ մարդկային կյանք։

Մեր կյանքի այս նոր պարադիգմը շարունակվեց մինչև առաջին աշխարհամարտ՝ իր գենոցիդով ու ռուսական հեղափոխությամբ, որոնք մեզ նետեցին մի նոր պարադիգմի գիրկ։

Այս նոր, սովետական, պարադիգմի երկու ենթապարադիգմերի, այն է՝ ստալինյան և հետստալինյան ենթապարադիգմերի միջով անցնելով և աստիճանաբար նորմալ մարդկային կերպարանք ստանալով՝ մենք հասանք խորհրդային երկրի փլուզմանը։

Այս, հիրավի աշխարհացունց, իրադարձությունը աշխարհը հանեց հարաբերական հավասարակշռության վիճակից և նետեց այն անարոշություններով լի քաոսային վիճակի մեջ, իսկ մեզ համար էլ բերեց կյանքի նոր պարադիգմ՝ անկախության մեր տարբերակի տեսքով։

Եվ այս բաղձալի անկախությունը, մեզ դեպի երջանիկ կյանքը տանելու փոխարեն, իր անլուծելի պրոբլեմներով ուղտի նման չոքեց մեր դռանը։

Աստիճանաբար պարզվեց, որ տարբեր հարցեր լուծելու փոխարեն, մենք անղեկ ու անառագաստ ընկել ենք փոթորկուն թյուրիմացությունների ծովը։

Եվ այս գոյաբանական բնույթի պրոբլեմների թնջուկը խելքը գլխին մեկնաբանման կարիք ունի, թե չէ ամենագետ սիրողների ձեռքը կրակն ենք ընկել, ամեն ինչ իմացողների և պրովինցիալ մակարդակով մեկնաբանողների պակաս չունենք։

Մյուս կողմից էլ լուրջ մեկնաբանողներն էլ չեն երևում։

Ակադեմիական գիտություն, պատմաբաններ, հոգեբաններ ու պետականագետներ, որտե՞ղ եք, փրկեք մեզ ամենագետ սիրողական հեղեղից։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 7081

Մեկնաբանություններ