Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Կառավարչական խոտան

Կառավարչական խոտան
03.02.2023 | 07:28

Կառավարման բնագավառ ընկած պատահական անձանց թվում է, որ կառավարումը դա ինչ-որ նիստեր, ժողովներ անելն է և թամադայի վստահությամբ «իտոգ»-եզրահանգում տալը։ Նման մի փայլուն օրինակ կհիշեք, երբ Վ. Սարգսյանի մահից ժամեր անց վարչապետ կարգված նրա երիտասարդ եղբայրը մի հարցազրույցի ժամանակ խոստովանում էր, որ շատ հեշտ գործ է երկրի ղեկավար աշխատելը։ Դե, դա 1999 թվականին էր և արդեն մոռացված մի բան։

Բայց քսանհինգ տարի անց շա՞տ բան է փոխվել: Կարծում եմ՝ պետք է դիմել փաստերի լեզվին և հասկանալ, թե ինչ վիճակում է հիմա ՀՀ կառավարումը։ Դրա համար կընտրենք երկու փաստ, որոնք ուղղակի և անուղղակի կերպով կապված են, և չի կարելի դրանք քննարկել իրարից անջատ։ Խոսքն Ազատ գյուղի սարսափելի դեպքի և ՀՀ ՊՆ կողմից բյուջետային հատկացումները մասամբ չիրացնելու փաստի մասին է։


Զինվորական կացարանում անվտանգային, հակահրդեհային կանոնները չպահպանելու արդյունքում տեղի ունեցած դեպքը ունի մի քանի նրբերանգներ։ Մասնավորապես, կարելի է պնդել, որ եթե սակրավորների դասակը տեղակայված լիներ ստացիոնար զորանոցում, ապա հրդեհը շուտ կհայտնաբերվեր օրապահների, հերթապահ սպաների կողմից, բացի այդ, ստացիոնար զորանոցում հրդեհաշիջման սարքերն ավելի շատ կլինեին, և չէին լինի այդքան զոհեր ու տուժածներ։ Բացի դրանից, ստացիոնար զորանոցային պայմաններն ավելի հեշտ կստուգվեին տեխնածին վտանգների մասով, քան ցաքուցրիվ, ապակենտրոնացված կացարանները։ Դեպքից ժամեր անց կառավարչական «իտոգ» տվողները պաշտոնազրկեցին բանակային կորպուսի ղեկավարներին՝ հակահրդեհային կանոնները չպահպանելու, օրապահ ծառայության խախտումների ենթադրյալ պատճառաբանությամբ։ Պատահական մարդկանց կարող է թվալ, որ ձեռք առնվեցին խիստ և համարժեք միջոցներ, բայց այդպես կարող է թվալ կառավարման որակներից և սկզբունքներից հեռու, ոչ բավարար գիտելիք ու փորձ ունեցողներին։

Իրականում զինվորականներին վերագրվող մեղքը պետք է հավասարապես կիսեն ՀՀ ՊՆ գնումներով և շինարարությամբ զբաղվող պաշտոնատար անձինք։ Բավական է հիշեցնել, որ 2022 թվականին ՀՀ ՊՆ կողմից չի իրացվել ՀՀ պետբյուջեից զինված ուժերին հատկացված գումարների բավական խոշոր խմբաքանակ։ Վստահ կարելի է պնդել, որ եթե այդ գումարների իրացումը կատարվեր ժամանակին, ապա համապատասխան զորական անձնակազմը կլիներ ստացիոնար զորանոցում, և չէր պատահի հայտնի աղետը։ Փաստացի՝ ՀՀ ՊՆ կառույցներում թերացել են ֆինանսական ռեսուրսները բաշխող, նախահաշիվներ կազմող, կապալառու պայմանագրեր կազմող, շինարարական աշխատանքներ կատարող, վերահսկող բազմաթիվ անձինք, որոնց աշխատանքըը չեն վերահսկել նաև բազմաթիվ ղեկավարներ։ Գիտեմ, որ հարցերի դեպքում բոլորը կբերեն բազմատեսակ արդարացումներ, բայց դրանք պետք է քննարկվեն, վերհանվեն պատճառները, թերացող օղակները, գուցե կառավարչական նոր մեթոդներ գտնվեն, նոր խորհրդատուներ՝ նաև արտասահմանից։
Փաստն այն է, որ այդ պատահարի հնարավոր մեղավորներ հռչակվեցին միայն զինվորականները, և ոչինչ չասվեց կամ չարվեց կառավարման հետ կապված։ Այ սա է կառավարչական խոտանը, երբ պատահական, ոչ արհեստավարժ անձինք փորձում են կառավարել։


Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 15154

Մեկնաբանություններ